«Սև հավի ձուն ու կարմիր կովի կաթը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Չգիտեմ, թե դուք ինչպես, բայց ես, էն սուպերմարկետներում, որտեղից օգտվում եմ, հրաշալի հարաբերություններ ունեմ բոլոր սպասարկողների հետ։
Բոլորս ժպտում ենք իրար երես տեսնելիս, հարց ու փորձ անում, սոցիալական, քաղաքական թեմաներ շոշափում, անգամ՝ ռազմական, հետո նոր իմ առևտուրը անում ու դուրս եմ գալիս։
Բան է, եթե մի քանի օր խանութ չայցելեմ ու խանութի մոտով անցնելիս լինեմ, կմտնեմ, կպտտվեմ, բոլորին կժպտամ ու դուրս կգամ։
Մի խոսքով, մենք իրար լավ ենք հասկանում, գիտեն իմ ուզածն ինչ է, ավելորդ բացատրությունների կարիք չի զգացվում առևտուր անելիս։
Զոր օրինակ, մտնում եմ խանութ, մոտենում այն բաժինը, որտեղից իմ ուզած բնամթերքն եմ ցանկանում գնել։ Բարևում եմ, լայն ժպտում և խնդրում տասը հատ սև հավի ձու։ Նա եղած ձվերից ժպտալով ջոկում է տասը հատ սև հավի ձու, դարսում ցելոֆոնե տոպրակի մեջ, մեկնում ինձ։
Շնորհակալություն եմ հայտնում ու անցնում կարագի բաժին, բարևում ու ժպտալով խնդրում մեկ կիլոգրամ տոլմացու կարագ։
Նա էլ ինձ է ժպտում, կարագի էն փափուկ մասից կտրում մեկ կիլոգրամի չափ կարագ, կշռում, փաթաթում ցելոֆոնով, կարագը ժպտալով մեկնում ինձ։
Պատահում է, որ նոր աշխատողների են ընդունում աշխատանքի։ Դե, նրանք էլ ժամանակի ընթացքում, կողքից նայելով, լսելով, իսկ երբ հարկ է լինում, հին աշխատողների աչքունքի ակնարկներով հասկանում են, թե իմ ուզածն ինչ է, որն է։ Այդպես նրանք էլ են սկսում քիչ-քիչ ասածներս հասկանալ։
Եվ դա պատահեց ուրբաթ օրը, երբ ես երթուղայինով, մի կերպ խցկված, մուտքի դռան մոտ երկտակված, գլուխս մի պատահական տիկնոջ ուսին հարմարեցրած տուն էի վերադառնում։
Զանգահարում է կինս ու հարցնում, թե որտեղ եմ և ում հետ եմ։
Ասում եմ.
- Դե, եթե վարորդին էլ հաշվեմ, մի քսանհինգ հոգի կլինենք։ Տուն եմ գնում։
Դե, խելքը գլխին կին ունեմ, իսկույն հասկանում է ինչն ինչոց է և ասում է.
- Վաղը շաբաթ է, էն ձիու կերից առ՝ «Օվսյանկա», ու մեկ էլ՝ մի լիտր կաթ։ Վաղը շաբաթ օր է, առավոտյան կաթով շիլա կեփեմ, կուտես։
- Լա՛վ, - ասում եմ ու գնում իջնում տան մոտ գտնվող սուպերմարկետի մոտի կանգառում։ Ներս եմ մտնում, ուղիղ գնում այն բաժինը, որտեղ ձիու կեր ու կաթնեղեն են վաճառում։
Օհո՜, իսկ սպասարկողն ինձ անճանաչ, մի գեղեցիկ, իր ցից բարեմասնություններով, ճերմակ, երկարավուն գլխարկի տակ մազերը հավաքած մի հավանական օրիորդ է։ Մոտենում ու ժպտալով բարևում եմ։ Նա նույնպես բարևում է ժպտալով, որից թշիկների վրա փոսիկներ են գոյանում։ Մեղքս ինչ թաքցնեմ, ինձ շատ դուր են գալիս այդպիսիները, երբ ժպիտից կամ ծիծաղից թշիկների վրա փոսիկներ են գոյանում։
Չդադարելով հիանալ, ասում եմ գեղեցկուհուն.
- Մեկ տուփ «Օվսյանկա», մեկ լիտրանոց, 3.2 տոկոսանոց յուղայնությամբ,կարմիր կովի կաթ տվեք։
Նա՝ նորեկ գեղեցկուհին, գլուխը թեքում է դեպի դարակները, ուր կաթնեղենի լիքը տուփերն էին շարված։ Աչքերով տնտղելուց հետո, գործի անցնում։ Սկսում է դարակների վրա շարված կաթով լիքը տուփերը հետ ու առաջ տանել, հետին շարքերում փնտրել իմ ուզածը։ Գնալով նա մի այնպիսի ջանասիրությամբ է սկսում փնտրել կարմիր կովից կթված կաթը, որ ես էլ ակամայից սկսում եմ հավատալ, որ իրականում կարելի է կարմիր կովի կաթը ուրիշ կովերի կաթից զանազանել։
Ու մեկ էլ, ո՞ւմ չար աչքը կպավ, այ սրտակից ընկերներ, թե՞ տեղը նեղ էր, ոտք դնելն էլ անհարմա՜ր, թե ի՞նչ, խեղճը փռվեց գետնին, հետն էլ դարակների վրա ինչ կար-չկար, ձեռքի հետ շուռ տվեց իր գլխին։
Թե ինչու այդպիսի բողկեր կերա ու անփորձ աղջկան նման բան ասացի ու փորձանքի ենթարկեցի, դա էլ աստված գիտի։
Քիչ անց նա բարձրացավ ընկած տեղից սոսկալի շնչահեղձ լինելով։ Էն, որ վթարի ենթարկվելուց լավ որակի ավտոմեքենաների անվտանգության բարձիկները բացվում, փչվում, ուռչում են՝ վարորդին վնասվածքներից փրկելու համար, չէ՞, ճիշտ այդպես էլ խեղճի բարեմասնություններն էին ուռել, բարձրացել ու վերուվար էին լինում կրծքին՝ խորը շնչելուց։
Նա նորից կռացավ, գլխարկը գետնից վերցրեց, մազերը հավաքեց գլխարկի տակ, դրեց գլխին ու երկու ցուցամատերով հենվեց սեղանին, գլուխը քիչ խրեց ուսերի մեջ ու այդ ուռած ու փքված բլուրների հետևից, նայելով աչքերիս մեջ, հոնքերը իրար հավաքած, աչքերը կիսախուփ՝ ֆշշացրեց.
- Դավա՜յ ստո՛ւց, մարշդ քաշի՛։ Երեկ կարմիր կովին չե՛ն կթել։
Թեմիկ Խալափյան