«Նրա ժառանգությունը երգեհոններն են, որ շարունակում են աստվածային լույսեր վառել...». ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի վերջին համերգը Կապանում էր: Նա առաջինն էր, ով խիզախությունն ունեցավ արգելված երաժշտությունը եկեղեցու խորանից տանել բեմ: Եկեղեցուց զատ, առաջին անգամ Հայաստանում հոգևոր երաժշտություն հնչեց մարզային և քաղաքային ամենատարբեր բեմերում: Դա հայաստանյան մշակութային կյանքում, իսկապես, հեղափոխություն էր: Նրա համերգներին դահլիճները լեփ-լեցուն էին:
Մեծ երաժշտի մասին զրուցել ենք նրա դստեր` Սրբուհի Ստամբուլցյանի հետ:
- Ո՞վ էր Վահագն Ստամբոլցյանը, ովքե՞ր էին նրա ծնողները, ի՞նչ միջավայրում մեծացավ և ստեղծագործեց մեծ երաժիշտը:
- Հայրս ծնվել է Երևանում, 1931 թվին: Նրա հայրը՝ Պարույրը, տնտեսագետ էր: Մայրը՝ Սրբուհի Ազատյանը, ռուսաց լեզվի ուսուցիչ: Հոր կողմից պապը՝ Կարսի ֆիդայի Քաջ Ավոն էր, իսկ նրա եղբայրը՝ Չարենցին կնքած Կարսի ավագ քահանա Խորեն Ստամբոլցյանը:
Մոր կողմից պապը՝ Նահապետ Ազատյանը, իրավաբան էր: Իսկ մորեղբայրը հանրահայտ քաղաքական գործիչ ու գիտնական Հայկ Ազատյանն էր: Ուներ եղբայր՝ սրտաբան, պրոֆեսոր Ռաֆայել Ստամբոլցյանը, մի քույրը թոքաբան էր, պրոֆեսոր Լենա Ստամբոլցյանը, մյուսը՝ Սեդան, մատենագետ էր:
Հայրս 6 տարեկան է եղել, երբ ձերբակալել են հորը, որպես ազգի թշնամի և աքսորել անվերադարձ: Ողջ կյանքում հոր գերեզմանն էր փնտրում անծայրածիր ռուսաստաններում ու այդպես էլ չգտավ: Բռնագրավեցին տունն ու ունեցվածքը:
Ծանր մանկություն ու երիտասարդություն բաժին ընկավ հորս: Կարող եք արդեն պատկերացնել` «Թշնամու որդի», «իզգոյ»:
Երաժշտական կրթությունը ստացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ Առնո Բաբաջանյանի դասարանում: 1962թ. ավարտեց Լենինգրադի Ն.Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի Յ.Բրյուշկովի դաշնամուրի և Ի.Բրաուդոյի երգեհոնի դասարանները:
- Վահագն Ստամբոլցյանը հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիրն է: Ի՞նչ ճանապարհ անցավ և ի՞նչ դժվարություններ հաղթահարեց:
- Դե, ուսանողական տարիներից նա արդեն բավականին հայտնի երաժիշտ էր Ռուսաստանում: Այն էլ այն դեպքում, երբ Լենինգրադի Կոնսերվատորիան չէր էլ ավարտել: Նրան քշել էին իր հակասովետական, քաղաքական հայացքների համար, և ուսումը կիսատ էր թողել: Տարիներ անց, երբ արդեն էլ ավելի հանրահայտ ու սիրված էր, անգամ «վերևներում», կանչում են Կոնսերվատորիա ու ասում, որ իրե՛նց համար է ամոթ, որ չեն տվել դիպլոմը: Ու տալիս են:
Միանշանակ էր, որ պիտի վերադառնար հայրենիք: Սկսեց ճանապարհներ որոնել երգեհոն գնելու ու դասարան բացելու համար: Երգեհոնը շա՜տ թանկ գործիք է՝ միլիոնների արժողության: Այդքան էլ հեշտ չէր: Ինչևէ, նվիրյալները միշտ հաջողում են: Առաջին երգեհոնը դրվեց Կոմպոզիտորների միության դահլիճում: Երգեհոնային այդ համերգներին տեղ ու դադար չէր լինում: Դա հայաստանյան մշակութային կյանքում իսկապես հեղափոխություն էր:
Ես չգիտեմ մի երաժիշտ, որն «Արամ Խաչատրյան համերգասրահ»-ն ամբողջությամբ կլցներ: Անգամ ամենավերևի օթյակները: Դեռ մի բան էլ աթոռներ էին ավելացնում, մարդիկ անցումների վրա էին նստում, կանգնում էին: Հնչում էր Բախ և առաջին անգամ Հայաստանում՝ հոգևոր երաժշտություն:
Հաճախ ճշմարտությունը խեղաթյուրելով գրում են, որ նա առաջին անգամ հոգևորը ներկայացրել է երգեհոնով միայն: Բայց նա առաջինն էր, ով խիզախությունն ունեցավ արգելված երաժշտությունը եկեղեցուց բեմ հանելու: Երաժիշտներից շատերն էին հարցնում՝ էդ ինչպե՞ս է, որ քեզ թողնում են կատարես, իսկ հայրս պատասխանում էր՝ իսկ ես չեմ հարցնում, որ թողնեն կամ՝ ոչ:
Հետո արդեն երգեհոններ տեղադրվեցին թե Գյումրիում, թե Չարենցավանում, թե Կապանում, որն իր ամենասիրելին էր և որտեղ էլ տեղի ունեցավ նրա վերջին ելույթը:
- Ինչպիսի՞ն էր որպես մարդ, քաղաքացի, ինչպիսի՞ն էր ընտանիքում, մասնավորապես ձեզ հետ՝ իբրև դստեր:
- Բարի էր, զուսպ էր, համեստ, բայց և խիստ էր և չէր վախենում քննադատելուց: Ազնվական արիությամբ էր օժտված: Շատերն էին ասում, որ Վահագնը «որձ» էր: Իսկ ամենակարևորը՝ անսահման հայրենասեր էր: Հայրենիքն ու հայկականությունը վեր էին ամեն բանից: Հայաստանում մի վայր չկա, ուր հայրս եղած չլինի, սար չկա, որ բարձրացած չլինի: Ուսանողներին էլ էր հաճախ հետը տանում: Կատակով և լուրջ ասում էր՝ ի՞նչ երգեհոնահար, որ սար բարձրանալ չկարողանա:
Քաղաքականացված էր, վախկոտություն էր համարում, երբ ասում էին, թե արվեստագետը չպիտի զբաղվի քաղաքականությամբ: Ասում էր՝ մարդ պիտի առաջին հերթին մարդ լինի, հետո՝ իր ազգին նվիրյալ զավակ, հետո նոր՝ գիտնական, երաժիշտ կամ հովիվ…ինչ կուզի…
Հաճախ գլուխ էր գովում, որ միշտ ընդդիմադիր է եղել: Ասում էր՝ ազգդ քանի լավ չի ապրում, կառավարողների հետ չես կարող լինել:
Երբ Լենինգրադից վերադարձավ և արդեն մեր կոնսերվատորիայում դաս էր տալիս, փորձեց նախաձեռնել հայկական ժողովրդական բաժնի բացման հարցը: Պատկերացնո՞ւմ եք՝ Կոմիտասի անունը կրող Կոնսերվատորիան ժողովրդական բաժին չուներ: Այն դեպքում, երբ Բաքվինն ուներ: Սակայն մեր ռուսոֆիլ ու ռուսախոս «կոնսեռվատոռսկիները» դեմ դուրս եկան: Նա էլ Կառլեն Միրզախանյանի հետ մանկավարժական ինստիտուտում բացեց «ակումբայինը», որտեղ դասավանդում էին ժողովրդական գործիքներ:
Եվ հենց նա էլ դարձավ այդ ամբիոնի վարիչը: Դասական երաժիշտը:
Իհարկե հիմա ունենք: Բայց կուզեի բարձրաձայնել, որ հայրս էր առաջինը, ով դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը գիտակցելով ստեղծեց հնարավորություն, որպեսզի ազգային գործիքներն իրենց տեղը գտնեն պետական ուսումնական համակարգում:
Ընտանիքում էլ էր նույնը: Իսկ, որպես հայր՝ ավելի շատ ընկեր էր, ամենամտերիմն ու ամենահարազատը: Մենք իրարից ոչ մի գաղտնիք երբեք չենք ունեցել: Այ, էդ աստիճան:
- Հետաքրքիր, ազդեցիկ դեպքերի մասին պատմություններ կամ հուշեր կարող եք հիշել:
- Ընթերցողի համար ամենահետաքրքիրը, երևի, Լուսինե Զաքարյանին ի հայտ բերելն էր, որը ևս որոշ մարդկանց կողմից աղավաղվել է: Լուսինեն առաջին անգամ մեծ բեմ դուրս եկավ հորս՝ Վահագն Ստամբոլցյանի շնորհիվ, ինչի մասին նշված է դեռևս Լուսինեի կենդանության օրոք՝ 1981թ., գրված ու տպագրված, Կ.Դանիելյանի «Լուսինե Զաքարյան» փաստա-գեղարվեստական գրքում:
Նա իր ընկերոջ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Մեդնիկյանի խնդրանքով, ուշադրություն դարձրեց, այն ժամանակ Էջմիածնի երգչխմբում երգող անսովոր գեղեցիկ աղջնակի վրա։ Հայրս, որն արդեն երկար տարիներ էր Ցեղասպանության մասին բարձրաձայնում ու առաջինն էր, որ հոգևոր երաժշտությունը բարձրացրեց աշխարհի տարբեր բեմահարթակներ, հրավիրեց Լուսինեին՝ այն ժամանակ՝ Սվետլանա Զաքարյանին, 1964 թվականի ապրիլի 3-ի բժշկական ինստիտուտի համար տրվող, համերգին մասնակցելու:
Դա Լուսինեի առաջին մենակատարումն էր մեծ բեմում, որի ժամանակ և ներկայացավ հայ երաժշտասեր հանրությանը:
Հետո համերգները կրկնվեցին ապրիլի 16-ին, 26-ին և շարունակվեցին: Ի դեպ, հայրս է Սվետլանա Զաքարյանի անունը փոխել Լուսինեի: Նա տանել չէր կարողանում, երբ հայերը ոչ հայկական անուններ էին ունենում: Ինչպես և ինքը՝ Վլադիմիրից դարձել էր Վահագն:
Եվ ինչպես վերն արդեն նշել եմ, հայրս, որ տասնամյակներով էր տարբեր երկրներում բարձրաձայնում Եղեռնի մասին, իր մեծ դերակատարությունն ունեցավ ռուս մտավորականության և ղեկավարության շրջանակներում Ռուսաստանի կողմից Հայոց Մեծ Եղեռնի փաստը ընդունելու հարցում:
Նա մեծ բարեգործ էր, ինչի մասին միշտ լռում էր:
- Մի քիչ խոսենք նրա թողած ժառանգության մասին:
- Հայրս փառասեր չէր: Ունի միայն երկու վինիլային ձայնասկավառակ՝ Բախ և Հայ հոգևոր երաժշտություն: Մնացածն էլ պետական ֆոնդից կասկածելիորեն անհետացել են: Բայց նրա մեծ ժառանգությունը մեր երգեհոնահարներն են, որոնք ազնվորեն և նվիրված շարունակում են հորս գործը և իհարկե՝ երգեհոնները, որոնք շարունակում են հնչել ու մարդկանց հոգիներում աստվածային լույսեր վառել:
Վարդիթեր Գիշյան