«Փորձությունների, թե՞ փորձանքի մեջ...». ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆ
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մութ է ու անծիր…
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Մենք, այո, հայտնվել ենք մի խորն ու անծիր ծովում և խեղդվելուց փրկվելու հնարներ ենք փնտրում, փրփուրներից ենք կառչում, հազարատեսակ ալիքների դեմ ենք կռիվ տալիս:
Մենք հայտնվել ենք զոռբաների աշխարհում, ավելի ճիշտ՝ մեր աշխարհում ձևավորվել, բնավորվել է զոռբաների մի ահռելի բանակ, որն օր ու գիշեր թունավորում, ապականում է մեր կյանքն ու մեր աշխարհը, զրկել է մեզ առօրյա-սովորական, թող որ՝ հոգսաշատ, կյանքով ապրելու իրավունքից, ծաղրում է մեր սպասելիքներն ու հավատը:
Սրանք հա՛ր նման են Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ի զոռբաներին, որոնք Նազարի դուռն են գնում, թե՝ թագավորն ապրած կենա, փրկիր մեզ էդ մարդկանցից: Նազարի՝ ի՞նչ են արել հարցին ի պատասխան, բացականչում են՝ չե՜ն թողնում իրանց երկի՛րը զավթենք:
Մեր զոռբաներն այս կատեգորիայի զոռբաներ են: Գնում են դեսուդեն, նվնվում են, թե՝ ժողովուրդը չի թողնում ազատվենք իրենց Վարչապետից ու նորից զավթենք երկիրը, օգնե՜ք, փրկե՜ք:
Մենք, այո, այլևս չենք ուզում, չենք թողնում, որ մեր երկիրը զավթեն, որ հասարակությանը բաժանեն ընտրյալ-չընտրյալ, արտոնյալ-չարտոնյալ խավերի, մենք ուզում ենք, որ ո՛չ թե մարդը, այլ պետությունն ինքը միջոց ու գործիք լինի՝ մարդու կյանքը բարելավելու, մարդու՝ Սահմանադրորեն տրված բոլոր իրավունքներն իրացնելու: Պարտականությունները՝ նույնպես:
Վարչապետն ազնվություն ունեցավ հայտարարելու, թե պետական համակարգում կա դիմադրություն: Ես դիմադրողների այդ բանակին, անկեղծ ասած, այնքան էլ չեմ մեղադրում: Ավելին, ես մտնում եմ նրանց անճար ու մոլորյալ վիճակի մեջ: Մենք լավ ենք հիշում, թե պետական ցանկացած հիմնարկում ստրկամիտ ստորին պաշտոնյաներն ինչպես էին խեղում մարդկանց կյանքը՝ հանուն իրենց կուշտ ու ապահով կյանքի: Նրանք կարգադրություններ էին կատարում, նրանք հաճոյանում էին: Գուցե այդ կարգավիճակը շատերի սրտով չէր, բայց դե…:
Եվ հիմա այս՝ իրենց քիչ թե շատ բարեկեցիկ կյանքի դիմաց պարտքերը չմարած, նախկիններին ցկյանս պարտապանները, դեռևս նույն կախվածության, նույն ծառայամտության մթնոլորտում են ապրում: Նրանք ընտելացել են շեֆերին ծառայել, բավարարել նրանց քմահաճույքները, բավարարվել նրանց բարեհաճությունից:
Աշխատանք կորցնելու վախը նրանց կատարյալ կամակատար էր դաձնում: Ե՛վ պետական կառույցներում, և, առավե՛լ ևս մասնավորի ձեռքի տակ:
Հացի խնդիրը, այո, գրեթե անլուծելի խնդիր էր:
Հիմա այս իշխանությունները նախկինանման շեֆություն չեն անում, նրանք եկել են ծառայելու, իսկ ծառայողից՝ ի՞նչ շեֆ:
Հիմա, տեսե՛ք, տեսե՛ք, էս նախկին շեֆածառաները էս ի՜նչ թունդ, նորիշխանատյաց ընդդիմություն են դարձել:
Նրանք դեռ իրենց աշխարհում են, որովհետև իրենց աշխարհում ոչինչ չի փոխվել՝ հրահանգն ստանում են, կատարելու համար վարձքը ստանում են, ապրում են նույն կանոններով՝ ոնց կասես, շե՛ֆ ջան: Նրանց շե՜ֆն էլ է նույնը:
Իսկ շեֆություն չանող Վարչապետը դեռևս շրջապատված է նաև քողարկված վանեցյաններով, նախկին ու ներկա իրավիճակների մեջ խճճված անհուսալի «նվիրյալներով»: Գուցե թե հենց սրա՛նք են Վարչապետին համոզում-դրդում մանր-մունր սայթաքումների, որոնք դառնում են շահարկումների, վարկաբեկման առիթ:
Ասենք նույն, արդեն պատմական դարձող Գրիչը, Թովմասյանի տան խուզարկությունը, ան-ադեկվատների հետ կապված միջադեպը, էլ չեմ խոսում կառավարության շենք ուղղորդվող, մեծ մասամբ, շինծու բողոքավորների, բողոքների թեմաների մասին:
Ուղղակի տհաճ ու անընդունելի է հատկապես՝ Վարչապետից պաշտոն ակնկալած ու անպաշտոն մնացածների անձնական՝ անպատկառ ու տեսանելի հաշվեհարդարը՝ ընդդիմադիրի դիմակով:
Այսօրվա ա՛րտախորհրդարանական, այսինքն՝ որևէ պատասխանատվություն չկրող, մերժված-կորցրած, զրկված, մաքառող նախկինականների ընդդիմությանը խիստ համահունչ է, այո, ընդդիմադիր բառը: Բացեք բառարանները և կհամոզվեք՝ ընդդիմադիր բառի հոմանիշը ա խ ո յ ա ն բառն է, իսկ ախոյանը կատաղի թշնամին է:
Տխուր, ցավալի և անհարիր է, որ խորհրդարանական ընդդիմությունը հենց ախոյանական-թշնամական պահվածք է որդեգրել՝ ատելություն, արհամարհանք, ագրեսիա, վարկաբեկումներ, պիտակավորումներ, ինքնամեծարման տհաճ ցուցադրումներ: Նրանց ջանքերն ասես ուղղված են նոր իշխանությունների հանդեպ ժողովրդի արդարացված հավատն ու վստահությունը սասանելուն, ինչո՞ւ ոչ՝ նաև նախկին գործ ու գործարքային ընկերներին իրենց չսասանված հավատարմությունն ապացուցելուն:
Չեն էլ պատկերացնում, թե նոր իշխանություններին արժեզրկելու, հեղինակազրկելու վարկաբեկելու եռանդուն ջանքերով ո՜նց են հենց իրենք վարկաբեկվում, ո՜նց են մատնում իրենց ուղղվածությունն ու ուղղորդվածությունը: Ո՜նց են պայքարում առաջնության դափնու համար, ո՜նց են ուզում ապացուցել, որ իրենք իշխող ուժի հետ նույն հարթության վրա են, դեռ մի բան էլ ավելին:
Պարզվում է, որ նախկինների վերջին բաստիոնը միայն ՍԴ-ն չէ՝ իր տունտունիկային խաղերով, Ազգայի՛ն ժողովի ընդդիմությունն էլ դերակատարում ունի:
Ինչ-որ մեկը հոխորտում էր, թե դիմելու են, թե՞ արդեն դիմել են, ԱԺ ընդդիմությանը՝ Վարչապետի հրաժարականի պահանջով: ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից են բարբաջում: Իբր թե արդեն էնքա՜ն հեղինակություն են ձեռք բերել, որ ժողովուրդը սրտատրոփ սպասում է իրենց վերադարձին: Տեսանք, թե այդ քամին որտեղի՞ց, ավելի ճիշտ՝ ումի՞ց է փչում:
Իմիջի այլոց. մի պահ ընդհատեցի գրելը՝ տեսնեմ ֆեյսբուքյան տիրույթո՞ւմ ինչ կա…
Աստվա՜ծ իմ, էս ի՜նչ մի կիսագրագետ, հայհոյախառն գրոհ էր մեկնաբանություններում, հայտնի կայք ու եթերներում հավատարմության ցուցքի էս ի՜նչ շքահանդես էր, նոր իշխանության հանդեպ ատելության ու ոչնչացման տենդով տառապող էս ի՜նչ մոլագարներ էին: Էս ի՜նչ մի վրա տալ էին տվել՝ է՛լ գող փիսո, էլ քաչալ շուն:
Մարդու սիրտ է պայթում: Ա՛յ սրանք իսկական ընդդիմադիր –ախոյան են:
Ֆեյսբուքյան և հարցազրույցային հերոսների գերին ենք դարձել, կարևորն ու անկարևորը միախառնվել են և հրամցվում են դիմակավոր և անդիմակ կողմնորոշողների կողմից:
Հեռուստառադիոեթերներում, սոցցանցերում, մերոնք-ձերոնք խաղացող կայքերում՝ նույն դեմքերը, նույն ասելիքը, նույն հարցադրումները...
Ում լսում ենք՝ անձնական կամ լավագույն դեպքում խմբային շահերի հոտ է փչում: Թե իրականում ով ՝ո՛վ էր կամ ով ի՛նչ էր և ի՛նչ է դարձել՝ մեր աչքերի առաջ է եղել, ով քանի կուսակցություն ու քանի շեֆ է փոխել, էլի՛ մեր աչքերի առաջ է եղել: Ցավոք, ոչ մի դրական փոփոխություն, ոչ մի առաջ քայլ, ոչ մի լուսավոր կետ չեն տեսնում, ամեն ինչ իրենց հոգիների նման մութ ու սև է, բոլորը քըխ են, իրենք պուպուշ-պուպուշ են:
Իրենց այդ պուպուշությա՛ն հետևանքն էր ժողովրդի հուժկու ընդվզումը՝ Հեղափոխությունը:
Իսկ իրականությունը խեղաթյուրող, նախկին իշխանությունների շահերը սպասարկող միակողմանի մամուլը պատուհաս է և շատ վտանգավոր:
Մամուլի ազատությունը կատարյալ սանձարձակության է վերածվել, իսկ սանձերը ձգելը՝ մամուլի հանդեպ բռնություն է: Իսկ մի՞թե մամուլի պահվածքն ու վարվելակերպը բռնություն չէ հասարակության ու պետության հանդեպ:
Բոլոր լրատվամիջոցներում կյանքի և օրվա հերոսները, խոսքի իրավունք ունեցողները քաղաքական դեմքերն են և, հիմնականում, նրանց մտքի գոհարները վերծանող քաղաքագետները:
Ի՞նչ է, ազգի առաջնորդները, ազգային ցավերով տառապողները միայն քաղաքական գործիչնե՞րն են, երևույթները միայն նրա՞նք կարող են վերլուծել,միայն նրա՞նց խոսքը կշիռ ունի: Չկա՞ն ժողովրդի կողմից ընդունված, գնահատված, վստահելի մարդիկ, արվեստի մարդիկ, ինչու՞ չի հնչում երիտասարդության խոսքը, ինչու՞ է անլսելի կյանքի բովերով անցած, փորձ ու իմաստնության տեր տարեցների ձայնը: Ինչու՞:
Ինչու՞ եթերներում-կայքերում չկան սովորական մահկանացու քաղաքացիներ, ինչու՞ չկան մանկավարժներ, հատկապես՝ հոգեբաններ և հոգևորականներ, նրանք էլ են, չէ՞, քաղաքացի, նրանք էլ տեսակետ ունեն, ասելիք կունենան: Կարելի է, չէ՞, մի քիչ շեղվել քաղաքական կեխտոտ քննարկումներից, մի քիչ հոգևոր դաշտ գալ, մի քիչ մարդակենտրոն դառնալ, մի քիչ սեր ու հարգանք բերել եթեր՝ հայրենիքի, բանակի, բարոյական-մշակութային-ընտանեկան արժեքների, Մարդու՛ հանդեպ:
Դե, իհարկե, մենք չունենք պատմություն, գիտություն, գրականություն, մենք ընդհանրապես մշակույթ չունենք: Մենք չունենք դաստիարակչական բացթողումներ, մարդ-սերունդ-քաղաքացի կրթելու խնդիր չունենք: Սա միայն իմ ցավը չէ: Այս ամենը նույնպես քաղաքականություն են, այս քաղաքականության հարցերն էլ ուշադրությա՛ն, քննարկմա՛ն, որակավորմա՜ն անհրաժեշտություն ունեն:
Ժամանակը, չգիտեմ, բայց որ մեր կյանքն իր շառավղից դուրս է սայթաքել, միանշանակ է:
Շատ են ասում՝ թացը չորի հետ են խառնում, չեմ կրկնում այս միտքը, ասելիքս կավարտեմ Սահյանական ձևակերպումով՝
Խառնվել են իրար խոյակներ ու խորան…
Մի քիչ վերհիշենք մեզ, մի քիչ հոգևորին վերադառնանք: Այդ դաշտը չչորացնենք, մինչև վերջ չամայացնենք: Առջևում դեռ դարեր ունենք անցնելու: Եվ երբեք չթողնենք նավը, ղեկը, լաստը:
Հ.Գ. իսկ քաղաքական աղտոտված ու ականապատված դաշտը մաքրման ու ականազերծման կարիք ունի:
Ճիշտ գնահատենք ժամանակը, որում հայտնվել ենք և թույլ չտանք, որ ա՛յս ժամանակն իր շավիղից դուրս սայթաքի:
Ժաննա Ղոչիկյան