«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
Պատերազմը, Կուստուրիցան, Մոնիկան ու...ԵՐԵՎԱՆԸ
Սկսենք Երևանից...
«Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում աշխարհահռչակ Էմիր Կուստուրիցայի վերջին՝ «Ծիր Կաթինի ճանապարհով» ֆիլմի պրեմիերան էր: Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնից, աշխարհի շատ աղմկոտ պրեմիերաներից հետո Կուստուրիցայի հանրահայտ ֆիլմի երևանյան պրեմիերան: Աշխարհում այս ֆիլմը ոմանք դիտել են ընդամենը տասը րոպե և հայհոյելով հեռացել դահլիճից: Ոմանք ծափահարել են կանգնած: Կուստուրիցա է:
Երևանյան պրեմիերայի տաք դահլիճում ազատ էր 344 հարմարավետ աթոռ: Վեց մարդ էինք՝ Երևանի հանրահայտ մշակութային տատին, վերջին շարքում նստած երիտասարդ մի զույգ, երկու աղջիկ և՝ ես: Անգամ երիտասարդ տղաներ չկային: Նույնիսկ Մոնիկա Բելուչին, հավանաբար, այլևս չի գայթակղում:
Պատերազմը
«Աշխարհում միշտ պատերազմներ են: Մեր պատերազմը ներմուծված էր: Պետք չէր քաղաքացիական պատերազմ հրահրել Հարավսլավիայում: Բայց՝ եղավ: Միշտ ասում են՝ «եղավ»: Հերթական պատերազմը չի տալիս նախորդ պատերազմի բարձրացրած հարցերի պատասխանները: Ես երբեք ֆիլմ չեմ նկարահանի Բալկանյան պատերազմի մասին: Ինչ եղել՝ եղել է, բավական է...»,-մի հարցազրույցում ասել է Կուստուրիցան:
Պատերազմի մասի՞ն էր արդյոք Էմիր Կուստուրիցայի ֆիլմը, որին հանդիսատեսը սպասել էր երկար տարիներ: Ֆիլմի նկարահանմանը՝ երեք տարի, Կուստուրիցային՝ ութ: Այո, հաստատաբար՝ այո: Հարավսլավիան պառակտած դաժան պատերազմի, մարդկանց անասելի տանջանքների, մարդկային ճակատագրերի, ավերակների վերածված դրախտային անկյունների մասին էր ֆիլմը: Այո, պատերազմի մասին էր, բայց՝ Կուստուրիցայի անխնա սպանող հայացքով, աշխարհընկալմամբ, արժեքային համակարգով:
Գուցե նաև խաղաղության մասին էր, որովհետև պատերազմն ու խաղաղությունն անբաժան են, սիամական երկվորյակներ: Պատերազմի ու խաղաղության հակադրության մեջ կյանքն է, իսկ կյանքը՝ սեր է, ու Կուստուրիցան պատկերում է հենց սերը, խոսում է սիրո մասին, սիրո միջոցով՝ պատերազմի ու խաղաղության, կյանքի մասին:
Կուստուրիցան
Կուստուրիցայի ֆիլմն, այո, սիրո մասին էր: Ոչ պատերազմի մասին էր, ոչ՝ խաղաղության: Սիրո մասին էր: Կուստուրիցան շարքային ռեժիսոր կլիներ, եթե լաց լիներ պատերազմում զոհվածների դիակների վրա, եթե ցույց տար նրանց մայրերի հառաչանքն ու ողբը, եթե ցույց տար խոշտանգված մարմիններ, արյուն, թշնամուն հայհոյողներ, կամ թշնամու լեզվով սեր բացատրողներ: Կուստուրիցան շարքային կլիներ, եթե մուրար խաղաղություն, եթե նվաստանար խաղաղություն հայցելիս:
Ու ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ Կուստուրիցան շարքային չէ:
Նա խաղում է կինոյի հետ: Խաղում է պատկերի հետ: Նա նկարում է նկարահանելուց առաջ: Նա չի վախենում կինոյից: Չի վախենում պատկերից: Նրա պատկերները գունեղ են՝ ինչպես միշտ: Նրա պատկերները սիմվոլներ են՝ ինչպես միշտ: Այո, գուցե շատ են սիմվոլները: Որոշ սիմվոլներ գուցե նաև պրիմիտիվ են: Գուցե՝ երկար են որոշ տեսարաններ, որոշ տեսարաններ՝ գուցե կրկնվում են, կամ կարելի էր մաքրել, ինչպես նշում են կինոքննադատության շատ երևելիներ, բայց այնքան հասկանալի ու այնքան ընկալունակ են Կուստուրիցայի տեսարանները, սիմվոլները՝ արյան մեջ լողացող սպիտակ-սպիտակ սագեր, ականների վրա պայթող մի ամբողջ հոտ ճերմակ գառներ, կաթ խմող օձեր, գիշատիչներ, որ չեն հոշոտում և այլն, որ ձուլվում են նրա հախուռն ասելիքի մեջ: Մանավանդ, որ այդ ասելիքը այնքան ներդաշնակորեն է տեղավորված սցենարի, երաժշտական ձևավորումների, պատկերային շարքերի մեջ:
Պատերազմը
«Իմ ֆիլմում ամբողջ ժամանակ միայն պատերազմի մթնոլորտն է: Պատերազմը միայն մի դրվագում կա: Ես չեմ ցույց տալիս հերոսների, որոնք մարտնչում են: Իմ հերոսն ընդամենը կաթ է տանում ռազմաճակատ: Եվ դա խորհրդանշական է, չէ՞ որ կաթը ինքնին բիբլիական սիմվոլ է: Ամեն անգամ, երբ նա իր ճանապարհով գնում է դեպի ռազմաճակատ և վերադառնում է, նրա ճանապարհը սուրբ է»,- ասում է Կուստուրիցան:
Ո՞վ է Կուստուրիցայի հերոսը, որին մարմնավորում է հենց ինքը՝ ռեժիսորը: Սովորական սերբ մի կթվոր, որն ամեն օր կաթ է տանում ռազմաճակատ, սիրում է երիտասարդ, սլացիկ, հախուռն մի գեղեցկուհու, որը կրքի, դիվայինի մի մարմնացում է, և որին փայլուն մարմնավորում է Սլոբոդա Միչալովիչը՝ ազատ, անպարտելի կարծես թե, որն էլ սպասում է Աֆղանստանից իր եղբոր վերադարձին, որին ուզում է ամուսնացնել իտալուհու արմատներով առեղծվածային մի կնոջ հետ, որին կերպավորում է Մոնիկա Բելուչին, սակայն Կուստուրիցայի կթվորն անսպասելի սիրահարվում է բալզակյան տարիքի այդ տիկնոջը:
Սեր-պատերազմ-սեր, ցավեր, տառապանքներ, պայքար, դավաճանություն ու նորից սեր-պատերազմ-սեր: Ահա այն զուգահեռները, որոնց չհատվող հատումներում զարգանում են իրադարձությունները: ֆիլմը, ինչպես ներկայացվում է՝ «ստեղծված է իրական պատմությունների և բուռն ֆանտազիաների հիման վրա»: Իրական պատմությունը պատերազմն է, երկու մարդկանց անխորտակելի սերը, սեր, որը ցավ է պատճառում: Ֆանտազիաները՝ Կուստուրիցայի կինոլեզվի ու մտածողության հնարքներն են, որ նրա կինոյից-կինո փոխադրվում են մարդու գիտակցության մեջ՝ խորհրդածելու համար երկնային ու երկրային կյանքերի, դրախտի ու հավիտենականության, կյանքի ու մահվան, սպիտակի ու սևի հակադրությունների առեղծվածների շուրջ: Խորհրդածելու այն ճանապարհին, որը Ծիր Կաթինի ճանապարհն է, հարդագողի ճանապարհը: Խորհրդածելու գույնի, պատկերի ու գործողության վարպետ ներդաշնակության միջոցով:
Մոնիկան
«Կանայք ցույց են տալիս այն ուժը, որ ունեն իրենց մեջ, իսկ մենք, տղամարդիկս, ժամանակ առ ժամանակ ուղղակի օգնում ենք նրանց՝ հասնելու ինչ-որ բանի»,-ասում է Կուստուրիցան մի հարցազրույցում, իսկ Մոնիկա Բելուչին լրացնում է. «Ես կարդացի սցենարը և ոգևորվեցի: Նա անհավատալիորեն բարդ մի կնոջ կերպար էր ստեղծել՝ հիասքանչ ու տխուր: Նա շատ նուրբ է: Կարող է կորցնել ինքնատիրապետումը, ինչպես փոքրիկ մի երեխա: Ես կուզեի այդքան քաջ լինել, որքան նա»:
Ո՞վ է Մոնիկա Բելուչին այս ֆիլմում: Սկզբում նույնիսկ կարելի է մտածել, որ այնքան էլ տեղին չէ այս դերասանուհու մասնակցությունը ֆիլմում: Մի պահ անգամ տպավորություն է, որ Կուստուրիցան ուղղակի ցանկացել է օգտագործել Մոնիկա Բելուչի բրենդը, ցանկացել է ուղղակի խաղալ այս դերասանուհու հետ, ունենալ նրան իր կողքին, որովհետև ֆիլմում չկա այն Մոնիկան, որին սովոր է տեսնել հանդիսատեսը: Չկա նրա մարմինը, կիրքը, չկան նրան ուղեկցող անկողնային կրքոտ տեսարանները: Բայց Կուստուրիցան իր բացատրությունն ունի. «Նրա հմայքն ամբողջությամբ օգտագործված չէր այն ֆիլմերում, որոնք ես տեսել եմ: Միզանսցենները նրա մասնակցությամբ այնպես չէին կառուցված, որն ինձ թվում էր ճիշտ: Եվ երբ իմ ֆիլմում նա արեց հենց այն, ինչ ես ուզում էի, դա ինձ համար մեծ անակնկալ էր»:
Եվ ռեժիսորի այս մոտեցումն ամբողջովին բացահայտվում է ֆիլմում: Այո, Մոնիկան այս ֆիլմում այն կինն է, որ անցել է կյանքի շատ փորձություններ, տեսել է սերեր, տղամարդիկ, ապրումներ, հուզումներ ու կարող է սիրել կրկին: Ֆիլմում կա և Մոնիկայի մարմինը և կիրքը և հմայքը, բայց այնպես, ինչպես կարող է տեսնել ենթագիտակցությունը: Այստեղ Մոնիկայի բոլոր հերոսներն են՝ Էնդրայից մինչև Մալենա, մինչև Լյուսիա և այլք:
Եվ 52-ամյա կնոջ հմայքն ու գեղեցկությունն այնքան ներդաշնակ են կյանքի ու սիրո Կուստուրիցայի ընկալումներին, որ հավատում ես ռեժիսորին, անգամ՝ միզանսցենի կառուցման մասով:
«Սերը շարժիչ է՝ կյանքի, աշխատանքի, ամեն ինչի շարժիչ»,-ասել է Մոնիկա Բելուչին,-«Եվ այնքան կարևոր է, որ ֆիլմը բացահայտում է սիրո մի պատմություն երկու մարդկանց միջև, որոնք արդեն երիտասարդ չեն: Նրանք այնքան շատ բանի միջով են անցել, որ ոչինչ չունեն կորցնելու և նրանց նրանց հանդիպման ժամանակ տեղ կա անգամ հրաշքներին»:
Այո, մենք այլևս այն չենք և ոչ ոք այլևս այն չէ:
«Սցենարն ընդամենը նշաններ են թղթի վրա»,-ասել է Կուստուրիցան ու այնքան հարազատ է մնացել իր այս կրեդոյին: Նրա այս ֆիլմը, ինչպես և նախորդները, այնքան լի է պոռթկումներով, խենթություններով, ազատությամբ, որ կորցնում ես անգամ իրականության զգացողությունը: Ռիթմ, անսովոր ռիթմ, անսովոր երգ՝ մեծ եղբոր խանգարելու մասին անընդհատ հիշատակությամբ, անսովոր երաժշտություն, անսովոր գույներ, անսովոր ժպիտ ու անսովոր թախիծ պատերազմի մասին ֆիլմի համար:
Բայց ֆիլմը սիրո մասին է:
Հ.Գ.Շնորհակալություն «Մոսկվա» կինոթատրոնին՝ «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին» ֆիլմի դիտման հրավերի համար: Մեր հարգելի ռեժիսորներին էլ է հարկավոր հրավիրել, որովհետև պատերազմի ու խաղաղության թեման նաև մերն է: Գուցե մենք է՞լ կարողանանք սիրո մասին ֆիլմ նկարել պատերազմի մասին...:
Արայիկ Մանուկյան