Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Քրոնիկոն...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Փիլիսոփան ասում է. «Այն պատկերացումները, որ մենք ձեռք ենք բերում ուշադրության միջոցով, մեր ներսում շարժման մեջ ենք դնում երևակայության ուժի օգնությամբ»։

Եթե ջրի ծորակը բացում ես ջուր խմելու, կամ մեկ ուրիշ բանի համար, ծորակը փակում ես, երբ այլևս դրա պետքը չունես: Կամ, ասենք, լույսն ես վառեում, արդուկ կամ հեռուստացույց ես միացնում, կամ էլի մեկ ուրիշ սարք՝ հարևանի տուն նարդի խաղալու երկարաժամկետ գնալիս, տնից դուրս գալիս՝ անջատում ես: Ու նաև՝ որևէ մի պահարանի դուռ ես բացել՝ փակում ես: Մարդիկ, սովորաբար, անջատվող բաներն անջատում են, բացած դռները՝ փակում և այլն։

Դրանք արվում են ուշադրության և երևակայության ուժի միջոցով, ինչպես փիլիսոփան է ասում։

Բայց արի ու տես, որ կնոջս մոտ չի ստացվում։

Որ ասեմ ուշադրության պակաս ունի՝ սխալ կլինի։ Նա այնքան ուշադիր է ամեն ինչում՝ իր բարեկամների, ընկերների, հարևանների նկատմամբ, այնքան ուշադիր է ամեն մի մանրուքի դեպքում, որ էլ ասելու չի, խելքն իրենը չի։ Մի խոսքով, ոչինչ իր աչքից չի վրիպում։ Սպիտակ անձեռոցիկի վրա էլ սխալներ կգտնի։ Տեղով սրբագրիչ ու խմբագիր։

Զորօրինակ, եթե նստած է իր համակարգչի առաջ և զուգահեռ նաև աչքի պոչով ինչ-որ հաղորդում է լսում ու նայում, ապա նրա ուշադրությունից չեն վրիպի անգամ վազող տողով ընթացող լուրերի մեջ բաց թողնված տառասխալները։

Ձայն կտա. «Վա՜յ, մամա ջան, էսքան էլ սխա՞լ երկու կարճ տող լուրի մեջ, ո՞նց կլինի ախր», - ասում է, - «բ-փ-ի ուղղագրությունը չգիտեն, մի տեղ գ-ի փոխարեն ք են գրել, էս քեզ երկու տառասխալ ու մի երկու էլ կետադրական նշաններ»։

Դե, չշարունակեմ, կարծում եմ համոզվեցիք, որ շատ ուշադիր է ամեն ինչում։ Բայց դե, ջրի ծորակը օգտագործելուց հետո չի փակի, կամ՝ լավ չի փակի, կկաթկթա: Կարդարանա.

- Ձեռքիս ուժը չի հերիքում։

Էլեկտրական սարքերը վերջում  կմոռանա անջատել, հեռախսով խոսելուց էլի վերջում կմոռանա անջատել, վերցրածը տեղը չի դնի, մենակ ինքը չէ՝ տղաս էլ նույնը, մի խոսքով, չերկարացնեմ, այդպես էլ ապրում ենք։

Իսկ ես, ստիպված, շատ ուշադիր եմ ամեն ինչում, ընտելացել եմ ճարահատյալ։ Ինչին իրենք ձեռք են տալիս, ես իրենց հետևից գնում՝ անմիջապես լույսն եմ անջատում, հեռախոսը, արդուկը, և մնացած բոլոր բաները, վերցրած իրն իր տեղն եմ դնում։

Ասեմ, որ իմ քրտնաջան հետևողականության շնորհիվ կոմունալ ծախսերս բավականին թեևանում են՝ քսան-քսաներկու տոկոսով։

Լեզուն մարդու երևակայության ուժի ամենաընդարձակ ստեղծագործությունն է։ Էդ հանգամանքից ելնելով, մենք երբեմն լեզվակռվի մեջ ենք մտնում, զոռ տալիս մեր լեզվի ամենաընդարձակ երևակայությամբ, բայց շատ շուտ մեզ հավաքում ենք, հանդարտվում ու մոռանում պատճառների մասին ու բանը դիվանբաշուն չենք հասցնում։

Երբեմն սկսված լեզվակռիվը վեր ենք ածում գրական այս կամ այն ողբերգություններից մեջբերումներ կարդալուն։ Իհարկե, փոխաբերական իմաստով և հենց էնպես փոփոխության իմաստով, մի բան հասկացնելու, մեր մտքինը ասելու, թե ինչի՞ կարող է հանգեցնել մեր հաճախակի լեզվակռիվը։

Ահա, հերթական անգամ ձեռքս եմ վերցնում Շեքսպիրի քրոնիկոնից «Ռիչարդ երկրորդը» ու սկսում կարդալ.

- Տիկինը զինված պատրա՞ստ է։

Պատասխանում է.

- Այո, պատրաստ է, և խիստ փափագ է մարտադաշտ նետվել։

Ես կարդում եմ.

- Ախոյանները լրիվ պատրաստ են այս դատամարտին։

Այս նախադասությունից հետո կինս չթողեց շարունակեմ, նա կտրուկ անցավ բալլադներին։ Սկսեց Պուշկինից։

Դե գիտեք, թե բալլադների հիմքում ինչ է դրված՝ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Որտեղ գործողությունը հաճախ իրական աշխարհից և միանգամից իրականությունից տեղափոխվում է երևակայության ոլորտ։

Հասկացա, որ մեր այս ռոմանտիկ խոսքուզրույցը կարող է անցնել այլ թատերաբեմ, որտեղ շատ հաճախ հանդես են գալիս ուրվականներ, կենդանացվող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ։ Ես այստեղ հասկացա, թե ինչով այն կավարտվի՝ շարունակելու դեպքում։

Շեքսպիրի քրոնիկոնները փակեցի ու անցա Թումանյանի քառյակներին, որ ցույց տամ, թե արդեն ո՞ւր եմ հասել իմ վիճակով։

«…Վերջացա՜վ.

Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.

Ինչ հույս արի՝ փուչ էլավ,

Ինչ խնդություն՝ վերջը ցա՜վ…»։

Կինս էլ իր հերթին անցավ Տերյանի քնարական բանաստեղծություններին։ Սկսեց մթնշաղի անուրջներից։ Դե, մթնշաղն իրիկնամուտն է, իրիկնաժամի թեթև աղջամուղջը, ավարտվող լույսի և սկսվող լույսի պահը, երբ երազներով տարված հաճելի է զբոսնել։ Անուրջը երազանք է, տեսիլքը, երևակայության մեջ ընկնելու պահը, երանելի փափագելի զգացողությունների շուրջ լուռ մտորելը։

Արտասանում է.

«…Սարի հետևում շողերը մեռան,

Անուշ դաշտերը պատեց կապուտ մեգ.

Տխուր երեկոն զարկել է վրան.

Սիրտս կարոտով կանչում է քեզ, ե՜կ…»։

Հենց անցավ տերյանական այս քնարական բանաստեղծությունը, հասկացա, որ հաշտվելու պահն է և ինձ ոչինչ չէր մնում, քան հաշտության ձեռք մեկնել։ Կինս, որ ասում էր, թե իր ձեռքի ուժը չի պատում ջրի ծորակը լավ փակելու համար, չէ՞, մի այնպիսի ուժով սեղմեց ձեռքս, որ ես ցավից մղկտացի, զգացի, որ ձեռքիս ոսկորները ճաքեր տվեցին, բայց պոլիկլինիկա վազելու, այնտեղ մատներիս ոսկորները գիպսապատելու մտքից կտրուկ հրաժարվեցի, այլապես այնտեղ ոստիկանություն կզանգեն, ոստիկանն էլ կգա, բացատրություններ կպահանջի՝ ինչպես, որտեղ, ի՞նչ առիթով, ո՞վ՝ ո՞ւմ։

Մի խոսքով, արձանագրություն կկազմի, կարձանագրի որպես ընտանեական բռնության փորձ կատարողի։

Իսկ ոստիկանությունում այլ բարքեր են, գիտե՛ք։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ