«Սկիզբ և հունիսի 15. «Ականատեսի հուշեր»». ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Փետրվարի 20-ին Ղարաբաղյան շարժումից, որը դարձավ Արցախի ազատագրության, Հայաստանի անկախացման սկիզբը, մեզ բաժանելու է 32 տարի: Արդեն մեծացել են սերունդներ, որոնք առանձնակի պատկերացումներ չունեն հայ ժողովրդի պայքարի, միասնության, ոգու, կամքի ու համառության այդ փառահեղ օրերի մասին:
Հրապարակելով այս շարքը, նպատակ ունենք ականատեսների վկայություններով վերականգնել այդ հերոսական օրերի պատկերը: Եվ այս տրամաբանությամբ է, որ սկսում ենք հատվածներ ներկակայցնել Ստեփանավան քաղաքի անվանի թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, մասնագիտական բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ և համահեղինակ, 1988-1990 թթ. դեպքերի մասնակից և կամավոր, Գագիկ Արմենակի Գրիգորյանի (1954-2005 թթ.) «Ականատեսի հուշեր» վավերագրական երկից:
Ըստ երկի խմբագրի՝ Գագիկ Գրիգորյանի որդու՝ Արմեն Գրիգորյանի, ««Ականատեսի հուշերը» հեղինակի կողմից վերջնական տեսքի են բերվել 1991 թ. նոյեմբերին: Հետագայում կատարվել են լրացումներ՝ 1992-1993 թթ.: Այդ հանգամանքով է պետք բացատրել որոշ «հին»՝ միլիցիա, միտինգ, պրոբլեմ, սովադուլ բառերի գործածումը և հեղինակի՝ հայ ազգի ապագայի վերաբերյալ օրինապաշտ, ազնիվ և քաղաքական գործիչներին վստահող մարդու լավատեսական մոտեցումը»:
Հրապարակելով հուշագրությունը, հասկանում ենք, որ այն կարող է գերագույն ճշգրտությամբ չարտացոլել իրադարձություններն ու իրողությունները և չհամընկնել այլ ականատեսների հիշողությունների կամ զգացողությունների հետ, ուստի խնդրում ենք նման դեպքերում ներողամիտ լինել: Կարևորն է, որ փորձենք միասնաբար վեր հանել Ղարաբաղյան շարժման բացառիկ օրերի պատկերը, որպեսզի ոգեղենության մեր ակունքը չմատնվի մոռացության հատկապես նոր սերունդների կողմից: Եվ վեր հանել այն «շարքային» ականատեսների միջոցով:
Նախաբան
Պատմական իրադարձությունները սերունդների հիշողության մեջ են մնում, եթե նկարագրվում են պատմաբանների, այդ իրադարձությունների մասնակիցների կամ ականատեսների կողմից:
Ես հեռու եմ ինձ պատմաբան կամ դեպքերի ակտիվ մասնակից համարելու մտքից, սակայն, իրավմամբ, կարող եմ որդեգրել ականատեսի դերը: Ուզում եմ հավատալ, որ հենց այդ դիրքից նկարագրված եղելությունը հետաքրքիր կլինի մեր ապագա ընթերցողների համար:
Ւնչևիցե, պարտքս համարեցի ի մի բերել և գրանցել այն ամենը, ինչ հաջողվեց տեսնել և զգալ, այն ամենը, ինչ կատարվեց Հայաստան կոչված փոքրիկ հողակտորում՝ սկսած 1988 թվականից:
Իհարկե, ընթերցողը պետք է հստակ պատկերացնի, որ ես ամենևին չեմ հավակնում այդ իրադարձությունների ամբողջական նկարագրությանը, քանզի ինչպես արդեն նշել եմ, ո՛չ պատմաբան եմ, ո՛չ պատմական կարևոր իրադարձությունների ակտիվ մասնակից: Թե ինչպես ենք ընկալել ներկան և որքանով ճիշտ ենք գուշակել ապագան, թող դատեն ընթերցողները:
***
Առաջին լուրջ ահազանգն այն մասին, որ ինչ-որ բան է փոխվում, հնչեց 1986 թ. դեկտեմբերին՝ կապված ալմա-աթյան իրադարձությունների հետ, իսկ այնուհետև՝ 1987 թ. ամռանը, երբ սկսվեցին Ղրիմի թաթարների ելույթները՝ թերակղզի վերադառնալու համար: Բավական անսովոր էր հեռուստացույցով լսել նման պահանջների մասին, սակայն մեր գավառական մտածողությամբ կարծում էինք, թե թաթարներին Ղրիմ չեն թողնի:
Միաժամանակ, «Ոզնի» հանդեսում հրապարակվել էր Զորի Բալայանի հոդվածը, որտեղ խոսվում էր վերակառուցման հաջողությունների մասին, և նույնանման պահանջ էր դրվում նաև մոռացված հայ գրողների, ինչպես նաև Ղարաբաղի մասին լիաբերան խոսելու վերաբերյալ:
... Ղարաբա՛ղ...: Ի՞նչ էր այն մեզ համար: Ես պատկերացնում էի այդ երկրամասն ամբողջությամբ թուրքերով բնակեցված, մի քանի տուն միայն՝ հայերով, որոնք շուտով պետք է գաղթեին Հայաստան, այսինքն՝ Հայկական ՍՍՀ: Այդ մտածելակերպը հմուտ կերպով մարդկանց գիտակցության մեջ էր մտցվել Ադրբեջանը կառավարողների կողմից, ովքեր արգելել էին գրեթե բոլոր պաշտոնական շփումները Ղարաբաղի և Հայկական ՍՍՀ միջև: 1984 թ. հրատարակված Մեծ հանրագիտական բառարանում Ղարաբաղի բնակիչների վերաբերյալ մասում հայերը նշված էին ադրբեջանցիներից ու ռուսներից հետո: Ավելացնենք, որ մարզից գաղթածները նույնպես (երևի՝ փորձելով արդարացնել իրենց փախուստը) Ղարաբաղը նկարագրում էին իբրև լրիվ թուրքացած մի երկրամաս:
Այդպես որ, երբ ընթերցեցինք Զ. Բալայանի՝ «Ոզնում» տպագրված հոդվածը, բորբոքվեցին հայրենասիրական զգացումները, սակայն վերացական ձևով. դեռևս չէինք պատկերացնում Ղարաբաղը որպես միս և արյուն, որպես հին հայկական և հայերով բնակեցված հողակտոր:
Հեյդար Ալիևի անսքող շողոքորթությունը Լ. Ի. Բրեժնևի նկատմամբ, կեղծավորությունը, խորամանկությունը հնարավոր չէր թաքցնել: Գիտեինք նաև նրա հայահալած քաղաքականության մասին: Այսպես, Բաքվի Բարձրագույն կուսակցական դպրոցում 2 տարի սովորած մի խորաթափանց մարդ ասել էր, որ թուրք կուսակցական գործիչներն Ալիևից հրահանգ ունեին անտանելի պայմաններ ստեղծել իրենց կողմից վերահսկվող տարածքներում ապրող հայերի համար, իսկ դպրոցի հայ ունկնդիրների հետ շփումը հասցված էր նվազագույնի:
Իհարկե, գոյություն կունենան փաստաթղթեր, որոնք կհաստատեն այն դերը, որն ունեցել է Ալիևը «Ադրբեջան» կոչված երկրամասը հայաթափելու գործում, բայց ես գրում եմ լոկ այն մասին, թե ինչ էր խոսվում կամ զգացվում ծավալուն տեղեկատվական տվյալներից զուրկ հասարակ ժողովրդի կողմից: Նշեմ նաև, որ Բաքվի Բարձրագույն կուսակցական դպրոցի ոչ բոլոր հայ ունկնդիրներն էին այդքան խորաթափանց: Այլ երեք հոգի, ում ես ճանաչում էի, վերադարձել էին մեծ տպավորություններով և գովերգում էին հայ-ադրբեջանական բարեկամությունը:
Օրինակ, Ստեփանավանում ուսում ստացած Հասան Սեյիդովը, որը 1980-ական թվականների սկզբին բարձր պաշտոններ էր զբաղեցնում Ադրբեջանում, մեծ սիրով էր ընդունում ստեփանավանցիներին, օգնում էր նրանց բիտում ստանալու դժվարին խնդրում և նշում, որ այդ ամենը նա անում է ... Ստեփանավանը բաքվեցիների համար ամառանոցային գողտրիկ անկյուն դարձնելու համար: Հաշվի առնելով Ստեփանավանում ստվար՝ մոտ 3000՝ քաղաքում և 3000՝ շրջանում, թուրք բնակչության քանակը, դժվար չէր պատկերացնել Ստեփանավանը՝ ադրբեջանական ամառանոցի վերացնելու հնարավորությունը:
Ալիևի նկատմամբ ատելությունը աճել էր այն ժամանակ, երբ Բրեժնևը, 1982 թ., չսպասելով Հովհաննես Բաղրամյանի հուղարկավորությանը, մեկնեց Բաքու՝ Ալիևի հրավերով:
Այդպես վերջացավ 1987 թվականը: Միայն մեկ անգամ մամուլում հաղորդվել էր Երևանում կայացած մեծ էկոլոգիական ցույցի մասին՝ 1987 թ. հոկտեմբերին:
Սկիզբը
Սկսվել էր 1988 թվականը... Հեռուստացույցն ազդարարել էր, որ այն վիշապի տարի է՝ ըստ արևելյան օրացույցի: Միաժամանակ ասվեց, որ վիշապը սարսափելի է միայն արևմտյան մշակույթով սնվածների համար, իսկ Արևելքում այն համարվում է շատ հաճելի և բարի էակ: Տարվա վերջում մեկ անգամ ևս պարզվեց, որ մենք հակված ենք դեպի արևմտյան մշակույթը: Բայց դա վերջում, իսկ առայժմ 1988 թ. սկիզբն էր:
Հայերը վերջին անգամ էին տոնում ԽՍՀՄ-ում ավանդական դարձած տոնը՝ Նոր տարին՝ հանգիստ խղճով:
Ավարտվել էին տոնական միջոցառումներն ու կերուխումը, սկսվեցին առօրյա հոգսերը, և ահա՝ փետրվարի 20-ին, հեռուստացույցը հաղորդեց. «...ցույց՝ Ղարաբաղի հայության հետ համերաշխության պահանջով»: Իհարկե, ցույցը չեն ցուցադրել, դրա մասին հաղորդավարը միայն ասել էր: Բոլոր նրանք, ովքեր 1988 թ. փետրվարի 20-ին լսեցին այդ հաղորդումը, ունեցան աշխարհահայացքի փոփոխության մի դժվար բացատրելի զգացում:
Շուտով ականատեսները սկսեցին պատմել Երևանի մեծ միտինգի մասին, իսկ փետրվարի 25-ին Ղարաբաղի պաշտպանության միտինգ կայացավ նաև Ստեփանավանում: Միտինգը կազմակերպել էին ԲՀԷՍ (Բարձր հաճախականության էլեկտրական սարքավորումներ) գործարանի ինժեներներ Հովիկ Պառավյանը, Սուրեն Դնոյանը, Գագիկ Օլքինյանը և ուրիշներ: Նրանք՝ Սուրեն Դնոյանից բացի, հետագայում Ստեփանավանում ստեղծեցին «Ղարաբաղ» կոմիտեի, իսկ այնուհետև ՀՀՇ-ի բաժանմունքը:
Հատկանշական էր միտինգներում տիրող բարյացակամ մթնոլորտն ադրբեջանցի ժողովրդի և Ստեփանավանում բնակվող դրա ներկայացուցիչների նկատմամբ: Ի դեպ, այն ժամանակ մենք խուսափում էինք նրանց «թուրք» անվանել, որովհետև ադրբեջանցիները դրանից վիրավորվում էին:
Այն ժամանակ Ստեփանավանում ապրում էր մոտ 3000 թուրք: Նույնքան՝ Պուշկինո, Կիրովո (Ամրակից), Կույբիշևո (Ուրասար), Մաքսիմ Գորկի (Բովաձոր) գյուղերում: Ստեփանավանում նրանք դեռևս պաշտոններ չէին զբաղեցնում, սակայն հարևան Կալինինոյի (Տաշիրի) շրջանում Ժողվերահսկողության կոմիտեի նախագահը, շրջգործկոմի նախագահի տեղակալն արդեն թուրքեր էին, կային մի քանի թուրք բժիշկներ: Կալինինոյում թուրքերը կազմում էին տվյալ շրջանի բնակչության համարյա կեսը, համենայն դեպս՝ 40 % - ից ոչ պակաս:
Թուրքերը շատանում էին ոչ միայն բնական աճի հաշվին, չնայած վերջինը շատ բարձր էր հայերի համեմատ՝ մոտավորապես 2-2,5 անգամ: Դեր էր խաղում ոչ միայն երեխաների քանակը, այլև այն հանգամանքը, որ ոչ մի կին դուրս չէր մնում որդեծնության ոլորտից: Նույնիսկ այն թրքուհիները, որոնք այս կամ այն մարմնական արատի պատճառով այլ ազգությանը պատկանելու դեպքում դժվար թե ամուսնանային, թուրքերի մոտ մայրանում էին, քանի որ նրանց վերցնում էին որպես երկրորդ, երրորդ կին: Իհարկե, բազմակնությունը գաղտնի բնույթ էր կրում և պաշտոնապես չէր գրանցվում:
Թուրքերի կենցաղը պարզ էր. նրանք սակավապետ էին ուտելիքի, հագուստի մեջ, սիրում էին փող և ոսկի կուտակել: Արդեն որոշ թուրքեր առևտրական աշխույժ կապեր էին հաստատել Ռուստաստանի տարբեր մարզերի հետ՝ այնտեղ ապրող իրենց ցեղակիցների միջոցով: Ոմանք ունեին անձնական ավտոմեքենաներ, շքեղ առանձնատներ, պահում էին մինչև 500 գլուխ սեփական ոչխար: Զինված էին գրեթե բոլորը՝ զենքը մնացել էր դեռևս 20-ական թվերից կամ ձեռք էր բերվել հետագա տարիներին: Ընդհանուր առմամբ, թուրքերի նյութական, ուսումնական և սոցիալական մակարդակը հայերից ցածր էր: Խառն ամուսնությունները վերջին 30-40 տարվա ընթացքում եզակի էին՝ Ստեփանավանի շրջանում 10-12-ից ոչ ավելի:
... Միտինգներին թուրքերն իրենց պահում էին հայերի նման: Ելույթ էր ունեցել տեխնիկումում սովորող մի թուրք, որն ասաց, թե տեղի թուրքերն ուրախությամբ կողջունեն Ղարաբաղի միացումը Հայաստանին: Թուրքական դպրոցի տնօրեն Թեյմուրազ Բաշիրովը հոդված էր հրապարակել շրջանային «Փարոս» թերթում, որտեղ մեջբերել էր հայերին գովաբանող թուրք բանաստեղծների խոսքերը և նշել, որ տեղի ադրբեջանցիները ցանկանում են Ղարաբաղի միացումը Հայաստանին:
Տեղի իշխանությունները շատ նրբանկատ էին թուրքերի նկատմամբ և բոլոր հիմնարկների ղեկավարներին անընդհատ զգուշացնում էին «թուրքերի նկատմամբ որևէ նացիոնալիստական քայլի անթույլատրելիության մասին»:
... Իսկ առայժմ փետրվարն էր, և բոլորս տոգորված էինք շատ մեծ հույսերով: Գորբաչովն ընդունվում էր որպես նորացման խորհրդանիշ, ստալինյան քաղաքականության գերեզմանափոր: Հատկապես հուսադրող էին նրա այն խոսքերը, որոնք նա ասել էր Հարավսլավիայում, որտեղ մեկնել էր այդ օրերին. «Անդրկովկասում կատարվածը չի հակասում սոցիալիզմին»: Քչերը հասկացան այդ խոսքերի դիվային, սատանայական իմաստը, չնայաց արդեն այն ժամանակ, փետրվարի 26-ին, Ստեփանավանում կայացած միտինգի ժամանակ պաշտոնաթող մանկավարժ Վաղինակ Ամիրխանյանը, Գորբաչովի՝ փետրվար ամսվա վերջում կամ մարտ ամսվա սկզբում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին արված դիմումն անվանեց «ոչինչ չասող»:
Շրջաններում ապրողներիս համար ինֆորմացիայի հիմնական աղբյուր էր հանդիսանում հեռուստացույցը:
Փետրվարի 26-ից 28-ը ելույթ էին ունենում գրականության, արվեստի, գիտության ներկայացուցիչները, որոնք ասում էին մոտավորապես նույնը. «Ժամանակ տանք կառավարությանը՝ քննարկել մեր պահանջները, դադարեցնենք միտինգները, պահանջն ի կատար չածելու դեպքում նորից վերսկսենք միտինգները 1 ամիս հետո՝ մարտի 28-ին»: Գորբաչովը Մոսկվա էր հրավիրել Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին, ու՝ ըստ նրանց հեռուստաելույթի, հուսադրել էր Ղարաբաղյան հարցի՝ հօգուտ հայերի լուծման վերաբերյալ:
Ըստ երևույթին, ելույթներն ունեցան իրենց ազդեցությունը: Շուտով՝ մարտի 1-ին, իմացանք միտինգների դադարեցման մասին, սակայն հենց այդ ժամանակ սկսեցին լուրեր հասնել Սումգայիթի մասին: Իհարկե, ճշմարտությունը չէինք իմանում, թվում էր, թե թուրքերն ինչ-որ սպառնալից ցույցեր են արել այդ քաղաքում, բայց չէինք պատկերացնում Եղեռնի իրագործության մասին: Բանն այն է, որ Սումգայիթի փախստականներին պահում էին պանսիոնատներում՝ հնարավորին չափ դժվարացնելով շփումը նրանց հետ: Ինչպես ինձ ասաց փախստականներին զննելու ուղարկված բժշկներից մեկը, իրենց հանձնարարված էր լսածի մասին ոչ մի տեղ չպատմել:
Օպերայի հրապարակում միտինգներ չկային, որովհետև այն շրջապատված էր զինվորներով և միլիցիոներներով, իսկ մարտի 20-ից Երևան էին զորքեր բերվել: Մարտի 20-ին և 21-ին՝ երևանցիներին ահաբեկելու նպատակով, ցածր բարձրության վրա թռչում էին ուղղաթիռները:
Սրամտությունը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին: Քաղաքի վրա թռչող ուղղաթիռների մասին ասում էին. «Օդափոխիչներ են բերել սմոգը մաքրելու համար», իսկ ոմանք այդ ուղղաթիռներն անվանում էին «Վերակառուցման առաջին ծիծեռնակներ»: Ծեր երևանցիներն ասում էին. «Չմեռանք՝ տասներկուերորդ բանակի մուտքը տեսանք»: Հատակապես իմաստալից էր հետևյալ անեկդոտը. «Երևան գործուղված բարձրաստիճան պաշտոնյա Դոլգիխը հեռագրում է Գորբաչովին. «Այս հայերը վերակառուցումը լուրջ են ընդունել»...
Այնուհետև, մարտի 21-ին տխրահռչակ «Պրավդա»-ի «Հույզեր և բանականություն» հոդվածն էր, որում հայերը բնութագրվել էին որպես էքստրեմիստներ: Իհարկե, այդ ամենը հանդիպում էր ժողովրդի ամենաբացասական հակազդեցությանը: Օրինակ, մեր բժշկներով ստորագրեցինք Սումգայիթի դեպքերը դատապարտող փաստաթղթի տակ, անընդհատ՝ հիմնականում ԲՀԷՍ գործարանից, որտեղ դեռևս 1987 թ. Հովիկ Պառավյանը ստեղծել էր հայրենասիրական խմբակ, ստանում և ընթերցում էինք Սիլվա Կապուտիկյանի նամակները ռուս մտավորականներին, «Պրավդա» թերթի թղթակից Առաքելյանի նամակը խմբագրությանը և այլն:
Մարտի 22-ին, առավոտյան, բժշկներից մեկն ասաց, որ Ղարաբաղը «տվել են»: Նա սխալվում էր. ուղղակի լսել էր ռադիոհաղորդման հենց այն մասը, որտեղ մեջբերվում էր Ղարաբաղի մարզխորհրդի որոշման տեքստը: Սակայն մեզ համակեց մի այնպիսի ոգևորություն, որ ես անմիջապես գրեցի հետևյալ բանաստեղծությունը.
Ազգ իմ՝ տանջված բազում դարեր,
Արյուն ոթած սուրբ հավատին,
Շողաց վրադ հուսո արև՝
Հին Արցախը մերն է կրկին:
Ուրախանա՛նք, արդ, եղբայրներ,
Լինե՛նք ուժեղ, միասնական,
Որ մոռացվեն ողբ ու եղեռն
Մեր սուրբ հողում հայկական:
Ավա՛ղ ... Ապրիլն անցավ առանց մեծ իրադարձությունների:
Մայիսից սկսված հանրապետության քաղաքական կյանքում երևացին Ղարաբաղյան շարժման վերելքի նշանները: Մայիսի 1-ի ցույցի ժամանակ բռնությունն ուսանողների դեմ ստացավ բացասական գնահատական կենտրոնական մամուլում՝ «Կոմսոմոլսկայա պրավդայում»: Հայկական մամուլում սկսեցին երևալ համարձակ հոդվածներ, ուսանողները սովադուլ սկսեցին Օպերայի հրապարակում: Անժխտելի է մի բան. 1988 թ. մայիս ամսվա վերջերից Երևանում Ղարաբաղյան շարժումը վերելք ապրեց, մի տեսակ արտոնված վերելք, և ձեռք բերեց փետրվարյան շարժմանը ոչ բնորոշ, նոր, սոցիալական ուրվագծեր:
Սակայն մայիսյան վերելքն օրգանապես կապված էր փետրվարյան գործիչների՝ Սիլվա Կապուտիկյանի և Վաչե Սարուխանյանի հետ: Հենց նրանք էին վարում փետրվարյան միտիգներից հետո ամենամեծ՝ Սարդարապատի միտինգը:
Սարդարապատ գնացինք 1988 թ. մայիսի 22-ին: Նախօրոք հայտարարված էր, որ այնտեղ միտինգ է տեղի ունենալու: Այդ օրը լրանում էր նաև նշանավոր ճակատամարտի 70-ամյակը: Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մարդկանց բազմահազար խմբեր էին գալիս դեպի հուշահամալիր: Շատ ուսանողական խմբեր ոտքով էին գալիս Երևանից՝ ձեռքերին տարբեր լոզունգներ: Մարդկային հոսքը հուշահամալիրից ձգվում էր մինչև Հոկտեմբեր գյուղը, մարդիկ՝ մեծ խմբերով, նստած էին նաև ճանապարհամերձ այգիներում: Որևէ պաշտոնական, ավելի ճիշտ՝ գաղափարական, կազմակերպիչ չկար: Առևտրական և կուլտուրական սպասարկումը լավն էր. վաճառում էին ուտելիք, զովացուցիչ ըմպելիքներ, քանի որ շատ շոգ էր: Ելույթ էին ունենում տարբեր համույթներ, հայտնի երգիչներ:
Հուշահամալիրում բարձրախոսներ էին տեղադրված, որոնց միջոցով ժողովրդին դիմեցին Սիլվա Կապուտիկյանը և Վաչե Սարուխանյանը: Նրանք հույս հայտնեցին, որ նորընտիր Սուրեն Հարությունյանը, ում բնութագրել էին որպես մաքրաբարո մարդ և մտավորական, կանցկացնի ազգանվեր քաղաքականություն և կնպաստի Ղարաբաղի հարցի լուծմանը: Ընդգծվեց նոր քարտուղարի անձնական մոտիկությունը Գորբաչովի հետ, խոսվեց նաև այն մասին, որ Միխայիլ Սերգեևիչը խիստ հայասեր է, սակայն «պերեստրոյկայի» թշնամիները թույլ չեն տալիս առայժմ այդ մարդուն ճառագել իր ողջ քրիստոնեականությամբ և հայասիրությամբ:
Ամեն դեպքում, երկու ելույթները խիստ լավատեսական էին: Մի քանի հարյուր երիտասարդ բռնել էր պաստառ, որի վրա գրված էր. «Ով վտանգի ժամին բռունցքները չի սեղմում, հետո գլխին է տալիս»: Ժողովուրդը պահանջում էր Իգոր Մուրադյանին: Մի քանի հազար մարդ գոռում էր. «Իգո՛ր, Իգո՛ր»: Սակայն հայտարարեցին, որ նա տուն է մեկնել: Խոսափողին մոտենում էին երիտասարդները: Մի աղջիկ պատմեց Վարդան Այգեկցու առակը անհեռատես այծերի մասին, որոնք գայլերին դուր գալու համար հեռացրին շներին, այդ առակը ահավոր իմաստ է ստանում հիմա՝ 1991 թ., երբ Թուրքիային դուր գալու նպատակով խզում են կապերը Ռուսաստանի հետ: Մնացած ելույթ ունեցողները ջերմ հավանություն էին տալիս Մ. Ս. Գորբաչևի գործունեությանը, կար մի պաստառ՝ «Հայերը Վերակառուցման ջատագովներ են»:
Սարդարապատի միտինգը կարևոր նշանակություն ունեցավ Ղարաբաղյան շարժման համար՝ լինելով այդ շարժման բաղկացուցիչ մաս: Մինչ այդ կայացել էր Եղեռնի՝ 1915 թ. և Սումգայիթի նահատակների հիշատակի ցուցն ապրիլի 24-ին: Մայիսի 12-ին միտինգ էր տեղի ունեցել Կասկադում, որտեղ ելույթ էր ունեցել Իգոր Մուրադյանը: Վերջապես, մայիսի 19-ին, կայացել էր ոչ մեծ միտինգ Օպերայի հրապարակում:
Հունիսի 4-ից Օպերայի հրապարակում սկսվեց ուսանողների սովադուլը՝ հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրելու պահանջով: Հունիսի 7-ի սովադուլին միացավ շինարար բանվոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս Գառնիկ Մինասյանը:
Մենք Օպերայի հրապարակ ենք այցելել հունիսի 10-ին: Թումանյանի արձանի մոտ վրանանման մի շինություն էր, որտեղ նստած էին սովադուլավորները: Գառնիկ Մինասյանի տեսքը շատ թարմ էր, ընդհանրապես լավ տպավորություն թողեց՝ հավասարակշռված, լավատես մարդու: Նստած էր նաև խարտյաշ, սպիտակամորթ մի աղջիկ, ով ամսի 9-ին էր միացել սովադուլին: Նրա տեսքն արդեն վատ էր: Արձանի պատերին կային տարբեր մակագրություններ, հիշում եմ դրանցից մեկը. «Արցախը կուլ տալով՝ Հայաստանին են անցնելու»:
Ուսանողներից շատերը նստացույց էին անում: Հիմնական դերը խաղում էին համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի ուսանողները: Նրանք գնում էին ՀՍՍՀ ԳԽ դեպուտատների տները և ստորագրություններ վերցնում նստաշրջան հրավիրելու և Ղարաբաղի վերամիավորման հարցը օրակարգ մտցնելու պահանջի տակ: Հենց հրապարակում, որն արդեն սկսել էին անվանել «Ազատության հրապարակ», թռուցիկներ էին փակցված, որոնցից կարելի էր իմանալ, թե ով ինչպես է արձագանքել այդ պահանջին: Ստորագրությունները հավաքվել են, և հունիսի 13-ին ՀԿԿ Առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանն Ազատության հրապարակում հանդիպեց սովադուլներին և նստացույցավորների հետ: Նա ներկայացրեց հունիսի 15-ի նստաշրջանում Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման նախագիծը, ինչը ցնցությամբ ընդունվեց ժողովրդի կողմից: Հարությունյանի ելույթը հեռարձակվում էր:
Հունիսի 14-ին մենք Ստեվանավանից՝ Արամ Կարապետյանի և Արմեն Բեջանյանի հետ, մեկնեցինք Երևան՝ ի թիվս մյուսների նստաշրջանին ժողովրդական աջակցություն ապահովելու համար: Ճանապարհին տեսանք միտինգներ Ապարանում և Աշտարակում:
Հունիսի 15-ը
Հունիսի 14-ի երեկոյան նորաստեղծ «Ղարաբաղ» կոմիտեն անց էր կացրել հերթական հանրաժողովը: Հունիսյան հանրաժողովներն անցկացնող անձանց ներկայացնում էին ժողովրդին՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Համբարձում Գալստյան, Վազգեն Մանուկյան, Ռաֆայել Ղազարյան...
Ժողովուրդը զբաղեցնում էր ամբողջ Օպերայի հրապարակը և նրան հարող Մոսկովյան և Թումանյան փողոցները, ինչպես նաև Լենինի պողոտային մի մասը: Հարյուր հազարավոր մարդկանց արտաշնչած ածխածինը խիտ շերտ էր առաջացնում մարդկանց գլխավերևում: Այնքան խիտ էր այդ շերտը, որ եթե հաջողվում էր ոտքերի մատների վրա մի քիչ վեր բարձրանալ, ապա զգացվում էր մաքուր օդի հոսքը: Այսինքն, մարդ ունենում էր այնպիսի զգացում, կարծես պատուհան էր բացվում: Ինչ խոսք, որ շահում էին բարձրահասակները: Ցածրահասակները, հատկապես ծերերը և հիվանդները, շատ հաճախ իրենց վատ էին զգում՝ ընդհուպ մինչև ուշաթափություն:
Նման դեպքերում օգնության էին գալիս լավ կազմակերպված բուժօգնություն իրականացնողները՝ «Շտապ օգնության» բժիշկները, ավելի հաճախ՝ բուժքույրերը և ուսանողները: Միտինգների ժամանակ մշտապես հերթաահում էին 1-2 «Շտապ օգնության» մեքենաներ: Եթե ժողովրդի մեջ որևէ մեկն իրեն վատ էր զգում, ապա հարևանները խաչաձևած ձեռքերը բարձրացնում էին գլխից վեր: Միտինգի այդ պահի հռետորը՝ նկատելով այդ նշանը, խոսափողով հայտնում էր. «Բժի՛շկ, այսինչ տեղ»: Ժողովուրդը ճանապարհ էր բացում բուժաշխատողի համար դեպի ուշաթափվածը, ով, սովորաբար, շուտ ապաքինվում էր՝ նաշատիրի հոտից կամ կորդիամինի սրսկումից:
Օպերայի հրապարակում՝ հենց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքի նախամուտքում հարթակ էր, որտեղ կանգնած էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները: Նրանց շուրջը՝ աստիճաններին և ավելի ներքև, կանգնում էին սովորաբար Կոմիտեին հարող երիտասարդները: Խոսափողի ձայնը ուժեղացվում էր բարձրախոսներով, որոնք հռետորներին լավ լսելի էին դարձնում ամբողջ հրապարակում: Մարդկանց խտությունը համեմատական էր հարթկաի մոտիկությանը: Ով ավելի մոտիկ էր հարթակին, տեսնում էր հռետորներին, ովքեր վերջին շարքերին ամենևին չէին երևում, սակայն այդտեղ հնարավոր էր ծխել, մի բան, որի մասին անգամ խոսք չէր կարող լինել հրապարակի այն մասերում, որտեղից երևում էին հռետորները:
Ովքե՞ր էին մասնակցում միտինգներին: Այսպես թե այնպես Երևանի բոլոր բնակիչները գոնե մեկ-երկու անգամ եղել էին միտինգներին: Սակայն կար մի խավ, որը քիչ էր այնտեղ լինում՝ հատկապես 1988-1989 թթ.: Նրանք էին ղեկավար պատասխանատու աշխատողները:
Եվ այսպես, 1988 թ. հունիսի 14-ին, Երևանում էինք: Մեզ հետ տարել էինք Ստեփանավանի բժիշկների կողմից ստորագրված դիմումը ՍՍՀՄ Գլխավոր դատախազին՝ Սումգայիթի դեպքերի կապակցությամբ:
Դիմումի մի օրինակը փակցրեցինք Օպերայի շենքին:Այնտեղ կային այլ դիմումներ, կոչեր, բանաստեղծություններ՝ հիմնականում ազգասիրական և հակաստալինյան բովանդակությամբ: Որևէ հակասովետական բովանդակությամբ կարգախոս կամ մակագրություն չկար:
Հրապարակից դեպի Թումանյան փողոցը տանող մուտքի լայնքով մեկ փակցված էր մի մեծ վարդագույն պաստառ, որի վրա գրված էին Կոմիտեի հիմնական պահանջները. «Գերագույն խորհրդի նստաշրջանի արդար որոշում», «Սումգայիթի ցեղասպանության դատապարտում» և այլն:
Մի հրաշարի, արևոտ օր էր: Հրապարակում հավաքված մարդկանց տրամադրությունը այնքան բարձր էր, որ, կարծես, անձնական հաջողությունների և ուրախությունների մի ողջ շարան էր անցնում Օպերայի հրապարակով: Նախորդ օրվա ՀԿԿ Առաջին քարտուղարի ելույթը մեծ հույսեր էր ներշնչել բոլորին:
Երեկոյան հրապարակում տեղի ունեցավ մեծ հանրաժողով: Ելույթի համար ձայն տրվեց Լևոն Տեր-Պետրոսյանին:
Լևոն Տեր-Պետրոսյանը ընթերցեց Կոմիտեի բանաձևը, որին հավանություն տվեց հրապարակում հավաքված մոտ 200.000 հայ մարդ: Հարևան հանրապետությանը ոչ թե խնդրում էին, այլ տեղյակ էին պահում Լեռնային Ղարաբաղի մարզսովետի որոշմանը Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից հավանություն տալու մասին:
Այնուհետև ելույթ ունեցավ Աշոտ Մանուչարյանը: Նրա ելույթը սուր էր և համարձակ:
- Կատուսևը կա՛մ պրովոկատոր է, կա՛մ՝ հիմար, - ասաց Աշոտը, - ես հայտարարում եմ դա, և թո՛ղ իմ՝ սխալ լինելու դեպքում, ինձ դատեն՝ որպես զրպարտիչի: Եթե ոչ, թո՛ղ պատասխանատվության ենթարկեն Կատուսևին:
Խոսքը գնում էր այն ժամանակ ՍՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևի փետրվարյան այն հայտարարության մասին, որում ասվում էր, թե Լեռնային Ղարաբաղում զոհվել են երկու ադրբեջանցի, ինչը և ձևական պատրվակ է հանդիսացել Սումգայիթի դեպքերի համար:
Վերջում ժողովրդին կոչ արվեց հունիսի 15-ի առավոտյան հավաքվել Ազատության հրապարակում: Այդ օրը որևէ «հակասովետական» կոչված արտահայտություն չարվեց, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի և Աշոտ Մանուչարյանի ելույթներում կարծես թե մի նոր, այլաշեշտ ձևով էին արտասանվում «Մոսկվա», «Կենտրոն» բառերը և բացակայում էին մեզ համար այնքան սովորական «Կենտկոմ», «Սովետական կառավարություն» բառերը:
Մյուս օրը, առավոտվանից, խիստ մարդաշատ էր Հրապարակը: Հիմնականում երիտասարդներ էին, սակայն շատ էին նաև տարեցները, նույնիսկ՝ զառամյալ ծերունիներ: Մարդկանց ընդհանուր թիվը 20-30 հազարից պակաս չէր: Լսում էին նստաշրջանի տրանսլյացիան, վերջինը տեղի էր ունենում Ս. Շահումյանի անվան պալատում, իսկ Օպերայի շենքի վրա տեղադրված էին բարձրախոսները:
Մոտավորապես ժամը 11:30-ին տրանսլյացիան ընդհատվեց:
- Բոլո՛րս՝ դեպի Շահումյանի պալատ, - ասաց խոսափողին մոտեցած Ռաֆայել Ղազարյանը:
Շարժվեցինք դեպի պալատ՝ Բարեկամության փողոցով: Երբ հասանք այնտեղ, ապա տեսանք, որ մարդիկ կանգնած են թե՛ Պռոշյանի, թե՛ Բարեկամության փողոցների վերին հատվածներում, և նրանց քանակն անընդհատ ավելանում է: Բանն այն է, որ շատերը նստաշրջանը նայում էին հեռուստացույցով, և, տեսնելով դրա ընդհատումը, շտապել էին դեպի Շահումյանի պալատ: Ընդհատումը կապված էր Կոմիտեի առաջարկված նախագծի շուրջը ծավալված բանավեճի հետ: Մենք կանգնած էինք հենց դեպի պալատ տանող աստիճանների (շատրվանի) դիմաց: Մեր առաջ միլիցիոներների շղթան էր: Վերջիններս իրենց համեստ էին պահում, և երբ մի բորբոքված ծերունի՝ եզդի ազգության, ով Անդրանիկի զինվորներից էր, ուզեց առաջ անցնի և, հանդիպելով որոշակի դիմադրության, քաշեց մի միլիցիոների գլխարկը, ապա նրան բավական պարկեշտ ձևով տեղափոխեցին ցուցարարների շարքը:
Ժողովուրդը սկսեց վանկարկել. «Կո-մի-տե՛»: Պետք է ասել, որ առաջին շարքերում էին մի քանի երիտասարդներ, որոնք մեծ հաջողությամբ ղեկավարում էին այդ վանկարկումը՝ աշխատելով, որ մարդիկ գոչեն միաժամանակ: Հանկարծ պալատի հարթակից՝ աստիճաններով վազելով, սկսեցին իջնել երկաթյա սաղավարտներով և վահաններով ավտոմատավոր զինվորներ, որոնք եռաշարք կանգնեցին աստիճաններին՝ ժողովրդի առաջին շարքերի դեմ-հանդիման: Մարդիկ միահամուռ սկսեցին վանկարկել. «Զորքեը հետ տա՛ր»: Միաժամանակ լսվում էին ձայներ. «Զինվորները ոչ մի մեղք չունեն, նրանք հրաման են կատարում, նրանց հասցեին վիրավորական ակնարկներ չանեք»: Առաջ անցնելով՝ ասեմ, որ նման ակնարկներ չարվեցին:
Ի դեպ, այդ առաջին անգամ էր, երբ Ներքին գործերի զինծառայողները օգտագործվում էին ցույցի ժամանակ:
Զինվորները շարունակում էին մնալ, ժողովրդի ցասումն ուժեղանում էր: «Ու՞մ դեմ ես զորք բերել», «Զորքը հետ տա՛ր», «Դավաճաննե՛ր», «Թուրքե՛ր», «Ֆաշիստնե՛ր», «Մուսուլմաննե՛ր» վանկարկում էին մարդիկ՝ ի նկատի ունենալով թե՛ կուսակցական, թե՛ սովետական ղեկավարությանը: Զավեշտալի էր, երբ ջահել աղջիկների մի խումբ, որը կանգնած էր մեր կողքին, լսելով «Ֆաշիստնե՛ր» վանկարկումը, սկսեց վանկարկել «Նացիստնե՛ր»: Սակայն կանգնելը նույնպես դժվար էր. օրը շոգ էր, կարճատև մաղած անձրևը միանգամայն անբավարար եղավ մեղմելու այդ՝ բառիս բուն իմաստով հեղձուցիչ մթնոլորտը, որը ստեղծվել էր ամբոխի շուրջը՝ գոյանալով շոգից, ասֆալտից և մարդկանց վրայից բարձրացող գոլորշիացումներից, արտաշնչած ածխաթթու գազից:
Եվ այնքան խիտ էր այդ հեղձուկը, որ թվում էր՝ այն կարծր մարմնի բնույթ ունի, և եթե հաջողվում էր ոտքերի մատների վրա բարձրանալաով՝ հեղձուկի շերտը հաղթահարել, ապա այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե պատուհանն է բացվել, և գլուխդ հանում ես այդ պատուհանից: Շատերը, հատկապես կարճահասակները, շնչահեղձ էին լինում և ուշաթափվում: Անընդհատ լսվում էր. «Բժի՛շկ, բժի՛շկ», իսկ երբեմն մարդկանց հոծ բազմության մեջ դանդաղ մխրճվում էր մեծ բզեզի տեսք ունեցող «Շտապ օգնության» մեքենան:
Պալատից, սակայն, ոչ ոք չէր իջնում: Ժողովուրդն ավելի էր կրճատում իր և զինվորների միջև մնացած սանտիմետրները: Անընդհատ վանկարկում էին վերոհիշյալ կարգախոսները: Մի քանի երիտասարդ փորձել էր հայհոյիչ բնույթի արտահայտություններ վանկարկել: Նրանց անմիջապես լռեցրին՝ ասելով.«Միայն քաղաքական կարգախոսներ»: Ասելով «լռեցրին»՝ նկատի ունեմ նրանց կողքին կանգնած տարեցներին:
Մարդկանց գլուխների վրայով դեպի առաջին շարքը, ուր կանգնած էի այնտեղ հանդիպած Ռոստոմ Ստեփանյանի հետ, փոխանցեցին մի պաստառ, որի վրա գրված էր. «Հայ ժողովու՛րդ, դու ազնիվ ես, իսկ կառավարությունդ պոռնիկ է»: Ես ծալեցի պաստառը և ետ փոխանցեցի՝ այնքան անսովոր էր այն ժամանակ նման կարգախոսը: Երբ կողքիս կանգնած երիտասարդները հանդիմանեցին ինձ՝ պաստառը չբարձրացնելու համար, ասացի. «Բայց չէ՞ որ այստեղ երիտասարդ կանայք ու աղջիկներ կան, նրանց արժանապատվությունը կվիրավորենք»: Տղաները ընդունեցին իմ այդ համպատրաստի արդարացումը:
Այդ ընթացքում բորբոքված ամբոխը շարունակում էր պահանջել ետ տանել զորքերը և պալատ թողնել «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչներին: Թվում էր՝ անխուսափելի է ժողովրդի և զինվորականների բախումը, քանի որ նրանց մեջ այլևս տարածություն չկար, և մարդիկ ուզում էին շենք ներխուժել: Հենց այս պահին, պալատի դիմացի շենքի տանիքից, որտեղ նույնպես մարդիկ էին հավաքված, հնչեց բոլորիս սթափեցնող շեփորի ձայնը, ավելի ճիշտ՝ մի հրաշալի մեղեդի. «Ինչու է աղմկում գետը»:
Բազմահազարանոց ամբոխը մի մարդու նման բարձրացրեց իր բռունցքավորված աջը, և տիրեց լռություն: Շուտով հայտարարեցին, որ Կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրում են բանակցությունների: Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մի քանի այլ անձանց հետ, բարձրացավ պալատ: Միաժամանակ զորքերին ետ քաշվելու հրաման էր տրվել, այսինքն՝ բարձրանալ վերև՝ պալատին կից հրապարակ, որը չէր երևում փողոցից: Ըստ երևույթին, հրամանը հնչել էր այսպես. «Վազքով՝ մա՛րշ»: Զինվորները շրջվեցին և, վազելով, մահակները և վահանները թափահարելով, բարձրացան վերև: Այն պահին դիմացի շենքի տանիքից շեփորահարը նվագեց «Սուսերով պարի» անթերի մեղեցին: Վազող զինվորների թափահարվող մահակները կատարում էին սուսերի դերը:
Ծիծաղում էինք սրտանց, և ամեն ինչ այնքան լավ էր թվում և այնքան հասանելի...
Երկար կանգնելուց հոգնած՝ գնացինք մոտակա այգին՝ մի քիչ նստելու: Այգում ներքին զորքերի բազմաթիվ զինվորներ կային: Երբ փորձեցին զրույցի բռնվել նրանց հետ, հրամանատարը կոպտորեն կանչեց զինվորներին: Սակայն մինչ այդ նրանք ասացին, որ իրենց բերել էին հայ ժողովրդին «էքստրեմիստներից» պաշտպանելու համար:
Երբ նորից եկանք պալատի մոտ, հայտարարվեց, որ ընդունվում է Կոմիտեի բանաձևը: Այն փորձեց ընթերցել Հրանտ Ոսկանյանը՝ ԳԽ նախագահը, սակայն ժողովրդի սուլոցներից և վանկարկումներից հետո տեքստն ընթերցեց նկարիչ Սարգիս Մուրադյանը:
Բարձր տրամադրությամբ վերադարձանք Հրապարակ: Ինչքան որ զարմանալի լիներ, այստեղ կային մարդիկ, որոնք լավ չգիտեին օրվա իրադարձությունները և շատ բաներ էին հարցնում մեզ: Այսպես, մի տիկնոջը կարիք եղավ համոզել, որ զինվորները ժողովրդի հետ չեն ընդհարվել: Այն ժամանակ մենք ծիծաղում էինք տիկնոջ վատատեսության վրա՝ առանց հասկանալու նրա կանխատեսման հնարավորությունները...
Ահա այսպես ավարտվեց 1988 թ. հունիսի 15-ը, թերևս ամենպայծառ օրը՝ Ղարաբաղյան շարժումը սկսվելուց ի վեր:
ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
(Շարունակելի)
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ