Նուշիկ Միքայելյան
Նուշիկ Միքայելյան

 

Իմ ծննդյան

օրից՝

մինչև 21

տարեկան,

ապրել եմ

Հալեպում:

21-ից՝ մինչ

օրս,

Երևանում եմ...

 

Երգել

սիրում էի,

սակայն

շատ

ավելի

լավ

գրում էի:

Բայց

քանի որ

ավելի վատ

երգում էի՝

քան գրում,

ավարտեցի

Կոմիտասի

անվան

պետական

երաժշտանոցի

վոկալ

բաժինը:

 

Սակայն,

միևնույն է՝

մնացի գրող...

 

 

 

«ՍԵՐԸ՝ թանգարանում...». ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Սերն ավարտվել էր...

Երեկոյան ժամերն արդեն աշխատանքային երկար օրից հետո` նարնջի կեղևները դանակով մանրացնելու անիմաստ պահեր էին... Մի հիմար ու թեթև կինո դիտելու հաճույքի մեկ կամ երկու ժամ, խոնավ լվացքը ջեռուցիչի վրա շարելու պարտականություն, պարապը՝ քաղցր շոկոլադով լցնելու փորձ, ֆեյսբուքի գլխապտույտ առաջացնող գրառումների և լուսանկարների գերություն, և քուն, որը հանգստի համար չէ, այլ գիշերը ցերեկից բաժանող անգիտակից վարագույր։

Արդեն երկու շաբաթ է, ինչ Ագնեսը սկսել էր նկատել իր դեմքի վրա գծագրվող տարիքի հետքերը և մտքում անընդհատ որոշում էր տնական մի դիմակի բաղադրատոմս գտնել ու քսել դեմքին։ Ըստ Գուգլից հանած բաղադրատոմսերի՝ ալոեի գելով, ձվի սպիտակուցին կիտրոնահյութ ու ձիթապտղի ձեթ խառնելով, բանանով կամ թթվասերով... Կապ չունի ինչով... Կարևորը, որ վերջապես որոշումը իրականություն դարձնելու հաղթանակի բերկրանքը վայելեր...

Բայց ինչպես միշտ, նա անհավես կանգնում էր հայելու առաջ, նկատում էր աչքերի շուրջ առաջացած մանր կնճիռները, շուրթերի անհրապույր չորությունը, դատարկված պարկերի նմանվող աչքերի վրա փռված կոպերը և անտրամադիր՝ մի էժան քնաբեր խմելով, մտնում էր վերմակի տակ՝ քնած ամուսնու կողքը, և ինքն իրեն երդվում էր, որ անպայման, հենց վաղը, գործից տուն վերադառնալուն պես կպատրաստի տնական դիմակը ու կքսի հոգնած դեմքին, երիտասարդանալու մեծ հավատը պահած սրտում...

Չէ՞ որ չէր դադարում սիրել նրան, անգամ երբ սերն ավարտվել էր...

Սերն ավարտվել էր,  Ագնեսը՝ չէ։

Ագնեսն ուներ սիրո սկիզբների, ընթացքի և ավարտների մասին ի՛ր համոզմունքը և վստահ էր, որ սերն էլ, ինչպես դեմքի մաշկը, կարող է կնճռոտվել, չորանալ, թուլանալ ու դադարել հրապուրել և ինչպես մաշկը՝ կարող է վերստին փայլել ու վերագտնել իր հմայքը, եթե ճիշտ ժամանակին հիշես իր կարևորության մասին, եթե խնամես ու թույլ չտաս, որ տարիքը գա ու գողեգող վերցնի քեզնից քեզ համար ամենաթանկը՝ ժամանակը, շպրտելով քեզ բանանի կեղևի նման՝ աղբանոց, որտեղ այլևս ո՛չ ոք քեզ չի որոնելու։

Ագնեսը չէր ավարտվել, սակայն ինչ-որ կարևոր բանի ավարտն էր զգում և այդ անհանգստությունից՝ միտքն անտանելի արագությամբ էր աշխատում...Նա մեկ րոպեում, հաճախ մտքով հասնում էր դեպի կյանքի վերջնական եզրը, ու սկսում էր պատկերացնել ինքն իրեն ամբողջովին ծերացած, մարմնով՝ խեղճ ու փոքր, առաջվա նման քայլելու անկարող, և ընդհանրապես որևէ պիտանի բան անելու համար անպետք, իրեն շրջապատող երիտասարդների՝ զավակների, թոռների, և բոլոր-բոլոր հարազատների գթառատ ժպիտին արժանացող մի ինքնամփոփ կին, որ թեպետ հասկանում էր այդ գթառատ ժպիտների իմաստը, սակայն չէ՛ր սիրում այդ ժպիտները և չէր էլ կարող արգելել, որ իրեն հենց այդպե՛ս նայեն...

... Ու լռում էր տարիքն առած Ագնեսը, լռում էր, հերթով վերհիշելով իր կյանքի բոլոր սերերին... Նրանց, որոնք իր երիտասարդ տարիներին եկել էին ճիշտ ժամանակին, յուրաքանչյուրն իր հետ ի՛ր կրակը բերելով։ Իր երկարակյաց կյանքի ստորոտից դեպի կյանքի գագա՛թն էր նայում, որտեղից ասես գլորվել՝ ընկել էր, և գիտեր, որ այլևս երբե՛ք գագաթին հայտնվելու բախտին չի՛ արժանանալու։

Լռում էր ծերացած Ագնեսն ու լուռ՝սիրում էր իր բոլոր սերերին՝ միասին...

Կարոտում էր իրեն ցավ պատճառած սերերի՛ն անգամ ու ապրելու անբացատրելի ուժ էր ստանում նրանցից և վայրկյանների համար, այդ հիշողությունները իրեն ստորոտից գագաթ էին նետում կարծես, որտեղ նա գտնում էր մահվան աչքերին անվախ նայելու ներքին թեթևություն... Չէ՞ որ իր հին սերերից շատերն արդեն վաղուց կյանքի այս ափում չէին...

Այսօրինակ երևակայական մտքերը մի տեսակ սարսուռ էին առաջացնում Ագնեսի հոգում և նա շատ անսպասելի՝ նույնիսկ անհարմար թվացող մի պահի, հանկարծ գրկում էր ամուսնուն, նրան, ում չէր դադարում սիրել անգամ երբ սերն ավարտվել էր... Իսկ ամուսինը, Ագնեսի քաոսային մտքերից անտեղյակ, զարմացած մի հայացք էր նետում կնոջ վրա, աչքերով ժպտում էր այնպես, ասես հրավիրում էր Ագնեսին դեպի իրականություն՝ դեպի նարնջի կտրտած կեղևով լի ամանը, կամ ջեռուցիչի վրա շարված խոնավ, ամբողջովին խոնավ շորերը...

Կիրակի օրը, Ագնեսն իրականությունից հոգնած, պարզապես դուրս նետվեց տնից փողոց, շնչելու ձմռան ամենասառը, թարմացնող օդը։

Չէր սիրում քայլել առանց վերջնակետի և եթե նույնիսկ հենց այնպես զբոսնելու էր դուրս գալիս, ապա անպայման որոշում էր ինչ-որ հստակ տեղ գնալ։ Տուն վերադարձը նա վերջնակետ չէր համարում։ Պետք էր հասնել որևէ՝ թեկուզ ամբողջովին անիմաստ կետի, այնտեղից դարձյալ տուն վերադառնալու համար...

Եվ այս անգամ նա որոշեց հասնել մոտակա թանգարանը, որտեղ վաղ առավոտվա այդ ցուրտ ժամին հազիվ թե այցելուներ լինեին։ Թանգարանները միա՛կ վայրն էին, որոնք ըստ Ագնեսի անհետաքրքիր էին և ո՛չ մի բանով չգրավող։ Նա չէր սիրում հիանալ պատերից կախված նկարներով ինչպես ուրիշները և զարմանում էր, թե անշունչ ու անսիրտ մի թանգարանային նմուշի շուրջ ինչո՞ւ էր նույնքան մարդ հավաքվում, որքան հազիվ թե հավաքված լինեին բարձրարժեք նմուշը ստեղծողի շուրջ, երբ նա ինչ-որ մի օր, ինչ-որ խելագար, հոգին տակնուվրա անող զգացումից դրդված՝ նկարել կամ քանդակել, փորագրել կամ կերտել է, չիմանալով անգամ, որ լքված ու միայնակ է մեռնելու, ինչպես իր բախտակից խելագարներից շատերը։

Այնուամենայնիվ քայլերն իրեն տարան թանգարան, որի տոմսարկղից նա գնեց օրվա առաջին տոմսը և ամբողջովին դատարկ թվացող թանգարանի մարմարե աստիճաններով բարձրացավ վեր՝ ուր մի փոքրամարմին, մեծահասակ կին էր կանգնած հյուրընկալ ժպիտով։ Կինն այդ արագ բարևեց Ագնեսին և փոքր ու վստահ քայլերով առաջնորդեց դեպի հիմնական սրահը, որտեղ կամարաձև դռան արանքից սկսեցին երևալ կախվածները։

Ագնեսը մի պահ շփոթվեց և ուզում էր ետ քայլ անելով դուրս գալ այդ գերեզման հիշեցնող սրահից, երբ ակամա մոտեցավ իրենից քիչ այնկողմ սպասող, նույնքան շփոթված նույն տիկնոջը, ով կարծես նկատել էր Ագնեսի անվստահ քայլերն ու համեստորեն կանգ էր առել։ Ագնեսն այդ տիկնոջը խնդրեց իրեն մենակ թողնել սրահում, վստահեցնելով, որ լավ գիտեր 20- րդ դարի գեղանկարիչներին ու նրանց ստեղծած կտավները և բացատրությունների կարիք չուներ։

- Ընդամենը 15 րոպե ինձ ամբողջովին մենակ թողեք, ես ուզում եմ մենակ մնալ նրանց հետ։

Փոքրամարմին կինը սկզբում փորձեց հայացքով առարկել, սակայն ակնթարթ չանցած, Ագնեսի համար անսպասելի արագությամբ մարմարե աստիճաններով իջավ ներքև.

- 15 րոպե, - ասաց նա:

Ագնեսը մտավ սրահ, կանգնեց այդ գերեզմանային լռության կենտրոնում ու սկսեց հեռվից դիտել նկարները։ Իր համար էլ անհասկանալի պատճառով նա ակամա հանեց կոշիկներն ու բոբիկ՝ շարունակեց զննել անշնչացած, անխոս տասնյակ գլուխգործոցներ, որոնցից միայն մեկը Ագնեսին ստիպեց  մոտենալ...

Մի հին, գրեթե մաշված, խունացած մութ սենյակում, մուգ կապույտ, երկար բաճկոնով մի նիհարակազմ, բարձրահասակ տղամարդ, փայտե աթոռին նստած գլուխը խոնարհել էր մի կարմրափայտ թավջութակի վրա։ Աջ ձեռքի երկար մատներով բռնել էր աղեղը ու կարծես նվագում էր... Ագնեսի մարմնով դող անցավ... Նա ասես ճանաչում էր 1909 թվականին այդ կտավի վրա պատկերված տղամարդուն, նրա ամաչկոտ, ինքնամփոփ, կիսահակ դեմքը, ծոծրակի վրա թափված ածխագույն, քիչ երկար մազերը, սրածայր կոկիկ մորուքը, ճակատը ստվերող երկու ըմբոստ մազափնջերը և փակ աչքերը, որոնք ոչ մեկ վայրկյան թավջութակին նայելու կարիք չունեին հոգին փոթորկող իրենց մեղեդին նվագելու համար...

Մութ գույներով նկարված կտավի ամենալուսավոր հատվածը տղամարդու աջ ձեռքի մատներն էին, որոնցով նա բռնել էր աղեղը... Ագնեսն արդեն կանգնել էր մարդաչափ կտավին շատ մոտ,  երբ ափերը տարածեց կտավին քսված հաստ գունաշերտերի վրա ու մի պահ փակեց աչքերը։ Մատներով շոշափեց նկարի սառը մակերեսը ու զգաց, որ ձեռքերն սկսեցին ջերմանալ... Ափերը հպվեցին իր դիմաց նստած թավջութակահարի աջ ձեռքին, հետո դանդաղ բարձրացան նրա մուգ կապույտ, թավշե բաճկոնի վրայով, քնքշանքով շոյեցին բաճկոնի տակից երևացող ճերմակ, թափանցիկ ու բարակ շապիկի կոճկված օձիքը, սահեցին դեպի վիզը, որի տակ կարծես կենդանանալ սկսեցին թավջութակահարի սրտի զարկերը...

Կույրի պես՝ շոշափելով, շարունակեցին Ագնեսի մատները զգալ նրա մորուքը, հետո՝ ճակատն ստվերող ըմբոստ մազափնջերը, ապա խոնարհված ճակատը, որն ասես սկսել էր քրտնել, և հանկարծ՝ Ագնեսի ամբողջ մարմինը սկսեց լսել մեղեդին, որ նա նվագում էր... Նա անմիջապես ամբողջ մարմնով կպավ կտավին, մեղեդու ծարավ ականջը հպեց կարմրափայտ թավջութակի մակերեսին, համրացած լսեց ներսից հնչող այդ թա՜վ, սրտամոտ ու հարազատ ձայնը և բացեց այլայլված, խոնավ աչքերը։

Իր հասակից էլ բարձր կտավի ֆոնին նա մնաց երկար. ապրող կարոտով նայեց տղամարդու կիսահակ, հուզված դեմքին և հրաժեշտ տալու պես, ասես իր մտերմից բաժանվելու հոգի մաշող տխրությամբ, ետ քայլերով դանդաղ հեռացավ կտավից, հայացքը նրա լուսավոր ձեռքից չկտրելով...

Հագավ կոշիկները և ուզում էր ինչ որ բառ արտաբերել, երբ իր ձայնի փոխարեն լսվեց ծանոթ տիկնոջ ձայնը՝ «15 րոպեն ավարտվեց»։

Ագնեսը շփոթված ժպտաց, նույնիսկ մոռացավ շնորհակալություն հայտնել տիկնոջը, և գրեթե վազելով իջավ աստիճաններից ներքև ու ծանրացած մարմինն ու հոգին նետեց փողոց, որտեղ կարծես իր կյանքի ամենացուրտ ձմեռն էր ազատ պտտվում։

Տաքանալու համար քայլեց չափից ավելի արագ, ճանապարհի կեսից մտաբերել սկսեց քիչ առաջվա իր խենթությունը, մի կարճ ու անակնկալ ծիծաղ դուրս թռավ շրթներից, հետո՝ կարևոր որոշում կայացրածի նման հավաքեց ինքն իր թափթփված հոգին, կոկիկ դասավորեց ամեն մի մանրամասն իր տեղում և մտավ մոտակա խանութը։

Խանութում նա ծախսեց իր ունեցած ամբողջ դրամը. երեխաների համար գնեց անհամար շոկոլադ, փուչիկներ, ամուսնու սիրած պահածոյացված ձկնիկներից, իր սիրած մրգերը, խաղալիքներ, հաց, սուրճ և այդ բոլորի համար վճարելով, ծանր տոպրակները ձեռքին, տան անդամներից շատ երկար բաժանվածի պես վազեց տուն։

Ագնեսը հևքով բարձրանում էր աստիճաններով, երբ հինգերորդ հարկի իրենց բնակարանից մի շատ ծանոթ ձայն լսելով՝ անշարժացավ։

Թավջութակն էր...

Ուղիղ քսան տարի մի կողմ նետված, պատյանից երբևէ դուրս չբերված ամուսնու թավջութակը... Ու այդ մեղեդին, որ շարունակվել էր իր մեջ, անգամ երբ սերն ավարտվել էր...

Ապշած՝ մոտեցավ իրենց տան դռանը, բանալիով բացեց այն ու տոպրակները դնելով հատակին քայլեց դեպի նա, ով փայտե աթոռին նստած, գլուխը կիսահակ, երկու ըմբոստ մազափնջերը ճակատին շարունակում էր նվագել...

... Ագնեսի հոգին լո՜ւռ, անմեկնելի կարոտով լսում էր, երբ հանկարծ, ինքն իրեն տեսավ քիչ այն կողմ՝ պատից կախված հայելու մեջ, որտեղ այլևս ոչ մի կնճիռ չնկատեց։

Սերը շարունակվեց։

2020 թ.

 

Նուշիկ Միքայելյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ