Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Օհանը հարյուր տարի կապրեր, եթե անմարդկային վերաբերմունքի չարժանանար Հայաստանում...». ԱԼԻՍ ԴՈՒՐՅԱՆ

 

Նորքի բարձունքում՝ Մարաշում, որոնում եմ իմ սիրելի Օհան Դուրյանի առանձնատունը: Որոնում եմ անշտապ՝ փորձելով վայելել Մարաշի նեղլիկ փողոցները, ոլորանները, դեռևս մնացած հին տները, որոնք օտարականի նման մխրճված են նոր «ճարտարապետությամբ» տձև մենատների շարքերում:

Մաեստրո Օհան Դուրյանի այրու՝ երևելի տիկին Ալիս Դուրյանի հետ պայմանավորվել ենք զրուցել նրանց անցած տարիներից, անցած ճանապարհների ոդիսականներից, բացառիկ սիրո պատմությունից, մեծանուն Վարպետի սերերից, կյանքի ու մահվան օրերից ու նաև՝ տիկին Ալիսի կյանքից, գերդաստանից, ապրածից, քանզի այն գիտակցորեն թողնվեց Օհան Դուրյան մեծ երևույթի ստվերում:

Տոհմական բարեկրթությամբ, ազնվական կեցվածքով, ֆրանսիականորեն նրբակիրթ ու հայկականորեն խոնարհ տիկին Ալիսը դիմավորում է Վարպետի այն առանձնատան նախաշեմին, ուր կյանքի վերջին տասնութ տարիներին ապրել է Օհան Դուրյան անկրկնելի մարդը:

Համեստ հյուրասրահում հյուրեր կան՝ երաժշտագետ Արուսյակ Պետրոսյանը, ճարտարապետ Արև Սամուելյանը, բժիշկ Վահան Վարդապետյանը, թեև դժվար է Օհան Դուրյան մեծ անհատի կյանքի ու արվեստի նվիրյալ Վահանին հյուր անվանել Օհան Դուրյանի տանը, քանզի Վահանն իր անմնացորդ նվիրումով, Վարպետի կյանքում իր կարևոր գոյությամբ, նրա կյանքի հետ իր ապրածով, իր գործով վաղուց արդեն Օհան Դուրյան երևույթի մի մասն է:

Թեյ ենք խմում ավանդական հայկական ընտանիքի սպասքով, ճաշակում ենք անուշներ, որոնք տիկին Ալիսի ձեռամբ են ու բաղադրատոմսով ու զրուցում ենք Վարպետից, ու լսում ենք տիկին Ալիսի բազում պատմությունները, լսում ենք բժշկին, որ արվեստագիտական բացառիկ մեկնություններով խոսում է Օհան Դուրյանի արվեստի մասին. զրույցներ, որոնք կարող են վերջ չունենալ, մանավանդ, որ երաժշտագետ Արուսյակ Պետրոսյանը հմտորեն պեղում է դուրյանական արվեստի շերտերը, որը ոգևորում է հատկապես Վահանին ու խնամքով գրառումներ անում՝ հավանաբար ապագա ուսումնասիրության համար:

Հետո, երբ մնում եմ տիկին Ալիսի ու Վահանի հետ, փորձում եմ Ալիս Դուրյանին «տանել» դեպի իր այն սկիզբը, որտեղից ձևավորվում է մարդը:

- Խոսե՞նք Ձեր արմատներից: Գիտեմ, որ հետաքրքիր դրվագներ կան այնտեղ: Գուցե փորձե՞նք հանրայնացնել: 

Տիկին Ալիսը շատ նրբորեն ժպտում է.

- Ուրեմն ինչ-որ բաներ գիտեք: Ես ֆիդայինների ծոռ եմ և թոռ: Մայրական կողմից մեծ պապիս հայրը զոհվել է Խանասորի հայտնի արշավանքի ժամանակ: Շատ մեծահարուստ մարդ է եղել, բայց գնացել է կռվելու: Առաջին զավակը, որ ծնվել է, այսինքն մեծ հայրս, որ լույս աշխարհ է եկել, նա ասել է, որ իր առաջին զավակին, անդրանիկ զավակին նվիրում է ազգին, և անունը դրել են Ազգին: Մեծ հայրս Ազգին Մարտիրոսյանն էր:

Վանեցիներ էին և մեծ հորս տասնյոթ տարեկանում Վանից ուղարկում են Պարսկաստան: Նա այն ժամանակվա դաշնակցականներից էր, քարոզիչ: Այսօրվա դաշնակցականներին, մանավանդ՝ այստեղի, չեմ հարգում, բայց նրանք շատ մաքուր ու ազնիվ մարդիկ էին, շատ հայրենասեր դաշնակցականներ:

Մեծ հայրս Պարսկաստանում սիրահարվում է թաղականի աղջկան ու ամուսնանում և մայրս ծնվում է այնտեղ: Մեծ հայրս իր մասնակցությունն է ունեցել 1915-ի ինքնապաշտպանական մարտերին, մասնակցել է նաև Սարդարապատի ճակատամարտին, վիրավորվել է՝ փամփուշտներն առնելով թևի մեջ:

Կյանքի այս պարտադրանքները հաղթահարելով նա հաստատվում է Գյումրիում ու լինելով մանկակավարժ, ամերիկացիների կողմից հովանավորված «Կազաչի պոստ» են ասել, կարծեմ թե, մանկատան փոխտնօրենը կամ տնօրենն է եղել: Լավ չեմ հիշում: Ու երբ բոլշևիկները ժամանել են, նրան որպես դաշնակցականի ձերբակալել են ու տարել բոլշևիկ կոմիսարի մոտ:

Այս պատմությունը շատ հետաքրքրական է: Կոմիսարը գլուխը կախ, առանց նրա աչքերին նայելու խստորեն կարգադրել է, որ այդ շատ վտանգավոր մարդուն տանեն բանտ, բայց կեսգիշերին այդ կոմիսարը, որը պարզվել է մեծ հայրիկիս բոլշևիկ դարձած աշակերտներից էր, գնացել է բանտ, գրկախառնվել է նրա հետ և ասել. «Վարպետ ջան, ձին դրսում է, քեզ է սպասում, դու պետք է փախչես, ես չեմ կարող թույլ տալ, որ քեզ աքսորեն»:

Եվ այդպես փրկվում է մեծ հայրս՝ անցնելով Պոլիս, այնուհետև Ռումինիա, ու հետո՝ Մարսել: Ի դեպ, Ռումինիայում նա ընկերանում է ապագա Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի հետ՝ մտնելով սկաուտական շարժման մեջ:

Մեծ մայրս ճանապարհին սպանվում է թուրքերի կողմից և մեծ հայրս խնամում է իր աղջկան՝ մայրիկիս: Դպրոց ուղարկելով տեսնում է, որ հայ աղջիկները շատ կաշկանդված են ֆրանսուհիների համեմատ, ու 1930-ին Մարսելում հիմնադրում է հայ աղջիկների սկաուտական շարժումը, որն առայսօր գոյություն ունի և շատ մեծ դեր է խաղում հայ մնալու գործում:

Իսկ հայրական կողմս Սվասից է: Հայրս, որ որբացել է մանուկ հասակում, Սվասում է ծնվել: Մեծ մայրս իր երեք զավակներով ջարդերի միջով մի կերպ հասել է Ֆրանսիա: Տղաներին աղջկա հագուստ է հագցրել, քանի որ տղաներին էին կոտորում հիմնականում ու կարողացել է փրկել նրանց: Ֆրանսիայում նա ամուսնացել է: Այդ մարդը հայրիկիս կոշիկի ներկեր է նվիրել ու ուղարկել ինը տարեկանում իր հացը վաստակելու: Հայրս ուսում չէր առել, բայց շատ խելացի մարդ էր: Հետո, երբ մորս հետ ամուսնանում են, մայրս նրան շատ է օգնում, որ ուսում, մասնագիտություն ստանա:

Ես ծնողներիս հինգ զավակների ամենամեծն եմ՝ Ալիս, Մասիս, Սյուզան, Քրիստինե և Իշխան: Իշխան անունը դրել են, որովհետև պատերազմում Մեծ հորս խմբապետի անունն է եղել: Մեծ հայրս շատ է սիրել իր խմբապետին՝ ասելով, որ նա թե՛ լավ կռվող էր, թե՛ մշակույթ սիրող: Մեծ հայրիկս էլ շատ լավ ձայն ուներ, երգում էր, նկարչություն էր անում:

- Իսկ ինչպե՞ս եղավ, որ այդ ավանդական ընտանիքում ծնված Ալիսը դարձավ երգչուհի: Ընդունված չէր, չէ՞:

- Ես շատ ամաչկոտ էի ու մայրս շատ էր ուզում այդ ամաչկոտությունը հանել մեջիցս ու վեց տարեկանից միշտ խնդրում էր, որ երգեմ հայկական հանդեսներում, արտասանեմ, որովհետև շատ շուտ սովորում էի Թումանյանի, Իսահակյանի բանաստեղծությունները: Եկեղեցում էլ երգում էի տասնհինգ տարեկանից:

Մի օր հայկական մի հանդեսի ժամանակ կազմակերպիչները մոտենում են ինձ ու խնդրում, որ երգեմ: Միշտ ընդունում էի այդպիսի խնդրանքները, բայց, չգիտես ինչու, այդ օրը չուզեցի երգել: Ասացի, գիտե՞ք՝ պարտիտուրա չունեմ, նվագակցող չունեմ և այլն: Ու հանկարծ կողքի սեղանի մոտ նստած մի երիտասարդ ինձ հարցրեց, թե դու երգչուհի ե՞ս, երգում ե՞ս: Ասացի՝ երգչուհի չեմ, պարզապես երգում եմ: Ու նա ասաց՝ մի մերժիր այս մարդկանց, երգիր, ես՝ կնվագակցեմ: Ասացի՝ լավ: Մոտեցանք դաշնամուրին: Հարցրեց, թե ի՞նչ եմ երգելու: Ասացի՝ Կանաչյանի «Օրոր»-ը: Ասաց՝ կնվագեմ, երգիր: Նվագեց, երգեցի, հետո այտերս շոյեց ու ասաց՝ շատ լավ ձայն ունես, գիտե՞ս: Այդ օրվանից որոշեցի, որ երգչուհի եմ դառնալու:

- Ենթադրում եմ, որ այդ երիտասարդը Օհան Դուրյանն էր:

-Այո՜, Օհան Դուրյանն էր: Ես նրան չէի ճանաչում: Կազմակերպիչները մոտեցան ու ասացին՝ գիտե՞ս ով է քեզ ընկերակցողը՝ Օհան Դուրյանն է: Ես զարմացա: Օհան Դուրյանի անունը լսել էի: Գիտեի, որ նա Փարիզում է, տարբեր նվագախմբեր է ղեկավարում և շատ մեծ անուն է: Եվ զարմացել էի, որ այնքա՜ն պարզ ու համեստ է այդքան մեծ անուն հանած դիրիժորը, որ համեստորեն կարող է տասնհինգ տարեկան մի աղջնակի նվագակցել:

- Այս օրը սիրահարվեցի՞ք Վարպետին:

- Չգիտեմ: Չէ, երևի: Բայց հետո, երբ մեծացա ու սովորում էի կոնսերվատորիայում, ու մայրիկիս բոլոր ընկերուհիներն ուզում էին ինձ հարս տանել, ես ասում էի, որ չեմ ամուսնանալու, քանի որ երգչուհի եմ դառնալու, ու կատակով ասում էի՝ եթե մի օր ամուսնանալու լինեմ, միայն Օհան Դուրյանի հետ կամուսնանամ:

- Մտածում էի՞ք, որ կատակը կարող է տասնյակ տարիներ անց իրականություն դառնալ:

- Ո՜չ, բայց դարձավ: Գիտե՞ք, այդ հանդիպումից հետո ես նրան չտեսա շուրջ քսան տարի: Նա գնաց Փարիզ, հետո՝ Հայաստան: Ամուսնացավ: Մորս ընկերուհիներն ասում էին՝ Օհան Դուրյանը գնացել է Հայաստան, ամուսնացել, արի դու էլ մեր տղայի հետ ամուսնացիր և այլն, իսկ ես ասում էի, որ չեմ ամուսնանա ու կերգեմ:

Իսկապես էլ չամուսնացա: Երգչուհի դարձա ու երգեցի:

- Բայց Օհան Դուրյանի հետ հանդիպումն, ամեն դեպքում, կայացավ: Խաղաքարտերը, այնուամենայնիվ, պիտի բացեք:

- Այո՜, կայացավ, բայց շատ տարիներ անց: Խաղաքարտերը կբացեմ, սիրով, բայց մի քիչ պիտի համբերեք:

Մի օր Մարսելում ես ուսուցչիս տարա «Անուշ» օպերայի պարտիտուրը՝ ցույց տալու համար, որ հայերս օպերա ունենք, մշակույթ ունենք և այլն: Նա ռեժիսոր էր ու շատ հավանեց «Անուշ»-ը: Թե՛ պոեմը հավանեց, թե՛ երաժշտությունը: Ես, իհարկե, բնավ չէի մտածում, թե կարող եմ մի օր Անուշի դերը երգել, որովհետև ես մեցցո-սոպրանո էի: Բայց մի օր հայերը հավաքվեցին, հովանավորեցին ու որոշեցին, որ «Անուշ»-ը պետք է բեմադրվի: Մինչ այդ մի արար բեմադրվել էր ու երգել էր մեկ այլ երգչուհի, բայց հովանավորները պնդեցին, որ «Անուշ»-ը բեմադրվի ամբողջությամբ, իսկ ուսուցիչս ասաց, որ կբեմադրի մի պայմանով միայն՝ եթե երգի Ալիսը: Անշուշտ, շատ պատասխանատու էր ինձ համար, բայց ձայնիս մեջ շատ օկտավներ ունեի և մտածեցի, որ կկարողանամ երգել: Ու Մարսելում բեմադրվեց «Անուշ» օպերան:

Պրեմիերային ներկա էր Շարլ Ազնավուրը՝ ընտանյոք հանդերձ, ներկա էր Կարվարենցը կնոջ՝ Աիդա Ազնավուրի հետ, ներկա էր Անրի Վերնոյը՝ Աշոտ Մալաքյանը: Ու ներկա էր նաև «Անուշ»-ի հեղինակի՝ Արմեն Տիգրանյանի որդին՝ Վարդան Տիգրանյանը՝ կնոջ հետ, որը նույնպես կոմպոզիտոր էր: Վարդանը շատ էր հավանել իմ խաղն ու երգեցողությունը և առանց մի որևէ բան ինձ ասելու, եկել էր Հայաստան և մշակույթի նախարարին խնդրել, որ ինձ հրավիրեն երգելու:

Գիտեք, մենք ապրում էինք երկաթե վարագույրի այն կողմում: Հայաստանը միայն մեր երազում էր, Արարատը՝ նույնպես: Չէինք կարող ցանկացած ժամանակ գալ Հայաստան: Ու հանկարծ հրավեր եմ ստանում գալ ու երգել Հայաստանում: Ես թողնում եմ ամեն ինչ Ֆրանսիայում ու 1973-ին առաջին անգամ գալիս եմ Հայաստան:

Հայաստանում պատիվ ունեցա հյուրընկալվելու տիգրանյանների ընտանիքում, Հովհաննես Թումանյանի ընտանիքում: Թամար Թումանյանն այդ ժամանակ դեռ ողջ էր:

Ես տիգրանյանների տանն էի բնակարանում ու հանկարծ Վարդան Տիգրանյանը մի տեսակ դողալով ինձ ասում է, որ թեև Անուշի դերը շատ անգամներ եմ հաջողությամբ երգել Ֆրանսիայում, բայց նախարարն ասում է, որ մի մաեստրո ունենք, որը սարսափելի բծախնդիր ու խիստ մարդ է և նա ինձ պետք է լսի: Նախարարը նրան ասել էր, որ մի աղջկա ենք հրավիրել երգելու, բայց եթե չհավանես, ինչպես եկել է, այնպես էլ կգնա:

Ես ասացի, որ երաժշտության մեջ պետք է շատ խիստ լինել, իհարկե, ու թեև ես երկու հարյուր տոկոսով պատրաստ եմ իմ դերը կատարելու, բայց ո՞վ է այդ մաեստրոն, ես պատրաստ եմ նրա հետ հանդիպել: Ինձ այնպես էին նեկայացնում նրան, կարծես հրեշ լիներ: Եվ Վարդան Տիգրանյանն ասում է, որ այդ մաեստրոն Օհան Դուրյանն է:

Օ՜: Եվ ես հիշեցի ի՛մ Օհան Դուրյանին, իմ առաջին հանդիպումը, որից անցել էր քսան տարի: Իսկ ի՛մ Օհան Դուրյանը շատ բարի էր, համեստ, երբ ընկերացավ ինձ ու նվագակցեց, երբ ես երաժիշտ չէի, երգչուհի չէի, տասնհինգ տարեկան էի: Ես ասացի, որ ճանաչում եմ այդ Օհան Դուրյանին: Զանգահարեցի, որպեսզի պայմանավորվենք հանդիպման ու ինձ լսելու համար: Երբ ասացի, որ Ֆրանսիայից եմ, ասաց՝ ինձ հետ ֆրանսերեն խոսիր: Հավանաբար կարոտել էր ֆրանսերենը: Ասացի, որ ես իրեն հիշում եմ, պատմեցի, որ երբ ես փոքր աղջնակ էի, ինքն ինձ նվագակցեց և ես շատ տպավորված էի և այլն:

Ինքն, իհարկե, ինձ չհիշեց: Կանանց ու աղջիկներին, որոնց հետ շփվել էր, չէր հիշում: (Ծիծաղում է. խմբ.)

Վարդան Տիգրանյանի հետ գնացինք մաեստրոյի մոտ: Վարդանը սիրտը բռնել էր, վախենում էր, որ Օհանը չի հավանի ձայնս և ես չեմ երգի: Ինքն իրեն պարտավորված էր զգում, քանի որ ինքն էր միջամտել:

Օհանն, իսկապես, խիստ էր: Նստեց դաշնամուրի առջև: Նա նույնպես չէր հավատում, որ ես իմ ձայնով կարող եմ Անուշի դերերգը երգել: Երգեցի, մեկեն դարձավ Վարդան Տիգրանյանին, ասելով՝ տեսնում ե՞ս, ինչպես են աշխատում սփյուռքում, մեցցո- սոպրանո է, բայց Անուշ է երգում ու ավելի լավ է ստացվում, ավելի դրամատիկ է:

Տիգրանյանի սիրտը տեղն ընկավ, ուրախացավ, սակայն Օհանն ասաց, որ հաջորդ օրը նորից պետք է գնամ և նորից պետք է փորձենք: Իմ մեկնաբանությունը շատ հավանում էր, բայց իր մտածածներն էլ ասաց: Ես էլ ընդունեցի:

- Եվ այդպես կրկին հանդիպեցիք քսան տարի անց: Ինչ-որ բան փոխվե՞ց կրկին, ինչ- որ բան արթնացա՞վ:

- Այո, քսան տարի անց կրկին հանդիպեցինք: Հասկանում եմ, ինչ եք ակնարկում: Ես գիտեի, որ նա ամուսնացած է, երեխա ունի և որևէ բանի շուրջ չէի մտածում, բայց մեր մեջ շատ մեծ փոխադարձ համակրանք կար:

Անուշի դերը երգեցի, շատ լավ անցավ, ժողովուրդը շատ լավ ընդունեց: Մայրս էլ էր ներկա: Սրահում նստած լսում էր, թե ինչպես են շուրջը տարակասում, թե ֆրանսիայից եկած այդ աղջիկն ինչպես պետք է Անուշի դերը երգի: Վախից կարծես փոքրացել էր, բայց երբ բեմ ելա, ժողովուրդն ինձ շատ լավ ընդունեց: Նույնիսկ՝ առանց երգելու: Ծափահարեցին, երբ երգեցի «ասում են ուռին» հատվածը, երբ, սովորաբար, չեն ծափահարում օպերայի միջնամասում:

Հաջորդ տարի նորից հրավիրեցին Հայաստան, բայց Օհանն արդեն հեռացել էր թատրոնից, գործադուլ էր անում: Դժվար օրերի մեջ էր: Գնացի իրեն տեսնելու: Ասաց, որ, ցավոք, ինձ չի կարող ընկերակցել: Այդպես բաժանվեցինք:

Ես Հայաստանից մեկնեցի Բեյրութ: Այն ժամանակ էր, երբ հրաման էր տրված, որ Ռոստրոպովիչին ու Օհանին հեռացնեն Խորհրդային երկրից:

Հիմա մի բան պատմեմ, որը շա՜տ է բնորոշում Օհանին:

Բեյրության իմ ծրագրում ընդգրկված էր նաև Օհան Դուրյանի երգերից մեկը: Երբ ես  Հայաստանում էի, Հովհաննես Փարաջանյանի՝ Սերգեյ Փարաջանովի զարմիկի հետ, որը դաշնակահար էր, շատ աշխատեցինք իմ հայկական ռեպերտուարի ուղղությամբ, և նա այն շատ հարստացրեց: Շատ հայաստանցի կոմպոզիտորների գործեր սովորեցրեց ինձ, որոնց մեջ՝ նաև Օհանի գործերից: Ու երբ որևէ տեղ համերգ էի տալիս, առաջին մասը միշտ երգում էի տարբեր լեզուներով, բայց երկրորդ մասում միշտ երգում էի հայերեն և հայ կոմպոզիտորների գործեր:

Եվ ահա, Օհան Դուրյանի երգերից մեկը, որն ընդգրկված էր Բեյրութի իմ ծրագրում, դաշնամուրային բավական բարդ նվագակցությամբ էր, և ես համերգից առաջ գնացի  դաշնակահարու մոտ, որպեսզի այն փորձենք:

Նա ինձ ասաց, որ մաեստրո Դուրյանը ինձ շատ է գովել ու, զարմանալիորեն, շատ լավ նվագեց ստեղծագործությունը: Երբ ասացի, որ շատ լավ է նվագում, նա ասաց, որ Օհան Դուրյանի հետ է պարապել: Շատ զարմացա: Պարզվում է, որ Օհանն իմ Բեյրութ ժամանելուց առաջ լինում է այդ քաղաքում՝ իր մայրիկին տեսնելու նպատակով, փողոցում տեսնում է իմ համերգի ազդագիրը, կարդում է, որ ծրագրում նաև իր երգն է ընդգրկված և, ըստ իր խստապահանջության, գտնում է դաշնակահարուհուն ու սկսում նրա հետ պարապել:

Օհանն ինձ նամակ էր թողել՝ գրելով, որ դժբախտաբար չի կարողանալու համերգիս ներկա լինել, բայց խնդրում է, որ իր քույրիկների հետ կապվեմ, այցելեմ իր մայրիկին և այլն:

- Եվ Դուք որևէ բան չկռահեցիք...

- Ոչ, իհարկե: Նամակում նաև գրել էր, որ նրանք ինձ կասեն, թե ինչպես կապվել, խոսել իր հետ, որտեղ գտնել իրեն և այլն:

Ես, իհարկե այցելեցի իր մայրիկին և քույրիկներին: Նրանք շա՜տ սիրով ընդունեցին ինձ, բայց զգացի, որ մի այլ հայացքով են նայում ինձ: Չհասկացա:

Հետո հասկացա, որ Օհանն իմ մասին ինչ-որ բան էր խոսել իր մայրիկի, քույրիկների հետ:

Բեյրութից մեկնեցի Ֆրանկֆուրտ, որտեղ ինձ տվեցին Օհանի հեռախոսահամարը: Նա այդ ժամանակ Վիեննայում էր, ժամադրություն ուներ իր մենեջերների հետ և այդ պատճառով չէր կարողացել մնալ Բեյրությում ու ներկա լինել համերգիս: Զանգահարեցի, խոսեցինք: Հետո եկավ Մարսել՝ իբրև թե իր ծանոթներին տեսնելու: Գուցե նաև ինձ տեսնելու: Չգիտեմ:

Ծնողներս, անշուշտ, համաձայն չէին, որ ես միանամ Օհանին, քանի որ նա ամուսնացած էր եղել: Այդ ժամանակ նա արդեն բաժանվել էր կնոջից, բայց որևէ անգամ իր կնոջ մասին ոչ մի վատ բան չէր ասում: Առհասարակ, երբ բաժանվում են, միշտ վատ են խոսում, չէ՞: Նա ոչ մի վատ բան չէր ասում: Ճիշտ հակառակը՝ միշտ ասում էր, որ շատ խելացի կին է և այլն, ու ես դրա համար նույնպես Օհանին շատ էի հարգում:

Եվ ես գնացի Վիեննա ու միացա իրեն: Ես չէի ուզում, որ մենք ամուսնանք, բայց նա առաջարկեց, որ ամուսնանաք: Ասաց՝ «եթե չես ուզում ամուսնանանք, նշանակում է, ինձ չես սիրում»: Ասացի՝ «չէ, սիրում եմ» ու ամուսնացանք: 1976 թվականն էր:

Հինգ տարի մնացինք Վիեննայում: Հետո մեկնեցինք Ֆրանսիա:

- Եվ եկաք Հայաստան, որովհետև Հայաստանն արդեն անկախ էր:

- Այո: Թեպետ Ֆրանսիայում ես երգում էի, աշխատում էի, դասեր էի տալիս, ինքն իր համերգներով շրջում էր աշխարհով մեկ, բայց... մենք նամակ ենք ստանում Հայաստանից, Հայաստանի մշակույթի նախարար Պերճ Զեյթունցյանից, որով Օհանին Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանի անունից հրավիրում են Հայաստան: Նամակում ասված էր, որ Հայաստանն արդեն անկախ է, և որ ժողովուրդը սպասում է Օհան Դուրյանին:

Երբ ընթերցում էինք նամակը, ես տեսա Օհանի աչքերի արցունքները: Հարցրեց. «ի՞նչ ես ասում»: Ես գիտեի, որ Օհանը կարոտում է Հայաստանը, և ասացի՝ պետք է գնաս:

Օհանը մեկնեց Հայաստան, հետո զանգահարեց ու ասաց, որ նախագահ Տեր-Պետրոսյանն իրեն առաջարկում է մնալ Հայաստանում:

Ես ասացի՝ արա ինչպես ուզում ես: Ես համաձայն եմ, քեզ հետ եմ:

Չնայած, որ ինձ համար դժվար էր: Ես Ֆրանսիայում էի ծնվել, մեծացել, բայց ասացի, որ, եթե ուզում ես գնանք Հայաստան՝ կգնանաք Հայաստան:

Եվ ամեն ինչ վաճառեցինք, թողեցինք մեր աշխատանքը, ինքը հրաժարվեց Հարավային Աֆրիկա մեկնելուց ու եկանք Հայաստան: Մենք շա՜տ լավ ժամանակներ ապրեցինք այդ օրերին: Օհանն ինձ ասում էր, որ մենք մի այլ մոլորակ ենք գնում, բայց գնում ենք Հայաստան: Շատ դժվար էր, անշուշտ, որովհետև թողել էինք Ֆրանսիայի հանգիստ կյանքը, երեք տարի ապրում էինք «Հրազդան» հյուրանոցի մեկ սենյակում, մեր շան, կատվի հետ, մեր իրերի հետ, մեր բերած օգնությունների արկղերի հետ: Բայց մենք շա՜տ լավ օրեր ունեցանք, որովհետև հայրենասիրությունը մեզ համար, նաև՝ ինձ համար, այլ ընկալում ուներ:

Ինձ առաջարկեցին դասավանդել կոնսերվատորիայում, բայց ես այդ ժամանակից որոշեցի, որ այլևս չեմ երգելու, չեմ դասավանդելու և զբաղվելու եմ միայն  երեխաներով, որբերով, երաժիշտներին օգնություն հասցնելով, որովհետև շատ ծանր էր այդ ժամանակ իրավիճակը Հայաստանում:

- Դուք Մաեստրոյի ամենադժվար օրերին նրա կողքին եք եղել: Որո՞նք էին ամենածանր տարիները նրա կյանքում: Որո՞նք էին նրա կյանքի ամենատառապալից օրերը:

- Երբ խորհրդային տարիներին նա Հայաստանում ապրելու և ստեղծագործելու իրավունքից զրկվեց, այնքա՜ն վիրավորված էր, որ չէր ուզում նույնիսկ հայերեն խոսել: Բայց ես զգում էի, որ շատ է կարոտում Հայաստանը: Իհարկե, հետո կամաց-կամաց հանդարտվեց: Գիտեք, թե ինչպիսի՜ հաջողություններ ունեցավ դրսում, ի՜նչ հեղինակություն ու հարգանք վայելեց: Երբեք չէր սպասում, որ իրեն կհարվիրեն Հայաստան: Մենք շա՜տ ուրախացանք, որ գալիս ենք ազատ, անկախ Հայաստան:

Այդպիսի նվիրումով ու նվիրվածությամբ եկանք Հայաստան, բայց տարիներ անց, երկրորդ նախագահի իշխանության օրերին, այնպե՜ս անմարդկային վարվեցին Օհանի հետ: Հենց այդ ժամանակ նա հիվանդացավ:

Դժվարությունները խնդիր չէին նրա համար, մեզ համար: Խնդիրն այդ անմարդկային վերաբերմունքն էր: Ես, անշուշտ, շատ տառապեցի, փորձեցի Օհանին զերծ պահել նրանց հարվածներից, պատճառած ցավերից և այլն: Մտածում էի նրան հեռու պահել այդ ամենից: Չէինք տանում այն կոլեգիաներին, որոնք Օհանին ստորացնելու, նվաստացնելու համար էին կարծես հրավիրվում:

Սովետի օրերից շա՜տ ավելի դժվար ժամանակներ ապրեցինք Հայաստանի երկրորդ իշխանության ավազակապետության օրերին:

Այդ ատելությունը դեպի Օհան Դուրյանը, այդ նվաստացումները, ասելը, որ ձեռքերը դողում են, ոտքի վրա կանգնել չի կարողանում, պայմանագիրը տմարդի կերպով լուծարելը, նրան դուրս հանելը Օպերայից և այլն, շատ ազդեցին Օհանի վրա:

Օհանն այնքա՜ն լեցուն էր կյանքով, որ հարյուր տարի կապրեր, բայց այդ չարագործություններն ու անմարդկային վերաբերմունքը նրա հիվանդության պատճառ դարձան: Նա մահվան տանող մեծ կաթվածը ստացավ հենց այդ վերաբերմունքից: Մի պահ գնացինք Մոսկվա, բայց նորից վերադարձանք Հայաստան:

Անգամ հիվանդությունից փոքր ինչ ապաքինվելուց հետո նա եկավ 2008-ի երկրորդ հանրահավաքին: Նոյեմբերի 8-ին էր: Տեր-Պետրոսյանը եկավ, հանդիպեց նրան և նա որոշեց, որ երկրորդ հանրահավաքին պետք է իր ժողովրդի կողքին լինի ու եղավ:

Շատ էր ուզում, որ փրկվի Հայաստանն այդ ավազակապետական համակարգից, այդ մարդկանցից:

Ես 1993-ին Նորքի բարձրունքում, Մարաշում այս տունն ընտրել էի Օհանի համար, որպեսզի նա խաղաղության մեջ ապրի ու ստեղծագործի: Երևի գիտեի, որ նրա  նյարդային վիճակը երկար հանգիստ չի լինելու:

- Դժվա՞ր մարդ էր մաեստրոն ըստ Ձեզ:

- Դժվար մարդ էր, այո, բայց իրավացի էր, ճշմարտացի էր: Նրա դժվար մարդ լինելը ճշմարտությամբ էր պայմանավորված: Նա մաքուր մարդ էր: Երբ սխալ էր լինում, անպայման ներողություն էր խնդրում: Առաջի՛նն էր ներողություն խնդրում: Նույնիսկ երեխաներից էր ներողություն խնդրում: Ասում էր՝ Հայաստանում ներողություն խնդրել չգիտեն: Նրանից ներողություն չխնդրեցին երբեք:

Նա նաև շա՜տ ուշադիր մարդ էր: Անգամ կենդանիների նկատմամբ էր շատ ուշադիր: Երեխաների, որբուկների նկատմամբ բացառիկ էր ուշադիր: Նա փուշ չէր սիրում: Նույնիսկ ձուկ չէր սիրում, որովհետև ձուկը փուշ ուներ:

Կենցաղում էլ էր շատ խստապահանջ:

Այո, երեխայի նման մաքուր մարդ էր Օհանը, որովհետև երեխայի նման ուղղամիտ էր, ճշմարտախոս: Այնքա՜ն մաքուր էր, որ բոլորին հավատում էր:

- Գիտեմ, որ դժվար է Ձեզ համար, բայց պիտի խնդրեմ, որ  պատմեք մաեստրոյի կյանքի վերջին օրերի մասին:

- Նա կյանքի վերջին ինը օրերին կարծես հոգեվարքի մեջ լիներ: Հաց չէր ուտում, ջուր չէր խմում: Մեզ ճանաչում էր: Միտքն իր հետ էր մինչև իր կյանքի վերջին վայրկյանը: Անընդհատ մորն էր տեսնում աչքերի առաջ, եղբայրներին: Սպիտակ հագնված մի մարդ էր տեսնում անընդհատ ու հարցնում էր, թե ո՞վ է սպիտակ հագնված այդ մարդը: Զգում էր, որ վերջին օրերն են:

Վահանն օրը երեք, չորս անգամ գալիս էր Օհանին տեսության:

2011-ի հունվարի 5-ի գիշերն էր: Վահանը, ինչպես միշտ, եկել էր: Մահճակալի մի կողմում ես էի նստած, մյուսում՝ Վահանը: Նա ձեռքը դրեց Վահանի ափի մեջ: Զգացինք, որ մահանում է: Գիտեինք, որ չենք կարող փրկել, ազատել մահվան ճանկից: Ես անմիջապես ասացի՝ ուզո՞ւմ ես քեզ համար աղոթեմ: Ասաց՝ այո: Աղոթք արեցի: Հետո մտքովս անցավ երաժշտություն միացնել: Ասացի՝ կուզե՞ս երաժշտություն լսել: Ասաց՝ այո: Վերջին շրջանում շատ չէր ուզում երաժշտություն լսել, բայց այդ պահին ուզեց: Միացրի ինչ որ ձեռքս ընկավ: Մոցարտ էր: Սերենադը, որ ինքը նվագում էր: Ու գիտե՞ք ինչ կատարվեց: Հոգևարքի մեջ սկսեց չափ տալ: Մենք ապշել էինք:

Ինքը միշտ ուզում էր բեմի վրա մահանալ: Այդպես էլ եղավ: Ու կամաց-կամաց մարեց՝ ձեռքը Վահանի ափի մեջ:

Երուսաղեմում էր ծնվել: Սեպտեմբերի 8-ին, Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը ու մահացավ հունվարի 6-ին, Հիսուսի ծննդյան օրը: Իսկապես, սո՜ւրբ մարդ էր Օհանը:

 - Երջանիկ ե՞ք, որ կյանքն ու ճակատագիրը ձեզ միացրեց այդքան փորձություններից, տարիների բաժանումներից հետո:       

- Շա՜տ երջանիկ եմ: Ես կարողացա նվիրվել ամուսնուս ու նրա կողքին լինել: Իսկ նրա կողքին միշտ մեկը պետք է լիներ, որ նեցուկ լիներ, աջակից լիներ: Երջանիկ եմ, որ այս տանն եմ ապրում: Երջանիկ եմ, որ հայաստանցի դարձա: Հիմա, երբ Ֆրանսիա եմ գնում, առիթ պետք է լինի, որ մի քիչ երկար մնամ: Կարոտում եմ:

Հ.Գ.

Բժիշկ Վահան Վարդապետյանի ընկերակցությամբ շրջում ենք Օհան Դուրյանի փոքրիկ այգում, հետո այն սենյակներում, որոնք Վահանի մեծ ու նվիրյալ ջանքով դարձել են թանգարանային: Լուսանկարներ են, անձնական իրեր, մաեստրոյի դաշնամուրը, գրքեր և բազում հետաքրքրական նմուշներ ու այն միջավայրը, որտեղ պահպանված է մաեստրոյի շունչը, ոգին, երաժշտությունը: Վահանը Օհան Դուրյան հանճարեղ երևույթի կյանքի ու գործի մասին կարող է խոսել անվերջ ու այնպիսի հետաքրքիր պատմություններով, որ կարող ես օրեր շարունակ լսել ու հեռանալ կիսատ թողածի զգացողությամբ: Մենք կանգնում ենք այն սենյակում, ուր մաեստրոն անցկացրեց իր վերջին գիշերը:

Կունենա՞ Հայաստանը մի օր, մի ժամանակ իր հազարամյակների պատմությունում, որ կգնահատի իր հանճարներին: Կունենա՞ Հայաստանը մի քաղաքականություն, որ իր հանճարների դռները կդարձնի ուխտագնացությունների ճամփաներ ու կապրի իր հանճարներով նրանցից հետո հարյուրամյակներ: Թե՞ այդ հանճարների դռները միշտ պետք է մնան առկայծող կրակներ եզակի նվիրյալների համար:

Չգիտեմ: Սա խոհ էր, որ ծնվեց այդ սենյակում: 

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ