«Սասնա ԾՈՒՌԸ». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Նրանք եկան շատ անսպասելի։ Սկզբից գյուղի գզիրը երևաց, հետո ինչ-որ բաներ բարձած ավանակներ մտան մեր՝ հորեղբորս ու մեր մի ազգականի ընդհանուր ընդարձակ բակը։ Այնուհետև, ավանակների հետևից՝ նրանց քշողները, քշողների հետևից՝ կանայք ու երեխաները, իսկ ամենավերջում՝տղամարդիկ։ Ավանակներից մի քանիսի մեջքին զանազան իրեր կային բարձած, մի քանի ավանակների մեջքին` նախշազարդ խուրջինների ամեն մի թայի մեջ մի-մի երեխա բարձած, որոնց միայն գլուխներն էին երևում։ Շատվոր էին նրանք, նման չէին նրանց, որոնք ապրանքափոխանակության համար ինչ-որ բան էին բերում մեր բակը։
Չգիտեմ քանի տարեկան էի ես այդ օրը, երբ նրանք եկան։ Մայրս օջախին ջուր էր դրել, մեզ՝ ինձ ու քույրերիս լողացնելու համար։ Ես օջախի տակ ցախ էի ավելացնում, որ կրակը թեժ մնա, ու ջուրը շուտ տաքանա։ Մայրս իր առօրյա հոգսերի մեջ, ձեռքի հետ, այդ օրը հաց հունցելու ու թխելու արանքում պիտի հասցներ նաև մեզ լողացնել։ Եկվորներից տարիքավորները, կանայք ու երեխաները հավաքվեցին բակի տարբեր կողմերում եղած թթի ծառների ստվերի տակ։ Երիտասարդ տղամարդիկ սկսեցին բեռնաթափել ավանակներին բարձածը ու գործի անցան։ Բակում մեծ իրարանցում սկսվեց։ Մայրս, ձեռքերն ալրի մեջ թաթախված, դուրս եկավ տնից։
-Տեսնես ո՞ր կողմերից են սրանք,- ասաց մայրս մտազբաղ ու գնաց դեպի նրանց կողմը։ Մոտիկ ու քիչ հեռու հարևան տներից, ով կար տանը այդ ժամին, մեծ ու փոքր դուրս էին թափվել և դեռ իրենց անելիքը լավ չպատկերացնելով կանգնել ու նայում էին, թե ինչպես են եկվորների տղամարդիկ իրենց գործն անում։ Նրանք վրաններ էին դնում բակի տարբեր մասերում։ Բակի մեր տանն ավելի մոտ գտնվող թթի ծառի տակ դրված քարի վրա մի երիտասարդ կին իր երկու երեխաների հետ նստել ու կրծքի երեխային էր փորձում կերակել, իսկ երեխան մի գլուխ ճչում էր։ Մայրս հենց նրան էլ մոտեցավ ու մի քանի խոսք փոխանակելուց հետո արագ հետ վերադարձավ։
Չափարի ցցից կախած մեծ տաշտակը, որի մեջ լողացնում էր մեզ, վերցրեց ու ներս մտավ տուն։ Քիչ հետո դուրս եկավ, քույրերիս կարգադրեց արագ ջուր կրել աղբյուրից ու նորից ներս գնաց։ Քույրերս փոքր ջրի կուլաները վերցրեցին ու գնացին աղբյուրի կողմը։ Մորս հանձնարարությունը շուտ կատարեցին այդ օրը, երևի նորեկների ներկայությունից ընդհանուր իրարանցումից դրդված. մյուս դեպքերում մեկը մյուսի վրա կգցեր աղբյուրից ջուր կրելը, ինչպես որ միշտ լինում է։ Երբ հարկ էր լինում աղբյուրից ջուր բերել, մեծից սկսած մինչև ամենափոքրը, նաև ինձ՝ հերթով մեկս մյուսին ջրի էինք ուղարկում։
-Լսեցի՞ր ինչ ասաց,- ասում էր տանը գտնվող քույրերիս մեծը՝ իրենից տարիքով փոքրին փոխանցելով մորս կարգադրությունը։
-Երեկ ի՛մ ակաջն էր ցավում, ոչ թե քոնը, որ տաք աղ էինք դրել ականջիս, հիմա էլ պիտի դնեմ, որ չցավի։ Ես ոչինչ չեմ լսում երեկվանից,- ասում էր իրենից փոքրը։
-Լավ, դու ուրիշին ուղարկիր։
-Կուլան վերցրու գնա աղբյուրը, մի տես հո չի՞ ցամաքել, եթե ցամաքել է, կուլան աղբրի ակին կխփես կջարդես, կգաս, թե չի՞ ցամաքել, մի կուլա ջուր կբերես հետդ։ Կգնաս չէ՞,- սա էլ իր հերթին փորձում էր համոզել իրենից փոքրին։
-Ես զբաղված եմ։ Չես տեսնո՞ւմ, գրքի միջի նկարներն եմ նայում։ Վերջում մնում էի ես, որ ինձ սկսեն համոզելը, թեպետ ես ամենափոքրը չէի։
Քիչ հետո մայրս դուրս եկավ ու գնաց մանկանը կերակրող մոր կողմը։ Ինչ-որ բան էր մայրս համոզում կնոջը, իսկ նա երևի չէր համաձայնում։ Մեկ էլ մայրս նրա գրկից խլելու պես վերցրեց երեխային, շրջվեց ու արագ քայլելով դեպի տուն եկավ։ Երեխայի մայրը ճարահատյալ վերկացավ նստած տեղից, իսկ նրա հետ միասին նաև իր երկու փոքրահասակ աղջիկ երեխաները, ու մոր փեշից բռնած, մոր հետևից եկան մեր տուն։ Հետաքրքրությունից բռնկված՝ մենք երեխաներով իրենցից հետո ներս խցկվեցինք փոքր սենյակը, որտեղ մեզ լողացնում էր մայրս։ Փոքրիկ սեղանին արդեն սպիտակեղեն կար փռած փոքրիկի համար։ Եվ մայրս սկսեց փոքրիկի բարուրն արձակել։
Երեխան, որ ձենը կտրել էր, երբ ձեռքերը բարուրի կապանքներից ազատվեց, իր փոքր ձեռքերը բռունցք արած գլխից վեր բարձրացրեց, կարծես ինչ-որ բանից դժգոհ, թե չարացած մեզ ու աշխարհի վրա, նորից սկսեց ճչալ։ Նա տղա էր, կապտանռնագույն մաշկ ուներ։ Ես մտածեցի, թե երևի ես էլ նման գույնի մաշկ եմ ունեցել, երբ ծնվել եմ։ Երբ մայրս նրան ընկղմեց գոլ ջրի մեջ ու սկսեց գոլ ջրով ցողել նրա մարմինը, ես տեսա, թե ինչպես է մայրս ինձ լողացրել, երբ ես ծնվել եմ։ Ահա, մայրս այսպես սկզբից գոլ ջրով ցողել է մարմինս, հետո օճառել է, հետո նորից գոլ ջրով ցողել ու փոքր-ինչ թողել տաշտակի մեջ եղած գոլ օճառաջրի մեջ ու սկսել մարմինս մերսել, ապա երեսնիվայր շրջել, մի ձեռքի ափով բռնել, նախօրոք գոլացրած մաքուր ջուրը մյուս ձեռքով լցրել վրաս, մաքրել օճառաջրից, հետո ահա այսպես, մի ձեռքով բռնել զույգ ոտքերիցս, բարձրացրել գլխից վեր ու գլխիվայր կախել, ջրից քամելու պես, ժպտացել, թեթևակի թափահարել աջ ու ձախ, ցամքոցով չորացրել մարմինս, ապա դրել նախօրոք պատրաստված մաքուր սպիտակեղենի մեջ։
Երբ մայրս երեխային բարուրեց, նա արդեն քնել էր։ Մայրս նրան տարավ ննջասենյակներից մեկի մահճակալի վրա դրեց ու հետ վերադարձավ։ Երբ արդեն հերթը հասավ նորեկ կնոջ աղջիկ երեխաներին, մայրս ինձ դուրս հանեց լողասենյակից։
Բակում տղամարդիկ իրենց գործը վերջացնելու վրա էին, ովքեր արդեն իրենց վրանները խփել էին, մյուսներին էին օգնում։ Հարևանների բավական մեծ բազմություն էր հավաքվել, խառնվել էին եկվորներին և, իրենց հերթին, ով ինչով կարողանում էր, օգնում էին։
Երբ մայրս մյուսների հետ դուրս եկավ բակ, բակը արդեն դատարկվել էր մարդկանցից։ Հարևանները եկվորներին իրար մեջ-մեջ էին արել, տարել իրենց տները՝ կերակրելու։ Միայն մի ծերունի էր մնացել, փուշին գլխին կապած, որ նստել էր թթի ծառի տակ ու իր երկար չիբուխն էր ծխում։ Նրա դեմ, քարե սալի վրա ուտելիք կար դրված, բայց նա դրան ձեռք չէր տալիս, գլուխը կախ ծխում էր։ Մայրս սեղան գցեց, մեզ ու կնոջը իր երեխաների հետ կերակրեց ու անցավ իր գործին։ Երբ երեկոյան կողմ հայրս միջանկյալ աշխատանքային դադարի ժամանակ տուն եկավ, տեսնելով ծառի տակ միայնակ նստած մարդուն, մոտեցավ նրան, կարճ խոսեցին և հայրս տուն եկավ։
-Գաղթականներ են,- ասաց հայրս,- խոյեցիներ են, ես եմ ասել, որ մեր բակը բերեն։ Դեռ պետական վերջնական որոշում չկա՝ որտեղ նրանց հող կհատկացվի։ Հնարավոր է՝ մեր գյուղում, եթե իրենք դա ուզեն։
-Հետդ տուն բերեիր էն մարդուն,- ասաց մայրս հանդիմանական տոնով։
- Առաջարկեցի, չուզեց մարդը։
Այդ օրը մենք՝ երեխաներս, շատ ուշ պառկեցինք քնելու։ Մեր բակում, եկվոր՝ արդեն մեր տուն եկած և մյուս մեր հասակակից երեխաներից շատերի հետ ընկերացած, նստել էինք մեր թոնրի շուրջ բոլորը, մոտիկից ծանոթանում, մեր իմացած հեքիաթը պատմում ու սպասում էինք մորս հացը թխելուց հետո, ամեն անգամվա պես թոնրի մեջ խորովվող շաքարի ճակնդեղին։ Երևի մինչև լուսաբաց էլ մնայինք թոնրի շուրջը, եթե մայրերը չգային իրենց երեխաների հետևից։
Առավոտյան արդեն եկվորների երեխաները մայրերի հետ գնացին թաղի ու գյուղի տարբեր տների ուղղություններով։ Մի կին մաղը ձեռքին եկավ մեր տան ուղղությամբ, մոտեցավ մորս, որ բակում ինչ-որ բանի էր, և առաջարկեց ձեռքի մաղը ալյուրի հետ փոխել։ Մայրս ոչինչ չասաց, մաղը չվերցրեց ձեռքից, շրջվեց, գնաց մտավ ներքնահարկ ու քիչ հետո մի դույլ ալյուր ձեռքին եկավ, տվեց կնոջը և ասաց, որ ալյուրը հենց այնպես կարող է վերցնել, իսկ մաղը կարող է իրեն պահել։
-Քուրս,- ասաց կինը,- մենք մաղ, խուրջին, տոպրակ ենք գործում, պղնձե ամաններն ենք կլայեկում ու փոխանակում մեզ պետքական ապրանքների հետ։ Մենք ձրի ոչինչ չենք ուզում։ Հա՛, թե պղնձե ամաններ ունեք, տվեք, կկլայեկենք։
-Ունենք,- ասաց մայրս, գնաց մտավ տուն, երկու պղինձ ձեռքին եկավ ու մեկնեց կնոջը,- ալյուրը էնպես եմ տալիս, իսկ պղինձները կկլայեկեք, դրա դիմաց էլ ձեր ուզածը առանձին կտամ։
Մի օր էլ, երբ հայրս կեսօրին տուն եկավ նախաճաշելու, այս անգամ տարիքով մարդուն էլ հետը տուն բերեց։ Ես բակում երեխաների հետ էի։ Վեր կացա, գնացի տուն, որ մոտիկից տեսնեմ այդ մարդուն։ Նիհար էր, մեջքից կռացած, թավ, սպիտակ մեծ բեղերով, խոր ընկած աչքերին խոնարհված թավ հոնքերով, քթի երկու կողմերում և ճակատի վրա խորը կնճիռներով, ալեհեր, նոսր մազերով, փուշին գլխին կապած։ Հայրս և նա նստել էին սեղանի մոտ և լուռ էին, սպասում էին ուտելիքը մատուցելուն։ Մարդը իր չիբուխն էր ծխում լուռ, ծուխը գունդ-գունդ քթի տակ փչում դուրս, մյուս ձեռքը թափահարելով ծուխը ցրում օդի մեջ։ Վերջապես մայրս ինչ որ պետք էր շարեց սեղանի վրա։ Հայրս լցրեց օղու բաժակները։
-Ես ուրախ եմ, որ դու իմ տուն եկար իմ հացը ինձ հետ կիսելու, - ասաց հայրս ու օղու բաժակը բարձրացրեց։ Մարդը առանց հորս կողմը նայելու գլխով հավանության նշան արեց, բաժակները խփեցին իրար և խմեցին։ Մարդը, երբ բաժակի օղին կուլ տվեց, բերանից հետ քաշելուց հետո հոգոցի պես խուլ ձայն հանեց։ Եվ դա կրկնվեց հերթական ամեն բաժակ դատարկելուց հետո։
Մարդը համարյա բան չէր ուտում, ամեն անգամ օղու բաժակը դատարկելուց հետո մի կտոր պանիր հաց էր առնում բերանը ու անխոս, դանդաղ ծամում, երբեմն նաև մի երկու գդալ ջրիկ ճաշից էր տանում բերանը։ Չնայած հայրս հորդորում էր, որ կարգին հաց ուտի։ Երբ վերջացրին, և մարդը գնաց, մայրս ասաց.
-Երևում է, մարդը մեծ դարդ ունի։ Հայրս անմիջապես ոչինչ չասաց, գլուխը շրջեց պատուհանի կողմը և դուրս նայեց։
-Բոլոր հայերն էլ մեծ դարդ ունեն,- ասաց հայրս մտազբաղ՝ հայացքը սենյակ բերելով։
Դրանից հետո մարդը շատ հաճախ հորս ամեն կեսօրվա հացի մեր հյուրն էր։ Նա գալիս էր, նստում սեղանի մոտ, լուռ իր չիբուխը վառում, ծուխը մանր գնդերով քթի տակ դուրս փչում, մյուս ձեռքով թափահարում, ծուխը ցրում օդի մեջ։ Գինի կամ օղի խմում լուռ տնքոցով, կարծես մի ծանր բեռից ազատվելով, մի փոքր կտոր պանիր ու հաց տանում բերանը ու սկսում դանդաղ ծամել։
Մի օր էլ, անսպասելի, մարդու ու հորս միջև երկար զրույց բացվեց, թե ովքեր են իրենք, որտեղից են գալիս և որտեղ են ուզում, որ ապրելիս լինեն։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մայրս ճաշով լի ամանը հուշիկ դրեց հյուրի առաջը, ասաց.
-Եղբայր, մեր հացից ե՞ս խռով, որ չես ուտում։
Մարդը գլուխը բարձրացրեց, նայեց մորս երեսին ու գլուխը տարուբերեց.– Հացից խռով եմ, ամա քո հացից չէ, Արշալույս քույրիկ, ապա շարունակեց. -Մեն-մենակ ես եմ սասունցի էսքանի մեջ, ծուռ կամ խենթ սասունցի են ասում մեզ,- ասաց նա դանդաղ,- մյուսները խոյեցիներ են։ Բոլորս էլ տնավեր, ինձ նման։ Նա մի կես րոպե լռեց, ապա չիբուխը վառեց, ծուխը գունդ-գունդ դուրս փչեց քթի տակ, մյուս ձեռքով ծուխը ցրեց օդի մեջ,- մենք գերդաստանով երեսուներկու շունչ էինք, երբ սկսվեց կոտորածը…
Նա շատ տխուր բաներ պատմեց իր և իր գերդաստանի գլխին եկած արհավիրքների մասին։ -Մնացել էինք ես ու իմ պզտիկ քույրս, սոված կմեռնեինք, քույրս չէր դիմանա սովին ու ծարավին, մի փշուր բան չկար տայի քրոջս, շատերն էին մեր օրին։ Հացի, ջրի պակասությունից կկոտորվեին,- նա քիչ դադար տվեց էլի, վառեց իր հանգած չիբուխը, գունդ-գունդ ծուխը դուրս փչեց, ապա ձեռքով տարածեց օդի մեջ,- մի օր, քո՞ւրդ էր, թե՞ թուրք, չգիտեմ, թուրքերենով ինձ ասաց. «Մի հաց կտամ՝ մի գործ անելու դիմաց», ես գնացի էդ մարդու հետ։ Նա ինձ ցույց տվեց հացը, մի չարեք կտրեց տվեց ինձ, ես կերա, որ ուժ ունենամ գործը անելու։ Ես արագ արեցի գործս, որ հացը շուտ հասցնեմ քրոջս։ Գործս վերջացրի, եկա, որ հացի մնացածը տա ինձ, տանեմ քրոջս։ Խաբեց չտվեց։ Հետ եկա, տեսա քուրս մահացած՝ սովից։ Էդ օրվանից հացից խռով եմ, Արշալույս քույրիկ։ Հետո երկար լռություն տիրեց։
-Մեր շեն էրգիրը թողինք թուրքին,- շարունակեց նա,- մեզ մնաց մի երգ, մի պար և մեկ էլ մի պատմություն Թլոր Դավթի մասին, լաո։ Երբ մարդը վեր կացավ ու գնաց, հորս հարցրի.
-Էդ ինչի են սասունցիներին ծուռ կամ խենթ ասո՞ւմ։
-Լավ իմաստով են ծուռ կամ խենթ ասում։ Արհամարհանքով չի ասվում, պատկառանքով են ասում։ Սասունցի Դավթին էլ են խենթ ասել, գիտես թե ինքը՝ Դավիթը, ով է եղել և ինչեր է արել, եղբայրդ քեզ պատմում էր նրա մասին։
Մի օր էլ, երբ մորս հաց թխելուց հետո բոլորովս հավաքվել էինք թոնրի շուրջ ու սպասում էինք ճակնդեղի խորովելուն, Ծուռ սասունցին իր չիբուխի հետ եկավ ու մեզնից տեղ ուզեց, մենք տեղ բացեցինք, և նա մեր ջերգում նստեց։ Նստեց, վառեց իր չիբուխը։
-Ես ձեզ մեր Թլոր Դավթի պատմությունը կանեմ, երեխեք, մեր մանչերը գիտեն, պատմել եմ, դուք չեք իմանա,- ասաց նա։ Ու սկսեց մի պատմություն, որ սկսվում էր Ծովինարից ու իր ջուխտ տղաներից՝ Սանասարից ու Բաղդասարից, մեծ՝ Առյուծաձև Մհերի մասին պատմեց, թե ինչպես է առյուծին մեջից երկու կես արել, Թլոր Դավիթի ու Մսրա Մելիքի կռվից պատմեց, Դավթի քեռի Թորոսի մասին, Դավթի հորեղբայրների՝ Ձենով Օհանի և էն քոփաք Ցռան Վերգոյի մասին։ Ցռան Վերգոյի անունը լսելիս բոլորս փռթկացրինք, ինքն էլ մեզ հետ բարձր ծիծաղեցինք։ Չգիտեմ ինչու, մտքով սկսեցի փնտրել մեկին, որին կարելի կլիներ Ցռան անունը կպցնել։
Ներկա երեխաների մեջ չգտա մեկին, մեր թաղում փնտրեցի։ Մտքով անցա մյուս թաղերի երեխաներին, հետո թաղի ջահելների մեջ փնտրեցի։ Գյուղի ջահելների մեջ՝ չգտա։ Վերջում, երբ բոլորս լռեցինք, ծերունին պատմեց Դավթի տղա Փոքր Մհերի մասին, որ տեսնելով աշխարհիս անարդարությունները, չի հաշտվում դրանց հետ, ասում է.- Աշխարհքս չար է, էս աշխարհի մեջ ես չեմ մնա։ Պիտի գնամ մտնիմ Ագռավու քար, ու էդ տեղեն էլնեմ պիտի, երբ ցորեն դառնա մասուր մի, և գարին՝ քանց ընկույզ մի։ Գնում՝ իր թրով զարկում է ժայռին, և ինչպես ժայռը չի դիմանում թրի հարվածին և ճեղքվում է, և Փոքր Մհերը, Թուր Կեծակին ձեռքին, մտնում է Ագռավու ժայռի մեջ ու փակվում։ Երբ Թլոր Դավթի պատմությունը վերջացրեց, հարցրեց.
-Երգել, պարել գիտե՞ք,- ասաց Ծուռը՝ մեզ նայելով,- մերոնք գիտեն, սովորցրել եմ։
-Չէ, չգիտենք, - ասաց մեզնից մեկը։ Ծուռ ծերունին դանդաղ վեր կացավ, նրա հետ իրենց երամի երեխաները, և իրար ձեռքից բռնելով շարք կազմեցին։ Ծուռը, փուշին ավելի հարմարացրեց գլխին, ուղղեց, չիբուխը բռնած ձեռքը վեր բարձրացրեց, մյուս ձեռքը հետ տարավ, պահեց մեջքին, քթի տակ ինչ-որ մեղեդի թընգթընգալով, տեղում կանգնած սկսեց ճոճվե՜լ։ Նա երբեմն մի ոտքը կտրում էր գետնից, մի կողմ դնում, ճոճվում, թեքվում մեկ մի կողմ, մեկ մյուս, ապա մյուս ոտքը մոտ բերում։ Այդպես նա երեխաների հետ պարում էր։ Գնալով պարի ռիթմը արագացավ, Ծուռը երբեմն ծառս էր լինում, գետնից կտրվում, վար իջնում, հենվում մյուս ոտքի վրա, ճոճվում, կարծես հանդարտ, ապա նորից՝ մթության մեջ փայլող աչքերը վեր հառնում, թափով երկտակվում, քիչ հետո նորից ուղղվում ու նայում մթության կողմը։ Վերջում մեկ էլ, կարծես զայրացած, ոտքը ուժգին խփեց գետնին, մի պահ տեղում անշարժացավ, վեր բարձրացրած ձեռքը կտրուկ վար բերեց՝ թրով զարկելու պես, ինչպես Փոքր Մհերը, ճեղքեց խավարը, ապա շրջվեց,գնաց անհետացավ խավարի մեջ։
Երբ առավոտյան արթնացա, բակում ոչ ոք չկար։ Կարծես նրանք էլ, աշխարհքի անարդարությունից խռոված Փոքր Մհերի պես, մտել էին Ագռավու քարի մեջ։
Արցախ-Ղարաբաղ ներգաղթած խոյեցիների մի մասը տնավորվեցին Տրտու (Թարթառ) գետի հյուսիսային ափի մոտ գտնվող Չայլու (այժմ՝ Այգեստան) գյուղի հարակից տարածքում և գյուղը կոչեցին ներքին Չայլու, իսկ մյուս մասը գետի հարավային ափին մոտ հիմնվեցին և գյուղը կոչեցին Մարաղա, որ ցեղասպանվեցին ազերիների կողմից, Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ։
Թեմիկ Խալափյան