Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

««ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ»՝ նոր գույների արտացոլանքներում…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Թամանյանական տաճարում սփռվում է երաժշտությունը, որ կարծես գալիս է մեր հեռու-հեռավոր նախնիների հարազատ կանչերից, աղոթքի նման լսվում է կոմիտասյան հարազատ երգի ռիթմը, լսվում է պոետի մաքրամաքուր սիրո մրմնջոցը, և այդ կռվանները միախառնվում են իրականության ձայներին, աղմուկներին, իրականության չափումներին, ու ծավալվում է գույնի, լույսի, խռովքի, ընդվզումի մի հրավառություն:

Հրավառություն, որի ցոլքերում միահյուսված են անցյալն ու ներկան, միախառնված են հինն ու նորը՝ այդ խառնարանում մեր ինքնության կանգուն հիմքերով:   

Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացումն է, որի գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը:

Ի՞նչ էր Փարաջանովի «Նռան գույնը»:

Փարաջանովի «Նռան գույնը» նկարչության մեջ անթեղված, նկարչության  մեջ քարացած, անշնչացած շարժումի պոռթկումն էր, շարժումի ազատագրումը, շարժումին վերադարձված ազատությունը:

Ի՞նչ արեց Փարաջանով կինոհանճարը հիսունհինգ տարի առաջ:

Նա միջնադարի ողբերգականության ու ծիսականության մեջ տեսավ իր (նույնն է, թե՝ մեր) ինքնության խորհրդանիշերը, միջնադարյան մանրանկարչության մեջ տեսավ իր ինքնության նեցուկը, միջնադարի պոետի առեղծվածի մեջ տեսավ սիրո առեղծվածը, սեր, որ ամենազգայուն գույնն է աշխարհի:

Ու կոտրելով կաղապարներ, ոչնչացնելով վախեր, ջարդուփշուր անելով տագնապներ, իր անպարագիծ խենթության միջով նկարչության շարժումի խռովքը որպես գույն բարձրացրեց մեծ էկրան՝ խենթորեն խոսելով իր ժողովրդի արմատների, իր ժողովրդի ինքնականության, իր ժողովրդի ներաշխարհի, հույզի ու հուզականության, միջնադարից ձգված լարի հարատևության մասին, որ պորտալարի խորհուրդն ունի՝ չես կարող չկտրել, բայց և չես կարող ապրել առանց պորտալարի:

«Կինեմատոգրաֆը բռնկումների արվեստ է, յուրատեսակ էքստազ…». հայտարարեց կինոհանճարը ու բռնկումների սեփական ճայթյուններով, էքստազի սեփական խելագար բանաձևերով եկավ, ու ինչպես դովլաթյանական մեկնությունն է ասում «…մաքրեց Սայաթ-Նովայի կերպարը առօրեականությունից, սովորույթի ուժով պարտադրված աշուղությունից, թիֆլիսյան խայտաբղետ միջավայրի հավաստի դրոշմից…»:

Ի՞նչ է Եվրոպայի լավագույն պարուսույցներից Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը, ուր նա հանդես է գալիս որպես պարույսույց և գեղարվեստական ղեկավար:

Նրա «Նռան գույնը» պարի հուզականության ու հույզի, պարի խելագար շարժումի, պարի անպարփակ նրբագեղության, պարի անբռնելի սահունության, պարի աներևակայելի ճկունության մերկացումն է, որի զգայական լիցքերի, սուր հոսանքահարումների, երաժշտության տիեզերական ազդեցության, լույսի, գույնի նուրբ համադրությունների միջոցով է կայանում միջնադարի ողբերգականության ու ծիսականության մեջ կինոհանճարի տեսած մեր ինքնության խորհրդանիշերի, միջնադարյան մանրանկարչության մեջ կինոհանճարի տեսած մեր ինքնության խոհերի, միջնադարի պոետի առեղծվածի մեջ կինոհանճարի տեսած սիրո առեղծվածի սեփական՝ Մերզուկիական փոխակերպումը:

Ընդհանրապես՝ ու մասնավորապես հայ հանրության համար, Մերզուկին նաև դեսակրալիզացիայի է ենթարկում փարաջանովյան «Նռան գույնը», իջեցնում է այն անձեռակերտ հուշարձանի պատվանդանից, կոտրում է նրա անհասկանալիության, բարդության, խորհրդավորության, առեղծվածայնության կաղապարները, և «Նռան գույնը»՝ փարաջանովյան, թե մերզուկիական, որը, բնավ, կարևոր չէ, լցվում է հանդիսատեսի ներաշխարհ, տարրալուծվում, ներծծվում է հանդիսատեսի ներաշխարհում ու դառնում սեփական հույզերի ընկալման, սեփական ինքնության հետ առերեսվելու պատճառ:

Գտնել Փարաջանովին պարի մեջ. ահա գաղտնիքը, որ բացահայտում է Մերզուկին:

Ահա գաղտնիքը, որ փարաջանովյան խոստովանության մեջ է նաև՝ «… Ես սկսեցի մտածել պլաստիկայով: Նորից վերադառնալ խաղարկման կինեմատոգրաֆ՝ ես չեմ կարող»:

Գուցե նաև այնտեղ է գաղտնիքը, որ Մերզուկին իր «փորձարկումն» անում է՝ անցնելով հայկական ինքնության միջով, և որ այդ «փորձարկման» գաղափարի հեղինակը հայկական ինքնության կրողն է: Այլապես ինչո՞վ բացատրել, որ համաշխարհային նման «փորձարկումները» չեն հասել հայ հանրության զգայարաններին, չեն գերել հայ հանրության սիրտը: Ընդհակառակը՝ նույնիսկ ընդվզումի պահեր են հարուցել:

Մերզուկին բերում է ժամանակակից պարը, ժամանակակից երաժշտությունը, պարողների կատարյալ արվեստի միջոցով ցուցադրում է մարմինը, այդ մարմնի ապստամբությունը, ցուցադրում է սերը, սիրո մոլեգնությունը, բայց նրա պարողները՝ Մատյանների հայտնի տեսարանի մերզուկիական մեկնաբանության մեջ, օրինակ, կարծես միջնադարյան մանրանկարչության սրբապատկերներ են դուրս հորդում մատյանների մագաղաթյա էջերից:

Դրանով նա հանդիսատեսի հետ խոսում է պորտալարի միջոցով, հանդիսատեսի ներսում հայտնվում է ուղղակիորեն, մտնում է հանդիսատեսի արյան բաղադրության մեջ՝ ու կրկին կայանում է հանդիսատեսի սպասված առերեսումն իր ինքնության շերտերի հետ:

Եվ մեկ անգամ չէ, որ բեմադրիչը կայացնում է այդ հանդիպումը, քանզի սքանչելիորեն կարողանում է համադրել բանաստեղծական տողը, բառը, կոմիտասյան երգի հնչյունը, կոմիտասյան երգի բառը, գույնի, շատ հայկական թվացող գույնի ներազդեցությունը, լույսի ներթափանցումը:

Նա կարողանում է, այո, պորտալարի միջոցով միջնադարից գալ մինչև ներկայիս իրականություն: Շատ նրբորեն հնչեցնում է «Յարխուշտայի» հնչյունները՝ որպես հաղթական կանչեր, հանում է սև զգեստները, որպես այդ հաղթական կանչերի իրական արձագանքներ, խառնում է զգացողություններ, փոթորկում է հոգեկան աշխարհներ ու…ու վերադառնում է իրականություն, ուր այս պահին պարտություններ են, բայց իր խոնարհումն այդ պարտություններին բերում է հաղթական կանչերի հիշեցումով:

«Դուն կրակ, հագածդ՝ սև», «Դուն կրակ, հագածդ՝ սև», «Դուն կրակ, հագածդ՝ սև»…

Պոետական «Դուն կրակ, հագածդ՝ կրակ» ձևակերպումի դեռևս փարաջանովյան ձևափոխմամբ գալիս է «Դուն կրակ, հագածդ՝ սև» հիշեցումը, գալիս է որպես զանգ, որ հնչում է յուրաքանչյուրի համար, և յուրաքանչյուրից է մնում կախված վերադարձը պոետական «Դուն կրակ, հագածդ՝ կրակ»-ին:

Բեմադրիչն անցնում է փարաջանովյան էսթետականության միջով, բայց անառարկելիորեն գտնում է էսթետականության իր ընկալումների բանաձևումները:

Նա ոչ մի դրվագում կուրորեն չի հետևում Փարաջանով կինոհանճարին, այլ գնում է գեղապաշտության իր եզակի ճանապարհով:

Հենց այդ բանաձևումների միջով է անցնում երկնքից առկա գնդերի խելահեղ խաղը բեմում: Գնդերի խելահեղ խաղը պարային շարժումների մեջ՝ լույսի նկարչության, «Հող Արթուն»-ի երաժշտության տիեզերականության շնորհիվ դառնում է ալեկոծություն, դառնում է ծփանք, դառնում է խռովություն:

Այդ բանաձևումներով է անցնում նաև կարմիր գնդերի համարձակ ներխուժումը բեմ, որոնք ենթագիտակցական ընկալման տիրույթում նռան հետ զուգորդումների են տանում, բայց և չեն պարտադրում ոչինչ:

Երբ թվում է, թե ժամանակակից պարի միջոցով բեմադրիչը քեզ կտրում է փարաջանովյան ժամանակից, փարաջանովյան աշխարհից, անմիջապես էլ քեզ վերադարձնում է ծանոթ, հարազատ միջավայր: Փարաջանովյան կոլաժներից հայտնի շրջանակը, փայտե աստիճանը, գորգերի կիրառումները ոչ մի վայրկյան չեն հեռացնում հանդիսատեսին ծանոթ, հարազատ միջավայրից: Ավելին՝ խորեոգրաֆիայի, պարի գեղագիտության միջոցով, լույսի ու երաժշտության զուգակցման միջոցով առավել ընկալելի են դարձնում բեմադրիչի լուծումները:

Բեմադրական ողջ պատումին առանձնակի շքեղություն են հաղորդում հագուստների հեղինակ Էդգար Մանուկյանի առարկայական տեսիլքները: Նրա հագուստները խորհրդանշում են ազատությունը: Այն ազատությունը, որը բերում է պարը, որը բերում է Հիփ հոփը, որը պայքարի կոչնակ է, որը բերում է փարաջանովյան «Նռան գույնը», և այն ազատությունը, որ Մուրադ Մերզուկին հաղորդում է իր ստեղծագործությանը:  

Էդգար Մանուկյանի հագուստների մեջ չկա ճնշում, չկա ավելորդ ոգևորություն, բայց կա անսահման մեծ ներշնչանք, որը համադրում է ազգայինի ու համամարդկայինի, Եվրոպականի ու արևելյանի նուրբ ներթափանցումները՝ անցկացնելով դրանք  ազատության փիլիսոփայության միջով, քանզի ազատության մեջ է, որ տեսանելի են սերը, մարմինը, կիրքը, շարժումը, ընդվզումը, պոռթկումը, խռովքը:

Էդգար Մանուկյանի հագուստների միջոցով միախառնվում են գույներ՝ մեղմ, խաղաղ գույներ, որոնք երբեմն վառվում են լուսային ֆանտաստիկ բեմադրության լուծումների ներքո, երբեմն բերում են երազային, եթերային կապույտներ՝ որպես սիրո գույներ, երբեմն էլ իշխում են՝ ինչպես իշխում է պոետի սերը, պոետն ինքը, պոետի թագուհին, արքայադուստրը, սիրո աստվածուհին, սիրո մուսան, սիրո դիցուհին՝ վեհաշուք Սալոմե ճակատագրական կնոջ տիրականությամբ, որին փառահեղ մարմնավորում է Սվետլանա Մխիթարյանը:

Ավելի քան երկու հազար մարդ երկու օրում հոտընկայս ծափահարում է Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը»: Երկու հազար մարդու ներկայությամբ կայանում է մշակութային շատ զգայական երկխոսություն, և այդ երկխոսության հեղինակը՝ «Նռան գույնը» պարային ներկայացման գաղափարի հեղինակ Սաթէ Խաչատրյանը, կարծում եմ, իրականացած է տեսնում իր գաղափարի առաքելական հիմքը՝ մոտեցնել տարբեր մշակույթներ, մշակութային ներթափանցումների միջոցով ունենալ արվեստային խոսակցություն, ջնջել սահմանները ավանդականի ու նորի, արվեստային տարբեր ճյուղերի ու ոճերի միջև և ջնջել դրանք ոչ թե ոչնչացնելու, այլև մեծ ճաշակով միավորելու, ամենաանհասանելիին անգամ հեշտորեն մոտենալու, ամենաանհասանելին անգամ հեշտորեն ընկալելու մտայնությամբ:

Առաջին անգամը չէ, որ «Սաթէ-Աթղը» թատերական միության հիմնադիր, բեմադրիչ, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը դիմում է այդ փիլիսոփայությանը: Ավելին՝ հենց այդ փիլիսոփայության վրա է կառուցված նրա ստեղծագործական կրեդոն թե Հայաստանում, թե Ֆրանսիայում:

Ավարտվում է ներկայացումը և ոչ մեկ չի ուզում հեռանալ թամանյանական տաճարից:

Հեռանալուն չի դրդում նույնիսկ հեղինակների խոնարհումը: Ավելին՝ Մերզուկին խոնարհումի արարողությունն անգամ վերածում է թատրոնի, վերածում է խաղի, վերածում է խենթության: Գուցե ճիշտ այնպես, ինչպես սիրում էր Փարաջանով կինոհանճարը՝ ոչինչ չանել սովորականի նման, ամեն ինչից ստեղծել խաղ, ստեղծել թատրոն, ստեղծել խենթություն:

«…Ես չեմ կարող նույնիսկ սովորական նամակ գրել, ես բոլորովին այլ կերպ եմ զգում…».

Սա փարաջանովյան խոստովանություն է, որ կարող է լինել նաև Մուրադ Մերզուկի-Սաթէ Խաչատրյան-Էդգար Մանուկյան-Բենժաման Լըբրըտոն-Յոան Տիվոլի-Հող Արթուն ստեղծագործական տանդեմի խոստովանությունը, որը հանդիսատեսին նույնպես ստիպեց այլ կերպ զգալ ամեն ինչ:

Եվ անշուշտ, այդ խոստովանությունն իրականություն չէր դառնա, եթե չլիներ պարողներ Վարդան Ագուջյանի, ժամանակակից պարի լավագույն մեկնողներից՝ Տոմա Այդինյանի, Սոֆիան Կադաուիի, Մատիս Կադաուիի, Լոլա Կերվրյդանի, Շոն Սկաչիղինի ֆանտաստիկ պարային արվեստը:

Հ.Գ. Իրականում, այո, երկու շարունակ ավելի քան 2000 հանդիսական հիացմունքի ու վայելքի զգայուն պահեր ապրեց՝ հաղորդակցվելով իրական արվեստային ակտի:

Այո, ներկայացումը դիտել են ու դիտելու են ֆրանսիացի հանդիսականներ ֆրանսիական լավագույն թատերական հարթակներում: 

Վրաստանն այս օրերին դիտեց ներկայացումը:

Բայց արդյո՞ք չենք ափսոսում, որ այդքան ներդրումների, այդքան ջանքերի արդյունքը, որ կարող է էական ազդեցություն թողնել մեր հանդիսատեսի արվեստային ընկալումների վրա, առավել մոտեցնել նրան հենց թեկուզ փարաջանովյան «Նռան գույնը» գլուխգործոցին, պետք է երկօրյա առաքելությամբ ավարտի իր…առաքելությունը:

Մտածենք սրա մասին:   

Լուսանկարները՝ Արմենպրեսի՝ Գևորգ Պերկուպերյան

  

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ