Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

Ո՞Վ ԿՓՐԿԻ Քոչարի քանդակը

 

Երևանցիներից հավանաբար քչերը գիտեն, որ դեռևս 1936 թվականից Երևանի կենտրոնի մի անկյունում «բանտարկված է» հանճարեղ Քոչարի մի գողտրիկ քանդակ, որտեղ Քոչարը խորհրդանշորեն պատկերել է Եղիշե Չարենցին ու իր առաջին տիկնոջը՝ Մելինեին:

Քանդակը գուցե Քոչարին բնութագրող գլուխգործոց չէ: Բայց՝ Քոչար է: Քոչարի կյանքի ու պատմության մի դրվագն է այս քանդակում: Քոչարի ձեռքն է դիպել: Ու թեկուզ խորհրդանշորեն, բայց՝ Չարենց է: Չարենց:

Քանդակը բանտարկված է ու քայքայվում է ինչպես բանտարկված ամեն ինչ՝ միտք, մարդ, գաղափար, կյանք...:

Եվս մի որոշ ժամանակ, և Քոչարի այս քանդակն ուղղակի կարող է փշրվել՝ թափվելով այն կեղտոտ ջրավազանի մեջ, որի կենտրոնում կանգնած է: Ջուրը, միջավայրը, անխնամությունը ամեն օր քայքայում են քանդակը, որն, ըստ էության, ոչ մեկի պետք չէ: Անտեր է: Կեղտի մեջ: Մաշված: Վնասված:

Երևանյան այդ անկյունը նախկին «Պետհրատի», ապա «Հակոբ Մեղապարտ», «Նաիրի» հրատարակչությունների բակն է: Տերյան փողոցի «սառայներից» մեկի՝ սյունազարդ շենքի բակը:

Այսօր որպեսզի ավելի հասկանալի լինի՝ ասենք Տերյան փողոցի «Երևան պանդոկի» շենքը: Պանդոկն այսօր արդիական է:

Քոչարի քանդակը ոչ միայն այդ շենքի բակում գտնվող կեղտոտ ջրավազանի կենտրոնում է, այլ շրջապատված է ինքնաշեն տձև կցակառույցներով, պահեստային մեծածավալ իրերով, երկաթեղենե հնոտիքով ու այլևայլ առարկաներով: Ջրավազանի մի մասում էլ ձկնաբուծական «տնտեսություն» է՝ մետաղյա ցանցով առանձնացված:

Մեծ ջանք է հարկավոր, այդ ամենի արանքում Քոչարի քանդակը գտնելու, տեսնելու, զգալու համար: Այն մի կերպ տեսանելի է միայն մի կողմից: Մյուս կողմերից՝ քանդակը շրջապատող առարկաներն ու կառույցները փակում են տեսադաշտը: Դեմքերը, որ Չարենցի ու Մելինեի դեմքերն են՝ հազիվ են նշմարելի:

Անհնար է տեսնել այն պատկերը, որ «քաշել է» Քոչարը: Մելինեն՝ ասել է, թե՝ կոլտնտեսուհին երազկոտ, հայեցի դեմքով թիկն է տված բանվորին՝ Չարենցի դիմագծերով տղամարդուն, ու նրանք մեջք-մեջքի կանգնած են սլացիկ, ներդաշնակ: Անհնար է տեսնել քանդակն իր ամբողջության մեջ, մանրամասներով:

1936-ին հոգեկան տվայտանքներ, անհուսություն, տագնապներ ու անկումներ ապրող Քոչարը, որ Փարիզի թևածող ազատությունից, մոնպառնասային դյութանքներից ու ոգևորություններից, հանճարեղների հետ ընկերակցության, կռվի ու որոնումների, սերերի ու սիրահարություների իր վառ օրերից հայտնվել էր երևանյան գաղջում, միջակությունների խոյահարումներում, ստիպված էր հանուն փողի, հանուն ապրելու միջոցի կատարել ստալինյան «մտքի» պատվերը՝ քանդակել «Բանվորն ու գեղջկուհին»:

Կարող է՞ր հրաժարվել Վարպետը: Անկասկած՝ ոչ: Այլապես չէինք ունենա Քոչար ընդհանրապես: Իր ֆիզիկական գոյությամբ: Միջակությունները նաև դրան էին սպասում: Ապրելու, միջակությունների սաստկացող հետապնդումներին դիմակայելու, ցրվելու, տվայտանքները փարատելու գինն էր Քոչարի համաձայնությունը:

Բայց Քոչարը չէր կարող չգտնել լուծումը. նա որոշում է քանդակել իր առաջին տիկնոջը՝ Մելինեին, որի պատմությունը Քոչարի կյանքի վերքերից էր ու խորհրդանշորեն քանդակել Չարենցին՝ դրանում քողարկելով իր հոգեկան վիճակը, կոդավորելով իր քանդակը:

Ավետիք Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանը, որ Քոչարի հետ ընկեր էր դեռևս փարիզյան տարիներից, պատմում է, որ Քոչարը մի օր իրեն հորդորում է գնալ «Պետհրատի» բակը՝ տեսնելու այն «մոնումենտալ հուշարձան-աղբյուրը», որ ինքն էր քանդակել: Քոչարը լսել էր, որ քանդակը լավ չեն պահում, պահեստ են դարձրել շրջապատը:

Նրանք ընկերներով գնում են «Պետհրատի» բակ: Եվ, իսկապես, տեսնում են, որ հսկայական թղթե ռուլոնները փակել են արձանի տեսադաշտը: Քոչարը զայրացած մտնում է տնօրենի մոտ ու բարկացած բղավում. «Ինչ է, այսպես եք պահում, որովհետև իմ արձա՞նն է, չեք հավանում, քանդեք, մի կողմ նետեք, կամ տվեք տանեմ»:

Ռուլոնների այսօր, կարծես թե չհանդիպեցինք, բայց մնացած ամեն ինչ կար Քոչարի քանդակի շրջապատում: Ամեն ինչ կար ու չկար՝ քանդակը: Մինչդեռ Քոչարն այն մտահղացել է, ինչպես Իսահակյանն է վկայում, որպես փոքրիկ, գեղեցիկ ջրավազանում դանդաղ պտտվող կոմպոզիցիոն մի արձան:

Նույնիսկ այս իրավիճակում, Քոչարի արձանն, իրոք, կարծես թե պտտվում էր:

Ո՞վ կարող է փրկել Քոչարի քանդակն այսօր: Տեղադրել այն Երևանի կենտրոնում, վերադարձնել Երևանին, նվիրել Քոչարի քաղաքին, դարձնել հանրության, երևանցիների, Երևանի հյուրերի սեփականությունը: Ո՞մ է պետք բանտարկված, փթող արձանը: Մինչդեռ այնքա՜ն ներդաշնակորեն այն կարող է քաղաքային մշակույթի մաս դառնալ՝ քաղաք «վերադարձնելով» նաև մի ուրիշ Չարենցի:

Արդյոք Երևանի քաղաքապետարանը: Արդյոք մշակույթի նախարարությունը: Արդյոք համատեղ ուժերով:

Վստահաբար կարելի է ասել միայն, որ այս արձանի փրկությունը աստղաբաշխական գումարներ չի պահանջում և այն հրաշալիորեն կարող է հանգրվանել Վերնիսաժի հարակից նորոգվող պուրակներում՝ ստանալով Քոչարի մտահղացումը՝ դանդաղ պտտվել փոքրիկ ջրավազանի կոնտրոնում: Ջրավազաններ այդ պուրակներում առկա են:

Այլապես Քոչարի 36-ին հնչեցրած հարցը կարող է այժմեական մնալ. «Ինչ է, այսպես եք պահում, որովհետև իմ արձա՞նն է...:

Բայց փոխվել են չէ՞ ժամանակները:

Հ.Գ. Այս հրապարակումը չենք հնչեցնում որպես մեղադրանք, որից փախչում են պատկան կառույցները: Հնչեցնում ենք որպես ահազանգ՝ փրկելու համար Քոչարի քանդակը ու Երևանին վերադարձնելու մի մասունք ևս:

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ