Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Պուրիտանական հաղթանակների գինը...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Երբ մշակույթի արևը ցածր է, անգամ թզուկները մեծ ստվեր են ունենում»
(Wenn die Sonne der Kultur niedrig steht, werfen selbst Zwerge lange Schatten)
Կարլ Կրաուս
Համաշխարհային առաջընթացի արագությունը մեծացել է:
Այդպես, Մորգենշտերն բեմական կեղծանվամբ երգիչը մշակութային բևեռ է դարձել հազարավոր երիտասարդների համար, և այդ բևեռի ձգողականության ուժը տարածվել է նաև Հայաստանի վրա:
Սակայն օրերս «ազգային բարքերի մաքրության պահապանները» տոնեցին հաղթանակ. Մորգենշտերնի համերգը Հայաստանում չեղարկվեց՝ իրենց պայքարի շնորհիվ:
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ համացանցի դարում Մորգենշտերնի՝ Հայաստան գալ-չգալը չէ, որ պետք է հուզեր «հավատացյալներին»:
Հարց առաջին. եթե Հայաստանում բնակչության մեծամասնությունն ապրում է ՝ լիարժեք հետևելով Տասը պատվիրաններին, ապա Մորգենշտերնին լուրջ չէին վերաբերվի: Բայց, եթե Արարչին Հայաստանում պաշտում են միայն ծեսով, մոմով և հեթանոսական ավանդույթներով, «ինչ էլ անենք ՝ ներվելու ենք» հերձվածողական տրամաբանությամբ, ոչ թե հոգով և գործով, ապա Մորգենշտերնի դաջվածքը չէ, որ պետք է անհանգստություն պատճառեր հայ հոգևոր կյանքի մաքրության նախանձախնդիրների ճամբարում:
Որքան ուզեք ՝ քարոզեք ալկոհոլի վնասի մասին: Երիտասարդը հարբեցողության հետևանքները կգիտակցի միայն այն ժամանակ, երբ տեսնի ավտովթարի պատճառ դարձած հարբած վարորդի և նրա ընտանիքի անդամների դիակները: Ինչքան ցանկանաք՝ քարոզեք ծխախոտի վնասի մասին: Մինչև ամեն մի թաղամասում չլինի մի քանի անվճար մարզադահլիճ, ծխախոտի գլանակը երիտասարդների շրջանում չի վերանա:
Մորգենշտերնը, ժամանակին, վատ է արտահայտվել հայերի մասին, վիրավորել է:
Իսկ ի՞նչն է ավելի դժվար՝ արգելել, թե՞ աշխատել այդ մարդու հետ, դարձի բերել նրան՝ ծանոթացնելով հայկական մշակույթի հետ, ընկեր և բարեկամ դարձնելով: Ավելի դժվար է, չէ՞, հայրենակիցնե՛ր: Իսկ դժվարությունը գալիս է դրանից, որ մենք մեզ սովոր չենք ներկայացնել, «մատուցել» ըստ արժանվույն: Դժվարանում ենք բանակցել, հասկանալ օտարին: Ժամանակն է հասունանա՛լ, թե չէ «մեր դժբախտություններում ուրիշներն են մեղավոր» երգը դեռ երկար է երգվելու...:
Սակայն ո՞րն է Մորգենշտերնի նկատմամբ տարած թվացյալ պուրիտանական հաղթանակի գինը:
Անդրադառնանք պատմությանը: Հայն առերեսվել է, օրինակ, արաբների և մոնղոլների հետ: Արաբների և մոնղոլների հետ շփումներ են ունեցել նաև իսպանացիներն ու ռուսները: Արդյունքում հարստացել են թե՛ իսպանական, թե՛ ռուսական մշակույթները, կատարվել է «փորձի փոխանակում»՝ վարչական, կենցաղային, ռազմական, լեզվական, ճարտարապետական, գիտական մակարդակներով: Այդ ամենը չխանգարեց իսպանացուն փայլուն կերպով ավարտել Ռեկոնկիստան, իսկ ռուսին՝ թոթափել մոնղոլական լուծը:
Ի՞սկ ինչ է արել հայը:
Արաբական տիրապետության դեմ մաքառող ժողովուրդը, որը ծնել է «Դավիթ Սասունցի» էպոսը, մոնղոլական արշավանքների ժամանակ արդեն սպառել էր իր ամբողջ քաղաքական-ռազմական ներուժը: Իսկ հայկական մշակույթը ծվարել է վանքերում ՝ մագաղաթների էջերին՝ անվերջ արտագրությունների և դեպի հայերեն թարգմանությունների կապանքներում:
Սովորե՞լ արաբից հանրահաշիվ, զարգացնե՞լ այն: Մոնղոլի ռազմական արվեստն օգտագործե՞լ իր իսկ դեմ: Թարգմանե՞լ Նարեկացի և Խորենացի դեպի այլ լեզուներ: Ո՛չ, մերն ուրիշ է: Ո՞ւմ մտքով է անցել այդ ժամանակ պարծենալ սեփական մշակույթով օտարի առաջ: Ճիշտ է Խորենացին. «զանիմաստասէր բարս առաջնոցն մերոց նախնեացն»: Որտեղի՞ց այդ սառը լարվածությունն օտարի առաջ:
Հայկական մշակույթը հարձակողական չէ: Այդ նկատի ունի Դերենիկ Դեմիրճյանը «Հայը» էսսեում, երբ գրում է. «...իր կրօնը երբեք չի քարոզել ուրիշներին»:
Միայն կրո՞նը: Ո՛չ լեզուն, ո՛չ արվեստը: Հայկական մշակույթը նախընտրում է խուսանավել, փախչել ծառացող մարտահրավերներից: Կամ, շատ ավելի վատ ՝ հարմարվել: Բայց հայկական մշակույթն առերեսվում և առերեսվելու է նոր՝ այլ ազգերի, ինչպես նաև մշակութային ձուլման գլոբալիստական կաթսայի մարտահրավերներին: Ի՞նչ, կրկին արգելելո՞ւ է, փախչելո՞ւ է, հարմարվելո՞ւ է: Այդքան թու՞յլ է, այդքան վախկո՞տ:
Մեծ գործը պետք է սկսել փորք քայլից: Սոցցանցերում օգտատերերն սկսել են խելացի մտքեր արտահայտել՝ տառասխալներով՝ առանց սկզբնաղբյուրները հիշատակելու: Սկսե՛ք նշել ձեր խոսքում օգտագործած արտահայտությունների իսկական հեղինակներին, հետևե՛ք ձեր մտավոր հիգիենային:
Հասկանա՛նք, որ միայն Բախի կամ Մորգենշտերի երաժշտություն լսողը, «կա՛մ դուդուկ, կա՛մ ջազ» գաղափար դավանողը ծայրահեղական է և թույլ: Շատերի համար սարսափելի է թվում, որ կարելի է զուգահեռել Էմինեմի, Թուփակի կամ Ջոն Բոն Ջովիի երգերի և Մոցարտի № 23 դաշնամուրի կոնցերտի, Յ. Ս. Բախի դո-մինոր պրելյուդի, Սթենլի Մայերսի կավատինայի կամ Էդուարդ Էլգարի «Առեղծվածային վարիացիաների» ունկնդրումը: Քավ լիցի՛, դասականը մնում է դասական հենց այն պատճառով, որ ինքն է կանոններ թելադրում: Իսկ դասականի շիվերն այնքանով են կենսունակ, որքանով հետևում են այդ կանոններին:
«Ամէն ինչ ինձ արտօնուած է, բայց ոչ ամէն բան՝ օգտակար: Ամէն ինչ ինձ արտօնուած է, բայց պէտք չէ, որ որեւէ բանի իշխանութեան տակ լինեմ» (Պողոս առաքյալի Ա նամակը Կորնթացիներին, 6:12):
Բախը միշտ հաղթելու է Մորգենշտերնին, քանի որ ճշմարատության ծնողը ժամանակն է, ոչ թե հեղինակությունը (Ֆ. Բեկոն): Բայց կուռ մշակութային հենքն ընտանիքն է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիք (Մուրացան):
Եվ ահա սույն հոդվածի վերջին հարցերը. ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում հայկական ընտանիքը: Արյդո՞ք չունի բարեփոխումների սուր անհրաժեշտություն՝ մշակույթի հետ միասին:
Արմեն Գրիգորյան