«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«ՍՊԱՍՈՒՄԸ՝ կյանքի անատոմիա…». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Եթե հնարավոր լիներ կյանքի ընթացքում հաշվել Սպասումի ժամերը, րոպեները, վայրկյանները, կպարզվեր, որ կյանքը ոչ այլ ինչ է, քան՝ Սպասում, ինքնին՝ Սպասում, և կյանքի անատոմիան հենց Սպասումն է: Սպասման բաղադրությունն է, որ խառնվում է արյան բաղադրությանը, և տնօրինում արյունատար անոթների եռքը, որն էլ տնօրինում է մարդու կյանքի ժամանակը:
ֆրանսիայում բնակվող բեմադրիչ, դերասան, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է «Սպասում» ներկայացումը՝ ըստ ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների միավորումը» պիեսի՝ Սպասումը դիտարկելով որպես առանցքային, որպես անատոմիական երևույթ:
Ժոել Պոմրան ֆրանսիական ժամանակակից դրամատուրգիայի այն հեղինակներից է՝ դրամատուրգ և ռեժիսոր, ում ստեղծագործությունները պահանջվածորեն բեմադրվում են աշխարհի տարբեր երկրներում, ով դեռևս 2006-ին լիովին խառնեց Ավինյոնյան հանրահայտ թատերական փառատոնի խաղաքարտերը՝ ձեռք բերելով համբավ և ճանաչում մեծ թատերական աշխարհում:
«Երկու Կորեաների միավորումը» պիեսը չունի քաղաքական հենք, պիեսում չկան քաղաքական ուղերձներ: Պիեսի քսան հիմնական դրվագները, որոնցից տասը թարգմանել է Սաթէ Խաչատրյանը՝ գլխավորապես շոշափում են ժամանակակից աշխարհն ու ժամանակի մարդուն ակցանած երևույթներ՝ «Ամուսնություն», «Մահ», «Ամուսնալուծություն», «Գումար», «Սպասում», «Պատերազմ», «Երեխաներ», «Հիշողություն»… և այլն, որոնց շուրջ սառնասրտորեն խտանում են ժամանակի մարդու հույզերը, ապրումները, զգացողությունները՝ երբեմն նույնիսկ առանց հոգեկան բավարարվածության հաճույքի:
Եվ ուրեմն ինչո՞ւ է դրամատուրգն այս ամենը մեկտեղել «Երկու Կորեաների միավորումը» վերտառությամբ, իսկ բեմադրիչն ընդգծել Սպասումի բաղադրիչը:
Գուցե այն պատճառով, որ Կորեաների միավորման առանցքում նույնպես Սպասումն է, Կորեաների միավորման անատոմիական բաղադրությունը նույնպես Սպասման բաղադրությունն է:
Բայց եթե դրամատուրգը ձգտել է քաղաքականացված մեր աշխարհում իր սեփական ինտրիգը հաղորդել պիեսին, որտեղ քննարկում է բացառապես մարդուն՝ մարդու կյանքի ուղիները, զուգահեռները, որոնք երբեմն հատվում են, երբեմն՝ ոչ, և մարդկային զգացողությունները, որոնք նույնն են՝ գուցեև մարդու ծննդից ու չեն փոխվում սերունդների հաջորդականության երթի ընթացքում, ու չեն փոխվում, որովհետև չի փոխվում մարդը, որովհետև նույնն են մարդու խնդիրները, հոգսերը, ապրումները, կյանքային բախումները, նույնն է սերը, նույնն են սիրո հարուցիչները:
Նույնն են՝ ժամանակի ու տարածության մեջ՝ տվյալ ժամանակի ու տարածության ելևէջումներով, բայց՝ նույնը:
Ապա բեմադրիչը չի ցանկացել ինտրիգի իր բաժինն ունենալ և դրա միջոցքվ գրավել քաղաքականացված հանրությանը, այլ փորձել է առավել հոգեբանական, առավել նուրբ ապրումի՝ Սպասումի պրիզմայով նայել մարդկային կյանքին, մարդկային կյանքի դրվագներին ու ցույց տալ, որ մարդկային կյանքի առանցքում Սպասումն է:
Ի՞նչ է սպասում մարդը ամուսնությունից, ամուսնալուծությունից, պատերազմից, երեխաներից, սիրուց, նույնիսկ՝ մահից, և արդյո՞ք հենց այդ Սպասումի պահերով չէ, որ ամբողջանում է կյանքը, որը Ամուսնության, Ամուսնալուծության, Պատերազմի, Չբավականացնող Սիրո, Հղիության, Գումարի, Հիշողության, Մահվան… հանրագումարն է:
Ժամանակակից Եվրոպական դրամատուրգիան զերծ է պաթետիկ դրսևորումներից, ենթատեքստային լեզվի մշակույթից: Ժամանակակից թատրոնը չունի եզովպոսյան արտահայտչամիջոցների կարիքը, չունի հարկադրանք կամ պահանջ՝ պատկերելու հեռավոր ժամանակներ, անցյալի պատմություններ, միֆական դրվագներ, որպեսզի մարդը կարողանա տեսնել իրեն և զուգահեռումներ անել՝ այդ զուգահեռումներում ունենալով ժամանակի ու տարածության ահռելի վիհը:
Ժամանակակից թատրոնն այն կյանքի մասին է, որով ապրում է հենց ժամանակակից մարդը, և այդ կյանքի արվեստային պատկերումը շատ ավելի է դրդում մարդուն՝ տեսնելու իրեն, իր դեմքը, տեսնելու իր հույզերը, իր զգացողությունները, քան անցյալի պաթետիկ զուգահեռումները:
Բեմում քառանկյուն պրիզման է` այն բազմանիստ երկրաչափական պատկերը, որի երկու նիստերը զուգահեռ հարթություններում հավասար բազմանկյուններ են, իսկ մնացած նիստերը զուգահեռագծեր: Հեռապատկերային ընդգծմամբ այս կառույցը գրեթե ճշգրտորեն արտահայտում է կյանքի ընթացքը. Կյանքը, որը նույնն է հեռանկարայնության մեջ, նույնն է կյանքի պրիզման: Գուցեև կյանքի ընթացքում տարբեր գունավորումներ է ստանում մարդու ժամանակը, մարդու ապրածը, մարդու չապրածը, ամուսնությունը, սերը, դավաճանությունը, ամուսնալուծությունը, ատելությունը, մարդկային բոլոր զգացողությունների միախառնությունը, բայց միևնույն է, դրանից չի փոխվում իրականությունը, և միշտ նույնն է նաև իրականությունը:
Այս ներկայացման բեմադրման համար Ֆրանսիայից ժամանած բեմանկարիչ Բենժամեն Լըբրըտոնը բեմադրիչի հետ ստացել է սցենոգրաֆիայի՝ դեկորացիոն արվեստի ֆանտաստիկ մինիմալիստական՝ նվազապաշտական մի լուծում, լույսի սքանչելի մոդելավորմամբ լուծելով ասելիքի գունային խնդիրը, և պրիզմայի ծավալայնության մեջ տեղադրելով ողջ միզանսցենը՝ դրամտիկական երկի բոլոր իրավիճակների տեսանելի իրականացումը բեմական տարածության մեջ, հանդիսատեսի հետ լույսի, գույնի ու ծավալի միջոցով խոսում է կյանքի բոլոր իրավիճակների մասին՝ չհոգնեցնելով ներկայացման ժամանակի մեջ:
Փոխվում են իրավիճակները, փոխվում են դետալները՝ փոխվում է գույնը, բայց չի փոխվում ընդհանուր պատկերը, և կարծես թե կյանքը երևում է տեսախցիկի խորքայնության ու ծավալայնության պատկերում: Այո, կյանքն ունի իր խորությունը, կյանքն ունի իր գույները, կյանքն ունի իր լույսն ու ստվերը, և հենց դրանով է կյանքը այն, ինչ՝ կա:
Ֆրանսիացի դրամատուրգի պիեսի քսան դրվագներից Սաթէ Խաչատրյանի ընտրած տասում «Ամուսնալուծություն» դրվագը բեմադրիչը կրկնում է երեք անգամ՝ սկզբում, միջնամասում և վերջնամասում՝ յուրաքանչյուր անգամ այլ դերասանների կատարմամբ, այս դրվագի վրա կառուցելով բեմական իրավիճակների կապակցումը՝ դերասանների տարբեր սերունդների հերթագայության միջոցով ցույց տալով կյանքի իրապատկերը:
Մի դրվագում նույնիսկ խաղի շարունակականությունն ապահովվում է նույն ասելիքի շարունակական հնչեցման եղանակով, ինչը թույլ է տալիս ասելու, որ անգամ տեքստերը կյանքի ընթացքում չեն փոխվում և սերունդները՝ իրենց ժամանակի ու տարածության մեջ, կանգնած են նույն տեքստի՝ ասել է, թե նույն խնդիրների, նույն ապրումների, նույն հույզերի ու զգացողությունների առաջ:
Դրամատուրգի և բեմադրիչի կերպարներից ոմանք կարծում են, որ «Սիրո շնորհիվ ամեն բան լավ կլինի», կարծում են, որ «կանքում երջանկությունը պետք է քո մեջ փնտրես, ոչ թե ուրիշների», որ «Պետք է կարողանաս սեփական էությանը հավատարիմ մնալ», ոմանք էլ կարծում են, որ «Սերը գոյություն չունի», որ «Սերը բավական չէ: Սերն ամբողջական միավոր է՝ հավերժական, բացառիկ, կամ՝ ոչ: Նա կամ գոյություն ունի կամ ոչ», որ «սիրո մեջ սովորական բանականությո՛ւնը չէ, որ պետք է խոսի, այլ ուրիշ մի բան, որ «Կյանքում երբե՛ք չպետք է զոհաբերենք իսկական սերը, երբե՛ք։ Ավելի վա՛տ, եթե դա դաժան է», մյուսներն էլ ասում են, որ «Ամեն ոք պետք է ազատ լինի հուսալ» և «…մենակությունը նախընտրում եմ սիրո բացակայությունից»:
Գուցեև ճիշտ են բոլորը: Գուցեև բոլորը ճիշտ չեն: Գուցեև չկա ճիշտն ու սխալը որոշողը, իսկ գուցեև այդ որոշողը կյանքն է՝ նայած, թե ով ինչ է Սպասում կյանքից: Դարձյալ ու կրկին Սպասումը:
Ժամանակակից թատրոնը՝ հենված խոսքի վրա, շատ ավելի է ընդգծում դերասանի ներկայությունը բեմում, քան, երբ դերասանն ամբողջությամբ տարված է խաղով, երբ դերասանի կերպափոխումը բացառապես խաղի միջոցով է, որովհետև խոսքը «խաղալ» շատ ավելի բարդ է, և շատ ավելի որակներ է պահանջում՝ տաղանդից մինչև դերասանական վարպետություն, հույզի, ապրումի խոսքային փոխանցումից մինչև դիմախաղ և խոսքի հնչերանգային, հուզական շեշտադրում:
Ժամանակակից դրամատուրգիայի ու ժամանակակից թատրոնի մարտահրավերները սքանչելիորեն հաղթահարում են հատկապես Տաթև Հովակիմյանը, Արսեն Միքայելյանը, Ջեմմա Ադամյանը, Նառա Սանթոյանը:
Տաթև Հովակիմյանը խորը զգացմունքային մի քանի կերպարներ է մարմնավորում, ուր անառարկելիորեն ընդգծվում է դերասանուհու վարպետության բարձր նշաձողը:
Տաթև Հովակիմյանի մարմնավորած կերպարները շատ տարբեր զգացմունքային իրավիճակներ են ապրում, շատ տարբեր են իրենց հոգեկան, հոգեբանական դրսևորումներում, շատ տարբեր են կյանքի հետ իրենց բախումներում, սպասումի իրենց բաղադրություններում, և դերասանուհուց պահանջվում են զգացմունքային փոխակերպումների վայրկենական անցումներ, լարումի տարբեր աստիճաններ, կանացիության տարբեր կերպեր, ուժի ու վճռականության տարբեր ցուցադրություններ, խռովքի տարբեր ընդվզումներ, և Տաթև Հովակիմյանն այդ խնդիրները լուծում է վայրկյան իսկ չվարանելով:
Բացառիկ տեսարան է, երբ դերասանուհին կերտում է հղի կնոջ կերպարը «Հղի» դրվագում:
Մայրը երեխային լույս աշխարհ է բերելու անկախ բոլոր այն հանգամանքներից, որոնք կյանքի բերումով որպես հարվածներ դրոշմված են նրա կենսագրությունում:
Ողջամտությունն ու ողջախոհությունը բախվում են իրավիճակին, հանրության սոցիալական պատկերը բախվում է ողջախոհությանը, բայց հաղթում է կնոջ կամքը, կնոջ վճռականությունը, կնոջ աստվածային էությունը, ի վերջո՝ հաղթում է սերը, սիրուց ծնվող երեխան, սպասումը՝ որ սիրուց ծնվող երեխայի կյանքը կլինի ուրիշ, և Տաթև Հովակիմյանն այս կերպարը մարմնավորում է առանց ավելորդ հույզի, առանց ավելորդ միմիկայի, առանց ջղաձգումների ու պաթոսի, բացառապես անկեղծ ու անկեղծության չափ համոզիչ:
Եվ այս կերպարը Տաթև Հովակիմյանը կերտում է մեկ այլ կերպարից «անցումով»: Ապշեցնում է դերսասանուհու ոչ միայն կերպարային փոխակերպումների արագությունը, կերպը, ներդաշնակությունը միանգամից փոխված մեկ այլ կերպարում, համոզիչ նստվածքը նոր իրադրությունում, նույնիսկ զուտ ֆիզիկական զգեստափոխման կերպը, որը խոսում է դերասանուհու վարպետության մասին:
Գյումրիի դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանը, թերևս, իր լավագույն կերպափոխմանը հասնում է «Երեխաներ» դրվագում: Նրա հերոսուհին անելանելի վիճակում է, անսովոր, շփոթեցնող իրավիճակում: Նրա ներսում խոսում են ներքին վախերը, արյան մեջ շատանում է տագնապը, նրա ներսում երկատվածություն է, ներքին արյունահոսություն, Սպասումի ներքին ձայնի հետ կռիվ, և Ջեմմա Ադամյանը սառնասրտորեն մի քանի կերպարներ, մի քանի տրամադրություններ, հոգեվիճակային մի քանի պահեր ներդաշնակորեն մեկտեղում է մեկ կնոջ կերպարում:
Ընդհանրապես կանանց կերպարները՝ ի դեմս Ջեմմա Ադամյանի, Նառա Սանթոյանի, Անահիտ Քոչարյանի հախուռն ու հանդարտ, զգայուն ու անվրդով, երիտասարդական բռնկունությամբ ու իմաստնության փորձով կերպավորումների, զգացմունքների հրավառության նման են՝ և զգացմունքների այդ խառնարանում շատ ավելի ընդգծված ու կերպարային, քան տղամարդկանց կերպարները տղամարդկային խաղում:
Հավանաբար այն պարզ պատճառով, որ զգացմունքայնությունը շատ ավելի կնոջ դեմք ունի, որ սերը, դավաճանությունը, ատելությունը, սպասումը, երեխա ունենալու տագնապը, նույնիսկ կյանքի տագնապը շատ ավելի կնոջն են խոցում, քան տղամարդուն:
Բացառություն է թերևս Արսեն Միքայելյանի խաղը: Արսեն Միքայելյանը նույնպես կերպափոխման հրաշալի վարպետություն է ցուցադրում՝ անբռնազբոս, հախուռն, բռնկուն, զգացմունքային տղամարդուց մինչև սառնարյունորեն իրավիճակը գնահատող, առանց զգացմունքների առաջնորդվող տղամարդը:
Եվ ընդհանրապես, պիեսը պահանջում է կերպափոխության բարձր վարպետություն, քանի որ հենց այդ երեևույթի վրա են կառուցված խաղային ողջ փիլիսոփայությունները:
Ինչո՞ւ է բեմադրիչը երեք անգամ բեմադրել «Ամուսնալուծություն» դրվագը, բայց այնուամենայնիվ բեմադրությունը վերնագրել «Սպասում»:
Սպասումը կյանքի հարացույցն է, կյանքի պարադիգման, որի շղթայի օղակներից է կառուցված կյանքը: Եվ այս պարադիգման ոչ միայն տալիս է կյանքի իրական պատկերը, այլև ստիպում է խորհել, որովհետև այդ հարացույցում բախվում են նաև իրավիճակներ, երբ կյանքը, սերը, ընտանիքը՝ կառուցված երեխաների գոյության վրա, կամ զույգի, որը կարծում է, որ «երեխաների գոյությունը պարտադիր պայման չէ ամուսնական զույգի կյանքում», փոխում են կյանքը, փոխում են կյանքի շարժիչ ուժերի հարաբերակցությունը, որի արդյունքում էլ փոխվում է Սպասումի բաղադրությունը՝ տագնապը փոխարինում է հանգստությանը, հանգստությունը՝ տագնապին, անդորրը՝ խռովքին, պատերազմը՝ խաղաղությանը, սերը՝ ատելությանը և ատելությունը՝ սիրուն…
Բեմադրությունն ունի մի դրվագ, որը, թերևս, ամենաառարկայորենն է բախվում մեր իրականության հետ: Այս դրվագում ուղերձները պատերազմի ու բարոյականության, արժեքային համակարգի ու կեղծ բարեպաշտության, սիրո դրսևորումների, ազնվության ու կեղծիքի, գաղափարների ու սկզբունքների մասին են:
Այս դրվագի լավագույն մեկնությունը դրվագի ընթերցումը կլինի.
«…ԿԻՆԸ - Ի՞նչ է կատարվում։ Ճի՞շտ է ինչ որդիդ ասաց ինձ։
ՏՂԱՄԱՐԴԸ - Անկասկած։ Չեմ հասկանում, թե ինչու պիտի խաբեր քեզ։
ԿԻՆԸ - Դու տեղյա՞կ էիր, ինքդ։
ՏՂԱՄԱՐԴԸ - Այո՛։
ԿԻՆԸ - Ինչո՞ւ ինձ ոչինչ չես ասել։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ուզում էի, որ անմիջապես քեզ հետ խոսի։
ԿԻՆԸ - Եվ դու նրան չե՞ս արգելել։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ո՛չ։
ԿԻՆԸ - Բայց արգելելո՞ւ ես։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ինչո՞ւ պիտի արգելեմ։ Նա տղամարդ է։
ԿԻՆԸ - Նա երեխա՛ է։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ու ես հպարտ եմ նրանով։
ԿԻՆԸ - Դու հպարտ ես, որ նա գնա սպանվի՞։
ՏՂԱՄԱՐԴԸ - Այո՛, ես հպարտ եմ նրա քաջության ու կամքի համար։ Նա որոշել է իր կյանքը ներդնել ուրիշ մարդկանց կյանքը փրկելու առաքելության մեջ, քո ու ինձ նման մարդկանց՝ աշխարհի ծայրը հասնելով։
ԿԻՆԸ - Նա չի՛ գիտակցում, թե ինչ է անում, նա չափազանց երիտասարդ է…Դա վտանգավոր է, նա կսպանվի։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ես գիտակցում եմ վտանգն ու ինքս էլ վախենում եմ։
ԿԻՆԸ - Ի՞նչ։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ի՞նչ իմաստ ունի իրար խաբելը։ Նա գիտի, թե իրեն ինչ է սպասվում։ Եթե ինչ որ բան պատահի, ես ցավից կխելագարվեմ, բայց նաև հաստատ հպարտ կլինեմ։
ԿԻՆԸ - Հպարտ, որ երեխադ մեռնո՞ւմ է։ Երբեք չէի պատկերացնի, որ նման բառեր կլսեմ իմ երեխայի հոր բերանից։
ՏՂԱՄԱՐԴԸ - Դա պատերազմ է։ Հաստատ այլ ծնողների երեխաներ էլ կան, որոնք պետք է մեռնեն։
ԿԻՆԸ - Զզվելի է, թե ինչ ես ասում, այդ պատերազմը նրան չի՛ վերաբերում։
ՏՂԱՄԱՐԴԸ - Այն բոլորիս է վերաբերում, նրա՛ն էլ… Դա կարևորագույն ու դժբախտաբար անհրաժեշտ պատերազմ է։ Ես տխրում եմ, որ դու այդքանը չես հասկանում։
… ԿԻՆԸ - Թույլ մի՛ տուր, որ գնա։ Արգելի՛ր, որ գնա մեռնելու։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ո՛չ, դա իր որոշումն է։ Հիմա արդեն ի՛նքն է իր կյանքի համար պատասխանատու։
ԿԻՆԸ - Երբեք ոչինչ մեզ իրարից չէր բաժանել, ոչ էլ հակառակ բևեռներում դրել, ոչ մի որոշում, ոչ մի անհամաձայնություն, ոչի՛նչ ու հանկարծ այս ամե՞նը։ Անհավանակա՛ն է… Դու պե՛տք է պաշտպանես մեր երեխային, որովհետև նա մեր սիրո պտուղն է։
ՏՂԱՄԱՐԴԸ - Կներե՛ս ինձ, բայց մենք չենք կարող մեր ողջ կյանքում փակված մնալ մեր փոքրիկ սիրո մեջ։ Մեր տղայի՛ն նայիր, նա զգում է առավել հեռուն ու առավել մեծ տեսնելու անհրաժեշտությունը։
ԿԻՆԸ - Այ քեզ սարսափ։
ՏՂԱՄԱՐԴԸ - Նա զգում է ուրիշների հոգսը, մարդկանց, որոնց տառապանքն իրեն անտանելի է… Սա նույնպես սեր է։
ԿԻՆԸ - Դու կարծում ես, որ մեր սերը չափազանց փոքրացե՞լ է, այդպե՞ս է։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ես չեմ պատասխանի, այնքան հիմար է ասածդ։
ԿԻՆԸ - Երբվանի՞ց ինձ այլևս չես սիրում։
ՏՂԱՄԱՐԴԸ - Ասածդ կատարյալ ապուշություն է։
ԿԻՆԸ - Պատասխանի՛ր, փոխանակ մեծ – մեծ ճառելն ու այս պատերազմի հետևում թաքնվելը… Դու շատ լավ գիտես, որ եթե մեր որդուն թույլ տաս գնալ, մեզ կկործանես… Բայց ամեն դեպքում անո՛ւմ ես դա։ Արի երկուսով վերջ տանք մեր մեջ եղածին, բայց խնայի՛ր նրան, աղաչո՛ւմ եմ։
… ՏՂԱՄԱՐԴԸ - Դու մեր սերն ու մեր որդու կյանքը նույն հարթության վրա՞ ես դնում։ Դու սարսափելի՛ ես։
ԿԻՆԸ - Ո՛չ, պատերազմն է այդպիսին, պատերազմն է այսպես կեղտոտ։ Դու դավաճանի նման ես կռվում, առաջանում ես դիմակավորված… Դու իմ հանդեպ քո սիրո բացակայությունը թաքցնում ես մեծ սկզբունքների ու գաղափարների ետևում…»:
Ահա այսօես: Ոչինչ ավելացնել հնարավոր չէ:
Կոստան Զարյանն ասում էր՝ «…Թատրոնը, թերևս առավել, քան արվեստի մյուս բոլոր դրսևորումները, սերտորեն կապված է եղել ժողովուրդների ընդհանուր մշակույթի հետ: Ահա ինչու, առ այսօր նա է լավագույնս արտահայտել մարդկային հոգու նրբին ելևէջները, փոփոխություններն ու բազմաթիվ նրբերանգները» :
Եվ ահա Սաթէ Խաչատրյանը հիանալիորեն լուծել է այս խնդիրը՝ «լավագույնս արտահայտել մարդկային հոգու նրբին ելևէջները, փոփոխություններն ու բազմաթիվ նրբերանգները»՝ բազմամշակութային աշխարհից մի մշակույթ մոտեցնելով մեր մշակույթին:
Այդ մոտեցմանն իրենց ավանդն են բերել նախևառաջ Գյումրիի դրամատիկական թատրոնը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, դերասանական կազմի, աշխատակազմի սքանչելի որոշմամբ՝ բեմադրել այս որակի դրամատուրգիա, տալ հանդիսատեսին այս տեսակի այլընտրանք, թատրոն բերել ոճային, դրամատուրգիական, թատերալեզվային այս տեսակի մատուցում, կիրառել դերասանական համագործակցության ցանկալի մոդել մեր իրականությունում:
Նաև զգեստների նկարիչ Էդգար Մանուկյանը՝ էսթետորեն համադրելով բեմանկարչական գյուտն ու գունային աշխարհը զգեստների ոճային և գունային լուծումների հետ, կոմպոզիտոր Արման Ամարի հրաշալի երաժշտությունը՝ Սաթէ Խաչատրյանի վիրտուոզ կիրառմամբ: Երաժշտություն, որ երբեմն-երբեմն այցելում է՝ օգնելու տվյալ պահի զգացողությանը և հեռանում է՝ թողնելով քեզ մենակ բեմի հետ:
Սաթէ Խաչատրյանը՝ «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության հիմնադիրն, իր ուղերձը կարծես հղում է իր հերոսի միջոցով՝ «…Պետք է կարողանալ սեփական էությա՛նը հավատարիմ մնալ. մեզ ոչ մի վատ բան չի կարող պատահել, եթե մեր ներսում պահպանում ենք մեր հավատամքը…»։
Սաթէ Խաչատրյանն այն բեմադրիչն է, որ, այո, իր ներսում պահպանում է հավատամքը, որովհետև Սաթէ Խաչատրյանն է Հայաստան բերել ժամանակակից դրամատուրգիայի նշանավոր դեմքերի գործեր՝ Ֆլորիան Զելլեր, Քսավիե Դյուրանժե, Յասմինա Ռազա, Արթուր Ադամով: Սաթէ Խաչատրյանն է, որ հետևողականորեն՝ թե թարգմանությունների, թե թատերականացված ընթերցումների, թե բեմադրությունների, թե հրատարակությունների տեսքով, և թե բոլորը միասին՝ հայերենով ստեղծում է այն գրականությունը, այն դրամատուրգիան, այն թատրոնը, որը խոսում է մարդու հետ իր խնդիրների, իր հույզերի, իր օրվա, իր տան, իր կենցաղի, իր սիրո, իր հիասթափությունների, իր դավաճանությունների, ստի ու կեղծիքի, ստի ու ճշմարտության մասին, և խոսում է իր լեզվով, իր ժամանակի լեզվով, իր ժամանակի արտահայտչամիջոցներով՝ պարզ, անկաշկանդ, թեթև, անպաճույճ, ինչպես կյանքն է:
Արայիկ Մանուկյան