«Նույնիսկ պատերազմի օրերին մենք ամեն օր կինո էինք գնում...». ԱԼԻՌԵԶԱ ԹԱԲԵՇ
Ասում են, որ համաշխարհային կինոինդուստրիայի ամենահայտնի դեմքերից, միջազգային հեղինակավոր կինոփառատոների՝ նույնիսկ ամենահեղինակավորների տնօրեններից շատ-շատերը Ալիռեզա Թաբեշին դիմավորում են հենց օդանավակայանում: Թաբեշը իրանական «Ֆարաբի» հիմնադրամի տնօրենն է, իսկ «Ֆարաբին» իրանական կինոյի գլխավոր խաղացողն է՝ պետական այն հիմնադրամը, որը զբաղվում է իրանական նոր կինոյի արտադրությամբ, առաջխաղացմամբ և մարքետինգային քաղաքականությամբ:
Երբ տեղեկացանք Փարաջանովի թանգարան նրա այցելության մասին, անմիջապես մեկնեցինք, բայց Ալիռեզա Թաբեշը դեռ Հայաստանի մշակույթի նախարարությունում էր: Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ ստորագրում էին Իրանի «Ֆարաբի» հիմնադրամի և Հայաստանի կինոկենտրոնի միջև եռամյա համագործակցության պայմանագիրը, որն, ի դեպ, կարող է երկարաձգվել ևս երկու տարով, եթե կողմերը չունենան առարկություններ:
Նրան սպասեցինք բավական երկար, որովհետև Ալիռեզա Թաբեշը հանդիպում էր ունենալու նաև Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ՝ քննարկելու բարեփոխումների ընթացքը հայկական կինոյում, երկրների մակարդակով համագործակցության մանրամասները և այլն:
Հայաստան-Իրան այս կինոհամագործակցությունը կարող է շրջադարձային լինել հատկապես հայկական կինոյի համար, եթե, իսկապես, հնարավոր լինի համագործակցությունը բերել այն մակարդակի, որի շուրջ պայմանավորվել են պետականորեն:
Ու թեև Թաբեշը թանգարանում հանդիպելու էր նաև «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ, բայց թանգարան ժամանելուն պես մենք նրան խնդրեցինք մեզ հետ զրուցել այդ հանդիպումից առաջ, որովհետև հասկացանք, որ խոսակցությունը Հարություն Խաչատրյանի հետ երկար էր լինելու: Թեպետ Թաբեշը լրջորեն հետաքրքրված էր հայկական կինոյի խնդիրներով, իրանական «Ֆաջր» միջազգային հեղինակավոր փառատոնի հետ համագործակցությամբ և այլն, բայց զրույցը Հարություն Խաչատրյանի հետ սկսվել էր վերջինիս և իրանական կինոյի լեգենդ Աբաս Քիառոսթամիի բարեկամության մասին խոսակցությամբ:
Ալիռեզա Թաբեշը շատ բարեկիրթ, համակրելի անձնավորություն էր, և ներողություն խնդրելով Հարություն Խաչատրյանից պատրաստակամորեն ընդառաջեց մեզ:
-Մենք գիտենք, որ իրանական կինոն շատ մեծ վերելք է ապրել և այսօր դրա մասին խոսում են ոչ միայն Իրանում, այլև աշխարհում: Ինչպե՞ս ձեզ հաջողվեց:
-Իրականություն և ճշմարտություն է այն, որ իրանական կինոն Փահլավիի տիրապետության վերջին շրջանում շատ մեծ անկում էր ապրում: Ցավոք, իրանական կինոն թե՛ ստեղծագործական, թե՛ արտադրական և թե՛ էկրանավորման առումով շատ տկար էր և շատ անորակ: Ավելին: Ոչ միայն որակական առումով էր այդ շրջանում իրանական կինոն ահավոր մեծ անկում ապրում, այլև կինոթատրոններն ուղղակի բռնագրավված էին արտասահմանյան ֆիլմերով:
Հետհեղափոոխական շրջանում հնարավորություն ստեղծվեց բոլոր հարթակներում վերանայել իրանական կինոյի թե՛ չափանիշները, թե՝ արժեքները: Սրանք ինչպես պետության ղեկավարների, այնպես էլ արվեստագետների համար շատ բարդ ու շատ դժվարին մարտահրավերներ էին: Բայց թե՛ Աբաս Քյառոսթամիի նման մեծ և տաղանդավոր մարդիկ, թե՛ տաղանդավոր երիտասարդ սերունդը՝ նորովի ու յուրովի դրսևորելով իրենց, կարողացան քայլ առ քայլ իրանական կինոն տանել դեպի վերելք:
Մենք քայլ առ քայլ ենք հասել այսօրվա այն վիճակին, որ եթե աշխարհի որևէ հեղինակավոր կինոփառատոն իր ծրագրերում չունի իրանական կինո, կարծես թե ինչ-որ բան իրենց պակասում է:
Պետությունը շատ ջանք դրեց, որպեսզի կազմավորվեն գիլդիաները, լուրջ հիմքերի վրա դրվի կինոուսուցումը և մասնագետների որակավորումը, փառատոնային շարժումը տարածվի մեծ ու փոքր քաղաքներում և արմատավորվի, որպեսզի ունենաք այնպիսի պատվավոր ու հզոր կինոփառատոն, ինչպիսին «ֆաջր» փառատոնն է, որպեսզի զարգանան կինոյի տարբեր ճյուղերը՝ վավերագրականը, խաղարկայինը, կարճամետրաժը և այլն:
Սեքսից և բռնությունից զերծ պահելով մեր կինոն, պետությունը կարողացավ իր մշակույթի ընդերքում առկա բարոյականը, հոգևորը գեղագիտորեն սփռել աշխարհով մեկ և այն դարձնել ուղերձ: Իրանական կինոն դարձավ իրանցու դիմագծի և նկարագրի անբաժան մի մասնիկը:
Բարեբախտաբար, մեզ հաջողվեց անել այնպես, որ Իրանի հասարակությունն իր կինոյի կերպարներում տեսնի իրեն, իր մշակույթին հարազատ տարրը, իր նկարագիրը, իր ինքնությունը: Իրանցու հայելին է այսօր իրանական կինոն:
Իրանի ժողովուրդը՝ տարբեր տարիքի, սեռի և ցեղերի, ի համեմատ այլ ազգերի, որ պատերազմ են ճաշակել, Իրան-Իրաք պատերազմի օրերին անգամ, որը ութ տարի տևեց, կողք կողքի կանգնեց և պահպանեց իրանական կինոն: Սովորաբար գիտենք, որ պատերազմների ժամանակ կինոն մահանում է, կինոսրահները մատնվում են անգործության, արվեստագետները դադարում են ստեղծագործել և այլն: Բայց, ի զարմանս շատ-շատերի, Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ՝ ռմբակոծությունների ու սահմանին զոհերի պարագայում անգամ Իրանի ժողովուրդը կինոյի տոմս էր գնում և հաճախում էր կինո, ռեժիսորները ֆիլմեր էին նկարահանում:
Այն ժողովուրդը, որի զավակները, ամուսինները սահմանին էին, ութ տարվա մեջ ոչ մի տարի չի դադարել փառատոներին մասնակցել, նույնիսկ փոքր քաղաքների փառատոները չեն դադարել լինել: Քյառոսթամիի նման մարդը նույնիսկ ֆիլմ նկարահանեց, իրանական ֆիլմերը մասնակցեցին փառատոների և աշխարհին ներկայացրեցին Իրանի և իրանցու այն դիմագիծը, որը չէր ներկայացվում հեռուստաալիքներով: Սա մեզ համար շատ կարևոր էր և գուցե իրանական կինոյի վերելքը հենց դրանով էր նաև պայմանավորված:
Սա նաև նկատել է իրանական կինոյի ֆրանսիացի հայտնի ուսումնասիրողներից մեկը, որը շատ լավ գիտի հետհեղափոխական իրանական կինոն և մասնավորապես Իրան-իրաքյան պատերազմից հետո ստեղծված կինոն, և որի հետ վերջերս զրուցում էի «Ֆարաբի»-ում:
Պետք է ասեմ նաև, որ վերջին երեք տասնամյակում իրանական կինոյում շատ լավ սերունդ է դաստիարակվել: Մեր առասպելական մեծությունները, մեծ տաղանդները իրանական կինոյի երիտասարդ սերնդին պաշտպանեցին և հովանավորեցին: Տասնյակ ռեժիսորներ աճեցին և մեծացան իրանական կինոյի սրտում, փորձ վաստակեցին մեծերի կողքին և ստեղծեցին իրենց կինոն: Իրանական կինոյի հիմնական դրամագլուխը, ունեցվածքը և հարստությունը ոչ թե ժամանակակից տեխնոլոգիաներն են, այլ ստեղծարար և ստեղծող մարդկանց բանակը, այն բանակը, որ ցավը կրել է սրտում, ապրում է դրանով, բայց տեսլական և մեծ ապագա է ստեղծում իր համար:
-Ինչպե՞ս է պետությունը ֆինասավորում իրանական կինոն:
-Իհարկե, Իրանի մշակույթի նախարարությունն է իր տարեկան բյուջեի մի մասը հատկացնում կինոյին, ինչպես որ Հայաստանում է, հավանաբար:
Սա կինոյին հատկացվող բյուջեն է (սեղանին մի մեծ շրջան է նկարում և սկսում է այն մասերի բաժանել): Այդ բյուջեի խոշորագույն մասը հատկացվում է մեզ՝ «Ֆարաբի» հիմնադրամին, պրոֆեսիոնալ կինոն պաշտպանելու, զարգացնելու, պրոֆեսիոնալ կինոյին աջակցելու համար: Պետությունը գնահատում է պրոֆեսիոնալ կինոն, որը կինոյի ամենակարևոր հիմքն է:
Մի առանձին մաս բյուջեից հատկացվում է շրջանների և քաղաքների երիտասարդների կինոկրթությանը և նրանց կիրառական փորձառությանը: Մի առանձին մաս տրվում է փորձարարական և վավերագրական կինոյին: Բյուջեում մաս կա նաև ինտերնետով, տնային ցանցերով, տարբեր կրիչներով սփռվող ֆիլմերի համար: Պետության կողմից ֆինանսավորվում է նաև կինոարխիվը, կինոթանգարանը, կինոթատերասրահների ստեղծումը և արդիականացումը:
Մշակույթի նախարարությունը մշակում է տվյալ տարվա կինոծրագրերը և մենք՝ կինոհաստատությունների տնօրեններս, պարտավոր ենք ըստ այդմ մշակել տարվա մեր ծրագրերը և մեր պարտականությունների սահմաններում պատասխանատու լինել դրանք իրագործելու համար:
Մեզ համար շատ մեծ խթան է իրանական կինոյի միջազգային հաջողությունը: Հաջողությունը ինչպես հեղինակավոր մեծ միջազգային փառատոներում, այնպես էլ ներքին փառատոներում: Երբ պետությունը տեսնում է, որ մենք փառատոներում ունենք նվաճումներ, երբ հինգ տարում երկու «Օսկար» ենք շահում, Կաննի մրցանակ ենք շահում և այլն, փորձում է ավելացնել կինոյին տրվող բյուջեն: Անցած չորս տարում իրանական կինոթատրոնները, հանդիսատեսի թվաքանակի առումով, զարմանալի վերելք և աճ են գրանցել:
Այդ պարագայում մասնավոր հատվածը նույնպես բարձր է գնահատում կինոյի արժեքը: Արդեն նույնիսկ մասնավորն է սկսել կինոսրահներ կառուցել: Եւ ոչ միայն Թեհրանում, այլ նաև ավելի փոքր քաղաքներում:
Այսօր մեր ունեցած կինոթատրոնները չեն բավարարում մեր ստեղծած կինոյի ցուցադրության համար: Շատ մեծ է նաև տնային ցուցադրությունների շուկան, որովհետև շատերն իրենց սիրած ֆիլմերը նայում են ինտերնետով:
-Ի՞նչ եք ակնկալում Հայաստանի հետ համագործակցությունից: Ի՞նչ հեռանկար եք տեսնում հայկական կինոյի զարգացման համար:
-Հայաստանը տարածաշրջանում իր հարուստ, բազմաշերտ ու սքանչելի մշակույթով, պատմական անցյալով ու նաև իր անցյալի հարուստ կինոյով, շատ մեծ նշանակություն ունի: Իրանի և Հայաստանի նման երկրները շատ մեծ առաքելություն ունեն կինոյի միջոցով իրականացնելու:
Համոզված եմ, որ եթե պետությունը օժանդակի, հովանավորի կինոն՝ այն ստեղծելուց մինչև տարածում, ճիշտ ծրագրավորի կինոքաղաքականությունը, ճիշտ ազգային ծրագիր մշակի և այլն, մասնավոր հատվածը նույնպես իրեն ապահով կզգա և կմտին կինոշուկա: Ընդհանրապես, կինոքաղաքականության գործում շատ մեծ դեր ունեն նաև հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, կինոքննադատները, համացանցը և այլն:
Երկրորդը՝ այնպես, ինչպես կինոյի վաստակավորներին ենք հարգում և պաշտպանում, ճիշտ այդպես և այդպիսի տեղ պետք է տանք երիտասարդներին, որպեսզի օղակը դառնա ամբողջական: Նրանք քաջ են, համարձակ են, մոտիվացված են: Ուրիշ ելք չկա:
Մեր ճանապարհները գուցե ավելի լավ տեղ տանեն, եթե համատեղ անցնենք դրանք: Գործեր արել ենք, բայց բավարար չէ արվածը: Այն, ինչ այսօր ստորագրեցինք, սկիզբն է այն երկար ճանապարհի, որով պետք է անցնենք:
Կուզեինք ավելի երկար զրուցել Ալիռեզա Թաբեշի հետ, մանավանդ, որ նա շատ լավ զրուցակից էր, անկեղծ էր և պատրաստ էր շատ խոհերով կիսվել, բայց չուզեցինք չարաշահել պատեհությունը, մանավանդ, որ Թաբեշին սպասում էր նաև նրա տիկինը և նրանք պետք է դիտեին Փարաջանովի թանգարանը, որով հիացած էին և կարճ ժամանակ անց պետք է մեկնեին օդանավակայան:
Հ.Գ. Ուզում ենք շնորհակալություն հայտնել նաև Շուշանիկ Միրզախանյանին , որը մեր զրույցի գրեթե ավարտին թանգարանում միացավ Ալիռեզա Թաբեշին և, իհարկե, Հարություն Խաչատրյանին, որ «հանդուրժեցին» մեր միջամտությունը Թաբեշի այցին և իրենց հանդիպումներին:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ