Հարություն Հարությունյան
Հարություն Հարությունյան

 

Լրագրող եմ:

 

Ազատ ժամանակ

գրում եմ:

 

Հիմնականում՝

արձակ:

 

Խաղարկային

երկու ֆիլմերի

սցենարի

հեղինակ եմ:

 

Դասախոսում եմ

ԵՊՖ

ինստիտուտում:

ՊԱՐՏՎԱԾՔ 

 

Դա շատ վաղուց էր՝ նախորդ դարում: Մոտակա դպրոցի երկու ուսուցչուհիների՝ մեր տուն բերած ընտրությունների մասնակցելու հիշեցման թերթիկների քանակը մեկով ավելացել էր: Ես արդեն չափահաս էի և առաջին անգամ պետք է մասնակցեի ընտրության: Ուրախությունս կարճ տևեց: Աշխատանքից տուն մտած հայրս, տեսնելով սերվանտի ապակյա փեղկերի արանքում խցկված թերթիկները, զննեց, հետո էլ թե «թող սիկտիր ըլնեն», - ասաց ու քթի տակ՝ մեղմ նախշելով, անցավ խոհանոց: Հաջորդ  կիրակի, երբ նշանակված էր ընտրության օրը, այն նույն՝ ուսուցչուհիներից մեկը եկավ, հիշեցման թերթիկները տարավ ընտրատեղամաս: Խորհրդային երկրում ամեն ինչ պետք է ճիշտ լիներ, տեղը՝ տեղին, հաշվարկված և առանց ավելորդությունների՝ ինչպես որոշված էր կենտկոմում:

Հայրս չէր սիրում կոմունիստներին: Ամեն անգամ, երբ հեռուստացույցով սկսվում էր  «Վրեմյան», անգիր արածի պես՝ «ջոջ էշը ախոռով եկավ, ելեք՝ քնելու»,- ասում էր և վերցնելով ՎԵՖ ռադիոընդունիչը , առանձնանում էր՝«Ամերիկայի ձայն» լսելու: Եվ որքան հաճախ էին ԿԳԲ-ի խլացուցիչները ազդում հաղորդման հեռարձակման վրա, այնքան ավելի շատ էր հայրս  ռադիոընդունիչին վստահում:

Առաջին անագամ, ընտրություններին ֆիզիկապես մասնակցեցի բանակում: Մեզ շարքով տարան հրամանատարական շտաբ և մենք ընտրեցինք: Ու՞մ ընտրեցինք, ինչո՞ւ ընտրեցինք, այդպես էլ չիմացանք, բայց հիշում եմ, թե ինչպես քվեաթերթիկը գցեցի արկղի մեջ, որի կողքին կանգնած զամպալիտը խոժոռ հայացքով ինձ ոտքից գուխ չափեց, հետո  ցուցադրաբար աչքը գցեց ձեռքիս թերթիկին և մոտը նշում արեց: Հաջորդ առավոտյան երբ հրամանատարս  հարցրեց, արդյո՞ք քվեաթերթիկի ետևի երեսին գրառում եմ թողել և ստանալավ դրական պատասխան, խոր հոգոց հանեց, հասկացա, որ մի բան այն չէ:

-Ինչի՞դ էր պետք:

-Հենց այնպես,-ասացի,-անհետաքրքիր էր, մտածեցի մի բան գրեմ, մարդիկ պարապ չմնան:

Մի քանի  օր հետո, երբ ամեն ինչ քննել վերջացրել էին և արդեն խորհրդավոր անհետացել էր կրասնոդարցի Վլադիկը, հասկացա, որ բացի իմ, անմեղ «աշխարհին խաղաղություն» գրառումից զատ, այլ բովանդակությանբ գրառումներ էլ են եղել:

Հետո, երբ արդեն զորացրվել էի, իմ կյանքում էլի ընտրություններ եղան: Եւ ամեն անգամ, երբ  ընտրության օրվա երկրորդ կեսին մարդիկ գալիս, բախում էին դուռը և խնդրում էին վերադարձնել հիշեցման թերթիկները, ես հասկանում էի, թե որքան կարևոր է յուրաքանչյուր ձայնը կոմունիզմ կառուցող երկրում:

Կոմունիզմը չստացվեց, ինչպես լուսահոգի հայրս կասեր՝ «թող սիկտիր ըլնեն», եւ մենք մի օր արթնացանք հանրաքվեով անկախացած  երկրում: Հանրաքվեին անձամբ մասնակցեցի, հոգով, սրտով, մտքով  քվեաթերթիկիս հետ էի: Արդյունքը ցնցող էր: Հաղթել էի, համենայնդեպս ինձ այդպես թվաց: Հաղթանակիցս ոգևորված, սկսեցի ավելի ակտիվ մասնակցել հաջորդող ընտրություններին: Պարապ էի, քաղաքականությամբ  հետաքրքրվեցի, նոր հայացքներ, հետո՝ համոզմունք, գաղափարներ, ընկերներ և՝ ընտրություններ, պայքար: Նույնիսկ մեկ անգամ քաղաքային խորհրդի պատգամավորության թեկնածու գրանցվեցի: Թվում էր, ամեն ինչ լավ է ընթանում և ես, էլ ավելի ակտիվ էի ներգրավվում ինձ բաժին հասած պայքարի մեջ: Միայն ընտրության նախօրեին իմացա, որ եթե ուզում եմ հաղթել, պետք է դիմեմ թաղային հեղինակություն՝ Մլեհի օգնությանը: Չմեժեց: Խնդրանքս լսելուց հետո, նեղսրտեց, իբր ափսոսաց.-շուտ ասեիր, բա որ իմանայի...,- հետո էլ թե. - էդ կնգա հետ պայմանավորվել ենք, չենք կարա հետ ֆռցնենք:

Հանդիպումը օգտակար էր: Երկրորդ պատվավոր տեղում  հայտնվեցի՝ «էդ կնգանից» հետո:  Հաջորդ ընտրությունը, որին մասնակցեցի վստահված անձի կարգավիճակով, նախագահական էր: Բնականաբար, ես նրա օգտին քվեարկեցի, բայց սիրտս ուրիշ բան էր վկայում: Այդպես էլ եղավ: Իմ թեկնածուն պարտվեց և մենք շարժվեցինք առաջ:

Ես ոտքով գլխով տրվել էի քաղաքական զարգացումներին և ամեն անգամ, հերթական ընտրությունից հետո, դժկամությամբ կուլ էի տալիս պարտության լեղին: Ընտրությունից- ընտրություն իմ դավանած գաղափարական ուժը ավելի նվազ ձայներ էր հավաքում և հետևաբար, ավելի քիչ ներկայություն էր ապահովում խորհրդարանում: Բայց ես չէի համակերպվում արդեն սովորական դարձած պարտությունների շարանին և շարունակում էի վստահել հաղթանակիս: Ես ուզում էի, շատ էի ուզում գոնե մեկ անգամ հաղթել, լինել հաղթողնեի մեջ, զգալ հաղթանակի համը, բայց մեջս կռիվ կար, նաև մածում էի էլ չմասնակցել  ընտրություններին, որպեսզի կրկին  չհայտնվեմ հիմար վիճակում և վերջինիս առիթով հաճախ  դիմում էի լուսահոգի հորս օգնությանը, ասելով. «թող սիկտիր ըլնեն»:

Այսպես՝ մտքերով, չկողմնորոշված. բայց արդեն համարյա  համոզված դավաճանությանս, պատրաստվում էի հերթական ընտրությանը, երբ մեր տուն եկավ փեսաս և հայտարարեց՝ «թեկնածությունս դնում եմ»:

-Քեզ պետք է՞,- համոզում եմ, - մի արա:

-Չէ,- ասում է, -դնում եմ, արդեն որոշված է:

-Ախր չես անցնելու,- համոզում եմ,- դնում ես որ ի՞նչ, ինչի՞  համար:

Փեսաս անդրդվելի է, ասում է,- դնում եմ ու վերջ,- հետո էլ լեզվի տակից զգույշ արտաբերում է,- պետք է:

-Ազնիվ տղա ես,-ասում եմ,-ազնվությունդ չարաշահում են:

Չլսելու է տալիս:

-Ինձ կօգնես, չէ՞,- ասում է ու նայում  աչքերիս մեջ:

Օգնեցի: Ընտրության օրը գնացի ընտրատեղամաս, քվեարկեցի հերթական պարտությանս օգտին և անցա առօրյա գործերին, չմոռանալով ինձ մխիթարել, որ ամեն պարտություն չէ, որ տհաճ է: Փեսաս չնայած բավարար ձայներ չէր հավաքել, բայց գոհ էր, շատ կարկառուններից շատ էր հավաքել: Փեսայիս հավաքած ձայները նպաստեցին կարկառուններին կրկին հայտնվել խորհրդարանում: Փեսաս դժգոհ չէր, կարկառունները  երջանիկ էին, ես՝ գիտակցաբար պարտված: 

Հայրս, հասարակ, բանվոր մարդ էր, բայց կյանքի փիլիսոփայությունը ճիշտ էր ընկալել, նա երբեք չմասնակցեց իր պարտության արարողությանը: Այն ժամանակ հաղթողը մեկն էր: Հիմա ուրիշ է, հաղթողները միշտ կան, պարտվողներն էլ իրենց չափով հաղթում են և բոլորը երջանիկ են, իսկ ինձ մնում է հիշել հորս՝ «թող սիկտիր ըլնեն»-ը և շարժվել առաջ: Առանց տրտնջալու:

 

Հարություն Հարությունյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ