«Ստեփան Վերանյանի ՆԻՄՖԱՆԵՐԸ...». ԼԻԼԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Նրանց կտեսնեք կտավներին ու թղթերին՝ գունանկար կամ գծանկար, պառկած կամ նստած, միայնակ և՝ ամենևին ոչ, հանգստի պահին կամ երազելիս, անհոգ կամ՝ ոչ այնքան, մի խոսքով՝ տրամադրությունների տարբեր երանգներով պարուրված, ու՝ թաքնված հայացքներով։
Ստեփան Վերանյանի նիմֆաները։
Նրանք ծնվեցին մեկը մյուսին հաջորդելով, երբեմն նույնիսկ հերթ չտալով միմյանց։
Ծնվեցին ու կենսախնդությամբ լցրեցին արվեստանոցը՝ միևնույն ժամանակ է՛լ ավելի սրելով վերջինիս խորհրդավորությունն ու լույսի արևոտ ներկայությունը։ Նրանցից մեկ-երկուսը բախտ ունեցան կամ ճարպկեցին դուրս գալու մարդկանց մեջ, ասել է թե՝ ցուցադրվելու։ Եղան ծովափնյա Բաթումիում, նաև Թբիլիսիում։ Մյուսները, դեռ թաքնված գաղտնիության շղարշի տակ, համեստորեն սպասում են իրենց առաջին «բեմելին»։
Սա, թերևս, բեմել չէ, բայց, այնուամենայնիվ, փորձենք մի փոքր հետ տանել շղարշներն ու թռուցիկ հայացք նետել նրանցից մի քանիսին։ Հերթով։
Բաթումիի գեղեցկուհին
Տեսա՞ր՝ նա ծնվեց ու դաջվեց կտավին։ Տեսա՞ր՝ վրձինների հանգույն մատներդ ծեփեցին նրան, հայացքդ տեղադրեց նրան կտավի վրա՝ անկյունից անկյուն ու վերևից ներքև տանել-բերելով… նա անհոգ փռվեց կտավին ու խորը շունչ քաշեց. հրաշալի է այս տեղում՝ այս դեղինի մեջ…
… իսկ Բաթումին մնաց հեռվում… քանի որ նավեր չկան քո սենյակում…
Սուրճի բույրով ու յուղաներկի շերտերով ամեն օր քանդակեցիր նրան… մերկ մարմինը՝ անհամեստ, պատեցիր ճերմակով, ժպիտը թաքցրեցիր ներկի հաստ շերտի տակ ու դեղինն աղմկոտ արձագանքեց աչքերիդ մեջ…
… իսկ Բաթումին կրկին մնաց հեռու-հեռվում՝ առավոտվա մթնշաղի ու կեսօրվա խոնավի մեջ… քանի որ դեղին ավազներ չկան քո սենյակում…
Լսեցի՞ր՝ երբ նավերը սուլեցին, ձեռքդ նավթոտ բծերով աննկատ ու նրբորեն ուրվագծեց նրա ծանոթ մարմինն ու անծանոթ դեմքը։ Զգուշորեն, որ չխռովվի, որ հարատև անդորրը չընդհատվի։ Եվ նա, փակ աչքերով, ինքնագոհ ժպտաց…
… իսկ Բաթումին, իմիջիայլոց, մնաց հեռվում՝ նավերի հետ։ Չէ՞ որ դեղին ալիքներ չկան քո սենյակում…
Խորամանկ քամին բավականին ուշ հուշեց քեզ, որ շապիկը կարելի է հետ շպրտել, իսկ վարսերը պետք է խառնել։ Եվ դու, նրա հետ միասին, դանդաղորեն վայելեցիր վերջին հարվածներդ կտավին…
… իսկ Բաթումին, բայց և այնպես, մնաց հեռվում՝ ճայերի հետ, ու ծովափնյա խուլ աղմուկներ չհայտնվեցին քո սենյակում…
Իսկ նավե՞րը…
Իսկ նավերը վերջին անգամ դեղին ծուխը հետ մղեցին ու քարացան գեղեցկուհու ձյունաճերմակ ոտքերի տակ…
Դեկտեմբերյան ոտնահետքեր (December steps)
«Բեզատցովչինա» չկա, - սիրում է կրկնել Ստեփան Վերանյանը…
Այնուամենայնիվ, նա ինքնատիպ է, նման չէ ոչ մեկին, թեև կրում է նախորդ բոլոր նկարիչների գենը՝ ամեն շփումից նրանց բացահայտելով նորովի։
Եվ «Դեկտեմբերյան ոտնահետքեր» կտավում երբեք չես կռահի` որտեղ է Մատիսը կամ Մինասը. նույնիսկ հեռավոր ոչինչ չի հուշում։ Սակայն ընդհանուրն, այնուամենայնիվ, կա… Մատիսի թե Մինասի վրձնի մի հարվածը, կտավի անվանումը կամ որևէ դետալ Ստեփան Վերանյանի համար մի հսկայական աշխարհ են բացել, որից նա քաղել է իր հաջորդ կտավի՝ սեփական թեման, անվանումը, միգուցե՝ հերոսին, կամ, միգուցե, երանգն ու այլ գաղտնիքներ՝ միաժամանակ ստեղծելով բոլորովին այլ բան։
Մատիսյան օդալիսկներն ու մինասյան «Ձմեռային երեկոն» յուրօրինակ մետամորֆոզների արդյունքում անճանաչելիորեն հանկարծ դեկտեմբերի մեջ արված մի քանի քայլի են վերածվել, իրենց հետ տեղափոխելով, միգուցե, մթնոլորտ, բայց մարդկային բոլորովին այլ ֆիգուրներ ու պատկերներ դաջելով կտավին։
Ստեփան Վերանյանը, չի ձգտում կոնկրետության և հստակ չի ուրվագծում ոչինչ, ինչի շնորհիվ տանում է ոչ թե գործողության հետևից, այլ դրդում կտավում պատկերվածի պատմությունը գտնել։
Պատկերներով ու գույներով չծանրաբեռնված կտավի սակավախոսությունն ամենևին էլ չի սահմանափակում երևակայությունդ, և լուռ ընթերցում ես երբեմնի տեղի ունեցածի հարուստ պատմությունը՝ շերտերի տակ թաքնված…
Ձմեռային քայլերով ինչ-որ մի բան զգուշորեն հեռանում է դանդաղաքայլ թռչնի հետ։ Միգուցե անցյալն է, որի մեջ բազում հարցեր կան անպատասխան։ Հարցեր, որոնք, այնուամենայնիվ, շարունակելու են մնալ՝ կարևորությունն ու այժմեականությունը կորցրած։ Հեռանում է հիշողությունը, որն անդադար է թեև, բայց վաղուց արդեն ժամանակավրեպ… Քանի որ հիմա կա ներկան և միանգամայն ուրիշ ներկան… Քայլեր, որ արվել կամ չեն արվել վաղուց անցած մի դեկտեմբերին…
Նիմֆա և Դիաբլո
Ստեփան Վերանյանի համար ոչինչ աննկատ չի մնում և լսած, տեսած, կարդացած ոչինչ անհետ չի կորում։ Օրվա ցանկացած իրադարձություն՝ բակում խաղացող երեխա, քաղաքային ավտոբուսի վարորդի մի ռեպլիկ, սյուրռեալիստ գրողի մի բառ կամ մոդեռն երաժշտության հիմնադրի մի ձևակերպում, որևէ մեկի կյանքից մի դրվագ, կամ տարօրինակ հատկություն, մանկության տարիներին տատիկի (Կիլիկայի) տանն անցկացրած մի օր կամ մոր ընկերուհու՝ վաղուց կարդացած մի նամակ, բառերի, անունների հունարեն ու լատիներեն հնչողություն, սպիտակ լամբորջինի Diablo… այդ ամենն անվերապահորեն տեղավորվում է նրա ամենօրյա մտքերի մեջ, ստեղծագործական թղթերի ու կտավների վրա՝ հետագայում ինքնուրույն գոյության իրավունք ու կյանք ստանալով։
Ամեն ինչ կարևոր է նրա կյանքում և ամեն ինչն իր արժեքն ու տեղն ունի նրա օրվա մեջ։ Կտավի վրա նկարիչը կրկին համատեղել է իր համար կարևոր ու սիրելի բաներ, առաջին հայացքից` ամենևին կապ չունեցող։ Սակայն այդ ամենը բազմատեսակ հետաքրքրություններով հագեցած նրա ներաշխարհն է, որոնցով նա հիանում է ու լցնում իր առօրյան, ապա՝ կտավի վրա վերածում հետաքրքիր ու ոչ սովորական համադրության։ Անհոգ կերպով համադրված պատկերները բացում են կտավի ամբողջ խորությունը, և այդ ամենին կարծես նայում ես բարձր տանիքից՝ աննկատ ձուլվելով նրանց անդորրին։
Նկարչի այս շրջանի կերպարներին յուրահատուկ է հանդարտությունն ու անհոգությունը։ Նրանք մատնում են իրենց ներաշխարհը, անվրդով մտքերն ու խաղաղված վիճակները վայելելու պատրաստակամությունը։
Հավանաբար նկարիչն ինքն ապրում է մի շրջան, երբ իր համար բազմաթիվ անհանգստություններն ու շտապողականությունը մնացել են հեռվում, և օրվա մեջ իր ապրած յուրաքանչյուր պահն ու իրադարձությունը նա վայելում է անշտապ՝ չդադարելով անընդհատ լինել, նորանալ ու վերածնվել ամեն օրվա հետ։
Լիլիթ Ալեքսանյան