Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

... ՆԱԵՎ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈՒ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

 

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆԻ հետ։

- Պարոն Արարքցյան, առաջին անգամ իր հազարամյա պատմության մեջ մեր ժողովրդին իրավունք է վերապահված վճռելու իր ճակատագիրը: Կարելի՞ է ասել, որ հանրաքվեն շրջադարձ է հանդիսանալու մեր ժողովրդի կյանքում:

- Անկախ պետականություն ունենալը յուրաքանչյուր ժողովրդի նվիրական երազանքն է, բնական ձգտումը, քանզի միայն դա կարող է լինել սեփական անվտանգության հուսալի վահան, տնտեսական բարգավաճման երաշխիք, խմբակային շահերի գլխավոր դատավոր, ազգային արժեքների, ավանդույթների և նույնիսկ ազատության պահապան: Թեև մեր ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու միանգամայն բնական և օրինաչափ իրավունքից, սակայն, ինչպես լավագույնս վկայում է մեր պատմական անցյալը, մեր նախնիների մղած ազգային-ազատագրական պայքարը, մշտապես ձգտել է անկախության:

Ես խորապես համոզված եմ, այսօր անվերապահորեն կարելի է ասել, որ հանրաքվեն շրջադարձ է լինելու մեր քաղաքական կենսագրության մեջ, քանզի ստեղծվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մեզ հնարավորություն է ընձեռվել սահմանադրական, քաղաքակիրթ ճանապարհով, չէի ասի, թե պարզել (դրանում ես կասկած չունեմ), այլ պարզապես հաստատել հայ ժողովրդի անսասան ձգտումը դեպի անկախություն, ազատություն և ժողովրդավարություն։ Հաստատելով այն սահմանադրորեն, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, մենք ծանրակշիռ իրավական հիմք կստեղծենք պետության ձևավորման, միջազգային հանրության մեջ ընդգրկվելու համար։

Այն ժողովուրդները, այն հանրապետությունները, որոնց դա հաջողվել է, հաստատակամորեն են առաջ ընթանում: Վկա՝ մերձբալթյան հանրապետությունները, որոնք ամուր իրավական հիմք ապահովեցին ԽԱՀՄ Գերագույն խորհրդում՝ Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի համաձայնագիրն ապօրինի ճանաչել տալով:

Հակառակ դրան, հարևան Վրաստանն ընտրեց անկախության մասին դեկլարատիվ հայտարարությամբ հանդես գալու ուղին, որն, այսօր արդեն ակնհայտ է, մեծ հաջողություններ չբերեց: Իսկ Ադրբեջանում անկախության հոչակումը պայմանավորվեց որոշակի քաղաքական ուժերի կողմից իշխանությունը պահպանելու ձգտումով, որոնք մինչ այդ կոմունիստական գծի անշեղ իրագործման ջատագովներ էին:

Վերջին իրադարձությունների արդյունքում այդ երկու հանրապետություններն ակամա հայտնվեցին անկայունության և ներքին առճակատումների հորձանուտում: Իսկ Հայաստանում կայուն իրավիճակի պահպանումը քաղաքական այդ վայրիվերումների ժամանակահատվածում հանդիսացավ օրինական, միջազգային հանրության կողմից առավել դյուրությամբ ընդունվող ուղու ճշմարտացիության ևս մեկ զորավոր ապացույց:

Ըստ իս, ասվածը հիրավի վկայում է, որ անկախ Խորհրդային Միությունում ծավալվող իրադարձությունների բնույթից, Հայաստանի Հանրապետության հանրաքվեն չի կորցնում իր նշանակությունն ու հրատապությունը, և մեր «Այո» պատասխանով պարտք ենք կատարում ոչ միայն մեր, մեր ապագա սերունդների, այլ նաև մեր նախնիների հանդեպ։

- Բազմակուսակցությունն այսօր Հայաստանում իրողություն է, և բնական է, որ կուսակցություններն ու քաղաքական կազմակերպությունները որոշակի ավանդ պիտի ունենան հանրաքվեի կազմակերպման ու անցկացման գործում: Բավարար համարո՞ւմ եք նրանց մասնակցությունը։

- Այո, բազմակուսակցությունը՝ իսկական ժողովրդավարության պարտադիր բաղադրիչներից ու իրական երաշխիքներից մեկը, Հայաստանում այսօր իրողություն է, և ակնհայտ է, որ հանրաքվեն անցնելու է իրական ժողովրդավարության, խոսքի, մամուլի ազատության պայմաններում: Հայաստանում գործող գրեթե բոլոր կուսակցություններն ունեն իրենց մամուլը, քարոզչության ձևերը և ազատ են իրենց գործուննության մեջ:

Ինչ վերաբերում է հանրաքվեի կազմակերպման ու անցկացման գործում նրանց ունեցած մասնակցությանը, ցավով պիտի նշեմ, որ առայսօր նրանց մասնակցությունն ավելի շատ տեսական-քարոզչական է եղել, քան գործնական: Թեպետ ինձ հայտնի է, որ բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները իրենց անդամներին ու համակիրներին կոչ են անում քվեարկել Հայաստանի անկախության օգտին:

- Բայց, այնուամենայնիվ, կան հոսանքներ, մարդիկ, որոնք «հիմնավորելով» ինչ-ինչ տեսակետներ գտնում են, որ Հայաստանը չի կարող անկախ ապրել:

- Գիտեք, ամենակարևորը քաղաքական կացությունն է, քաղաքական կարգավիճակը, որին ածանցվում են մնացած բոլոր խնդիրները: Այո, կան տեսակետներ, մոտեցումներ, որոնք հիմնականում հիմնված են տնտեսական, սոցիալական դժվարությունների շահարկման վրա, խնդիրներ, որոնք բնորոշ են վերափոխվող ժամանակներին և բնորոշ են ոչ միայն Հայաստանին: Բայց այդ փաստարկները բերվում են այնպիսի «սրտացավությամբ», այնպիսի «միամտությամբ» և «լրջությամբ», կարծես տնտեսական ճգնաժամը և առկա սոցիալական անարդարությունները ոչ թե հետևանք են կոմունիստական կուսակցության վերնախավի ավելի քան 70 տարի վարած անհեռանկար քաղաքականության, այլ վերջին տարիների բարենորոգումների:

Կարծում եմ, պատճառները կարելի է հասկանալ: Հիմնականում շահարկվում է այն փաստարկը, որ առանց դրսի օգնության Հայաստանը չի կարող դիմակայել փորձություններին: Համաշխարհային պատմության մեջ չկա մի երկիր, որ անկախություն է ձեռք բերել արդեն իսկ հզոր տնտեսական համակարգի պայմաններում: Որևէ մետրոպոլիա իր գաղութում չի ստեղծել տնտեսական այնպիսի համակարգ, որը նպաստել է գաղութի բարգավաճմանը: Սա գաղութատիրության այբուբենն է: Եվ, ի վերջո, ո՞վ է ասում, թե անկախ լինել, նշանակում է մեկուսացված լինել և տնտեսական կապեր, հարաբերություններ չունենալ այլ պետությունների հետ:

Ուրեմն ավելի լավ է քննարկել այն ճանապարհը, որով այսօր գնում ենք. հարաբերությունների հաստատում և փոխշահավետ պայմանագրերի կնքում մյուս պետությունների հետ, տնտեսական համագործակցության արդյունավետ այլ ուղիների որոնում: Պետք է հասկանալ, որ երբեք ժողովուրդը չի աշխատի, եթե չիմանա ինչի և ում համար է աշխատում

Հիշո՞ւմ եք, 1988 թվականի համընդհանուր գործադուլների օրերին Հայաստանի ղեկավարները բարոյականության դասեր էին տալիս, պնդելով, որ եթե հրապարակում հավաքված ժողովրդից յուրաքանչյուրը մի քար դնի կառուցվող շենքին, շենքը կկառուցվի: Ոչ մեկը չէր դնի այդ քարը, չէր աշխատի, մինչև չունենար այն երաշխիքը, որ ինքն ապրում է մի պետության մեջ, որտեղ պաշտպանվում են իր շահերը, իր իրավունքները: Սա է գրավականը: Բռնատիրական համակարգում, երբ ողջ երկիրն էր համակենտրոնացման ճամբար, ժողովուրդը չէր աշխատում:

- Պարոն Արարքցյան, հանրաքվեի նախաշեմին կրկին հրապարակում Արցախի հարցն է, իսկ հեղաշրջումից մի քանի օր առաջ հրապարակում միութենական դաշնագրի հարցն Էր: Անշուշտ, այսօր արդեն այլ է իրերի դրությունը:

- Նախ՝ հեղաշրջման մասին: Ինձ թվում է այսօր արդեն կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ կոմունիստական կուսակցության, իսկ ավելի մեղմ, նրա ղեկավարության մտքի արգասիքն էր, որը վերջնականապես բացահայտեց կոմկուսի իրական նպատակները: Ինչ վերաբերում է Արցախին, այն մարդիկ, այն ուժերը, ովքեր Արցախի հարցը հակադրում են Հայաստանի անկախությանը, ակնհայտորեն շահարկում են այդ խնդիրը: Ովքեր դեմ են Հայաստանի անկախությանը, որպես փաստարկ են բերում միութենական դաշնագիրը: Իհարկե, այսօր այդ փաստարկը վարպետորեն հանում են օրակարգից, «մոռանալով», որ Հայաստանի Գերագույն իշխանության վերաբերմունքն այդ հարցին միշտ միանշանակ է եղել:

Թեպետ այսօր անիմաստ է այդ փաստաթղթին անդրադառնալը, բայց հարկ է նշել, այն վերջնականապես փակում էր Արցախի հարցի լուծման ճանապարհը: Եվ միայն այդ հանգամանքը բավական էր, որպեսզի Հայաստանի իշխանությունները մերժեին այդ դաշնագիրը: Երկու հակասություններ, որոնք վավերացված էին սահմանադրությամբ՝ ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը և հանրապետության տարածքի տնօրինման գաղափարը, առանց որևէ փոփոխության տեղափոխվել էին միութենական նոր դաշնագիր: Սա մեզ համար առավել կարևոր էր, քան տնտեսական որոշ ինքնուրույնություններ, որոնք նախատեսվում էին: Արցախի հարցի լուծումը, առանց այն հակադրելու Հայաստանի անկախությանը, սեպտեմբերի 21-ի հանրաքվեին, պետք է որոնել ընդհանուր քաղաքական փոփոխությունների համալիրում՝ ելակետ ունենալով ազգերի ինքնորոշման սկզբունքը, անկախ պետությունների համագործակցության հնարավորությունները:

- Ո՞րն եք համարում հանրաքվեի քաղաքական, բարոյական նշանակությունը:

 - Այսօր, հեղաշրջման տապալումից հետո, համոզված եմ, Հայաստանի անկախության հարցում մեր ժողովուրդը երկընտրանք չունի: Բոլորի համար էլ այսօր արդեն հավանաբար պարզ է, թե ուր էին ուզում մեզ տանել, ում հետ էին ուզում մեզ ընկերակից դարձնել: Թեպետ Հայաստանի Գերագույն խորհուրդը միշտ փորձել է իրատես, հանդուրժող լինել, կենտրոնական դիրք գրավել աջ և ձախ քաղաքական հոսանքների միջև:

Իրադարձությունների վերլուծությունները մեկ անգամ ևս վկայում են, որ միայն ինքնուրույն և անկախ լինելը, միայն պետականություն ունենալը կարող են արժանապատիվ ապրելու երաշխիք լինել: Այլապես կգա կուսակցական մի պատվիրակություն՝ մի գեներալ «գուբերնատորի» գլխավորությամբ, և մեր ժողովրդավարական խորհրդարանով, բազմակուսակցական համակարգով հանդերձ անզոր կլինենք նրանց դիմագրավելու:

- Պարոն Արարքցյան, հայ մտավորականությունը և մասնավորապես տիտղոսավոր մտավորականությունը, առաքելություն ունի մեր անկախության ձեռքբերման ճանապարհին: Ո՞րն եք համարում այդ աոաքելությունը:

- Մտավորականությունը բազմաշերտ հասկացություն է: Մտավորականությունն է ղեկավարել ու առաջ տարել մեր շարժումը: Ես նկատի չունեմ միայն այն մարդկանց, ովքեր կիսում էին «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման գաղափարները: Շատ-շատերի հայացքներն էին տարբերվում հրապարակում իշխող հայացքներից, բայց նրանք ակտիվորեն էին մասնակցում ազգային ինքնագիտակցության զարթոնքին, անկախ, արժանապատիվ ապրելու համոզմունքի արմատավորման գործընթացին: Մտավորականության այդ շերտն այսօր էլ կատարում է իր առաքելությունը, իսկ այն մեկն է՝ ժողովրդի առջնից գնալը:

Բայց բնական է, որ կա նաև մտավորականության այն շերտը, որին մենք ժամանակին անվանում էինք «նոմենկլատուրային», որն ապրում է անցյալի հուշերով: Այն «երջանիկ» ժամանակների, երբ արքայական սեղաններ կային, նրանցից պատառիկներ վերցնելու հնարավորություն և, իհարկե, նրանք կցանկանային, որ շրջադարձը դեպի այդ «երջանիկ» ժամանակները լիներ: Բայց հարկավոր չէ հիշողությունը կորցնել: Հարկավոր է հիշել այդ ժամանակների մթնոլորտը, Գերագույն խորհրդի նստաշրջանները, բուռն ու որոտընդոստ ծափահարությունները:

Հիմնականում այդ մարդիկ, էին, որ 1965 թվականի ըմբոստությունների օրերին փակում էին համալսարանի դռները, համալսարանից հեռացնում էին ազգային այդ շարժումների ղեկավարներին, նույնիսկ իրավապահ մարմիններին էին դիմում՝ նրանց ձերբակալելու համար: Այդ մարդիկ այսօր իրենց առաքելությունը տեսնում են բարոյախրատական ելույթներով հանդես գալու մեջ և ցավալիորեն ներկայանում են ողջ մտավորականության անունից։

 - Պարոն Արարքցյան, հանրաքվեին մնացել է երեք օր, ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

- Այո, ևս երեք օր, և մենք կմոտենանք քվեատուփերին ու կվճռենք մեր երկրի հետագա ուղին: Բոլորս ենք հասկանում, որ բազմաթիվ unցիալական դժվարություններ կան, անարդարություններ ու դժգոհություններ, բայց ես կցանկանայի, որ բախտորոշ, պատասխանատու այս պահին զինվենք բարի կամեցողությամբ, համբերությամբ, վեր կանգնենք անձնական մտածումներից և անանձնական ուրախությամբ գիտակցենք, որ մեզ է վերապահված վճռելու Հայաստան աշխարհի ապագան:

Սեպտեմբերի 21-ը մեր պատմության անբաժան մասն է դառնալու, և մեր մասնակցությամբ հանրաքվեին, մեր միակամ ու հաստատուն «ԱՅՈ» պատասխանով մեր պատմական պարտքն ենք կատարելու։

 

Զրույցը վարեց՝ Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90