Ադրինեն
լրագրող
դառնալ
երազել է
դեռ դպրոցում:
Մասնագիտությունը՝
հեռուստալրագրող:
Համոզված է,
որ լրագրողը
պետք է լինի
անկողմնակալ:
Անարդարությունը,
սուտը, իսկ
լրագրողի
դեպքում՝
կողմնակալությունը,
ոչ մի կերպ
չի հանդուրժում:
Ռեալիստ է:
Համոզված է,
որ գիտելիքից,
պաշտոններից
և ամեն ինչից
կարևորը
մշտապես
Մարդ լինելն է:
«Պահն է հագնելու ԶԳԵՍՏՆԵՐԸ...»
Հարյուր քսանհինգ տարի առաջ կերպարվեստի իտալացի վարպետները գույների իրենց երևակայական խաղերն էին հանձնում կտորին, որպեսզի մայիսի 21-ին իտալական օպերայի վարպետները միլանյան բեմում կատարեն Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացները»... «Պահն է հանդես գալու: Պահն է հագնելու զգեստները...»:
Քառասուն տարի առաջ հայ կերպարվեստի վարպետներից Ռոբերտ Էլիբեկյանն իր գունեղ վրձնահարվածներով ստեղծել էր հայ օպերային վարպետի՝ լուսահոգի Տիգրան Լևոնյանի երևակայական աշխարհի «Պայացների» հագուստները, որպեսզի երևանյան օպերային բեմում նույնպես հնչի... «Պահն է հանդես գալու: Պահն է հագնելու զգեստները...»:
Եվ ահա, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ներշնչանք փոխանցող գողտրիկ ցուցասրահում թանգարանային գիշերվան ընդառաջ մեկտեղվել էին պատմական այդ իրադարձությունների հոբելյանները՝ նորովի կերպավորված:
Ցուցասրահում հնչում էր «Պայացների» անկրկնելի երաժշտությունը, «բեմից» լսվում էր «Պահն է հանդես գալու: Պահն է հագնելու զգեստները...», իսկ պատանի թերլեմեզյանցիները գեղանկարի հայ վարպետի՝ Ռոբերտ Էլիբեկյանի չպարտադրող ներկայությամբ ու գործուն մասնակցությամբ իրենց վրձնահարվածներն էին դնում երևակայական օպերային երգիչ-երգչուհիների ի սկզբանե ճերմակ հագուստներին՝ ստանալու համար իրենցը: Վարպետը վարպետաց դաս էր անցկացնում:
Մի պահ գտնում եմ Ռոբերտ Էլիբեկյանին նկարազարդումից ազատ ու հարցնում. վարպետ, ի՞նչը Ձեզ ոգևորեց:
«Թերլեմեզյանի փառահեղ ուսանողները»,-ասում է վարպետն ու շարունակում,- «Ճիշտ քառասուն տարի առաջ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ես՝ որպես բեմադրիչ-նկարիչ, բեմադրեցի իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան: Բեմադրող ռեժիսորը լուսահոգի Տիգրան Լևոնյանն էր: Եվ ահա մտածեցի իմ նախաձեռնությամբ վարպետության դաս անցկացնել Թերլեմեզյանի նոր սերնդի հետ: Լավ էր, որ իմ քառասուն տարվա էսքիզները մնացել էին և երիտասարդների հետ փորձեցինք նման աշխատանք անել: Ճիշտն ասած, ես դասի համար նախատեսել էի երեք ժամ, բայց «տեր վռազն են», մեկ ժամում ավարտեցինք: Հրաշալի ուսանողների թիմ կա Թերլեմեզյանում՝ մանավանդ աղջիկները և Վարդանուշ Ղազարյանը՝«Դիզայն» բաժնի ղեկավարը: Ինձ շատ օգնեցին ու լավ աշխատեցինք: Մոտ մեկ շաբաթ նախապատրաստվում էինք»:
-Նոր սերնդին հավանեցի՞ք:
-Շա՜տ: Ինձ թվում է, որ այս նոր սերունդը ոչ պակաս է, քան մեր՝ ավագների սերունդը: Հայաստանում, եթե կա որևէ առողջ և ուժեղ ոլորտ՝ դա, միանշանակ, արվեստն է: Այստեղ միայն արվեստն է մրցունակ: Մենք կարող ենք պարզ երեսով ցուցադրել մեր արվեստը. թե երաժշտությունը, թե գրականությունը, բայց ամենաուժեղը հայկական կերպարվեստն է: Միշտ եղել է այդպես և այդպես էլ կշարունակվի:
Թերլեմեզյանցիները մեծ ոգևորությամբ, միևնույն ժամանակ շատ լարված ու զգոն աշխատում էին վարպետի հետ, վարպետի կողքին: Արդյունքում՝ «Պայացների» երևակայական հերոսները հագան իրենց զգեստները, որոնք երկու սերունդների մտքերի ու մտահղացումների, երևակայությունների ու գույների խառնուրդի արդյունքն էին՝ գունեղ, հետաքրքիր, շքեղ: Իսկ ընթացքին հետևում էր նաև վարպետի ընկերը՝ հայ կինոյի հանճարը՝ Արտավազդ Փելեշյանը: Մեծերի ներկայությունը պարտավորեցնող էր:
Երբ ցուցասրահում «շիկանում» էր մթնոլորտը, հյուրերն անցնում էին Թերլեմեզյանի հրաշալի կանաչ այգիով, վարդերի ուղով ու հայտնվում մի հսկայական դահլիճում, ուր տասնյակ թերլեմեզյանցիներ նկարում էին բնորդների դեր ստանձնած «Գոյ» թատրոնի դերասաններ Գայանե Բալյանին և Գարեգին Գրիգորյանին: Կարծես մի յուրահատուկ Մոն Մարտր լիներ՝ տասնյակ նկարակալներ, գույներ, կրքեր, իրարանցում, յուրօրինակ գեղեցկության բնորդուհի ու շատ ինքնատիպ բնորդ ու... նկարիչներ ու նկարիչներ:
«Նման նախաձեռնություններ նախկինում ևս ունեցել ենք՝ բաց դասի ֆորմատով, երբ տարբեր կուրսերի ուսանողներ նկարում են միևնույն բեմադրությունը: Մեզ հետաքրքրում է այն, թե ինչպես է դիտվում միևնույն բեմադրությունը տարբեր հայացքներով և շատ հետաքրքիր միտում է ձևավորվել: Այս օրը նշանավորվեց նրանով, որ «Գոյ» թատրոնն արձագանքեց մեր նախաձեռնությանը և ուսանողների փոխարեն բնորդների պարտականությունները ստանձնեցին դերասանները: Սա ուսանողների մոտ նոր հետաքրքրություն առաջացրեց: Ըստ էության, սա նույնպես վարպետաց դաս էր: Այս դասին մասնակցում էին հիսուն ուսանողներ՝ գեղանկար և քանդակ բաժիններից, իսկ վարպետաց դասը վարում էին մեր չորս դասախոսները՝ Դավիթ Խաչատրյանը, Արթուր Շառաֆյանը, Հարություն Հակոբյանը և Աշոտ Մարտիրոսյանը: Շուրջ հիսուն ուսանողներ էլ աշխատում էին վարպետի՝ Ռոբերտ Էլիբեկյանի հետ»,-ասում է արվեստաբան, արվեստի պատմության դասախոս Ելենա Մովսեսյանը:
Ի՞նչ տվեց Ձեզ այս վարպետության դասը,- հարցնում եմ ուսանողուհիներից մեկին՝ «Դիզայն» բաժնի ուսանողուհի Միլենա Գևորգյանին:
«Կրեատիվություն»,- ասում է Միլենան,- ու ավելացնում. «Մենք նախապես չէինք մտածել, թե կոնկրետ ինչպես պետք է ձևավորենք զգեստները: Մենք արեցինք այնպես, ինչպես այդ պահին մտածեցինք, ստեղծագործեցինք: Ինչպես այդ պահին զգում էինք: Եթե նկարչության կամ երաժշտության մեջ կան ինչ-որ կոմպոզիցիոն օրենքներ, այս դեպքում մենք ոչ մի օրենքով չշարժվեցինք: Շարժվեցինք միայն մեր էմոցիաներով»:
Սա ցուցասրահում, իսկ այգու հարևանությամբ դահլիճում շատ արտահայտիչ դիմագծերով դերասանուհի Գայանե Բալյանն արդեն երկար ժամանակ շունչը պահած նստած էր բնորդուհու կարգավիճակում ու կարծես միաժամանակ հետևում էր ուսանող նկարիչների աշխատանքին:
«Երբ քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը զանգահարեց, մտածեցի՝ ինչ կա, որ, կնստեմ, կնկարեն: Ես դերասանուհի եմ ու սովոր եմ նման իրավիճակների: Բայց արդյունքում սա բոլորովին այլ զգացողություն էր: Անշարժ նստել, երբ ընդհանրապես ոչինչ չի շարժվում՝ միայն միտքդ է շարժվում: Ոսկրային ցավերի հարցը չէ, ավելի շատ հոգու պահն է, երբ դու ռեալ կապանքների մեջ ես, բայց մի բան կա, որը թռչում է: Անընդհատ այդ հայացքները և դու հասկանում ես, որ նրանք քեզ և նայում են և չեն նայում՝ ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Դերասանության դեպքում նայում են քո կերպարին, խաղին, պատմությանը, իսկ այստեղ քո միջով ինչ-որ ուրիշ մի բան է անցնում: Երբ ընդմիջանը նայեցի նկարները, բոլորի մոտ նույն մարդն էր, բայց շատ տարբեր բնավորություններ, տարբեր տրամադրություններ, նույնիսկ՝ տարբեր չափսեր: Շատ հաճելի լարվածություն կար իմ մեջ»,-ասում է Գայանեն:
Որքա՜ն մեծ էր ուսանողների զարմանքն ու հպարտությունը, երբ պարբերաբար նրանց հյուր էին գալիս Ռոբերտ Էլիբեկյանն ու Արտավազդ Փելեշյանը, անվանի հյուրեր՝ Կարեն Միքաելյան-Թերլեմեզյանը, որը Փանոս Թերլեմեզյանի միակ ազգականն է Հայաստանում, Գարեգին Զաքոյանը, Մարիամ Բաժբեուկ-Մելիքյանը և այլոք, դասախոսներ, թեև նրանք կարծես չէին էլ նկատում ու ազատ էին իրենց ազատության մեջ:
«Մենք պարբերաբար մենք նման հանդիպումներ կազմակերպում ենք մեր ուսանողների համար, որպեսզի կրթական առօրյայից դուրս շփումներ ունենան և քաղեն այն, ինչ իրենց հետաքրքիր է: Յուրաքանչյուր հարաբերություն, բնականաբար, նոր շերտ է դնում իրենց մտածողության վրա գեղագիտական ճաշակի զարգացման առումով: Պայմաններն, անշուշտ, Թերլեմեզյանի քոլեջում ապահովված են: Առաջին տիկնոջ օգնությամբ վերանորոգվեց ցուցասրահը, տեխնիկական հագեցվածության խնդիրը լուծվեց և դա հնարավորություն է ընձեռում հրավիրել մարդկանց, որոնք ասելիք և փոխանցելիք ունեն:
Շատ հաճախ է խոսվում այն մասին, որ սերունդների կապը կտրված է, խոսում ենք տարբեր լեզուներով, իսկ այս հանդիպումները ծառայում են, որպեսզի ավագ սերունդն իր ասելիքը փոխանցի նոր սերնդին: Վարպետը, Ռոբերտ Էլիբեկյանը ցուցահանդեսի էր այցելել մեզ մոտ և շատ ոգևորված էր ու որոշեցինք այսպիսի բան կազմակերպել:
Այս պրոցեսը թվում է, թե առօրեական է, որովհետև իրենք ամեն օր էլ «նկար են անում», ի դեպ, ես շատ սիրում եմ այս բառակապակցությունը, բայց ոչ, այս անգամ բոլորովին այլ էր: Երբ առավոտյան թեթև մտահոգություն ունեցա, թե արդյոք կհասցնե՞ն նկարակալներով տեղավորվել, տեսա, որ բոլորը շարված են, որովհետև յուրաքանչյուր ոք փորձում էր ամենալավ տեղը գրավել, որ հարմար լիներ դիրքը: Կարծում եմ, որ նման հանդիպումներից հետո երեխայի մտածողության մեջ ինչ-որ բան է փոխվում: Նոր սերունդը, եթե ասելիք ունի, ինքն առնվազն շփվում է, ծանոթանում է պատմությանը: Սա շատ կարևոր գործընթաց է ու նաև՝ անհավատալի հետաքրքիր: Սա իրենց պատանեկության շրջանի, կարծում եմ, ամենաքաղցր պատառիկներից մեկը կմնա»,-ասում է քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը:
«Լսիր, ես ոչ թե սովորեցնելու եմ, այլ իրենց հետ աշխատելու եմ». այսպես ասել էր վարպետը՝ Ռոբերտ Էլիբեկյանը վարպետաց դասին գալուց առաջ:
Ադրինե Աճեմյան