«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

ՆՐԱՆՔ ԳԱԼԻՍ ԵՆ... «Ոսկե Ծիրանը» բացում է փակագծերը      

 

Երբ մոտենում է հայաստանյան հուլիսը, ենթադրվում է, որ «Ոսկե Ծիրանը» պետք է անակնկալներ մատուցի՝ Երևան բերելով համաշխարհային կինոդեմքերի, որոնք ոչ միայն իրենցով արած Հայաստանը տանում են աշխարհով մեկ, ոչ միայն համաշխարհային կինոքարտեզին կրկին հիշատակում են Հայաստան անունը, այլև կինոմշակույթ են բերում Հայաստան, հայաստանյան կինոաշխարհին, նրա մարդկանց, հանդիսատեսին հաղորդակից դարձնելով այդ մշակույթին:

«Ոսկե Ծիրան»-ը դեռ ամբողջությամբ չի բացել փակագծերը, բայց առաջին «արտահոսքերն» անգամ հուշում են, որ 15-րդ հոբելյանական փառատոնն առանձնանում է քաղաքականության որոշակի փոփոխություններով՝ փառատոն գումարած կինոշուկա:

Ֆիլմերի և հյուրերի անունները դեռ չեն գաղտնազերծվել, բայց ժյուրիի ներկայացուցչականությունը խոսում է այն մասին, որ 14 տարի լինելով մշակույթների երկխոսության կիզակետում, լինելով համաշխարհային ճանաչում ձեռք բերած կինոփառատոն, «Ոսկե Ծիրան»-ը փորձ է անում մասնակիցների ներկայացուցչականությամբ ընդլայնել իր, որ նույնն է թե Հայաստանի կինոքաղաքականության զարգացման հնարավորությունները:

Փառատոն՝ այսինքն բացառիկ ֆիլմեր, որոնք ոչ մի այլ պարագայում չեն կարող հայտնվել երևանյան կինոէկրաններին, համաշխարհային կինոդեմքեր, որոնք ոչ մի այլ պարագայում չեն կարող ներկայանալ հայաստանյան հասարակությանը, վարպետության դասեր, որոնք ոչ մի այլ պարագայում չեն կարող հասանելի լինել կինոաշխարհի հայաստանյան ներկայացուցիչներին, երիտասարդներին և կինոշուկա՝ նպաստելու համար հայ կինոարտադրողին, ընդգրկվելու կինոստեղծման միջազգային գործընթացներում և հասնելու իր նպատակներին, եթե դրանք առկա են:

ՕՍԿԱՐԱԿԻՐ ԻՐԱՆՑԻՆ ԿԱՆՆԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

15-րդ հոբելյանական կինոփառատոնի խաղարկային ժյուրին գլխավորելու է 46-ամյա իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր ԱՍՂԱՐ ՖԱՐՀԱԴԻՆ:

Երբ 15 տարի առաջ կայացավ նրա կինոդեբյուտը՝ «Պար փոշու մեջ» ֆիլմը, դժվար թե ենթադրվեր, որ կարճ ժամանակում այս ռեժիսորը նվաճելու է համաշխարհային կինոյի գրեթե բոլոր հնարավոր տիտղոսներն ու մրցանակները: Բայց ընդամենը երեք տարի անց նրա «Հրավառության չորեքշաբթին» ֆիլմը նվաճեց Չիկագոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե Հյուգո» մրցանակը: Իսկ դրանից երեք տարի անց՝ 2009-ին, նրա «Էլիի մասին» ֆիլմը «Արծաթե արջ» նվաճեց Բեռլինի համբավավոր միջազգային կինոփառատոնում՝ որպես լավագույն ռեժիսորի, ինչպես նաև այն «լավագույն կինոնկար» ճանաչվեց Թրայբեքա կինոփառատոնում:

Հենց այս ֆիլմով էր, որ նրա երկիրը՝ Իրանը պաշտոնապես առաջադրվեց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգով:

Ֆարհադիի հաջորդ աշխատանքը՝ «Նասեր և Սիմին. ամուսնալուծություն»-ը, 2011-ին մեծ սենսացիայի տեղիք տվեց:

Ամերիկյան կինոքննադատ և հեռուստամեկնաբան, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ռոջեր Էբերթը ֆիլմն անվանեց «տարվա լավագույն ֆիլմ», իսկ Բեռլինի միջազգային կինոփառատոնում «Ամուսնալուծությունը» որպես «լավագույն կինոնկար» նվաճեց «Ոսկե արջ»-ը, ինչպես նաև երկու «Արծաթե արջ»՝ տղամարդկանց և կանանց լավագույն դերասանախմբերի համար:

Ֆիլմը լավագույն արտասահմանյան կինոնկար ճանաչվեց նաև Ամերիկացի կինոքննադատների  ազգային խորհրդի, «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Անկախ ոգի» (Independent Spirit) մրցանակաբաշխությունների կողմից:

Ի վերջո, «Ամուսնալուծությունը»՝ որպես տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ, ստացավ նաև «Օսկար»՝ Ֆարհադիին դարձնելով առաջին իրանցի օսկարակիր կինոռեժիսորը:

Ընդամենը հինգ տարի առաջ Ֆարհադին Ֆրանսիայում նկարահանեց իր 6-րդ ֆիլմը՝ «Անցյալը» (2013), որի գխավոր դերակատարուհին՝ Բերենիս Բեժոնը, Կաննի կինոփառատոնում արժանացավ լավագույն դերասանուհու տիտղոսին:

«Անցյալը» հավակնում էր նաև «Ոսկե գլոբուս»-ի՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ և այդ անվանակարգով հաղթեց Ամերիկացի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխությունում, առաջադրվեց հինգ «Սեզար»-ի, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Ֆարհադին իր յոթերորդ ֆիլմը՝ «Առևտրական գործակալը», նկարահանեց 2016-ին, Իրանում, իսկ Կաննի 69-րդ կինոփառատոնում ֆիլմին շնորհվեց «Լավագույն սցենար»-ի համար մրցանակը, իսկ գլխավոր դերակատար Շահաբ Հոսեյնին ճանաչվեց «Լավագույն դերասան»: Այս ֆիլմը 2017-ին երկրորդ «Օսկարը» բերեց Իրանին՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Ֆարադիի վերջին աշխատանքը՝ «Բոլորը գիտեն» հոգեբանական թրիլերը, այս տարի բացեց Կաննի միջազգային կինոփառատոնի մրցույթը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԻՆՈՇՈՒԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Ստամբուլում ծնված, Գերմանիան ներկայացնող ԲԵՔԻ ՓՐՈԲՍՏԸ, որ լինելու է դեպի Հայաստան թռչող ինքնաթիռներում,  2014-ից Եվրոպական կինոշուկայի նախագահն է:

Իրավաբանության և լրագրության մասնագետն աշխատակցել է «Թերջուման» օրաթերթին և «Հայաթ» շաբաթաթերթին: Այնուհետև տեղափոխվելով Շվեյցարիա, բազմաթիվ մշակութային նախագծեր է իրականացրել:

Փրոբստը դարձել է Probst-Kinobetriebe ցուցադրող խմբի ղեկավարը: 

Նվիրումը կինոարվեստին շուտով նրան դրդել է գործունեությունն ընդլայնել: Տարիներ շարունակ նա եղել է Թուրքիայի և Հունաստանի պատվիրակը Բեռլինի միջազգային կինոփառատոնում, իսկ 85-ին Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում կազմակերպել է վաճառահանդես և մինչև 1995 թվականը անդամակցել է նաև Լոկառնոյի փառատոնի ընտրող խորհրդին: 

1988-2014 թվականներին նա եղել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի տոնավաճառի նախագահը և հենց նա է կինոտոնավաճառը վերանվանել Եվրոպական կինոշուկայի և նրա ղեկավարությամբ է, որ Եվրոպական կինոշուկան դարձել է միջազգային  խոշորագույն ու կարևորագույն  կինոտոնավաճառներից մեկը:

Փրոբստը որպես ժյուրիի անդամ մասնակցել է Թորոնթոյի, Երուսաղեմի, Սան Սեբաստիանի և մի շարք այլ միջազգային կինոփառատոների՝ արժանանալով Ֆրանսիայի մշակույթի նախարարության Արվեստի և գրականության ասպետի կոչման, Բեռլինալեի «Կինոխցիկ» պարգևի:

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակիցը՝ ՎԱԼԵՐԻ ՄԱՍԱԴՅԱՆԸ, լուսանկարչության, մասնավորապես Նան Գոլդենի հետ համագործակցելու շնորհիվ սկսել է զբաղվել պատկերավորմամբ` լուսապատկերային ցուցադրումներով («Կապ», «Կարուսել», «Նավամատյան»), որոնք ներկայացվել են Տոկիոյում, Լոնդոնում, Պորտուում: 

Նա, որ լուսանկարչությունից վերցրել է դրա ազատությունն ու անմիջական շփման ճշգրտությունը, մի շարք կինոռեժիսորների հետ աշխատելիս նույն մոտեցումն է ցուցաբերել նախագծերին` մտահղացումից մինչև իրականացում: Այդտեղից էլ ծնվել է սեփական‎ ֆիլմի` «Նանա»-ի անհրաժեշտությունը: 

Նրա ֆիլմը մրցանակներ է շահել Լոկառնոյի, Վալդիվիայի, Աթենքի, Ստամբուլի, Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոներում:

Եվ ահա, նա գալիս է աշխատելու Երևանում:

Երևան աշխատելու է գալիս նաև կինոաշխարհում մեծահամբավ ԲՈՐԻՍ ԽԼԵԲՆԻԿՈՎԸ:

Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ նկարահանած նրա «Անցողակի» կարճամետրաժ ֆիլմը լուրջ խոսակցություններ առաջ բերեց կինոաշխարհում, իսկ նրա առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը՝ «Կոկտեբել»-ը, դարձյալ Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ գործակցությամբ ստեղծված, դեռ մնում է ուշադրության կիզակետում:

ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ

Նա, համաշխարհային կինոօպերատորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից ԼԱՐԻ ՍՄԻԹԸ, որ աշխատել է Սթենլի Կուբրիկի հետ՝ «Լայն բացված աչքերով» հակասությունների կծիկ առաջացրած ֆիլմում, աշխատել է Թոմ Կրուզի և Նիկոլ Քիդմանի հետ, արժանացել է բազմաթիվ մրցանակների ու տիտղոսների, գալիս է Երևան՝ հաղորդակցվելու երևանյան կինոփառատոնի մթնոլորտի հետ և իհարկե, աշխատելու խաղարկային ֆիլմերի ժյուրիում:

Եվ այսպես՝ Երևան են գալիս ԲԵՆ ՎԱՆ ԼԻՍՀԱՈՒԹԸ Նիդերլանդներից՝ անկախ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, ով դասախոսում է Ուտրեխտի արվեստների դպրոցում:

Գալիս է ԱՈՒԴՐՅՈՒՍ ՍԹՈՆԻՍԸ Լիտվայից՝ ռեժիսոր և պրոդյուսեր, Լիտվայի երաժշտության ու թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, Լիտվայի մշակույթի և արվեստի ազգային մրցանակի դափնեկիր, Եվրոպական վավերագրական կինոցանցի անդամ: 

Նրա ֆիլմերը բազմաթիվ միջազգային մրցանակների են արժանացել, որոնց թվում` Նիոնի հանդիսատեսի մրցանակը, Սփլիթի Գրան Պրի-ն, Բորնհոլմի, Ֆլորենցիայի, Գիյորի, Նոյբրանդենբուրգի, Օբերհաուզենի, Բիլբաոյի և Սան Ֆրանցիսկոյի մրցանակները: Նրա «Կույրի երկիրը» վավերագրությունը 1992-ին Եվրոպական կինոակադեմիայի կողմից  ճանաչվել է որպես  տարվա «Լավագույն եվրոպական  վավերագրություն» և ստացել «Ֆելիքս» մրցանակը: 

Նա վավերագրական կինո է դասավանդել Դանիայի Եվրոպական կինոքոլեջում, դասախոսություններ ու վարպետաց դասեր է անցկացրել  Կալկաթայում, Սան Պաոլոյում, Սեուլում, Տոկիոյում, Բերքլիում, Սթենֆորդում, Մոսկվայում, Բելգրադում, Բարսելոնայում, Սան Ֆրանցիսկոյում, Կարպի Մոդենայում, Փարիզում: Ֆիլմերի ցուցադրություններ է ունեցել Շվեյցարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Չեխիայում,  Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և Իտալիայում:

Գալիս է ԱԼԵՔՍԵՅ ՎԱԽՐՈՒՇԵՎԸ՝ ով երկար տարիներ ղեկավարել է Ethno-Online կինոընկերության IEA RAS-ի տեսալսողական մարդաբանության կենտրոնը:

Գալիս է անկախ կինովավերագրող ՃԱՈ ԼՅԱՆԸ, ով սանն է Չինաստանի Լու Սյուն գեղարվեստի ակադեմիայի, ում ֆիլմերը ներկայացվել են Կաննում, Վենետիկում, Բեռլինում և աշխարհի այլ կինոփառատոներում:

Գալիս է մեր հայրենակից ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ Ֆրանսիայից, ով ծնվել է Հայաստանում, 90-ականների սկզբին տեղափոխվել է Լիբանան, այնուհետև ուսանել է Դանիայի ազգային կինոդպրոցում, իսկ վերջին յոթ տարիներին ապրում ու աշխատում է Ֆրանսիայում, որտեղ  արդեն նկարահանել է մեկ լիամետրաժ վավերագրական ֆիլմ և նախապատրաստում է երկու այլ  աշխատանք: Նրա ֆիլմերը ցուցադրվել են Լոկառնոյի, Պուսանի, Լա Ռոշելի հեղինակավոր  փառատոներում: 

Նրա վերջին՝ «Ձյուն կար» ֆիլմն արժանացել է ֆրանսիական Ամիենի կինոփառատոնի Մեծ մրցանակին, «Լավագույն վավերագրություն» է ճանաչվել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, իսկ Բոսթոնի «Համաշխարհային կինո»  (Global Cinema) փառատոնում  (ԱՄՆ) մրցանակ շահել «Լավագույնռեժիսորական աշխատանք»-ի  համար:

Եվ այսպես գալիս են ու գալիս և սա դեռ ընդամենը սկիզբն է…

Հաջորդ «արտահոսքերը», հուսանք, երկար սպասեցնել չեն տա:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ