Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Պառակտվածությունը՝ որպես գոյության նախապայման...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տարօրինակ է հայոց պատմությունը, ծայրահեղ՝ ողբալ, երազել:
Համաշխարհային ցնցումների ժամանակ պետություն ստեղծել, «կերտել այն մի ձեռքով, մյուսով ՝ քանդել» (Դերենիկ Դեմիրճյան), ենթարկվել Եղեռնի, ապա՝ Հազարան Բլբուլի պես հառնել մոխրից և այն համարել հերոսություն: Պարտվել՝ հաղթելով: Գտնվելով օտար զավթիչների լծի տակ՝ բողոքել՝ երբեք չմեղադրելով սեփական «ես»-ը ստեղծված իրավիճակի համար, գրել սիրային կամ փիլիսոփայական բովանդակությամբ աշուղական երգեր, երբ երկրում սով է, պատերազմ, բացակայում է պետականությունը, և «ամենքից վերացած են սերն ու ամոթը» (Մովսես Խորենացի):
Հասնել հասուն տարիքի և մնալ երեխայի պես նեղացկոտ, մանկամիտ և հանցավորության հասնող աստիճանի անհեռատես: Այդպես կարելի է բնութագրել բոլոր այն նախարարներին, որոնք 368 թ.՝ Արտագերսի պաշարման ժամանակ, օգնության չեն եկել Փառանձեմ թագուհուն: Երևի, նեղացած էին նրա ամուսին Արշակից:
Դժվար թե հայ նախարարները մտածում էին Հայաստանի հեռավոր ապագայի մասին, թե ինչ է տեղի ունենալու 428 թ.: Երկրի ապագան նեղ անձնական, էլիտար, դասակարգային շահերից վեր չի կարող լինել՝ այդ է հայ քաղաքական մտքի փայլուն գոհարը, որի ստվերում է մնում 1045 թվականը:
Հայոց պատմության ընթացքում երևում է, որ հայերը ոչ այդքան ծանոթ էին Աստվածաշնչին, որքան կանխագիտակցված գործել են այլ ուսմունքների, կրոնների և գաղափարների շրջանակներում՝ կանոնները բացառությունների միջոցով հաստատելու վեհ նպատակով:
Քանզի եթե ծանոթ լինեին Աստվածաշնչին, կիմանային, որ «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն մի տուն՝ կործանվում» (Ավետարան ըստ Ղուկասի, 11:17):
Ծանոթ չէին նաև լատիներեն հետևյալ թևավոր խոսքին՝ «Concordia domi, foris pax»: Այն նշանակում է՝ «Համաձայնություն՝ ներսում, խաղաղություն՝ դրսում» և այդ խոսքերն առ այսօր փորագրված են Հոլշթենթորի՝ Լյուբեկ քաղաքի միջնադարյան քաղաքային դարպասների վրա:
Համաձայնություն չի եղել երբեք Հայաստանի ներսում, և դրսում շատ լավ էին գիտակցում և օգտագործում այդ հանգամանքը: Շատ են այն պետությունները, որոնք պառակտվում էին ներքին անհամաձայնությունների պատճառով, անգամ՝ բաժանվում իրենցից ավելի ուժեղ հարևան պետությունների կողմից: Սակայն չկա աշխարհում Հայաստանի պես տարածք, որտեղ պառակտվածությունը կրել է մշտնջենական բնույթ:
Պետության բացակայության պայմաններում ունեցանք Սահմանադրության նախագիծ, բայց չունեցանք գեթ մեկ վանական, որ հետևի հույն եպիսկոպոս Դիոնիսիոս Փիլիսոփային: Ունեցել ենք Սեբաստիան Բրանտներ և «Հիմարների նավեր», բայց չենք ունեցել Հենրիխ Թռչնորս և Բիսմարկ: Ունեցել ենք 1988 թ. Վերածնունդ, բայց շարունակում ենք մնալ պառակտված:
Ավարտեմ Շահան Նաթալիի հարցերից մեկով. «Ի՞նչն էր մեր կռվի հիմքն ու սկզբունքը»:
Աշխատենք պատասխանել այդ հարցին, այլ չհետևել հայ նախարարների օրինակին՝ Արտագերսի պաշարման ժամանակ: Սխալվում ենք, եթե հույս ունենք, թե Արտագերսը չի կրկնվելու: Հուսադրվելուց խուսափենք, քանի որ «աղետավոր է հուսադրությունը, երբ նրա հիմքերը խախուտ են» (Շահան Նաթալի):
Հ. Գ. Վերջերս Հայաստանում և ողջ աշխարհում ավելացել է այն երիտասարդների թիվը, որոնք կարծում են, թե անիմաստ է պատմություն իմանալը և նրանից դասեր քաղելը: Երիտասարդների այդ խավը համոզված է, որ առնչություն չունի նախնիների սխալների հետ, այլ միայն՝ հաջողությունների և սխրանքների: Ավելին, որոշ դեպքերում կատարյալ արհամարհանքով է վերաբերվում սեփական անցյալին: Հիշեցնեմ, որ հայոց պատմության ընթացքում բազում սխրանքներն ունեցել են պարտադիր բնույթ՝ լինելով նախորդ ճակատագրական սխալներն ուղղելու հուսահատ ճիգ: Եվ երկրորդը ՝ պատմական կոլեկտիվ պատասխանատվությունից խուսափելու ցանկացած փորձ ազգը և անգամ նրանց, որոնք լավ չեն գիտակցում, որ պատկանում են այդ ազգին, բերում է կոտրված տաշտակի առաջ:
Հավատացե՛ք, հայոց պատմության ընթացքում նման տաշտակների քանակը բավական է ցուցահանդես կազմակերպելու համար:
Արմեն Գրիգորյան