Աթենքի
համալսա-
րանի քաղա-
քագիտության
և պետական
կառավարման
ֆակուլտետի
շրջանավարտ:
Բանա-
ստեղծ,
արձակա-
գիր:
«Քաղաքում...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
... Անհյուրընկալ, գարշահոտությամբ լի, նեղ մուտքով մտան շենք: Աբոն երկու մեծ պայուսակ՝ «սումկա», էր տանում՝ մեկում՝ կարտոֆիլ, մյուսում՝ միրգ: Աբոյի կինը՝ ջլապինդ, կարճահասակ Վարդուհին, ևս երկու, ավելի մեծ, պայուսակ էր բռնել: Դրանցում տնական կոտլետներ էին, եփած հավ, գրքեր, անկողնային պարագաներ ...
Տեսության էին եկել ուսանողուհի դստեր մոտ՝ Մասիվ: Դուստրը՝ Մանեն, մեկ այլ ուսանող աղջկա հետ արդեն երկու տարի վարձակալում էր մեկ սենյականոց բնակարան՝ անհրապույր և անճաշակ չորս հարկանի շենքի երրրորդ հարկում: Բնակարանում ջեռուցում չկար, ինչպես նաև գոյություն չուներ լվացքի մեքենա: Տանտիրուհին՝ գեր, նոսր մազերով, անորոշ տարիքի և բարքի մի կին, անունով՝ Իսկուհի, այսպես էր բացատրել լվացքի մեքենայի բացակայությունը.
- Վարձով եմ տալիս էս տունը: Հաջորդ վարձակալին որքա՞ն դուր կգա, որ իրենից առաջ մեկն իր շորերը նույն լվացքի մեքենայում ա լվացել:
Աբոն և Վարդուհին չկարողացան առարկել այդ տրամաբանությանը:
... Այսօր ուրբաթ էր: Առավոտյան հին և բազմաչարչար «Օփելով» Աբոն և Վարդուհին եկել էին Քաղաք՝ միրգ-բանջարեղեն վաճառելու: Ամբողջ օրն անցավ արևի տակ՝ սրան-դրա համար զեղչ անելով: Երեկոյան մի-երկու կոպեկ փող էր հավաքվել Մանեի առօրյա ծախսերի համար: Ժամը վեցից հետո ամուսիններն ընդհատել են առևտուրը, նստել մեքենա և եկել Մասիվ: Երկու տարի էր, ինչ Մանեն այդտեղ էր ապրում, բայց այդպես էլ պարզ չէր, թե ո՞ր Մասիվն է: Փոստի աշխատողը պնդում էր, որ Առաջինն է: Շենքի բնակիչները հավատացած էին, որ ապրում են Երկրորդ մասիվում: Իսկ ահա թաղապետարանից մեկը կարծում էր, թե՝ Երրորդ մասիվն է: Միով բանիվ, չկար միակարծություն այդ թեմայով, քանի որ շահ չկար այդ թեմայից:
... Մթության մեջ ամուսինները բաձրանում էին շենքի աստիճաններով: Մի տղամարդ արագ իջավ-անցավ Աբոյի կողքով՝ Վարդուհուն թեթև հրելով: Աբոն բարևեց: Տղամարդը բարևը չառավ, ճանապարհը շարունակեց: «Հետո մեզ կասեն՝ գյուղից են եկել: Տո դու՞ք երբ եք քաղաքավարի դարձել, որ մենք չենք իմացել», - մտածեց Աբոն:
Հասան բնակարանի դռան մոտ: Պայուսակները գետնին դնելով՝ շունչ քաշեցին, Աբոն զանգի կոճակը սեղմեց:
... Խոհանուցում, վաթսուն վատտանոց լամպի լույսի ներքո, Վարդուհին սեղանին է շարում աղջկա համար բերած նվերները.
- Էս ձեզ կարտոշկա, էս ձեզ կոտլետ, - թվարկում է Վարդուհին՝ բավարարություն զգալով այն բանի համար, որ ի վիճակի է քաղաքում ուսանող երեխա պահել ու դեռ Մանեի հետ ապրող մյուս աղջիկ-ուսանողին օգնել: Մյուս աղջկա գործն ավելի է դժվար՝ համեստ երեխա է, մի կորած տեղից: Քաղաք հասնելու համար չորս ժամվա ճանապարհ է պահանջվում՝ զառիվեր լեռնային ճանապարհներով: Այդ պատճառով Վարդուհին աշխատում է այնպես անել, որպեսզի մյուս աղջիկը՝ Լիլիթը, նույնպես իրեն վատ չզգա.
- Լիլի՛թ ջան, մոտ արի՛, նայի՛ր՝ սրանից ուտու՞մ ես: Հատուկ քեզ համար ենք բերել:
Աբոն՝ աթոռին նստած, հետևում է կնոջը, աղջիկներին: Մեղքն ի՞նչ թաքցնի՝ տղա էր ուզում: Երեք աղջիկ ուներ Աբոն, և երբ ծնվեց ամենափոքրը՝ Մանեն, Աբոն տխրեց: Թեև շատ բան չուներ թողնելու, բայց տղա ժառանգ էր ուզում: Ինչևէ... Տղա ժառանգի մասին մտորումները հիշեցրել են ավտոմեքենայի անսարքության մասին:
- Այ Վարդու՛շ, շուտ արա՛, շուտ դուրս գանք, որ ճանապարհին չմնանք գիշերվա կեսին, - ասում է Աբոն և վհատված զննում խոհանոցի հին պատուհանները, որոնք սառը օդ էին ներս թողնում բնակարան աշնանը, ձմռանը և գարնանը:
- Միայն էս տարի անցած ձմեռվա պես թո՛ղ չլինի, - ասում է Աբոն Մանեին, - թե չէ էն ի՞նչ էր... Էդքան փող գնաց հոսանքին:
- Պապ ջա՛ն, որոշել ենք Լիլիթի հետ էս տունը թողնել, ուրիշ տուն ման գալ,-– անհարկի զվարթ ձայնով ասում է Մանեն:
- Ո՞նց, այ բալա՛, - միաձայն զարմանում են Աբոն և Վարդուհին:
- Դե, սառն ա էս տունը, պապ ջա՛ն, կանգառից հեռու ա, համալսարանից հեռու, հարմար տուն չի, - պատասխանում է Մանեն:
Վարդուհին նկատում է, որ այդ պահին Լիլիթն աշխատում է չնայել իրենց կողմը: Իսկապես, երկու տարուց հետո հասկացա՞ն, որ համալսարանից հեռու է...
- Բա փո՞ղը, Մանե ջա՛ն, բա կանխավճա՞րը, դեպոզիտը՞, - սրտացավ է լինում Աբոն:
- Դե, չասեցի՝ հենց հիմա, դեռ ժամանակ կա: Մենք աշխատանք ենք ման գալիս Լիլիթի հետ, - վստահ հայտարարում է Մանեն, - ստեղ, դե գիտեք՝ մեծ քաղաք ա, ամենափոքր աշխատավարձը թեկուզ կհերիքի տան վարձին:
- Բա դասերը՞, - հարցնում է Վարդուհին:
- Դասերին չի խանգարի: Դե, մասնակի զբաղվածությամբ գործ կա, բացի այդ՝ ինտերնետով կարելի է աշխատել հենց տնից:
Աբոն նայում է պատի ժամացույցին: Նախնադարյան սովետական ժամացույց է՝ «Մայակ»՝ հռոմեական թվերով: Տան վիճակին համապատասխան՝ հին, գունաթափ, տեղից պոկվող մանրահատակ, ժամանակից մգացած պաստառներ, ութսունական թվականների բյուրեղաջահ...
- Գնացի՛նք, Վարդուշ, - ասում է Աբոն և տեղից վերկենում:
Լիլիթը՝ կիսաձայն. «Վայ՛, մոռացա, պիտի մի հատ ընկերուհուս վերազանգեմ» և դուրս է գալիս խոհանոցից՝ եկել է գումար փոխանցելու պահը: Աբոն շալվարի գրպանից հանում է վաթսուն հազար դրամ, տալիս է Մանեին, շոյում է դստեր գլուխը և համբուրում ճակատը. «Դե, Մանե ջա՛ն, բարով մնա՛ս, տանտիրուհու փողը հաջորդ անգամ կբերենք»: Վարդուհին գրկում է Մանեին, թեթև արտասվում, ապա քսանհազարանոց է տալիս. «Պապան չգիտի, քեզ համար էի պահել»:
Կրկին մութ միջանցքներ, գարշահոտ մուտք... Քանդված, փոսակերտ ճանապարհ, ինքն իրեն հպարտորեն պողոտա անվանող միջակ խճուղի, Քաղաքի կենտրոն՝ չափի մեջ լուսավոր, արվարձաններից այնպիսի ցայտուն կերպով տարբերվող, որ թվում է, թե կենտրոնաբնակներն այլ կյանքում են ապրում, արվարձանաբնակները՝ այլ: Եվ չեն հատվում նրանց կենսական հարթությունները, այդպես է թվում:
Իսկ Մասիվի վարձակալված մեկ սենյականոց բնակարանում մի օրիորդ պատրաստվում է երեկոյան զբոսանքի իր զուգընկերոջ հետ: Զուգընկերն արդեն զանգահարել է՝ տեղում կլինի մի կես ժամից:
- Կցայվե՛ս, կյանք, - քմծիծաղ տալով՝ ավարտում է նա իր հեռախոսազրույցը:
«Կցայվե՛ս» նշանակում է, որ այսօր գնալու են հյուրանոց... Այդ պատճառով Մանեն հիմա բաղնիքում է, իսկ Լիլիթը խոհանոցում, սեղանի մոտ, մտածում է մոտ ապագայի մասին: Բանը դրանում է, որ վերջին անգամ, մեկ շաբաթ առաջ, Մանեի զուգընկերը որոշել էր Մանեին ուղեկցել մինչև բնակարան, ապա, հարբած լինելով և ի վիճակի չլինելով ինքն իրեն կառավարելու, հենց մուտքի դռան մոտ ստիպել էր Մանեին սեքսով զբաղվել իր հետ: Այդ նախաձեռնությունից առաջացած աղմուկն ու ձայները հարևանների համար անսպասելի էին և հանգեցրին դրան, որ տանտիրուհին տեղյակ դարձավ իր բնակարանում տիրող անցուդարձին: Մանեին և Լիլիթին առաջարկ եղավ. մեկ ամսվա մեջ ազատել բնակարանը: Այնպես չէ, որ ինքը՝ տիկին Իսկուհին, ամբողջ կյանքն առաքինության և պարկեշտության օրինակ էր: Նույն հարևանները կարող էին շատ պատմություններ հիշել նաև տիկին Իսկուհու անցյալի մասին, սակայն Մանեն և Լիլիթն էին ապրում տիկին Իսկուհու տանը, ոչ թե՝ հակառակը:
Եվ այդպես, Լիլիթը ստիպված էր Մանեի սիրածի պատճառով, դասերից բացի, մտածել նաև գալիք տեղափոխության մասին...
Մանեն արդեն դուրս էր եկել բաղնիքից, երբ զանգ եկավ՝ ընկերը մեքենայում սպասում էր:
- Լիլ ջա՛ն, ես իջա, ուշոտ կգամ, մի սպասի՛ր, - ընկերուհուն հրաժեշտ տվեց Մանեն և, գետնանցումում գնված ֆրանսիական օծանելիքից հընթացս իր վրա ցանելով, անհայտացավ:
- Էկա՞ր, ազիզ, - ողջունեց Մանեին ընկերը, - էսօր գիտե՞ս՝ ինչ տեղ ենք գնալու: Քաղաքից դուրս՝ ձորում, նոր ռեստորան ա բացվել, սաունա կա մեջը:
- Ստյոպ ջա՛ն, մի խնդրանք ունեմ, եթե կարող ես օգնել..., - ձայնին հնարավորին չափ տխուր երանգ տալու ճիգ գործադրելով՝ ասաց Մանեն:
- Ի՞նչ ա եղել, քաղցր, – հարցրեց ընկերը:
- Ստյոպ ջա՛ն, տունն ուզում ենք փոխել, մի երկու հարյուր հազար փող ա պետք՝ կանխավճար, երկու ամսվա փող... Դե, գիտես:
- Չէ, չգիտեմ, ես սեփական տանն եմ ապրում, - սեփական կատակից ուրախ և կուշտ ծիծաղեց Ստյոպան, - հա, դե դա տուն չի: Դու չէի՞ր ասում, որ էս վերջին ձմեռը քսան հատ վառարան եք վառել, որ տաքանաք:
- Հա, տենց էր հենց:
- Նայի՛, հիմա չկա մոտս էդքան, բայց պապայից կուզեմ էս քանի օրը:
- Վայ՛, Ստյոպ ջան, ապրե՛ս...
- Դե, էրկու հարյուր հազար չեմ կարա ուզեմ, բայց մի հարյուր-հարյուր քսան կտա հաստատ:
- Թեկուզ էդքան:
- Լավ, եղավ: Հըլա քեզնից պատմի՛, կուրսի տղեքը իրանց լա՞վ են պահում...
Սև գույնի գերմանական ամենագնացը սլանում էր Քաղաքից դեպի հյուսիս տանող մայրուղով: Այնքան արագ, որ ո՛չ վարորդը, ո՛չ վարորդի կողքի նստած աղջիկը չնկատեցին ճանապարհի եզրին մուգ կապույտ Օփելը: Աբոյի մեքենան էր՝ փչացել էր…
* Ձևավորման համար օգտագործվել է նկարիչ Պետո Պողոսյանի աշխատանքը:
Արմեն Գրիգորյան