Նուշիկ Միքայելյան
Նուշիկ Միքայելյան

 

Իմ ծննդյան

օրից՝

մինչև 21

տարեկան,

ապրել եմ

Հալեպում:

21-ից՝ մինչ

օրս,

Երևանում եմ...

 

Երգել

սիրում էի,

սակայն

շատ

ավելի

լավ

գրում էի:

Բայց

քանի որ

ավելի վատ

երգում էի՝

քան գրում,

ավարտեցի

Կոմիտասի

անվան

պետական

երաժշտանոցի

վոկալ

բաժինը:

 

Սակայն,

միևնույն է՝

մնացի գրող...

 

 

 

«Քեզ սիրեցի...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

ՔԵԶ ՍԻՐԵՑԻ

Ինչպես պտղի մաշկն է գրկում պտղին՝ քեզ սիրեցի...
Ինչպես լույսը ՝ առավոտին,
Ինչպես ծովը՝ կետին...

Եվ սրտիս տակ կակաչների գույնը պահած,
Մերթ՝ շնչասպառ,
Մերթ՝ անպատկա՛ռ քեզ սիրեցի...

Քեզ սիրեցի բառի նման,
Որը չունի հոմանիշը,
Քարի նման՝ որի կողից ես ծաղկեցի՜,
Պատի՜ նման՝ որի վրա կարոտները իմ մամռեցին,
Ստի՜ նման՝
Որը հաճախ իմ մեղքերից փրկել է ի՛նձ...

Քեզ սիրեցի՝
Այնպես,ինչպես չսիրեցի ես ո՜չ մեկին,
Այնպես ինչպես երթը կորցրած խելագարը՝ նստած ղեկին,
Ինչպես զոհը՝ կառչած տեգին,
Ինչպես բույրը խնձորենու՝
օրվա ծեգին...

Եվ ամենը ինչ գրեցի,
Եվ ամենն ինչ դեռ կգրեմ,
Նվիրեցի, կնվիրեմ
Քե՜զ՝
Իմ ցավի, իմ հրճվանքի,
Ինձ մե՜կ անգամ տրված կյանքի ստորգիր,
Որի դիմաց սի՛րտս եմ նետել
Որպես շնչող մի օրագիր,
Որտեղ Սե՛րն է վերնագիրը,
Մնացածը՝
Չվերծանվա՜ծ,
Չկարդացված
Մի ձեռագիր...

2019 թ.

ՊԻՏԻ ԳՆԱՍ...

Պիտի գնաս,
երբ գիշերը առաջվա պես
կարճ չի թվում,
և երբ պահը՝ ահ է, կախված առաստաղից.
Շիկացման լամպ, որն այրվել՝ ու չի վառվում...

Պիտի գնաս,
Երբ կանգնած ես մեն միայնակ՝ անդաստանում,
Ուր հասկերը պրկված ու ձիգ՝
Հովերի հետ չեն օրորվում,
Քո այցի հետ չեն շորորվում
Քո կայծի հետ չեն բռնկվում...

Պիտի գնաս,
Երբ սեղանիդ թափված գինին՝
Ո՛չ թե ճիչն է խաղողենու,
կամ երազդ՝ տասնապատկված՝ հատիկներում,
Այլ սփռոցի վրա դաջված՝
Չանհետացող կարմիր բիծ է...

Պիտի գնաս,
Երբ բառերիդ ձեռքերի մեջ, ձեռքերը քո չեն մերկանում,
Տարիքդ չի ըմբոստանում
Ու չի լարվում քո մանկության խաղալիքը,
Որի երգը տոնն էր սրտիդ,
Ու հրճվանքիդ եռապտույտ, զրնգաձայն հին բանալին...

Պիտի գնաս,
Երբ քո տաշած, մաշած նավին,
Ձկնորսների ուռկանը՝ սին,
Իսկ նավաստին՝ գլխահակ է...

Պիտի գնաս,
Երբ քո բեմին ուղղված ծափերն անրջա՜նք են,
Խոնարհումդ՝ փառքի պատրանք,
Խաղդ՝ թույլ ու անարձագանք...

Պիտի գնաս,
Երբ ամենաշա՛տն ես մնալ դու ցանկանում,
Երբ ամենից քիչն ես ցանում,
Վեր ելնում՝ բայց չես բարձրանում...

Պիտի գնաս՝
Բոցից զատված ծխի նման՝
Պարույրի՛ պես...
Պիտի գնաս,
Լուսավորած՝ հուրը մարած խարույկի՜ պես...

Պիտի գնաս ժամանակի՛ն,
Մեջքդ շիտակ՝ նստած թամբին,՛
Կյանքի սանձով՝ խփած կյանքի՛ն,
Հոգնակիից հոգնած ճամբին
Նետած հետքդ՝ այն եզակին՝
Որի կյանքը շիկացման լամպ՝
ճառագայթը՝ ձե՛ռքդ է
Մեկնած տիեզերքին:

2018 թ.

 

Նուշիկ Միքայելյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ