Դավիթ Խաչիյան
Դավիթ Խաչիյան

 

Արձակագիր

 

 

«ՆԱԽԱԴԵՊ, կամ «գաղջ-դժգունության» ախտանիշը...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ

 

ԳԱՂՋ – Թույլ, անտարբեր, հեղգ (Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, և այլք, «Հայոց լեզվի նոր բառարան», Բեյրութ, 1992)

 

2011 թվականին ցունամիի հետևանքով շարքից դուրս եկավ Ճապոնիայի Ֆոկուսիմա ծովափնյա ատոմակայանը: Այդ օրերին բազմաթիվ թղթակիցներ տուժած մարդկանց հետ էին զրուցում: Նրանցից մեկի հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ ձեր կառավարությունը ճշմարտությունը չի ասում ճառագայթման վտանգի մասին, ճապոնացիները զարմանքով ուսերն էին թոթում և հարցին հարցով պատասխանում՝ ինչպե՞ս կարող է կառավարությունը սուտ բան ասել սեփական ժողովրդին…

Հետո վարչապետը խոնարհվեց ամբողջ ժողովրդի առջև և հրաժարական ներկայացրեց, չնայած, որ նրա և նրա կաբինետի մեղքը պատահարի մեջ զրոյական էր: Սա ճապոնացիների մտածելակերպն է: Սուտ խոսելու մշակույթը Ճապոնիայում իսպառ բացակայում է: Երևի դրա համար էլ Ճապոնիան երկիր է դարձել, որտեղ ապրում են իրենց հողն ու մշակույթը սիրող և գրեթե աստվածացնող մարդիկ:

Վերադառնանք Երևան: Ամեն անգամ, երբ անցնում եմ Շրջանայինով, լռելյայն բարևում եմ Իսահակյանին ու փորձում կռահել, թե ինչ կմտածեր կամ կասեր մեծ պոետը, եթե այսօր կենդանի լիներ: Չգիտեմ: Բայց ամեն անգամ ինձ թվում է, թե Իսահակյանն իջեցրել է հայացքը, որ չտեսնի իրականությունը: Ոչ էլ կարող է թողնել ու հեռանալ, այլ դատապարտված է կանգնել Երևանի ամենաբանուկ մասերից մեկում ու տրվել իր խոհերին:

Երևի թե կցանկանար բարձրացնել հայացքն ու տեսնել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, սակայն Վարպետը դրանից էլ է զրկված. տեսադաշտը փակ է:

Տարիներ առաջ Աբովյան փողոցի այդ հրաշալի վայրում, Իսահակյանի արձանի դիմացի մայթին ինչ-որ սատանայական դիտավորությամբ և արագությամբ մետաղական այլանդակ տաղավարները շինեցին (կներեք, բայց այլ բառ չեմ էլ գտնում): Ասես՝ մի դաժան մտադրությամբ, որ Աբովյան փողոցով քայլող երևանցիները, մայրաքաղաքի հյուրերը և անգամ Իսահակյանը չտեսնեն Կոմիտասի տունը: Բայց չէ՞ որ սերն առ Կոմիտաս նաև նրան ու նրա անվան երաժշտական տունը տեսնելով է կայանում:

Այդ օրերին մի խումբ սրտացավ մարդիկ, իսկական մտավորականներ, ում համար միևնույնը չէին Երևանի տեսքն ու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, դուրս եկան փողոց, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն ընդդեմ Երևանն այլանդակող անիմաստ շինությունների, որոնք մեզանից, մեր զավակներից ու անգամ Իսահակյանից անջրպետում են մեր թանկարժեք ժառանգությունը:

Հետագա իրադարձություններն ավելի քան ավանդական էին Հայաստանի համար. եկան կարմիր-բերետավորները, պատ կազմեցին, որ երևանցիներս չխանգարենք շինարարությանը: Բիրտ ուժի դեմ ոչինչ անել հնարավոր չէր: Ի վերջո, սրտացավ ու խեղճացած մարդիկ հուսահատված ու անօգնական ցրվեցին իրենց տները, իսկ շինարարությունն ավարտվեց: Շուտով այդտեղ սկսեցին գործել մի շաուրմայանոց ու մի դեղատուն՝ այն, ինչ պետք է միջին վիճակագրական քաղքենուն:

Այսօր ունենք այն, ինչ ունենք: Ավելի ճիշտ՝ չունենք: Եկեք անկեղծ լինենք՝ այլևս չկա մեր սիրած Երևանը: Կա զզվելի ու անդեմ մի մեգապոլիս՝ համենայն դեպս, ինձ ու իմ համախոհներին խորթ ու անհասկանալի, անճոռնի, անսկիզբ ու անեզր մի հսկա բնակավայր, որտեղ Բաբելոնի պես խառնվել են լեզուներն ու բարքերը: Դրանից լավ հոտ չի գալիս: Ագռավներն ու թափառական շները՝ վկա:

Այդ օրերին ռադիոյով լսում էի այդ օրերի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա զարմանք էր հայտնում Հանրապետությունում տիրող «գաղջ» մթնոլորտի առումով: Հիրավի, «жить стало лучше, жить стало веселее, товарищи»: Եվ կարծեմ նույն օրը նա հրամանագիր ստորագրեց, որով իր փեսային նշանակեց Իտալիայում և Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Դե, հո սեփական աղջիկն ու փեսան իր թոռների հետ միասին դատապարտված չե՞ն ագռավներով ու թափառական շներով ողողված, աղբի մեջ կորած ու հսկայական գեղի վերածված «գաղջ» Երևանում ապրելու: Եվ ինչո՞ւ ուրախությունից պար չենք գալիս, երբ Երևանում այդպիսի հրաշալի տաղավարներ են վեր հառնում, այլ նախընտրում ենք «գաղջի» մեջ ապրել… Զարմանալի անշնորհակալ ազգ ենք հայերս:

Մի ֆիլմ եմ հիշում: Գլխավոր հերոսուհին երկմտում է՝ նստի գնացքը, թե ոչ: Եվ ֆիլմի գործողությունները զարգանում են երկու տարբեր իրարամերժ սցենարներով՝ կախված նրանից, թե հերոսուհին ինչ քայլ է անում այդ պահին: Մեր կյանքն էլ է այդպես: Մի փոքրիկ քայլը կարող է որոշել մարդու և անգամ պետության ամբողջ հետագա ընթացքը:

Պարոն նախկին նախագահ Սերժ Սարգսյան, ես հասկանում եմ, որ չէր կարելի նախադեպ թույլ տալ: Ուստի դրա համար պետք էր տարիքն առած սրտացավ մարդկանց դեմ ոստիկանական բիրտ ուժ կիրառել: Ձեր իշխանության գաղափարախոս Մաքիավելին վկա՝ դա Ձեզ հաջողվեց: Կեցցե՛ք: Մինչդեռ կարող էր լրիվ հակառակը լինել՝ այս մի փոքրիկ հարցում հայրենասեր քաղաքացիների տեսակետն անցներ, շինարարությունը չեղարկվեր, և նախադեպ դառնար դրա հակադիր երևույթը, երբ քաղաքացին մասնակցում է հասարակական կյանքին և դրանով իսկ կայացնում քաղաքացիական հասարակություն կոչվածը:

Դա կոգևորեր մարդկանց վստահել սեփական երկրի իշխանություններին, ավելի ակտիվ լինել, մասնակցել ընտրություններին և վերջապես հավատալ արդարության հաղթանակին ու վաղվա օրվան: Երևի թե ոչնչից այնքան չի տառապում մտածող հայ մարդը, որքան անարդարությունից:

Ինչևէ: Այդ նախադեպը չկայացավ: Փոխարենը կայացավ մեկ այլ նախադեպ՝ արհամարհել սեփական ժողովրդի ազնիվ և սրտացավ ներկայացուցիչներին կարծիքը և՝ չգիտեմ հանուն ինչի, զորբայությամբ հասնել նախապես ինչ-որ մեկին ինչ-որ մի բան խոստացածին:

Ա՜խ, երանի թե այդ զորբայությունը արտաքին քաղաքականության մեջ էլ մի քիչ դրսևորվեր:

Դրանից առաջ էլ նույն զորբայությամբ քանդվել էին Երիտասարդական պալատը, Լեզվի ինստիտուտը և, որ ամենացավալին է, մարդկանց վստահությունն ու հավատը: Քանդված ու թալանված արժեքների ցանկը մեծ է, բայց ամենացավալի կորուստը մարդկանց հավատի կուրուստն է:

Այսօր ունենք «գաղջ» մի քաղաք՝ (այսօրվա իշխանության խոսույթով՝ «դժգույն») որպես «գաղջ» երկրի մայրաքաղաք, որտեղ հավանաբար ըստ նախկին-ներկա իշխանությունների հիմնականում «գաղջ», տես՝ «դժգույն», մարդիկ են ապրում՝ «գաղջ-դժգույն» մտքերով ու երազանքներով: Եվ այդ երազանքները, հիմնականում, շաուրմայից ու քյաբաբից անդին չեն անցնում:

Եթե շատ ուտենք, կարող ենք մտնել հարևանությամբ գործող դեղատունը և մի բան խմել ուռած ստամոքսը հանգստացնելու համար, օրինակ համարյա հայկական ստամոքսի փրկիչ «մեզիմ ֆորտե» ու … Երկիր մի՛ ասա, մի մուրա՜զ ասա… Սպառողական հասարակության իդեալ…

Այո, սիրելի նախկիններ և ներկաներ, ձեր բոլորիդ ապաշնորհության, գաղջություն-դժգունության ու կեղծավորության արգասիքն է այս իրավիճակը: Նախադեպը դրված և կայացած է: Արդեն կարող եք անել այն ամենը, ինչ մտքներովդ անցնում է: Եթե անգամ Հանրապետության հրապարակը քանդեք՝ թամանյանական պատերը բետոնի մեխերով ծակելով կամ Օպերայի առաջին հարկը ծածկած շուկայի վերածեք՝ այլևս ոչ ոք չի ընդվզի, քանի որ գաղջությունը վերջնական հաղթանակ է տարել:

Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դիմացի այգին, ուր ևս Կոմիտասի արձանն է դրված, ձեզ վկա. (տեսնես՝ ինչո՞ւ է Կոմիտասը շարունակվում հալածվել):

Իսկ «գաղջ» ու «դժգույն» հոգով ու սրտով մարդը թքած է ունենալու Արցախի, ընդհանրապես Հայաստանի ու Երևանի ճակատագրի վրա:

Գաղջությամբ վարակված մարդը, բնականաբար, քաղաքապետի ընտրություններին էլ չի գնալու: Վերջին ընտրություններին ամեն չորս ընտրողից միայն մեկը մասնակցեց: Երևանում ապրող մարդիկ «զահլա ու հավես» չունեն իրենց քաղաքի ճակատագրի պատասխանատվությունը ստանձնելու համար:

Ո՞ւր կորան 1918 և կամ 1988 թթ. հերոսական մարդիկ և նրանց սերունդները, որոնք կռվեցին, հաղթեցին ու պետություն կերտեցին… Ես գիտեմ՝ մեծ մասը արտասահմաններում են ու այնտեղից, իրենց ասած «մեծ գործ են անում Հայաստանի համար»: Պետք չի, եղբայր, հանգիստ վայելեք ձեր կյանքը: Հանուն հայրենիքի ապրելն ու պայքարելը հեռահար չի լինում:

Ես ձեզ չեմ մեղադրում՝ դուք ու ձեր կյանքը: Բայց չկարծեք, թե Դիմագրքում հեռվից բոցաշունչ կամ սրտաճմլիկ հաղորդագրություններ զետեղելով փրկելու եք Հայաստանը: Ոչ հեռավոր անցյալում և այսօր Երևանում այնքա՜ն կար և կա սրտացավ մարդկանց կարիքը, բայց ես այդ մարդկանց արդեն գրեթե չեմ տեսնում: Կամ հեռացել են կամ էլ փակվել իրենց տներում:

Գաղջության հաղթանակը, կարծես թե, վերջնական է: Տասը կամ, միգուցե, քսան տարի անց, երբ Հայաստանի բնակչությունը կդառնա մեկ միլիոնի չափ, արդեն պայքարելու կարիք էլ չի լինի:

Հիշու՞մ եք Ալադինի հեքիաթը «Հազար ու մի գիշերից»: Նորաստեղծ պալատում Ալադինի խնդրանքով Ջինը վերացնում է սյուներից մեկը: Սուլթանը հանձն է առնում ինքը կառուցել այդ միակ սյունը, սակայն ձախողվում է և խայտառակվում:

Հիմա ձերն է, սիրելի նախկիններ և ներկաներ, դուք, որ անգամ Կասկադի շինարարությունը անկարող եք ավարտին հասցնել, գոնե մի ապականեք մեր Երևանի վերջին թամանյանական փշրանքները ձեր զզվելի շինություններով ու զզվելի արձաններով, որոնք հարիր են միայն թափառական շներին ու Երևանում տնավորված ագռավներին:

Այսօր մենք այն կետում ենք, երբ դեռ հրաշքով ու սրտացավ մարդկանց ջանքերով կարելի է փրկել գոնե մնացածը: Վաղն արդեն ուշ է լինելու, անդառնալիորեն ուշ: Դեռևս աղոտ ու մի քիչ գաղջացած հույս ունեմ, որ դուք, սիրելի իշխանավորներ, նպատակ չեք դրել իսպառ կործանելու Երևանն ու Հայաստան աշխարհը, թեև, ինչ թաքցնեմ, այս ամենից արդեն դավադրության հոտ է գալիս:

Սիրելի ներկաներ, գործով ապացուցեք ձեր հայրենասիրությունը: Ես զզվել եմ ձեր համատարած պաթոսային ճամարտակությունից: Նախադե՛պ ստեղծեք։ Օրինակ վերցրեք ճապոնացիներից. նրանց մշակույթը շատ ավելի կենսունակ է, քան մերը:

Օր առաջ վերստեղծեք Մշակույթի նախարարություն՝ այնպիսի գործառույթներով, որ կկարողանա դեր ունենալ: Եվ մի՛ նույնացրեք մշակույթը բուն արվեստի հետ: Մշակույթը, նախևառաջ, մարդկանց փոխադարձ շփումն է և վերաբերմունքը շրջապատին, իրենց փողոցին, իրենց շենքին, իրենց քաղաքին, իրենց եկեղեցուն, իրենց Հայրենիքին: Իսկ դա մեզանում գրեթե զրոյի է հավասարվել և նույնականացել «Եղունգ ունես՝ գլուխդ քորի» և «Որտեղ հաց՝ էնտեղ կաց» բարբարոսական, ազգակործան բուն հայկական կարգախոսների հետ:

Բոլորիս մաղթում եմ խելք, հիշողություն և արժանապատվություն։

Տես նաև՝ «Տեսնես Իսահակյանը Մակիավելլի կարդացե՞լ է...». ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆ 

 

Դավիթ Խաչիյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ