Ռուդոլֆի «ՎԵՐԱԴԱՐՁԸ» Երևան...
«Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործության ամենազարմանալի կողմերից մեկն այն է, որ նա փաստորեն չի սովորել նկարել, այլ վերցնելով մատիտը, անմիջապես դրսևորել է իրեն որպես հասուն նկարիչ: Դա ակնհայտ է նրա՝ պահպանված սակավաթիվ մանկական գծանկարներում և պատանեկան տարիների աշխատանքներում... նա իր մեջ կրում էր ոչ միայն անցյալի մեծ գծանկարիչների վարպետությունը, այլև՝ նրանց աշխարհընկալումը». գրում է մշակութաբան, գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը՝ «Ռուդոլֆ Խաչատրյանի երեք պատկերագրական սկզբունքները» հրաշալի տեքստում, որը զետեղվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացված «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրության առթիվ հրատարակված պատկերագրքում:
Մահվանից տասը տարի անց Ռուդոլֆ Խաչատրյան նկարիչը, որն իր ծննդյան 80-ամյակը կարող էր տոնել իր մերձավորների կողքին, իր սիրելի քաղաք՝ Երևան է «վերադառնում» ոչ թե իր անձի պատվելի ներկայությամբ, այլ իր ստեղծագործությունների 34 ընտրյալ աշխատանքների ցուցադրությունով: Գեղանկար, քանդակ, գծանկար՝ ծանոթ ու անծանոթ անկրկնելի դրսևորումներ, որոնք երևանյան ամենասիրված վայրերից մեկը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահը լցնում են Ռուդոլֆի գույներով, Ռուդոլֆի մտածողությամբ, պատկերներով, արվեստային ուղերձներով, ժամանակի ու տարածության նրա մեկնություններով:
Սիրելի նկարիչը «վերադառնում» է իր մանկության ու պատանեկության, իր ծննդի ու առաջին քայլերի, իր երազների ու իրականության, իր ձեռքբերածի ու տվածի քաղաք՝ մտերիմների՝ երևանյան սերուցքի հետ նշելու ծննդյան օրը, խորհելու անցյալի ու տարիների շուրջ, խոսելու արվեստի մասին՝ թողնելով ապագայի մտորումներ: «Վերադառնում է» դստեր՝ Մոկո Խաչատրյանի, Ռուդոլֆի արվեստի նվիրյալների նախանձախնդիր ջանքերով՝ բացելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարվա ցուցադրությունների ծրագիրը:
Ռուդոլֆ Խաչատրյանի մտերիմները պատմում են, որ դեռ պատանի Ռուդոլֆին մի օր զբոսայգում նկարելիս տեսնում է Վարպետը՝ Երվանդ Քոչարը ու զարմանալով պատանու տաղանդով, հարցնում է, թե որտե՞ղ է սովորում: Ու երբ Վարպետը լսում է Ռուդոլֆի՝ ոչ մի տեղ պատասխանը, ասում է՝ ոչ մի տեղ չսովորես:
Հետագայում Քոչարն այսպես է հիշում Ռուդոլֆին. «...Նա արդեն ուրիշ երազներ ուներ...Լսել էր, որ Փարիզից ինչ-որ մի նկարիչ է եկել...Շատ էին գովում նրան, բայց ասում էին՝ ինչ-որ տարօրինակ է նկարում ու քանդակում. ոչ ոքի նման չէ...Երիտասարդները գնում էին նրա մոտ, ցույց տալիս իրենց աշխատանքները և շատ էին ուզում նրան աշակերտել...
Ռուդոլֆը փնտրում էր այդպիսի մեկին, որ ցույց տար իր աշխատանքները...
Փարիզից եկած այդ նկարիչը իր աչքերին չհավատաց...14 տարեկան մանչուկը նկարում էր, ինչպես մեծ վարպետ: Նրա դրապիրովկաները կարծես Լեոնարդոյի ձեռքից դուրս եկած լինեին...»:
«Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը ներկայանում է նկարչի բոլոր տարիների ստեղծագործությունների ընտրանիով, որպեսզի հնարավոր լինի տեսնել նկարչին տարածության ու ժամանակի մեջ՝ բազմաչափության խաչատրյանական արծարծումներով:
Ռուդոլֆի ստեղծագործության մեջ տեղի են ունեցել բազմաթիվ շրջադարձեր, բազմաթիվ վերադարձեր, բազմաթիվ հատումներ, որոնք պայմանավորված են եղել ժամանակի և իրականության նրա ընկալումներով, որոնք հստակորեն ներկայանում են ցուցադրության համադրության մեջ:
Խոսելով վաթսունականների մասին, որը նաև Ռուդոլֆ Խաչատրյան նկարչի ձևավորման կարևորագույն փուլերից էր, մշակութաբան Լևոն Աբրահամյանը գրում է. «...Ռուդոլֆը հեռանում է իրապաշտական գծանկարից՝ ենթարկվելով մոդեռնիստական ուղղություններով տարվելու համընդհանուր միտումին...Այդ շրջանում Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստին հատուկ էին «տարածության մեջ բաց ֆորմաները», Քոչարի օրինակով, երբ ամեն ինչ պատկերվում էր խորաբաց դատարկություններով... Ընդ որում, երիտասարդ նկարիչը ձգտում էր ստեղծել այդ դատարկությունները ոչ թե կամայական ֆորմալ ձևով, այլ մարդու մարմնից հեռացնելով առավելապես այն մասերը, որոնք դարձնում են իրեն հողածին, մարմնական: Դրանով հենց Ռուդոլֆը ստեղծում էր ոմն ասկետիկ և հոգևոր, իր խոսքերով՝ «Այլ աշխարհի մարդու» կերպարը...:
Ռուդոլֆ Խաչատրյանի հետագա տարիների՝ հատկապես երեք շրջանների փոխակերպումներն ամբողջացնելով, Լևոն Աբրահամյանը նկատում է.
«Իր այս եռյակը համադրվում է Սուրբ Երրորդության հետ. ամեն շրջանում առաջին պլան են դուրս գալիս հաջորդաբար Հայրը, Որդին և Սուր Հոգին: Առաջին դարաշրջանը քանդակի շրջանն է, և առաջին վարպետն էր այստեղ Աստված Արարիչը, ով ստեղծում, ծեփում է մարդուն երկրի հողից: Ընդ որում, առաջին քանդակագործն աշխատում էր ինքնանկարի ժանրում, քանի որ արարեց մարդուն իր պատկերով և նմանությամբ:
Երկրորդ շրջանն ընթանում է Որդու նշանի ներքո: Ինչպես կարծում էր Ռուդոլֆը, առաջին երկչափ գեղանկարչական աշխատանքն էր Քրիստոսի «ինքնանկարը», որը նա ստեղծեց, կտավը դեմքին սեղմելով, առասպելի համաձայն, այդ դիմանկարն արվել էր Եդեսիայի արքա Աբգարի պատվերով, կամ էլ, ըստ ավելի ուշ լեգենդի, այն դաջվել էր Սուրբ Վերոնիկայի սրբիչի վրա: Երկրորդ շրջանը ներառում է առաջինի մասին հիշողությունն ու վերածնում այն՝ հասնելով իր գագաթնակետին: Զուր չէ, որ Վերածննդի ժամանակաշրջանում, առաջին հերթին հայտնաբերեցին հենց անտիկ քանդակները: Գեղանկարչության մեջ ի հայտ եկած հեռանկարն ու ծավալայնությունը նույնպես վերադարձ էին Հայր-քանդակագործի ծավալային գործերին:
Եվ ահա, համաձայն Ռուդոլֆի, մոտենում է երրորդ՝ Սուրբ Հոգու շրջանը, որն արտահայտվում է գծանկարում»:
Ռուդոլֆ Խաչատրյանն իր «վերադարձով» անկրկնելի մի երեկո նվիրեց հայաստանցիներին ու Հայաստանի հյուրերին ու շարունակելու է նվիրել, քանի որ ցուցադրությունը Կասկադի բարձրունքում բաց է լինելու մինչև հունիսյան օրեր:
Հրաշալի մի օր նվիրեց Ռուդոլֆն իր «վերադարձով» իր մտերիմներին, որոնք երևանյան սերուցքի մասն են՝ ապրած երեսնականների Երևանը, վաթսունականների երևանյան զարթոնքը, յոթանասունականների լիցքերով քաղաքն ու նրա հետագա վայրիվերումները: Նրանք հիշողությունների ու ապրածի չկրկնվող օրեր ու տարիներ ունեն՝ նաև Ռուդոլֆի հետ ապրած, նրա երևանյան ու մոսկովյան արվեստանոցներում ապրած, որոնք ամփոփված են պատմությունների անվերջանալի շարաններով:
«Ռուդոլֆ Խաչատրյանն ստեղծում է ինչ-որ մի բան, որ գոյություն չունի իրական կյանքում, սակայն օժտված է կյանքի հրաշքով...». գրում է Լևոն Աբրահամյանը:
Ահա այս «կյանքի հրաշքն» է վերադարձել Ռուդոլֆի «վերադարձով» Երևան...
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ