Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

«Նա 106 տարեկան էլ ծնվել էր…». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

 

20-րդ դարը հայ գրականության համար նշանավորվեց վառ անհատականություններով: 

Նրանք ծնվեցին ճիշտ ժամանակին ու բառերի լեզվով խոսեցին բնության, մարդու, կյանքի հետ:

Հովհաննես Շիրազն առանց վարանելու ասաց. «Մասիս սարն ուՂարաբաղը մերն են»:

Համո Սահյանը երգեց իր հին ու նոր Հայաստանը, խոսեց քարերի ու ժայռերի հետ, ու հայրենի գարունները պահ տվեց գալիք դարերին…

Պարույր Սևակը դատապարտեց մարդու դիրքի չարաշահումը, բացեց բացարձակ ճշմարտության ակունքները:

Սիլվա Կապուտիկյանը հորդորեց սերունդներին, որ ուր էլ լինեն, չմոռանան իրենց մայրենի լեզուն:

Վահագն Դավթյանը ճաշակած դառնությամբ մորմոքեց ծննդավայրի կարոտը:

Մուշեղ Գալշոյանը բռնեց հայրենի ճամփան, հասավ Սասուն ու զրուցեց Էրգրի մարդկանց հետ, այնուհետև գնաց ցրելու Մարութա սարի ամպերն ու որոնելու իր բրաբիոն ծաղիկը…

Հրանտ Մաթևոսյանը մարդկանց արթնացրեց Խորհրդային թմբիրից:

Վարդգես Պետրոսյանը թափանցեց հայ մարդու հոգու խորքը՝ նրան որակելով աշխարհի ժողովուրդների մեջ ամենազտարյունը:

Ամենազտարյուն… Հենց այսպիսին էր Համո Սահյանը:

Համո Սահյանը դարձավ 106 տարեկան: Նա 106 տարեկան էլ ծնվել էր, դեռ չծնված նա մեր ապուպապերի պապն էր, Հ․Թումանյանի «Հառաչանք»-ի ծերունին…

Նա եկավ ու մեր հին սովորություններով մեր օջախներում կրակ վառեց, տաք թանապուրի շուրջը հավաքեց իր գերդաստանին, ջերմացրեց բոլորիս հոգիները, Հայաստան ասելիս ծնկները ծալվեց ու շրթունքն էլ ճաք տվեց իրենց տան պատի նման, այնուհետև, Ավ․ Իսահակյանի հերոսի նման «համբերանքի չիբուխը» ձեռքին, հարց տվեց. «Ախր ինչո՞ւ է այսպես»:

Ինչո՞ւ, որովհետև մենք հայ ենք: Ուրիշ ո՞ր մեկ ազգերն ունեն գերված Մասիս, ուրիշ ո՞ր մեկ ազգերն ունեն այսքան ցավ ու վերք, ուրիշ ո՞ր մեկ բանաստեղծը կգրեր.

Մեր տան պատից մի քար լիներ,
Նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
Հեքիաթը նրան:

Պատմեի, թե այս աշխարհում
Ինչեր եմ քաշել
Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜
Քարեր եմ մաշել:

Ու լսեի վերջին անգամ
Խորհուրդը նրա
Ու մեռնեի ապուպապոտ
Այդ քարի վրա... 

«Մեր տան պատից մի քար լիներ, նստեի վրան». որքան ցավ, կարոտ, սեր, ափսոսանք, զղջում, որը բխում է աշխարհով ցրված հայերիս սրտից, մանավանդ այս օրերին, երբ համայն աշխարհում մոլեգնում է անտեսանելի սարսափը՝ հազարավոր կյանքեր խլող թագաժահրը: Դժվար չէ կռահել, թե այս իրավիճակն ինչպես կբնութագրեր Համո Սահյանը, բայց, ինչ որ առիթով գրել է․

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,

Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

Իմ հանդիպումները Համո Սահյանի հետ, կյանքիս ամենաթանկ և անմոռաց հուշերից են:

Հիշումեմ՝ 1990 թ․Մուշեղ Գալշոյանի մահվան 10-րդ տարելիցին տեսաֆիլմ պետք է պատրաստեի և նկարահանումները պետք է լիներ Մուշեղ Գալշոյանի մահվան օրը՝ հոկտեմբերի 15-ին, գրողի ծննդավայր Կաթնաղբյուր գյուղում: «Բրաբիոն ծաղիկ որոնողը» վերնագրով սցենար էի գրել, ուր Մուշեղ Գալշոյանի մասին իրենց խոսքը պետք է ասեին՝ Համո Սահյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ալբերտ Մկրտչյանը, Սիլվա Յուզբաշյանը, Տավրոս Դաշտենցը, Կամո Արեյանը:

Համո Սահյանն արդեն վատառողջ էր: Համարյա տնից դուրս չէր գալիս, Սիլվա Կապուտիկյանի հետ խոսելիս, երբ իմացավ, որ Համո Սահյանին էլ պետք է զանգահարեմ, զարմացավ, ասելով, որ այդքան երկար ճանապարհից կհոգնի, ավելի լավ է հանգիստ թողնենք իրեն: Բայց, ես մինչև սցենարը գրելը նախօրոք պայմանավորվել էի, չէի կարող տեղյակ չպահել…

Անմիջապես զանգահարեցի, ներկայացա, հեռախոսը փոխանցեցին, բարևից և ինչպե՞ս եք հարցիս միանգամից պատասխանեց․«Ես հիշում եմ»: Ուրախացա և ասացի, որ մեքենայով կգանք ու միասին կգնանք:

Երբ հեռախոսազրույցն ավարտվեց, առաջին մտատանջող հարցը, որ ներսս տակնուվրա արեց, այն միտքն էր, որ եթե չզանգահարեի, ոչ թե հոգ տարած կլինեի իր մասին, այլև հարվածած կլինեի իր դյուրազգաց սրտին:

Որքան էլ ծանր վիճակում էր, նա խոսք ուներ ասելու Մուշեղ Գալշոյանի մասին: Մարմնի տանջող ցավն ո՞ւմ «շունն էր», որ նրան ետ պահեր իր որոշումից։

1990 թ․հոկտեմբերի 15-ին Կաթնաղբյուր տանող ճանապարհը համախմբել էր ազգիս երևելիներին, թեժ զրույց էր, ղարաբաղյան շարժում, երկրաշարժ՝ շաղախված ասմունքով ու հայրենասիրական երգերով՝ դեպի Էրգիր, Մուշ ու Վան, դեպի Արցախ:

Երբ վերադարձանք Երևան, Համո Սահյանը շատ հոգնած էր, մեքենայից իջնելիս ասաց․«Պատմական օր էր, բայց, վայ թե էլ չկարողանամ տնից դուրս գալ»:

Ցավոք, այդպես էլ եղավ։ Համո Սահյանը ծանր հիվանդացավ ու երկար ժամանակ բուժվում էր:

Հովհաննես Այվազյանը գրում է. «Խնդրում, համոզում էինք, որ իր ձեռքով կազմի իր երկերի հատընտիրը»: Հոգնել եմ, - ասում էր, - ուժ չունեմ, ո՞վ պետք է տպագրի: Էս նեղ օրերին ո՞նց կտպագրվի:

- «Նաիրի» հրատարակչությունը: Շատ ենք ուզում հրատարակել: Եվ բառացիորեն մահվան մահճում, իր վերջին օրը հուշեց ժողովածուի անվանումը:

«Քարե պատարագ» կդնես, - ասաց:

Եվ վեց տարի անց, ետմահու տպագրվեց բանաստեղծությունների հատընտիրը:

Ախր ինչո՞ւ… ինչպե՞ս կարելի էր անտարբեր լինել կյանքի վերջին օրերը ապրող, հոգուց, սրտից ու մտքից սեր ճառագող, ապուպապոտ, հորոտ-մորոտ, հայաստանոտ, հանճարեղ բանաստեղծի հանդեպ:

1993 թվականի հուլիսի 17-ին, հայոց հոգսն ուսերին, մութ, ցուրտ ու խավար գիշերները վայելած, Համո Սահյանը տխուր հեռացավ…

Նա էլ գնաց, գնաց ու իր հոգնած մարմինը պահ տվեց հայրենի հողին, գնաց ու հավերժացավ մեր մեծերի կողքին:

Նա մի խորունկ, անվերջանալի զրույց ուներ, արդյոք, ավարտե՞ց այդ զրույցը, ո՞վ լսեց, ինչպե՞ս ընկալեց, դեռևս անհայտ է բոլորիս…

«․․․Տարիներս, տարիներս,

Ո՞ւր գնացին, ինչպե՞ս անցան

Իմ ցուպավոր, ասուպավոր տարիներս:

Մեն մի օրով հավաքվեին,

Գային, գային

Եվ աճյունիս վրա լային

Իմ բախտավոր, աղետավոր տարիներս,

Կանաչ կարմիր, սև սպիտակ

Ապրած բոլոր տարիներս, տարիներս»։

Տարիներդ անցան, բայց դու հավերժ մնացիր քո սիրելի ժողովրդի սրտում․․․

Ծնունդդ շնորհավոր, բոլոր ժամանակների ու գալիք դարերի ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ:

 

Անժելա Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ