Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Քաղաքական կրքերը հոգեբուժական հիվանդանոցում». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Տարօրինակ է, բայց դեռ երիտասարդ տարիներից չեմ սիրել գործնական քաղաքականության ասպարեզը: Լինելով գիտությանը և արվեստներին հետևող մարդ, միշտ անհեթեթ անհամապատասխանություն եմ տեսել ցանկացած քաղաքական գաղափարի և դրա պրակտիկ դրսևորման միջև:

Օրինակ, քիմիայում գրում ենք նյութերի փոխազդեցության բանաձևերը և լաբորատորիայում համապատասխան նյութերն իրար խառնելով, ստանում ճիշտ և ճիշտ սպասվող արդյունքը: Անատոմիայի ատլասներում ուսումնասիրում ենք նյարդի կամ արյունատար անոթների տեղագրությունը և նույնը տեսնում վիրահատության ժամանակ կամ դիահերձարանում, ամենաչնչին շեղումով:

Համաչափության կանոններն են գործում նաև գրականության, երաժշտության մեջ և կերպարվեստում:

Չսիրեցի քաղաքականությունը, որտեղ ոչ գիտություն կա, ոչ՝ արվեստ: Կա միայն պոռոտախոսություն, տգիտություն, խարդախություն: Եվ բացարձակապես ոչ մի աղերս տեսության և պրակտիկայի միջև:

Ուսանող ժամանակ շատ էի սիրում ընթերցել սոցիալիստական գրականության դասականների երկերը՝ Էնգելս, Պլեխանով, Ժորես, հիացած էի նրանց հումանիստական գաղափարներով և գրական ձիրքով, սակայն, նայելով շուրջս, տեսնում էի մինչև վերջին կոճակը կոճկած, թղթապանակը թևերի տակ դրած կոմսոմոլ-կարիերիստներին՝ միջակ ինտելեկտով և միօրինակ էմոցիաներով:

Ես շուտ հիասթափվեցի «պրակտիկ» քաղաքականությունից և ամբողջապես նվիրվեցի իմ մասնագիտական աշխարհին: Իսկ հոգեբուժական գիտության աշխարհն այնքան անեզր էր, մեր սերնդի երիտասարդ մասնագետների հետաքրքրություններն այնքան ինքնամոռաց, որ պարզապես հերթ չէր հասնում քաղաքական կամ ազգային-հայրենասիրական թեմաներով բանավեճերին:

Երիտասարդ հոգեբույժների 80-ականների սերունդը բացառիկ էր իր ընթերցասիրությամբ, պրպտելու, նորը, առաջավորը կլանելու կրքով, նաև՝ յուրօրինակ էքսպերիմենտների ենթարկվելու, ինքներս մեզ ճանաչելու ձգտումով:

86-ին, թե 87-ին էր, ետդիպլոմային կլինիկական օրդինատուրայում էինք իմ ընկեր, դոկտոր Դավիթ Միրիջանյանի հետ: Մի զրույցի ընթացքում Դավիթը տարակուսանք հայտնեց, թե հետաքրքիր է, ինչպե՞ս են մարդիկ դեղորայքի ազդեցության տակ բացվում, գաղտնիքները ջրի երես հանում: Որոշեցինք բոլորից ծածուկ մի էքսպերիմենտ կատարել ինքներս մեզ վրա, այդ երևույթը հասկանալու համար:

Իբրև «վկա» հրավիրեցինք մեր մյուս գործընկերոջը՝ Արա Չալիկյանին, իսկ որպես էքսպերիմենտի ղեկավար՝ դոցենտ Ադա Թադևոսյանին: Վերջինս շատ ընկերական էր, բարեհոգի և գաղտնապահ. համոզված էինք, որ Ադա Սեմյոնովնան որևէ մեկին չի պատմի փորձի արդյունքների մասին: Իբրև անմիջական «փորձարար» կանչեցինք հիվանդանոցի գլխավոր բուժակ Սիրաքին: Էքսպերիմենտը կոչվում էր ամիտալ-կոֆեինային ապարգելակում: Միջմկանային ներարկում են կոֆեին, ապա ներերակային դանդաղ հոսքով՝ մեկ այլ լուծույթ:

Ինչպես ալկոհոլային հարբածության ժամանակ է մարդու հոգեաշխարհի «աստառը երես դառնում», նույնն էլ դիտվում է այս դեպքում, միայն թե հաշված րոպեների ընթացքում: Դոկտոր Միրիջանյանը, որը կյանքում էլ պարզ, շիտակ տղա էր, սկսեց խոսել. «վայ, ես էս Սովետի խաբեբա մայրիկը..., վայ, սրանց էժան, ողորմելի ագիտացիան...» և այս տեսակ բաներ: Ադա Սեմյոնովնան, երևի զգուշանալով, թե ինչ, Սիրաքին կարգադրեց դադարեցնել ներարկումը: Անցան ինձ: Փորձի առաջին րոպեին ինձ թվաց, թե միանգամից մի տակառ գինի եմ խմել և լռում էի:

- Դե, խոսիր տեսնենք, գաղտնիքներդ բաց արա,- կիսակատակ ինձ դիմեց դոցենտ Թադևոսյանը իրեն հատուկ սիրալիր ժպիտով:

- Ի՞նչ ասեմ,- ուսերս թոթվեցի,- ես հավատարիմ եմ մնում մարքսիզմ-լենինիզմի ուսմունքին, այն հումանիստական գաղափարներին, որոնց մասին գրել են Էնգելսը, Պլեխանովը, Ժան Ժորեսը, որոնց շնորհիվ մարդկությունը կարողացել է ...

- Դադարեցրու ներարկումը,- նորից կարգադրեց Սիրաքին, ապա ծիծաղելով շարունակեց,- չէ տղաներ, դուք քաղաքականության համար պիտանի չեք ...

Այդ օրվանից վերջնականապես ատեցի «պոլիտիկան»: Բայց ի՞նչ կարող ես անել: Ասում են՝ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, նա է քեզնով զբաղվում:

88-ի մայիսին էր. բուժական գործի հետ մեկտեղ դասավանդում էի նաև ապագա բժիշկներին, իբրև պրոֆեսորի ասիստենտ: Մի օր հոգեբուժության ամբիոնի պրոֆեսորը՝ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, ինձ կանչեց իր առանձնասենյակը և ցույց տվեց մի գրություն: Երկարաշունչ նամակ էր՝ գրված բաժանմունքի հիվանդներից մեկի կողմից:

Ահա մի հատվածը:

«Սիրելի հայրենասեր-հայրենակից, ընկեր պրոֆեսոր Վահան Օգանեսովիչ Հովհաննիսյան ջան: Հայտնում եմ Ձեզ, որ քանի որ վաղվա միտինգը շատ կարևոր է մեր ազգի ճակատագրի համար, ուրեմն, նախապես հայտնում եմ Ձեզ, պրոֆեսոր ջան, որ վաղվանից այլևս ոչ մի դեղորայք չեմ ընդունելու...»:

Այս տղային հիվանդանոց էին ընդունել սուր խելացնոր վիճակում, և բուժման շնորհիվ դրական տեղաշարժ կար: Պրոֆեսորն ինձ խնդրեց, որ զբաղվեմ հիվանդին մտահոգող խնդրով: Երկար զրուցեցի հետը, նախ հիացմունք հայտնելով իր հայրենասիրության առթիվ: Ապա բացատրեցի, որ, եթե ուզում է ազգին օգտակար լինել, ապա պիտի դուրս գրվի լրիվ ապաքինված վիճակում, մինչդեռ մեկ օրով անգամ բուժումն ընդհատելը զուր պիտի ձգձգի իր հիվանդանոցում գտնվելու ժամանակը: Հիվանդը զգալիորեն խաղաղվեց, ուշադրությունը տեղափոխելով այլ թեմայի վրա: Միժամանակ, միջին բուժանձնակազմին զգուշացրի, որ հիվանդի նկատմամբ ուշադրությունը (հսկողությունը) ավելացվի (փախուստի վտանգ և այլն. անգուշակելի է հոգեկան հիվանդի վարքագիծը):

Այդ շրջանում դասավանդում էի արտերկրի հայ ուսանողներին (որքան հիշում եմ, նույն խմբի մեջ էր նաև շնորհալի ուսանող Դավթյան Սեդրակը, որը հետագայում հայտնի դարձավ շոուբիզնեսի ասպարեզում՝ Դիջեյ Սեդրակ անունով): Սփյուռքի ուսանողները, որոնք եկել էին հիմնականում Սիրիայից, Իրանից, Լիբանանից, Իրաքից, կանոնավոր կերպով դասերից փախչում էին, գնում միտինգների, ապա հաջորդ դասին գալիս ու սկսում միմյանց հետ տաք-տաք վիճել.

- Եղբայր, բայց եռագույնը ինչո՞ւ պարզեր ես:

- Պիտի պարզեմ, հանցա՞նք է ըրածս: Ամենը պիտի տեսնեն եռագույնը...

- Դուն շիտակը ըսե, ուզածդ ի՞նչ է ...

Ահա այս տեսակ բաներ էին խոսում, որոնք ինձ համար հասկանալի չէին բացարձակապես:

Իսկ ես փորձում էի խաղաղեցնել և հորդորել, որ դասերը չթողնեն, որովհետև այն, ինչը հիմա պիտի սովորեն հոգեբուժության մասին, հետագայում այլևս առիթ չեն ունենալու:

Հետագայում ողջ ազգը դարձավ քաղաքագետ ու վերլուծող: Իսկ հոգեբուժական շատ ֆենոմեններ սկսեցին ի հայտ գալ արդեն հիվանդանոցի պատերից դուրս:

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ