Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

 

Աթենքի

համալսա-

րանի քաղա-

քագիտության

և պետական

կառավարման

ֆակուլտետի

շրջանավարտ:

 

Բանա-

ստեղծ,

արձակա-

գիր:

«Պետականակերտ անիշխանականներ...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ուսումնասիրելով հայոց պատմությունը՝ կարելի է արձանագրել. հայը պետականակերտ անիշխանական է (անարխիստ): Մեկ ձեռքով պետություն է ստեծղում, մեկ ձեռքով՝ քանդում (Դ. Դեմիրճյան): Բայց նաև ազատասեր է: Հանուն ինչի՞: Եսասիրական վավաշոտ կրքերը և անհագ ագահությունն անարգել բավարարելու, թե՞ երկրի շահերն անձնական կյանքի հետ կապելու նպատակով:  

Ազատությունն ամենաթողության արտոնագիր չէ, պատասխանատվություն է:

Համաշխարհային մակարդակով ազդեցության լծակներ ունեցող գերազգային կենտրոնների կամ կայսրությունների երկաթե թաթի տակ հայտնվելու վտանգի առաջ հարկ է կողմնորոշվել. Ստրո՞ւկ ես, թե՝ ազատ մարդ: Ստրուկների մասին լավ խոսք ունի վրացի փիլիսոփա Մերաբ Մամարդաշվիլին. «Մշտնջենական ստրկությունը թույլ չի տալիս մեծանալ: Ստրուկը երեխա է մնում, չի մեծանում»: Այդ «երեխաների» մասին չէ՞ր գրում Գարեգին Նժդեհը՝ անվանելով նրանց քաղաքական մուրացկաններ:

Ստրուկը չի հիշում իր անցյալը: Ազատ, անցյալի ու ապագայի հանդեպ պատասխանատու մարդը՝ հիշում է: Իսկ այսօր բազմամշակութային դաստիարակության քողի տակ տարածվում է սպառող շերտի տրանսհումանիտար ապամարդկայնացումը: Դիմագրավելու համար պետք է ճիշտ հասկանալ անցյալը, որպեսզի մատչելի կերպով մատուցել այն հայի մշակութային ծածկագրի մասին անտեղյակ օտարին և աշխարհին: Իսկ ճիշտ հասկանալու համար պետք է հայոց պատմությունը մաքրել առասպելացված և կեղծ մեկնաբանություններից:

Առասպելացված, ճակատագրապաշտ և կեղծ պատմությունից դասեր չեն քաղում: Միայն պարտությունների դառնություն:

Եվրոպացուն պատմելով 451 թ. մասին՝ մի՛ թվարկեք, թե քանի հազար զոհվեց կամ քանի մարտական փիղ է եղել: Եվրոպացին նույնպես կարող է ձեզ իր նախապապերի կողմից ցուցաբերված ոչ պակաս խիզախ սխրանքների օրինակներ բերել: Վարդանանց պատերազմը եվրոպացուն ներկայացրե'ք որպես առաջին խաչակրաց արշավանք: Չկասկածե՛ք, արևմտյան աշխարհը շատ լավ հիշում է, թե  որն է իր քաղաքակրթության անկյունաքարը:

Բայց նա չգիտի, որ, ի տարբերություն խաչակիրների՝ Վարդան Մամիկոնյանը և իր զինակիցները (որոնց թվում ՝ մեր նախահայրերը, զգա՛նք, վերջապես, այդ կապը անցյալի հետ) առաջին անգամ պատմության մեջ պատերազմեցին հանուն իրենց հավատի:

Առանց Երուսաղեմ հասնելու, անմեղ մարդկանց արյան գետեր թափելու, սեփական երեխաներին Ալժիրում և Թունիսում ստրկության վաճառելու, Կոստանդնուպոլիսը թալանելու:

Երբ ռուսը պարծենում է 1242 թ. Սառցաջարդով, պատմեն՛ք նրան 702 թ. Վարդանակերտի Սառցաջարդի մասին, երբ հայերն Արաքսի սառույցների վրա ջախջախեցին արաբական զորքը: Ո՞ր մի օտարը գիտի, թե վիրավոր արաբներն ապաստան են գտել իշխանուհի Շուշան Կամսարականի մոտ, ով արգելել է հայ զինվորներին սպանել վիրավորներին և բժշկական օգնություն է կազմակերպել պարտվածների համար:

Որտե՞ղ էին այդ ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի կարկառուն ջատագովների նախնիները...:

Տեր լինե՛նք մեր անցյալին, որպեսզի մեր ապագան որբ չմնա:

 

Արմեն Գրիգորյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ