«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Նամակներ ՀՐԱՉՕ-ին...». ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ, ԴԱՎԻԹ, ՀԱՄՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆԵՐ

 

Մի քանի տարի առաջ էր, երբ լույս տեսավ «Մեր Հրաչօն. Հրաչյա Մաթևոսյան» գիրքը, որ ծնվել էր Մաթևոսյան ընտանիքի ու Հրաչօյի մտերիմների, ընկերների շնորհիվ ու ծնվել էր որպես հարգանքի, խոնարհումի, նվիրումի խոսք: Գրքում ոչ միայն Հրաչօյի գիրն էր՝ մաքուր, արմատներով, այլև մարդկանց գիր էր, որոնք ճանաչում էին Հրաչօյին ի սկզբանե, ու անկեղծ էին՝ մանկան պես անկեղծ ու մանկան սիրո ազնվությամբ:

Մենք, որ սիրով հրապարակում ենք մեծանուն օպերային երգչուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ, հանճարեղ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ որդու ու եղբոր՝ ԴԱՎԻԹ և ՀԱՄՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆԵՐԻ խոսքը, դրանք անվանեցինք նամակներ: Նամկներ՝ ուղղված Հրաչօյին...

Դրանք նույնքան մաքուր են, անկեղծ ու ազնիվ՝ որքան ՀՐԱՉՕՆ: ՀՐԱՉՕ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ: 

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

Սիրելի, անմոռանալի Հրաչիկ «дядя», որը շատ արագ պարտադրվեց և փոխարինվեց, վեց տարեկան աղջնակիս համար դժվար ըմբռնելի՝ ՀՈՐՔՈՒՐԱՅՐՈՎ...

Երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր գրիչ կվերցնեմ գրելու քո մասին... Գրողն էլ դու էիր, խոսք ու խրատ տվողն էլ, բոլորիս թև ու թիկունքն էլ... Ես քեզ ճանաչեցի վեց տարեկանում, երբ մեր տուն եկար, դարձար իմ պաշտելի հորաքրոջ կողակիցը: Ձեր հարսանիքի օրը ինձ, ինչպես միշտ, պապիկս հորդորեց՝ երգել, իսկ պապիս խոսքը օրենք էր, խնդրանքը կատարելը՝ պատիվ: Ես՝ վեց տարեկան աղջնակս սկսեցի երգել գուսան Շահենի «Որտեղի՞ց եկար դու անծանոթ սեր» երգը, հազիվ էի սկսել, արցունքներս խեղդեցին, չկարողացա շարունակել և վազելով փախա, ապաստան գտնելով մահճակալի տակ, որտեղ էլ քնեցի մինչև լույս:

Ինչո՞ւ լաց եղա, չեմ կարող ասել, թերևս մանկական բնազդով զգում էի, որ հորաքրոջս տանելու ես ինձանից, որ չորս եղբոր մեկ հատիկ քույրը, այլևս միայն մեր պաշտամունքը չի լինելու, սերը կիսելու ենք...

Քո մեր տուն գալով ես առաջին անգամ տատիկիս ձեռքը համբուրող, նրան ջերմորեն մայրիկ կանչող, ծաղիկներ նվիրող և մինչև երկինք հասնող կնամեծարության ականատեսը եղա:

Դու առաջինն էիր, ով ինձ գիրք նվիրեց, ոչ միայն պարզապես գիրք, այլև ոչ ավել և ոչ պակաս՝ Բարսեղ Կանաչյանի «Երգերի ժողովածուն»՝ հետևյալ մակագրությամբ. «Սքանչելի Հասմիկին նրա ապագայի նկատմամբ պայծառ հավատով…»:

Ես այդ ժամանակ ընդամենը յոթ տարեկան էի և չէի կարող գիտենալ, որ երգչուհի եմ դառնալու, երգելու եմ Բարսեղ Կանաչյանի բոլոր երգերը, հատկապես «Օրորը», որ մի օր Բեյրութում հանդիպելու եմ Կանաչյանի դստերը, որն էլ հետո ինձ նվիրելու է երգահանի երկերի ժողովածուի բնօրինակը, հետևյալ մակագրությամբ.««Օրորի» լավագույն կատարողին»:

Այդ նվիրական գիրքը արդեն մոտ հիսուն տարի ինձ հետ է, ուղեկցում և օրհնում է...

Ուրեմն հուսախաբ չարեցի առաջին հերթին քեզ, որն  ինձ հավատաց, սատարեց, գոտեպնդեց, երկրպագեց մինչև վերջ...

Հետագայում ինձ անթիվ անհամար գրքեր ես նվիրել, տարբեր մակագրություններով, Կոմիտասի վեցհատորյակը. «Պաշտամունքիս՝ Հասմիկին, նրա նկատմամբ վերընձյուղված հավատով…» մակագրությամբ:

Դու 50 տարի ներկա ես եղել մեր՝ բոլոր Պապյան երեխաների կյանքում, իսկ նրանք շա՜տ էին: Բոլորին հասել ես, առանց վարանելու, վազել ես առանց երկմտելու, հասել ես, օգնել բոլոր հարցերում՝ խոսքով, խրատով, գործով: Ու մենք, մի տեսակ, վարժվել էինք, որ դու մշտապես կաս, մեր կողքին ես, լինելու ես...

Մենք քո անփոխարինելի տեսակն էինք ճանաչում՝ ազնիվ, արդար, ճշմարտախոս, չկոտրվող, պայքարող, մաքառող... ո՞ր մեկն ասեմ... և ուրիշ ոչինչ և ոչ ոքի չէինք էլ կարող քո կողքին պատկերացնել, մենք քո դավանած արժեքներով մեծացանք, հասունացանք, ապրեցինք, փորձեցինք քեզ նմանվել: Քեզ նման երկրորդը գտնել գրեթե անհնար դարձավ:

Ես կարոտում եմ քեզ շա՜տ, երբ բեմ եմ մտնում, փնտրում եմ քո բարձր հասակը, որը դեռ երգել չսկսած ոտքի էր կանգնում: Ես առաջ շատ էի սրտնեղում դրանից, բայց հիմա հասկանում եմ, որ ոտքի էիր կանգնում քո փոքրիկ Հասմիկին իր «տեղը» հասցրած լինելու մեջ քո ավանդը ունեցածի իրավունքով, իր ուժերին հավատալու մեջ երբեք միայնակ չթողած, մինչև վերջ իր ճակատագրին հլու-հնազանդ և անդավաճան մնալու պատգամը փոխանցած լինելու պատճառով:

Ոտքի էիր կանգնում, ոչ թե միայն որպես հորքուրայր, այլ նախ և առաջ արվեստը սիրող, ամենից առավել հայ արվեստը սիրող և գնահատող Մեծ հայ:

Երբ ամուսնանում էի և իմացար, որ ընտրյալս ազգությամբ գերմանացի է, առաջին արձագանքը եղավ, անբռնազբոս և բնական. Մանֆրե՞դ, Հա՞նս... կուզենայի, որ Վարուժան, Գարեգին կանչեիր... որտեղի՞ց կարող էի գիտենալ, որ  քո ներքին, բնական «տագնապը» 24 տարի հետո, ցավոք, ինձ ճանաչելի և հասկանալի պետք է դառնա...

Ես չգրեցի քո՝ գրողի մասին, թող ուրիշները, ընթերցողներդ գրեն:

Կարծում էի, որ հիսուն տարի, գրեթե մի ողջ կյանք քեզ ճանաչելը, քո կողքին լինելը բավարար են սրտի խոսք ասելու համար, բայց հիմա եմ անդրադառնում, որ կիսատ մնաց, ասելիքն էլ, անելիքն էլ, կարծում էի միշտ, շարունակաբար և անվերջանալի է լինելու քո երկնային ներկայությունը մեր կողքին: Ավա՜ղ, ստիպված ենք հաշտվել դառը իրողության հետ: Դու մնացիր և կմնաս կենդանի մեր սրտերում, մեր հուշերում, մեր առօրյայում, պարզապես մեր կողքին միշտ և քո սիրած և նախընտրած բառով՝ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ...

Խոսքս ավարտեմ վերադարձնելով քեզ Կոմիտասի քառատողը, որն ինձ էիր ընծայագրել մի առիթով.

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝

Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,

Զարթի՜ր, զարթի՜ր, ո՜վ իմ գիտակ հուսածին՝

Մտքի, հոգու, սիրո քնար լարելով...

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

- Ֆոլո՝  ց՛այ,  Հլացո՝  ց՛այ,  Ֆոլո՝  թըմփ:

Իր մասին իր մանկությունից ինձ հասած առաջին պատմությունից՝ իր արտասանած բառերը, որ ինձ պատմել են հայրս՝ Հրանտը, տատս՝ Արուսը, ու հետո՝ ով ասես մեր գերդաստանից չի պատմել՝ պես-պես ձևերով, նկարագրությամբ, արտասանությամբ:

- Ֆոլո՝ ց՛այ, Հլացո՝ ց՛այ, Ֆոլո՝ թըմփ:

Այսինքն թե՝ Ֆոլոյին՝ Ֆլորային՝ այսքան՝ էսդար, Հրաչոյին՝ էսդար, Ֆլորային՝ թըմփ՝ խփեց Հրաչոն: Այսինքն թե՝ հրազատ հորեղբոր աղջիկ Ֆլորային, մանկապարտեզի վարիչ, կամ դաստիարակ նրա մայրը՝ Նունիկ ձալոն, ճաշի հացը բաժանելիս՝ մեծ կտոր հաց էր տվել, Հրաչոյին՝ փոքր: Հրաչոն էլ, դե՝ թըմփ: Նունիկ ձալոն էլ, դե՝ Հրաչոյին՝ թըմփ: Հրաչոն էլ դե՝ հազիվ երեք տարեկան՝ մանկապարտեզից փախել էր, լացելով տուն եկել ու պատմել:

Պատերազմի սերնդի, գյուղի չափազանց դժվար ապրուստի սերնդի երեխայի՝ անարդարությանը հակադրվելու մասին հենց առաջին վկայությունը հենց սա՛ պիտի լիներ: Հենց սա է, փաստորեն, հետագա ողջ կյանքի՝ մինչև վերջին շունչը՝ նրա գոյության մոտիվացիան՝ կռիվն ընդդեմ անարդարության որևէ դրսևորման: Այդպես եմ կարծում: Հիմա նոր հասկանում եմ: Էն ժամանակ ընտանեկան պատմություններից մեկն էր:

Պատմություններ էին էլի՝ ծիծաղաշարժ, զարմանալի, տպավորվող՝ Հրանտոյի մասին, Հրաչոյի մասին, Հայկուշի մասին, Համոյի մասին, տատիկ-պապիկի՝ Արուս-Իգնատի մասին, որ լսում, ներառում, առաջ էիր գնում, հետո էլի լսում՝ ավելի վառ ու գունեղ հիշում, ինքնդ էլ վերապատմում ու առաջ գնում: Հետո՝ էլի:

Ու…տարիներ անց, մեկիկ-մեկիկ առաջդ են գալիս ու որպես անձը հաստատող փաստաթուղթ, բնավորության հատու նկարագիր՝ մարդու կերպարը բացում՝ ահա:

Պատերազմի սերնդի, գյուղի չափազանց դժվար ապրուստի սերնդի այդ երեխային սակայն, հետագայում, արդեն իմ՝ վաթսուն-յոթանասունականների անպատերազմ, ապահով, անմեղ մանկության ու նոր միայն լճացող իրականության մեջ ես երբեք մաղձոտ ու քինախնդիր չտեսա՝ արդարության համար իր բացեիբաց, հայտարարագրած կռիվը նա սարկազմով, կատակով, մտահոգված, դառնացած, զայրանցկոտ տարավ, հումորով մղեց մինչև վերջին շունչը, բայց կռվեց սիրով և կռվեց հանուն:

Հանուն երկրի, հանուն մարդու: Հումորը, թարսուշիտակ, շաշ (խելառ)-միամիտ խոսքը միշտ լեզվի ծերին՝ ում պետք էր՝ ձաղկող, ում պետք էր՝ գուրգուրող, ում պետք էր՝ թաղող, ում պետք էր՝ կենդանացնող ու ապրեցնող-Սիրով ու Հանուն: Այնպես, որ այս երկրի նոր անկախության ու դժվար այս կռվի ժամանակներում, երբ իր ու իր սերնդի մայրամուտն էր, երբ գահավիժած, տապալված թվացող իրականության, բարձրացած փոշու մեջ հազիվ նշմարելի ուրվագծերով աշխարհին ինքն այլևս խեղճացած-պարտված ու հուսահատ պիտի նայեր ու շրջվեր հեռանալու՝ իր բանավոր ասածն ու թղթին ձևակերպածը դարձյալ հատո՛ւ էր, հանու՛ն էր ու սիրո՛վ, դարձյալ գուրգուրող էր արժանավորի և ոչնչացնող՝ ստորի համար:

Հրանտն իրեն կարդում ու ասում էր՝ եթե կարճ գրի՝ տասը էջ գրածը խտացնի, բերի՝ մեկ էջ դարձնի՝ հրաշալի արձակ կլինի, ինքը լսում էր, ինքը դա գիտեր, համաձայն էր, ու դուք էլ գիտեք՝ այդպիսի կտորներ, պարբերություններ՝ գործեր ունի: Ինքը դա գիտեր, բայց վավերագրողը, լրագրողը՝ հարափոփոխ իրականության ոչ մի ելևէջ չկորցնելով, նրա ոչ մի մարտահրավեր աննկատ չթողնելով՝ ամբողջը խոսքով համապատկերելու պարտքը իր մեջ, կարծեմ, գերակա էր և դա էլ, կարծում եմ նույն այն՝ հանուն արդարության նետված առաջին թոթվանքի արձանագրումն էր.

- Ֆոլո՝ ց՛այ, Հլացո՝ ց՛այ, Ֆոլո՝ թըմփ:

ՀԱՄՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

… Սեղանին դրվեց ինչ հնարավոր էր, ինչ կարող էր այլևս մենակ մարդը - մի տեսակ թախծոտ ու մոլորում միտք էր որոճվում-դարձավ «Տղամարդու հաց» պատմվածք. մնացյալը գլուխգովանության պես` քամու պես. պատմելու-լսելու բան չէր` պատմվածքը կխանգարեր. տղաները քաղաք իրենց չորս սենյականոցներում ապահով ապրում են, առանց շաբաթ, առանց ուշացնելու ամեն ինչ ու պարտադիր մի արկղ գարեջուր են բերում-ջուր չխմես, գարեջուր խմիր- երբ ուզես` քեզ քաղաք կտանենք…

Մենակի թախիծը կար, կամք ու կռիվ չկար, օ՜յ, ինչ կարգին մարդ էր, ինչ զորեղ տղա էր` երբ մեր մեղմախոս քույրը կար, հիմա` ես ինչ գիտեմ ի՞նչ: Բա ես` ինչ գիտեմ, ասենք հիմա էլ կարգին` տղամարդու պես հաց դրեց նեղվեց: Նեղվեց` մենակի կարգինը ո՞րն է…

Մտածկոտ, տալով-առնելով տուն էինք վերադառնում, հիշեցի քսան տարի առաջ գրած «Հին տունը» վիպակը.

«… Լավ մարդ ասելով ի՞նչ հասկանանք:

-  Ով իր տան դուռը չի փակում, ով իր հողի բերանը չի փակում, ով չի թողնում թոնիրը սառչի…»:

Լրագրող, ակնարկագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի մասին ասվեց` հանրապետությունում էլ լավ մարդ չմնաց, բոլորի մասին գրեց, հիմա ընկած էլի լավ մարդ է որոնում: Չափազանցություն է կատակով իհարկե, բայց ճիշտ անունը այստեղ հենց ինքնին է գալիս` լավ մարդ որոնող ու հայտնաբերող:

Լավատես ես` լավն անհատնում է, մռայլ ես` եղածն էլ կչքվի: Երևի չսխալվեմ ասել, որ համարձակ ու անզիջում հրապարակախոսի նրա կռիվն էլ նորեն հանուն լավ մարդու է:

Զարմանալի նկատող ու տեսնող, զարմանալի արթուն աչք ու ականջ` աշխարհի վրա բաց, զարմանալի արագ միտք. առանց դրա ի՜նչ ակնարկագիր ու հրապարակախոս. կարկամ ու քնած, անարձագանք ու խուլ մեր իրականության վրա նրա խոսքը սթափեցնող ձայն է:

Զարմանալի ներամփոփ ու ներանձնյա. առանց դրա ի՜նչ գրող: Տասնամյակներ շարունակ ակնարկագրի մեջ միշտ խոսում էր գրողն ու գեղագետը. փաստորեն նա միշտ քաշվում էր իր մեջ, դառնում էր ինքն իրեն, իր հայտնաբերած բոլոր լավ մարդկանց ջանում էր բնակեցնել իր ներսում, իր սիրո տաք լույսի մեջ, որ ունի նաև հատուկ տեղանուն` բարի մարդկանց հովիտը. այո, հատուկ տեղանուն ու հենց գրքի անուն:

Մարդու չափ էլ մարդասիրությունն անսպառ է, և սիրո շունչը երբևէ տեղ չթողեց այդ հովիտ ծաղրի փշրանք անգամ. ծաղրն ատելի է նրա համար` ինչպես կարելի է սիրել ու ծաղրել միաժամանակ. երևի այդ մենք ենք անհասկացողաբար մտերմիկ հեգնանքն ու հանաքը ծաղրի թե ձեռ-առնելու տեղ դնում: Վա՜յ մեզ ու մեզպեսներին…

Զարմանալի Հրաչյա Մաթևոսյան:

Լուրջն ու հեգնանքը, սերն ու հանաքը միատեղ անբաժան. գլուխդ մի՞ էլ քորիր անջատել, բան չի ստացվի, կավերվի, ու գլուխդ ավելի քոր կգա, ու շա՜տ կտխրի Հրաչօն, տեսնելով, որ քո հասկացած միակ ծիծաղելին անհամ անեկդոտն ու խոցելի հումորն է:

Ջղայնացավ «Աշնան արևի» հանդիսատեսի ախմախ հռհռոցի վրա:

Անլո՞ւրջ:

Հարսները հաց ու բանի են. փուռը, տաք հացը, տաք խոսք ու ծիծաղը` բարի ու սիրելի, մի բաժակ սուրճի են նստել` հեգնանք` հա, նանն էլ էր այս ժամին սուրճի նստում: Ախպերն աչքից քաշվել, ինչպես մեծերից են քաշվում, իր ծխախոտին ու սուրճին էր` հեգնանք` հա, ապին էլ էս ժամին կհնձի տեղը ճաշթողի էր, էս ժամին նանը սուրճը փեշի տակ, որ տաք մնա ու ճամփին փոշի չլցվի, ժամանակին ապնին էր հասցնում,- ձեր տունը շինվի,- երեսը դարձնելով պապիրոզ-քաշողներից:

Իրիկվա ապրանքաժամին միշտ անհանգստացած նանը` ոչխարն եկա՞վ, Հրաչոյի պատասխանը` չորս գելն ա կերել, երեք արջն ա խեղդել, երեքն անհետ կորած ա… Պառավը ծնկներին տվեց` վա՜յ, քոռանա՞մ ես, քոռանամ ես… ու` են տասն էլ եկե՜լ են, եկե՜լ… Պառավը հանգստացավ` հա՜, քեզ մատաղ… Հրաչն էլ չեղած տագնապը փակեց` հա, էդ էլ էդպես…

Սա արդեն պատմվածք է:

Ամեն ինչ նախնիներից է գալիս` ամեն ինչ նախնիներով ճշտվում ու դառնում վավերագիր ճշմարտություն… Ամեն ինչ հողից են սովորում, ասել է թե ինքն իրենից. ագրոմելորատորի, գութանավարի, մաճկալի ու սերմնացանի, լավաշ-թխողի ու գինի-քաշողի մասին էլ գրի ակնարկագիրը- դառնալու են այլևս դառնալու են վիպական ճշմարտություն` Մաճկալներ, Հացս գնաց հողին…

Եվ, իհարկե, ամեն ինչ մանկությունից է գալիս-իր սերնդի ծակ գուլպան կհայտնվի Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության մեջ, դպրոցականի իր մաշված շալվարը` իր պատմվածքում, ծակ տրեխն էլ գիշերը կապել է թախտի ոտքին, որ չլինի, թե առանց իրեն ճամփա ընկնի:

Ճամփա է ընկել- իրականին այնքա՜ն մոտ փոխաբերական իմաստով:

Մանկության հանդի պաշար կարտոլը ու այլևս-այլևս իր ճամփի փոքրիկ այդ պաշարը կողմնակիրների տարակուսանքը կողմնակիրներին…

Սրտի խոսք- այսպես ասել է մի սրտի բանաստեղծ ու այլևս ասում են շատերը: Արյուն խոսք ու կանչ- մի հռչակավոր գրող խորհուրդ է տվել` առաջնորդվիր ձեր արյան մեջ եղածով. Հրաչյա Մաթևոսյանը տեր է իր արյան բաղադրիչին:

Ամեն ինչ հողեղեն է, ամեն ինչ մարդկային:

Հողի պես խոր ու անչափ սեր հողեղեն մարդուն: Ու այդ սիրո չափ էլ անպակաս կատակը` մեծալուրջ, հանդիսավոր ու մտերմիկ, արդար սիրով…

Հրաչի սիրո անտանելի բնույթը.

Հողի այդ պաշտամունքը, սերը հայրենիքին, ուր Աստված է իջնում, ասենք… Հովհաննես Թումանյանի պատկերով. հակառակը ուրացումն է հայրենիքինն էլ ու Թումանյանին էլ, որովհետև ուրանում ես հենց ինքդ քեզ:

Հողի նույն պաշտամունքից է նրա սերը հորդում Բակունցին ու Սահյանին, իր ընկեր Մուշեղ Գալշոյանին:

Ուշադիր, շա՜տ ուշադիր կարդացել է Աքրամ Այլիսլիի սիրո ու ցավի վիպակը, որ հեղինակին այնքան դառնություն բերեց ու կարճ գնահատել` «արդար գրիչ»: Սերն ու ակնածանքը հողահոտ գրի մարդուն` «Բահը» (Պարույր Սևակ), մինչև իսկ քիչ հայտնի նկարիչ Խաչիկին` խաչքարագործ Խաչատուր…

Հրաչյա Մաթևոսյանի գրքերը նամակներ են, այդ գրքերը ընծայելիս մակագրությունները նորեն նամակներ են, միաժամանակ բաց ու ներամփոփ նամակներ: Շատախոսներին կտրելով` ոչ վերջ գիտեք, ոչ վերջակետ - վերջացրեք, հա, ու իր ներսն էր քաշվում:

Անսանք ու թե ասում ենք` նա բոլոր լավերին այլևս իր մեջ բարի հովտում էր բնակեցրել, այդտեղից էլի նամակներ էր ուղարկում դարձյալ նրանց` հորդորելով` Պինդ կացեք, որպես արիության պատգամ…

Հ.Գ. Այս հրապարակման համար շնորհակալ ենք Հրաչյա Մաթևոսյանի ընտանիքին՝ մասնավորապես ԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԵՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ