«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
Սովետի կարմիրով քողարկված «ԸՄԲՈՍՏ ԿՆՈՋ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Մենք, որ դպրոցական էինք, կարդում էինք նրան՝ «Այդ մե՜նք ենք գալիս՝ Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ, Տրորված գդակ, աղտոտ մազերով, Մեծ մասամբ դեղնած, գծուծ և բոկոտ․․․» ու մենք նրան չէինք սիրում, մենք գրականության այդ դասերից փախչում էինք՝ վայելելու մեր անսահման ազատությունը։
Չէ, մենք քաղաքականացված չէինք, մենք սովետի դեմ պայքարող աննկուն մարտիկներ չէինք՝ ինչպես ոմանք իրենց հետահայաց կենսագրությամբ, մենք մեր ազատության, մեր խաղաղության մեջ չէինք էլ հասկանում շատ բան, ազատությունն էլ մեզ համար այլ դեմք ուներ, բայց մենք ներքին մի զգայարանով, գուցե, լսում էինք պրոպագանդիստական երկրի կեղծ ձայները, զգում էինք մատուցվող կեղծիքի ցայտքերը։
Մեզ երբեք չասացին, որ Շուշանիկ Կուրղինյան բանաստեղծուհին ըմբոստ կին է, պայքարող կին է, նաև՝ նուրբ, զգայուն կին է, նաև՝ սիրող կին է, այսինքն՝ կին է՝ իր ապրումներով, իր ներաշխարհով, իր խռովքով, չասացին, որ նրա ներսում այսպիսի նուրբ ու հուժկու թրթիռներ կան՝ «․․․Սիրել եմ ուզում՝ անկե՛ղծ, անդիմակ․․․», ու եթե ասեին, մենք գուցե այլ կերպ ընկալեինք նրա «Բանվորները», որ հենց այլ կերպ էլ ընկալելու է նրա դիմապատկերին՝ «Այդ մե՜նք ենք գալիս՝ Մաշված բաճկոններ․․․», բայց պրոպագանդիստական երկրներին չի հետաքրքրում մարդը, պրոպագանդիստական երկրներին չի հետաքրքրում ապրումը, հույզը․․․։ Նրանցը խռովքը ճնշելն է։
Երբ փլուզվեց պրոպագանդիստական երկիրը, Շուշանիկ Կուրղինյանը որպես պրոլետբանաստեղծուհի «մնաց» փլուզումների տակ և մոռացվեց բանաստեղծուհին, որն այնքա՜ն նրբորեն էր սիրում հայրենիքը, մոռացվեց, դուրս մնաց դասագրքերից, հիշողությունից, թեպետ շատերը, որ հենց իրապես պրոպագանդիստական երկրինն էին, մնացին ու հարատևեցին․․․, մինչդեռ «․․․Գրականության և արվեստի թանգարանում պահպանվող նրա հարուստ արխիվը բացահայտում է լիովին այլ՝ բազմաշերտ ու խորունկ մի արվեստագետի, որի իրական կերպարը մինչ օրս էլ հաճախ ստվերվում է կա՛մ խորհրդային, կա՛մ ֆեմինիստական կարծրատիպերով․․․»:
Եվ ահա, տասնյակ տարիներ անց Գրականության և արվեստի թանգարանը՝ շա՜տ սիրելի Մարինե Հարոյանի խորազգացությամբ մեզ է ներկայացնում մի այլ Շուշանիկ Կուրղինյան, ներկայացնում է հենց այն Շուշանիկ Կուրղինյանին, որին պետք է սիրեինք, որին պետք է շատ սիրեինք, որպես ըմբոստ մի կին, որպես ներսում խռովք ու կիրք ունեցող համարձակ մի կին, որպես բանաստեղծուհի, որ իր հայրենիքն ու երկիրը սիրում է հենց այդ խռովքով ու կրքով, բայց դա չէր մտնում պրոպագանդիստական երկրի տեսլականների մեջ։
Ինչպե՞ս կարելի էր չսիրել մի բանաստեղծուհու, որն այսպիսի նուրբ, բայց և ամուր, բայց և պինդ, կարծր, բայց և անպաթոս, խոր, ներսդ խոցող տողեր է գրում հայրենիքի մասին․
«Ես սիրում եմ այն ամենը, ինչ որ գեղեցիկ է,
Իսկ դու գեղեցիկների գեղեցիկն ես, իմ հայրենի՛ք։
Ես սիրում եմ այն ամենը, ինչ որ առաքինի է,
Իսկ դու տառապում ես առաքինությանդ համար, իմ հայրենի՛ք։
Տառապանքն եմ սիրում, ո՞վ է տառապել քեզ նման։
Սիրում եմ տոկալ, ո՞վ է տոկացել քեզ նման։
Սիրում եմ հուսալ․ որքա՜ն համառ ես դու քո լավ օրերի հուսով․․․»։
Ինչպե՞ս կարելի էր չսիրել մի բանաստեղծուհու, որն այսպիսի զգացողություններ ուներ իր ներսում՝ «Մտնում եմ դպրոց, սիրում եմ դպրոցը, սիրում եմ անվերջ լսել, սովորել... Սիրում եմ թափառել դասարաններում, գրատախտակի վրայից լավ չջնջված խոսքերի ու թվերի մնացորդները ... բնազդորեն զգում եմ, որ պահարաններում կարգով շարված գրքերն ինձ ասելիք ունեն, ինչ-որ բախտ բանալու են իմ առաջ...»։
«...Ներս էի մտնում ուշացած, կույսերը ինձ ցույց էին տալիս դասընկերներիս՝ հայտնելով, որ իմ մեջ ի բնե քանդելու, ավիրելու դիվային ուժ կա...»։
Մարինե Հարոյանին՝ ցուցադրության համադրող, համադրության արվեստում լավագույն և խորքային, միջավայրերը զգալու, միջավայրերը մատուցելու, միջավայրերի հետ ձուլելու «նուրբ արվեստին» տիրապետող Սարգիս Հովհաննիսյանին՝ գեղարվեստական համադրող, խորհրդատու՝ Արփինե Հակոբյանին, ցուցադրության տեքստերը վերծանած և խմբագրած՝ Գոհար Գալստյանին, ցուցադրության կազմակերպման բոլոր գործող անձանց, իրապես, հաջողվել է վիզուալների ու տեքստերի, ձեռագրերի ու նամակների, լուսանկարների ու տարբեր մեդիաների այնպիսի ներդաշնակություն ստեղծել, որ Շուշանիկ Կուրղինյան բանաստեղծուհին իր ողջ հասակով «մերկանա», որպեսզի երևա ըմբոստ, պայքարող կինը, հուզաբորբոք կինը, ներաշխարհով կինը, և դրանք չլինեն հակադրության մեջ, այլ լինեն մի այնպիսի գեղեցիկ հուզականության մեջ, որ սերը լինի այն ապրումը, որը եղել է բանաստեղծուհու կյանքը։
Ինչպիսի՜ հուզառատությմաբ են նրա զգացական նամակներն ամուսնուն, որոնք կարելի է լսել․ անտիպ նամակներ՝ գրված ամուսնուն՝ Արշակ Կուրղինյանին, ինչքա՜ն սեր կա այնտեղ և ինքա՜ն խոր հումոր՝ շաղկապված զգացմունքներով ու նվիրումով։
Ալեքսանդրապոլ քաղաքի իրողություններում ծնված կին էր Շուշանիկը՝ մարդկանց անհավասարությունից ապշած և չհաշտված այն մտքի հետ, որ միայն հանդերձյալ աշխարհում է մարդկանց հավասարությունը։
«Ապրել եմ ուզում, բայց ո՛չ մեղկ կյանքով,
Անհայտության մեջ, անշահ, բթամիտ,
Կամ արդ ու զարդի գերի ողջ մտքով՝
Որպես թույլ էակ, քնքուշ ու վտիտ. -
Այլ ձեզ հավասար, ձեզ պես բախտավոր
Ով դուք այր մարդիկ, ուժեղ և համառ,
Փորձանքի դիմաց՝ առողջ, մտավոր
Կատարելությամբ և մարմնով կայտառ»։
Ահա, այսպես է բանաստեղծուհին զգացել ժամանակի բարքերը, ժամանակի իրողությունները, իր սիրելի Ալեքսանդրապոլ քաղաքի իրողությունները, հայկական միջավայրի իրողությունները։
Ահա, այսպես է նաև տարբերվել բանաստեղծուհին։ Տարբերվել ընդհանուրից, առանձնացել, զատվել ընդհանուրից և ընդհանրացումներ անել․
«Խղճում եմ ես ձեզ, լթամիտ կանայք,
Որ զարդ ու զարդի հետևից ընկած,
Թրև եք գալիս միշտ աննպատակ,
Լպիրշ վաճառքի դեմքերդ` կոկած:
Որ ունեք բնազդ նուրբ առևտուրի`
Կարելիս չափ թանկ եք ծախում ձեզ.
Անվերջ պայքարով լոկ հրապույրի
Հագուստի մրցման շինում եք կրկես․․․»:
Այնպիսի խոր ընդհանրացումներ, որոնք, ցավոք, հարյուրամյակներ անց մնում են ընդհանրացումների շարքում։
Ի՜նչ խորքային, ի՜նչ կեղեքիչ, ի՜նչ քայքայող հատկություն ունի պրոպագանդիստական երկիրը, որ հասարակությունները նույնիսկ հարյուրավոր տարիներ հետո պահպանում են հետագծերը։
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ ծնված «Շուշանիկ Կուրղինյան 150. «Ըմբոստ կինը»» ցուցադրությունն, իրոք ցուցադրական արվեստի կատարելություն է, որը տասնամյակների հեռվից բացահայտում է Շուշանիկ Կուրղինյան զգայուն անհատին, նրա վրայից «մաքրում» է պրոլետգրողի խարանը, ցուցանում է կնոջ ազատ ու անեղծ ներաշխարհը, քանդում «հայ կնոջ կերպար» տափակ կաղապարը։
Դեռ իր առաջին ժողովածուի էջերում էր նա գրում․
«Սիրեցե՛ք միմյանց, սիրեցե՛ք, մարդի՛կ,
Կյանքի այս կարճատև, անցվոր ճամփում,
Թող սերը լինի ձեր միակ ուղեկից,
Որ երջանկություն է բերում աշխարհում... »։
Ի՞նչ պրոլետգրող էս տողերը գրող կնոջից։
Արայիկ Մանուկյան



Partly cloudy