ՇԱՌԱՎԻՂ. Ազարիկյաններ

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

 

«ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի «ՇԱՌԱՎԻՂ» հատուկ նախագիծն այսուհետ անդրադառնալու է տոհմիկ հայ ընտանիքներին, նրանց շառավիղներին, արմատներին, բացահայտելու է աշխարհով մեկ սփռված հային՝ զգալու համար «որտեղից ենք գալիս, ուր ենք գնում» դարերով ձգվող հարցադրման ողնաշարը:

Առաջին նյութում անդրադառնում ենք ԱԶԱՐԻԿՅԱՆՆԵՐ տոհմին:

Ամիսներ առաջ մենք առիթ ունեցանք ծանոթանալու Հալեպից Հայաստան վերադարձած մի տոհմիկ հայուհու՝ Շողիկ Ազարիկյանի հետ: Ցավոք, հանգամանքների բերումով Շողիկն իր ընտանիքով հաստատվեց Կանադայում, ինչպես բազմաթիվ սիրիահայեր:

Մեր զրույցների ընթացքում բազմիցս հրաշալի իրապատումներ էինք լսում Ազարիկյաններ գերդաստանի մասին: Եվ երբ պատրաստում էինք «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակի նյութերը, մտածեցինք կապվել Շողիկի հետ, խնդրել, որ գրառի իր հայտնի տոհմի պատմությունը: Եվ օրեր անց Շողիկից ստացանք թղթին հանձնած պատմությունը՝ հայոց տառերը հատիկ-հատիկ արևմտահայ լեզվով նախադասություններում խնամքով ձեռագրած:

Ահա Շողիկի պատմությունը՝ որոշակի խմբագրումներով: 

«Հիշում եմ, թե մանկությանս օրերին ի~նչ ոգևորությամբ էի հայտարարում, թե ես խարբերդցի ծնողների զավակ եմ թե հայրական, թե մայրական կողմից: Սակայն գիտեի միայն այդքանը: Ժամանակի ընթացքում ներքին մղումով ցանկացա պեղել այն ամենը, ինչն ինձ համար մնացել էր հարցական: Եվ այդպես, երբ ծնողներս խոսում էին իրենց ծնողների, պապերի մասին, առիթից օգտվելով ես նրանց տարբեր հարցեր էի տալիս, որոնց նրանք հաճույքով պատասխանում էին՝ երբեմն նույնիսկ հեռավոր ազգականների դիմելով որոշ ճշտումների համար:

Այսօր արդեն հստակ պատկերացում ունեմ իմ արմատների մասին:

Հայրական կողմից Ազարիկյան ազգանունը գալիս է համանուն Հազարի գուղից: Ենթադրվում է, որ հազարից ավելի բնակչություն ունենալու պատճառով է, որ այդպես են կոչել գյուղը: Գյուղը Խարբերդ նահանգի Չմշկածագ քաղաքի հարևանությամբ է:

Որոշ ժամանակ անց նախնիներս տեղափոխվել են Եղեգ գյուղ: Ազարիգյան ընտանիքը երեք արու զավակ է ունեցել՝ Հարություն, Սարգիս և Լևոն, որնք հիմնականում զբաղվել են ատաղծագործությամբ:

Նախքան Մեծ Եղեռնը Հարություն Ազարիկյանը, որպես տան ավագ որդի՝ իր երկու եղբայրներին՝ Սարգսին և Լևոնին, նավով ուղարկել է Միացյալ Նահանգներ, հույսով, որ ինքն էլ կմիանա նրանց երկրում գործերը կարգավորելուց հետո: Ինքն ունեցել է այն կանխազգացումը, որ գալիք օրերը բավական մութ և դաժան են լինելու:

Դժբախտաբար գործերը չի հասցնում ամբողջությամբ լուծել, երբ վրա են հասնում Մեծ Եղեռնի սև օրերը: Հարությունն ուներ չորս զավակ՝ Փայլունը, Խաչատուրը, Սամվելը և Մարթան: Եղեգցի հայտնի կոշկակար, թուրք սպաների համար կոշիկ կարող Խաչատուր Երեմյանի բարեխոսությամբ հնարավոր է լինում փրկել միայն ութ տարեկան Փայլունին և հինգ տարեկան Խաչատուրին: Սամվելն ու Մարթան չեն ուզում բաժանվել իրենց ծնողներից ու ընտանիքի բոլոր անդամները սպանվում են::

Փայլունն ու Խաչատուրը շատ գաղթականների նման հասնում են Հալէպ:

Շատ լավ հիշում եմ, որ ամեն անգամ, երբ գնում էինք  Լիբանան, անպայման այցելում էինք Հարությունի զավակներին փրկած Երեմյան ընտանիքին և մինչ օրս հայրս ասում է, որ այդ ընտանիքի արածը մոռանալ չի կարող:

Մեծ հայրս՝ Խաչատուրը աշխատանքի է անցնում փռապանի մոտ, օրվա վերջում ստանալով մեկ նկանակ, որը կիսում է քրոջ հետ: Ժամանակի ընթացքում, օրինավոր աշխատակից լինելով, ստանձնում է նաև գանձապահի պաշտոնը: Հետագայում ստեղծում է մեքենաներ նորոգելու սեփական արհեստանոցը, որն ընդլայնում ու գործը զարգացնում են զավակները:

Այդ տարիներին չգրված օրենք էր, որ ամուսնության տարիքի անձը անպայման պետք է համերկրացի թեկնածու ընտրի և Փայլունն իր եղբոր համար գտնում է Աղավնիին, բարվոք ընտանիքի դուստր, իսկական աղավնու բնավորությամբ, որի ծնողները Խարբերդ նահանգի  Մեզիրի քաղաքից էին:

Այս զույգը հինգ զավակ է ունենում: Աղավնին՝ Մեծ մայրս ծնվել էր 1915-ին և դարձյալ բռնել գաղթի ճամփան:

Հայրական կողմից Մեծ հայրս և Մեծ մայրս՝ Խաչատուրն ու Աղավնին ամուսնացել են 1933-ին: Նրանց առաջնեկը ծնվել է 1934-ին, սակայն երկար չի ապրել: Շուտով ծնվել է Էլմաստը, որ հետագայում Հալեպի Ազգային Հայկազյան Վարժարանի հայերենավանդ ուսուցչուհին էր 45 երկար տարիներ և դարձավ այդ վարժարանի խորհրդանիշերից մեկը:

1940-ին լույս աշխարհ է գալիս Սամվելը՝ հայրս, որ պատանի տարիքից սեր ուներ մարմնամարզության հանդեպ, որն արտացոլվեց հեծանվասպորտում և 1958-ին ու 1959-ին Արաբական Միացյալ պետության հեծելարշավի փոխչեմպիոնը դարձավ, իսկ 1960-ին դարձավ Սիրիայի հեծանվասպորտի բացարձակ չեմպիոն:

1945-ին ծնվում է այս ընտանիքի վերջին զավակը՝ Աիդան:

Հայրս՝ Սամվելը, հաճախ էր պատմում իր ընտանիքի սովորությունների մասին:

Մեծ հայրս գրել կարդալ սովորել էր իր աղջկա՝ Էլմաստի օգնությամբ և այդ ժամանակից, երբ տուն էր գալիս, անպայման պետք է «Ազդակ» օրաթերթն ունենար ձեռքին: Թերթն ընթերցելուց հետո բացում էր Հայաստանի քարտեզն ու ժամերով ինչ որ բան էր փնտրում, միշտ հորդորելով կնոջը՝ Աղավնիին, տունը չծանրաբեռնել այլևայլ իրերով, քանի որ պետք է երկիր վերադառնան:

Աղավնին շատ գեղեցիկ և նուրբ ասեղնագործում էր, ժանեկագործությամբ էր զբաղվում և նրա մահից քառասուն տարի անց, ես փորձում եմ շարունակել իր կիսատ թողած գործերը, ամբողջացնել ու ավարտին հասցնել:

Անդրադառնալով հորս Մեծ հոր՝ Հարությունի եղբայրների ճակատագրին, ասեմ, որ Սարգիսն ու Լևոնը հաստատվում են Միացյալ նահանգներում: Սարգիսն ամուսնանում է համերկրացի Սիրանույշի հետ և ունենում է երեք զավակ: Այժմ Ազարիգյան գերդաստանի ամենատարեցը 86 տարեկան է:

Լևոն ամին՝ (Խարբերդի բարբառով՝ հորեղբայր), ամուսնանում է երկու զավակների մայր այրի մի կնոջ՝ Շուշանի հետ: Նրանք նաև համատեղ երեխաներ են ունենում: Այսօր Ազարիկյան գերդաստանի վեցերորդ սերունդը կա, Ջեյմսը, որ 28 տարեկան է, ունի չորս զավակ՝ երեք որդի և մեկ դուստր:

1941-ին Լևոն ամին որոշում է, որ ԱՄՆ Քոնեկտիքուտ նահանգի Նյու Բրիթըն քաղաքում Հայ Առաքելական եկեղեցու ծախսերը հոգալ իր տունն ու այլ կալվածքներ գրավ դնելով և դրամատնից գումար փոխ առնելով: Նա եկեղեցու կնքահայրն է դառնում՝ ջանք դնելով ու երազ ունենալով եկեղեցին կոչել Ս. Հարություն՝ ի հիշատակ իր նահատակ եղբոր, որի շնորհիվ են Մեծ Եղեռնից ազատվել ու ծիլ նետել հեռավոր ափեր: Եվ հաջողում է եկեղեցու անվանակոչությունը:

Տարիներ անց իր որդեգիր տղաները՝ Մանուկ և Պետրոս Պաղտիկյանները իրենց հորը հետևելով, եկեղեցու համար բազմաթիվ ծառայություններ են մատուցում:

Պետք է ասեմ, որ Ազարիգյան ընտանիքի բոլոր անդամները սիրով են ծառայում Աստծո տանը:

Տարիներ անց, Լևոն Ամու մահից հետո, իր որդին՝ Հարությունը սիրով ստանձնում է եկեղեցու կնքահայրությունը, նվիրելով ևս 20.000 ԱՄՆ դոլար: Ըստ հորս և մորս, նա մինչ իր մահը եղել է չափազանց բարի, միամիտ ու բարեպաշտ անձնավորություն, ու իր ամբողջ կյանքի ընթացքում գործածել է Խարբերդի բարբառը, ինչպես իր սերնդակիցները:

Անդրադառնամ մորս արմատներին:

Մայրական կողմից Մեծ հայրս՝ Տիրան ժամկոչյանը  «ուստա Հակոբ» անունով Հակոբ Ժամկոչյանի և Մարիամ Մաղաքյանի զավակն է: Հակոբ Ժամկոչյանն աշխատել է ամերիկյան հաստատություններում որպես մատակարար: Հակոբի հայրը՝ Սարգիս Ժամկոչյանը եղել է եկեղեցու ժամկոչ ու այնտեղից է գալիս ընտանիքի Ժամկոչյան ազգանունը:

Մեծ հորս՝ Տիրան Ժամկոչյանի մայրը՝ Մարիամը Մաղաքյանը եղել է Հյուսեյնիկի  հայտնի ընտանիքներից՝ Մաղաքյանների դուստրը: Բենեամին  Նուրիկյանն իր պատմվածքներում միշտ հիշում է Մաղաքանց անսահման պարտեզների ու թթենիների մասին:

Մաղաքյաններն ունեցել են հինգ զավակներ, որոնք հաստատվել են աշխարհի տարբեր անկյուններում:

Մորս՝ Մարալ Ժամկոչյանի մայրական կողմի արմատները գալիս են Ակնից:

Մեծ մայրս՝ Անահիտ Զապունյանը եղել է Արշակ Զապունյանի և Մարիձա Պոզոյանի կրտեսեր դուստրը:

Արշակ Զապունյանը զբաղվել է շերամագործությամբ, մետքասի գործարան է ունեցել: Մինչ այսօր մայրս իր մոտ պահում է իր Մեծ մոր նշանդրեքի հագուստն ու զույգ մուճակները (հողաթափեր)՝ արտադրված ընտանիքի սեփական մետաքսի գործարանում, ինչպես նաև ամուսնական մատանին:

Արշակ Զապունյանը և Մարիձա Պոզոյանն  ամուսնացել են  1907 թվականին: Նրանք ունեցել են հինգ զավակ:

Մեծ Եղեռնի օրերին Արշակին ու իր եղբորը թուրքերը ձերբակալում են: Կինը՝ Մարիձան փորձում է ինչ որ կերպ ազատել ամուսնուն, բայց չի հաջողում և բոլորը սպանվում են, թողնելով որբ իրենց հինգ զավակներին, որոնց մեծ դժվարությամբ խնամում է Մարիձայի մայրը:

Թե հայրական, թե մայրական կողմի նախնիներս բավականին դժվարին պայմաններում են հասել Հալեպ:

Թե ինչպես են Մեծ հայրս և Մեծ մայրս ծանոթացել, հայրս շատ էր սիրում պատմել: Մեծ հայրս հրապուրվել է Մեծ մայրիկովս՝ Անահիտով, նրա ձայնով, տեսքով  ու անընդհանտ նրան կարմիր վարդեր է նվիրել, որն ի վերջո բերել է ամուսնության:

1948-ին ծնվում է նրանց առաջնեկը՝ Մարալը, Մարալ Մարիան:

Հայրս ու մայրս նույնպես հետաքրքիր հանգամանքներում են ծանոթացել: Նրանք նույն թաղում են բնակվել, ընտանիքներով մոտ հարաբերություններ են ունեցել: Հայրս իր տարեդարձերից մեկի առթիվ ավտոմեքենա է նվեր ստանում հորից, որն այդ տարիներին բացառիկ մի բան էր: Լինելով շատ տեսքով, ամրակազմ երիտասարդ, ամեն բան անում է գրավելու համար Հյուսեյնիկցի Մարալի սիրտը, նրան նվիրելով մի ոսկե սրտիկ: Ինչպես ասացի, չգրված օրենք կար, որ համերկրացիներով պետք է ամուսնանան և նրանք ամուսնանում են 1972-ին, չորս դուստր են ունենում, որից մեկն էլ ես եմ՝ Շողիկ Ազարիգյանս:

Նրանք շատ հայրենասեր մարդիկ էին ու հայոց լեզվի աննկուն պաշտպաններ: Իրենց դուստրերի՝ քույրերիս անուններն անգամ այդ են վկայում՝ Սևան, Անի, Նաիրի:

Երբ ես հարցնում էի, թե ինչու ես Հայաստանի մաս չեմ ու Շողիկ է իմ անունը, նրանք ասում էին. «դու էլ Հայաստանի շողն ես»:

Մեր տունն իսկական մի դպրոց էր: Մեզ արգելված էր օտար բառեր գործածել կամ հեռուստացույցի թուրքական ալիքներով որևէ բան դիտել: Դա սրբապղծության նման էր մեր տանը:

Սովորություն ունեինք, որ ամեն ուրբաթ դպրոցից վերադառնալիս մոտակա խանութից գնումներ էինք անում: Մի անգամ էլ հորաքրոջս հետ էինք, շոկոլադ էինք գնել, բայց երբ տուն հասանք, հորաքույրս նկատեց, որ իմ շոկոլադը չկա: Ո՞ւր է, հարցրեց, ասացի, որ աղբամանն եմ նետել, քանի որ թուրքական արտադրության էր: Ես հասցրել էի ճանապարհին այն աննկատ նետել աղբամանը: Չեի կարող այդ շոկոլադով տուն մտնել: Հորաքույրս պատմեց հորս այս պատմությունը ու հայրս մեծ գոհունակությամբ ընդունեց այն: Հաջորդ օրն ինձ տարավ խաղալիքների խանութ ու ես ընտրեցի իմ ուզած խաղալիքը որպես պարգև:

Շատ բծախնդիր էին մայրենիի հանդեպ: Հայրս, երբ որևէ մի տեղ ուղղագրական սխալ էր տեսնում՝ լիներ դա թերթում, պատին փակցված հայտարարության մեջ, թե մի այլ տեղ, հանում էր գրիչն ու ուղղում այն: Երբեմն ես էլ էի կրկնում նրա այդ քայլը և նա միշտ հիացմունքով ու հպարտությամբ ասում էր. «ապրես, Շողիկ»:

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ