Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Օպերայի ՈՒՐՎԱԿԱՆԸ...»

 

Օրեր առաջ հայաստանյան օպերային կյանքում տեղի ունեցածը՝ «Գայանե» բալետի կանխամտածված տապալումը, կրկին դուրս բերեց օպերայի ուրվականը, որը տարիներ շարունակ մերթ ընդ մերթ արթնանում է լեթարգիական քնից, գրգռում զգացողություններ, կրքեր, ապրումներ և հեռանում՝ վերադառնալու սպառնալիքով:

Որպեսզի օպերայի ուրվականը մեկընդմիշտ լքի մեր ազգային արվեստի պարծանքը հանդիսացող այս կառույցի կամարները, մեր պայքարը պետք է լինի ոչ թե ուրվականների դեմ, որը հար և նման է մեր բարոյական հաղթանակների կերտմանը, այլ ազգային այս կառույցի խորխորատներից պետք է մաքրվի խարդավանքների այն մրուրը, որը տասնամյակներ շարունակ լցվել է օջախի հիմքերում և երբեմն-երբեմն տիղմախառն զանգվածի նման դուրս է գալիս դեպի բեմ տանող մաքուր ճանապարհ:

Ի սկզբանե ասեմ, որ լիովին կիսում եմ Հայաստանի մշակույթի գլխավոր պատասխանատուի՝ մշակույթի նախարարի այն համոզմունքը, որ իսկական արտիստի համար հանդիսատեսը և ներկայացումը սրբություն են, և որ այս պարագայում արտիստները դավաճանել են իրենց հանդիսատեսին, և համոզվածությամբ դատապարտելի եմ համարում երևույթը:

Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ է արտիստը դավաճանում իր հանդիսատեսին:

Այս հարցը հնչեցնում եմ, որևէ թաքուն համակրանքից զերծ առ ներկայացում տապալած արտիստը, այլ հնչեցնում եմ հույսով, որ կփորձենք հասկանալ օպերային թատրոնի խնդիրները: Հասկանալ բաց և հրապարակային: Հասկանալ հանրային խոսակցությամբ, քննարկումով, բանավեճով: Հասկանալ օպերային արվեստում վաստակ ունեցող մեր երևելիների համախմբումով՝ առանց համակրանքների ու հակակրանքների: Այլապես պետք է արձանագրենք, որ մենք այն ազգն ենք, որ ոչ մի աքիլլեսյան գարշապար չենք կարողանում ախտորոշել ու դարմանել և միայն խոսում ենք, խոսում, խոսում ու պարծենում սնափառորեն:

Այո, բաց, հրապարակային և հանրային քննարկմամբ, հանրային խոսակցությամբ և դրա արդյունքում՝ ընդունելի լուծումներ գտնելու ճանապարհով է միայն հնարավոր ազատվել աքիլլեսյան գարշապարերից, որովհետև մենք տարիներ շարունակ պարտակել ենք այն, ինչ կատարվել է թատրոնների կուլիսներում, արվեստի ետնաբեմերում, մշակութային միջավայրերում:

Իսկ եթե տվյալ պարագայում մեր մտահոգությունն օպերային թատրոնն է, ուրեմն պիտի արձանագրենք, որ մեր հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ինչո՞ւ տարիներ առաջ Տիգրան Լևոնյան մեծ անհատականությունը հեռացվեց օպերային թատրոնից, ինչո՞ւ էր հետապնդվում ու հալածվում օպերային նվիրյալ մարդը, ով իր կյանքը նվիրել էր այդ արվեստին, ինը տարի ղեկավարել էր կառույցը:

Մեր հանրությունը չտեղեկացավ, թե ինչո՞ւ եկավ ու հեռացավ օպերային արվեստի  մեկ այլ նվիրյալ՝ Գեղամ Գրիգորյանը և վերադառնալ կարողացավ միայն երկար տարիներ անց, երբ ստեղծագործական բազմաթիվ մտահղացումներ կարող էին իրականություն դառնալ, երբ խռովված չէր արվեստագետի հոգին:

Հայ մշակութասեր հասարակությունը չիմացավ, թե ինչո՞ւ Օհան Դուրյան բացառիկ երևույթը, մեծ արվեստագետը, հանճարեղ արվեստագետը հանգիստ չունեցավ օպերային թատրոնում, իր կարողություններն ու ժամանակը, միտքն ու տաղանդը վատնեց խարդավանքների դեմն առնելու համար ու հեռացավ ոչ միայն թատրոնից այլև՝ Հայաստանից:

Ինչո՞ւ հեռացավ Կարեն Դուրգարյանը օպերայից՝ դեգերելով ոչ հայկական բեմերում:

Ինչո՞ւ հրավիրվեց Ռուդոլֆ Խառատյանն ու, ըստ էության, մեծ հնարավորություններ չունեցավ իրականացնելու մեծ ու հնչեղ նախագծեր:

Ինչո՞ւ մեր օպերային երգիչ-երգչուհիները գերադասում են օր առաջ նվաճել օտար բեմերը և արդյոք միայն փառքն ու վարձատրությունն է պատճառը, գլոբալ աշխարհն ու արտիստական ճակատագիրը:

Եթե այս ամենի մասին ժամանակին խոսվեր բաց ու հրապարակային, եթե յուրաքանչյուրի արածն ու չարածը, հատկապես անելիքը ներկայացվեր, թատրոնի հիմքերն ավելի ամուր կլինեին և ոչ տիղմապատ:

Այս հարցադրումներից յուրաքանչյուրի հետևում խարդավանքների մեծ պատմություններ կան, միջակությունների հարատև պայքար երևելիների դեմ, թատրոնի կառավարման անկարողությունների դասական օրինակներ, թատրոնը քաղաքական ու այլևայլ շահերում օգտագործելու դրսևորումներ, անկատարություններ, հակասություններ կառավարման համակարգերում, օրենսդրական թերացումներ, կոռուպցիոն ռիսկեր և այլն:

Այս ամենի մասին մշակույթին մոտ կանգնած մարդկանցիցս յուրաքանչյուրը գիտի բազում կարևոր և անկարևոր մանրամասներ, իրական խոսակցություններ և ասեկոսեներ, իրական և թաքնված դրդապատճառներ, բայց այս ամենի մասին երբեք, երբեք չի եղել հրապարակային խոսակցություն, բաց քննարկում:

Մշակույթի ոչ մի պատասխանատու, ներառյալ բազում նախարարներ, չեն փորձել հրապարակայնացնել խնդիրները, որոնել լուծումներ, բացել փակագծերը: Ընդհակառակը՝ շարունակելով սովետական ավանդույթները փորձել են ռեպրեսիվ մոդելներով լռեցնել, գտնել կոծկելու մեխանիզմներ, կոչումներ ու մեդալներ շնորհել՝ հանուն լռության: Արդյունքում՝ մեծերը, երևելիները գնացել են, բազմաթիվ միջակություններ՝ տնօրենների ու այլևայալ պաշտոնյաների տեսքով շարունակել են մնալ ջրի երեսին, որովհետև նրանք են տիրապետում «լողալու» արվեստին:

Եվ սա է պատճառը, որ ուրվականը մերթ ընդ մերթ արթնանում է լեթարգիական քնից և ոչ թե լքել է թատրոնի կամարները:

Վերադառնանք այսօրվան: Ոչ մի պարզաբանում չի եղել, թե ինչո՞ւ է, ասենք, տիկին Կարինե Կիրակոսյանը՝ մշակութային հանրությանը ոչ ծանոթ մի անձնավորություն, նշանակվել տնօրենի առաջին տեղակալի կարևորագույն պաշտոնում: Հարցադրումը չշահարկելու համար ասեմ, որ ես շատ լավ ճանաչում եմ տիկին Կարինե Կիրակոսյանին, թեպետ անձնական ծանոթություն չունեմ, բարձր եմ գնահատում նրա մարդկային և մասնագիտական կարողությունները և այն կարծիքին չեմ, բնավ, որ անպայման տնօրենի առաջին տեղակալը պետք է երգած լինի որևէ համաշխարհային նշանակության դերերգ:

Բայց որևէ տեղ չի ներկայացվել այն խնդիրները, որոնք լուծելու է տվյալ պաշտոնյան: Չի հրապարակվել ծրագիրը, տեսլականը, ճանապարհային քարտեզը: Իսկ գուցե դրանք շատ կարևոր քայլեր են, ստեղծական, էական փոփոխություններ բերող: Առանց հեգնանքի եմ ասում:

Նույն տրամաբանությամբ պետք է արձանագրել, որ որևէ բացատրություն չկա, թե ինչո՞ւ են աշխատանքից ազատման մասին ծանուցումներ ստացել կոնկրետ այն պաշտոնյաները, որոնց մասին խոսվում է: Ասեմ, որ, ի տարբերություն տիկին Կարինե Կիրակոսյանի, այդ մարդկանց մասին որևէ տեղեկություն, առավել ևս անձնական ծանոթություն չունեմ: Այդ մարդկանց մասին նույնիսկ թատրոնի պաշտոնական կայքում քիչ թե շատ տեղեկատվական ծանուցում չկա:

Որևէ մեկը չի հասկացել, թե որ գործի, ի՞նչ անելու համար են այդ մարդիկ նշանակվել այդ պաշտոններում և որևէ մեկը չգիտի, թե ինչո՞ւ են հենց այդ մարդիկ ստանում ազատվելու մասին ծանուցումներ: Թերացել ե՞ն, ավելորդ ե՞ն, չունե՞ն պատասխանատվության ոլորտնե՞ր, կան ֆինանսական խնդիրնե՞ր, թե՝ այլ պատճառներ:

Վստահաբար՝ Կոնստանիտին Օրբելյանը նշանավոր արտիստ է, նշանավոր դիրիժոր, մեծ ծառայություններ ունի մատուցած օպերային աշխարհին, երաժշտական աշխարհին, բայց, վստահ չեմ, որ խորագիտակ է օպերային թատրոնի կառավարման գործում: Իհարկե, գուցե սխալվում եմ, բայց սխալվելու կամ չսխալվելու հանգամանքը չպետք է պայմանավորված լինի իմ, կամ որևէ մեկի սուբյեկտիվ ընկալմամբ, գնահատմամբ:

Եթե Կոնստանիտին Օրբելյանը հրավիրվել է կերտելու նոր ժամանակների օպերային թատրոնը, հրավիրվել է երկրի ղեկավարի կողմից, դրա համար գնացել է զոհողությունների, ուրեմն գոնե որևէ ձևաչափով պետք է հրապարակված լիներ վարպետի գործողությունների ծրագիրը, անելիքների ճանապարհային քարտեզը, իր պատկերացրած կառավարման համակարգի մոդելը, որով էլ պետք է պայմանավորված լինեին կրճատումները, աշխատանքից ազատվելու ծանուցումները և այլն: Ղարաբաղյան բանակցությունները չեն, որ համակերպվենք դրանց խորհրդապահական բնույթին:

Կարծում եմ, որ Կոնստանտին Օրբելյանր չունի դա չանելու դրդապատճառներ: ի վերջո, արևմտյան կառավարման համակարգերից եկած անհատ է: Ուրեմն ի՞նչն է պատճառը:

«Գայանե» բալետի տապալման հետ կապված իր հարցազրույցներից մեկում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասում է. «Այն ուղղված էր օպերային թատրոնում նոր, կառուցվածքային բարեփոխումների դեմ, որովհետև այդ բարեփոխումները գալիս են կարգավորելու մեր աշխատանքը, մեր այն տեսլականը իրականացնելու, որը մենք պատկերացնում ենք օպերայի հետագա աշխատանքի համար»:

Հրաշալի է: Գուցե և այդպես է: Չհավատալու հիմքեր չունեմ: Ուրեմն ինչո՞ւ չհրապարակել կառուցվածքային բարեփոխումները քայլ առ քայլ, տեսլական առ տեսլական, ռազմավարական ուղղություններով, մարտավարական խնդիրներով, մշակութային քաղաքականության կոնկրետ ուղղորդումներով, վերջնական տեսանելի, չափելի արդյունքի արձանագրմամբ:

Եվ ոչ միայն հրապարակել, հանրայնացնել, այլև քննարկել, բանավիճել, առավել բարեփոխել, դրական զգացողություններ հաղորդել: Հասարակությունից «թաքուն» բարեփոխելը, վստահ եմ, չի նպաստում լոյալության մթնոլորտին, իսկ հանրային կապերի խնդիրը, իմ խորին համոզմամբ, ոչ թե կատարվածն արձանագրելն է միայն, այլ կատարվելիքի շուրջ լոյալության մթնոլորտի ստեղծումը:

Այլապես եթե վաղը կամ մյուս օրը, Աստված մի արասցե, այլևայլ պատճառներով հնարավոր չլինի իրականացնել այդ բարեփոխումները, մենք կունենանք կորուսյալ տեսլականների ու կորուսյալ ժամանակների ևս մի տառապանքի փորձ, որը կգա ու կգումարվի մեր բազո՜ւմ կորուսյալ տեսլականներին ու անպատասխան մնացած հարցերին: Եվ այդ ժամանակ կրկին օպերայի կամ մեկ այլ ուրվական դուրս կգա՝ ալեկոծելու մեր հոգիները:

Քսանհինգ տարվա անկախ Հայաստանը չի կարողացել լուծում գտնել մի հարցի՝ (երանի, իհարկե, մեկը լիներ այդ հարցը). ո՞վ է թատրոնի (թատրոնների) ղեկավարը՝ գլխավոր ռեժիսո՞րը, գեղարվեստական ղեկավա՞րը, տնօրե՞նը: Այս եռագլուխ համակարգին օպերային թատրոնում գումարվում է ևս մի քանի գլուխ. դիրիժորը, խմբավարը, առաջին ջութակը, գլխավոր սոլիստը և այլն՝ կախված յուրաքանչյուր անհատի ամբիցիաներից և նկրտումներից:

Այս խնդիրն, իհարկե նոր չէ, որ ծառացած է: Այս անլուծելի թվացող խնդիրը տարբեր ժամանակներում այնպիսի մեծ անհատականությունների է տարուբերել, ինչպիսիք են Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Հրաչյա Ղափլանյանը, Մհեր Մկրտչյանը, Տիգրան Լևոնյանը, Գեղամ Գրիգորյանը և շատ ուրիշներ:

Բայց եթե խորհրդային ժամանակներում խնդիրը կարող էր «լուծվել» (լավ կամ վատ՝ այլ հարց է) կենտկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակում կամ Մոսկվա նամակ գրելով և մնալ չլուծված, ի՞նչն է այսօր խանգարում հանրային քննարկմամբ շատ արագ գտնել այս խնդրի ամենաարդյունավետ լուծումը, որն աքիլլեսյան գարշապարերից մեկն է, թերևս հիմանականներից մեկը:

Բաց աշխարհում, գլոբալ աշխարհում ապրող երկիրն արդյոք իրավունք ունի՞ այսպիսի չկարգավորված խնդիրներ թողնել, երբ կան կայացած երկրների կայացած թատրոնների օրինակներ, երբ մշակույթի նախարարության համապատասխան աշխատակիցները կարող են քսան րոպեի ընթացքում բազմաթիվ մոդելներ դնել համադրված քննարկման, երբ այդ օրինակները վերցնելն այլևս չի համարվում բուրժուական բարքերի ներմուծում:

Հայաստանի նախագահը մի առիթով հեռուստատեսությանը հորդորեց պարբերաբար քննարկումներ անցկացնել ոլորտի գիտակների հետ՝ գտնելու համար լուծումներ այն խնդիրներին, որոնք այդ ոլորտի մասով հուզում են հասարակությանը: Անցկացվեցի՞ն: Չանցկացվեցին: Գոնե հրապարակայնորեն այդ մասին հաղորդումներ չեղան:

Ի՞նչն է խանգարում այդպիսի քննարկումներ կազմակերպել մշակույթի ոլորտի խնդիրների հետ կապված՝ կինո, թատրոն, օպերա, բալետ, գիրք, գրականություն և այլն: Բաց և հրապարակային: Ի վերջո կան հանրային խորհուրդներ, նախարարներին կից խորհուրդներ և այլն: Չգիտեմ:

Հայաստանն այն երկիրն է, որ բարեբախտություն ունի ունենալու վեհասքանչ օպերային թատրոն, որը մշակութային այցեքարտ է ցանկացած տերության համար: Տերության այցեքարտ է, ոչ թե երկրի: Հայաստանն այն երկիրն է, որ ունի գրող, գրականություն, թատրոն, արտիստ և այդ ամենը «ստեղծելու» կարիք չունի:

Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «...Երկրիցդ պիտի բարձրանա կարողությունը, որն ապահովի լուրջ տերության ներկայություն այս մոլորակի վրա: Հարկավոր է մշակութապես կայանալ ու դիմանալ այս մեր աշխարհին, մշակութապես կայանաս ու ազգերի մշակութային խաղաղ մրցակցությանը դիմանաս: Կդիմանաս՝ կդիմանաս, չես դիմանա...»:
 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ