«Ստորագրության պատիվը». ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գրողներն ավելի բախտավոր են։ Նրանց անունները դրոշմվում են գրքերի շապիկներին, հաճախ դասագիրք են մտնում, ավելի արագորեն առանձնանում շրջապատի մարդկանց անուններից։ Եվ հետո՝ գրքերի հերոսները ծնվում են գրողի երևակայությունից և այլևս երբեք չեն հանդիպում գրողին, աշխարհում դեռ ոչ մի գրող չի ստացել ժուռնալիստի համար ամենադառը արձագանքը. «Փաստերը իրականությանը չեն համապատասխանում»։
Ժուռնալիստը գրում է իր հետ ապրող մարդկանց մասին, որոնց հանդիպում է գրելուց առաջ և գրելուց-տպվելուց հետո: Ժուռնալիստի հերոսները առօրյա կյանքի հերոսներն են` լավ, թե վատ։ Եվ ինչ էլ գրի ժուռնալիստը՝ տասը տողանոց լուր, թե ակնարկաշար, նրա ստորագրությունը շարվում է սովորական գլխատառով և իբրե կանոն գրվում նյութի վերջում։
Ամեն օր աշխարհ եկող մեր թերթերի և հանդեսների էջերում քանի՜-քանի՜ նման ստորագրություններ են երևում։
Գրողներն ավելի բախտավոր են, բայց ժուռնալիստներն էլ գլուխ կախելու հիմքեր չունեն։ Հազարավոր, միլիոնավոր ընթերցողներ սիրով են ուզում հիշել նրանց ազգանունները։
Եթե հիշում են-իր՝ ժուռնալիստի շնորհիվ:
Եթե չեն հիշում-իր՝ ժուռնալիստի մեղքով:
*
Վլաս Դորոշևիչին՝ անցյալ դարի ռուս հանրահռչակ ժուռնալիստին, Պրիմորիեի փոխ-նահանգապետն ասաց.
- Ամենից առաջ՝ Ձեզ մի անվանեք թղթակից… վատ բառ է։ Այդ բառն այստեղ չեն սիրում։
Այդ դեռ Դորոշևիչն էր։ Իսկ շարքայի՞ն ժուռնալիստները։ Ահա կարդացեք նրանցից մեկի սրտակեղեք խոստովանությունը. «Ավելի լավ է լինել գող, խաբեբա, բայց ոչ թղթակից: Ձեզ հայհոյում են, ձեզ ծաղրում են, ձեզնից խուսափում... Ձեր պատճառով տուժում են նաև ձեր ազգականները... Իմ հիշողությունը լի է թղթակցություններում շոշափված անձանց հետ ունեցած զանազան ընդհարումներով»։
*
- Ընկերը ժուռնալիստ է...
Յուրաքանչյուր ժուռնալիստ կարող է հիշել, թե մեր օրերում այդ բառերից հետո ինչպես են մարդիկ ընդհատում գործնական զրույցը կամ աշխատանքը, ինչպեսի հարգանքով և հետաքրքրությամբ են դառնում դեպի նորեկը։ Իհարկե, պատահում են և մարդիկ, որոնք այդ բառերը լսելիս դեմքներն են կնճռոտում, բայց նրանք էլ աշխատում են թաքցնել իրենց հայացքը կամ փորձում են ժպտալ՝ շատ ավելի ցուցադրական...
Անհանգիստ մասնագիտության մարդիկ են ժուռնալիստները և այդ հարգանքին արժանացել են ոչ թե ինչ-որ վերին որոշման պարտադրանքով։ Հանձին նրանց՝ ժողովուրդը հարգում է մեր մամուլը, որ բարեկամ է, ուսուցիչ, խորհրրդատու։ Իսկ մեր ժուռնալիստները պարտք չեն մնում ժողովրդին։ Ճիշտ է, նրանք այն մարդիկն են, որոնք իրենք են գրում, հազվադեպ դառնալով որևէ գրվածքի հերոս, այնուամենայնիվ, արժանավորները չեն մոռացվում։
Չի մոռացվում մոսկվացի կապուտաչյա պատանի Վոյինովը, որը սպանվեց 1917 թ. «Պրավդա» վաճառելիս, չեն մոռացվում ուրիշ բազմաթիվ անուններ։ Հենց միայն Հայրենական պատերազմում քանի՜-քանի՛ ժուռնալիստներ հերոսացան։ Ո՞վ կարող է մոռանալ Պյոտոր Լիդովին. նա առաջինն էր, որ աշխարհին պատմեց Զոյայի սխրագործության մասին և ընկավ մարտական դիրքում, երբ թշնամու կրակի տակ դիտում էր օդային մարտը:
Իսկ լուսանկարիչ-ժուռնալիստ Միշա Կալաշնիկո՞վը. 1941 թ. ահեղ նոյեմբերին նա սողալով անց շատ կիլոմետրեր և լուսանկարեց գեներալ Պանֆիլովին. 30 րոպե անց առասպելական հերոսը սպանվեց։ Ավետիս Դեբենցը, Թաթուլ Հուրյանը, Հմայակ Նալբանդյանը, Գառնիկ Ոսկանյանը և էլի ուրիշ տաղանդավոր հայ ժուռնալիստներ ընկան ռազմի դսշտում` իրենց բիբերի մեջ տանելով հարազատ հողի պատկերները։
Նրանք բոլորը արյունով ստորագրեցին իրենց ամենասքանչելի ստեղծագործությունը, և թող նրանց անուններն ընդմիշտ շարվեն ամենավառ տառերով՝ մեր հիշողության ամենաթանկ էջերում։
Խաղաղության օրերին նույնպես ժուռնալիստը սովորական հանդիսատես չէ կամ սառը արձանագրող։ Նա կյանքի, իրականության խորքերն է թափանցում, հոգու բոլոր գրգիռներով սիրում է լավն ու լուսավորը, ապրում է ժամանակի և ժողովրդի հոգսերով, իր սուր գրչով խարազանելով այն ամենը, ինչ խանգարում է մեր նվիրական երազանքին:
Ո՞ւմ հայտնի չէ մեր օրերի նշանավոր ժուռնալիստը` Մարիետա Շահինյանը. նա կյանքի հորձանուտում էր, երբ կառուցվում էր Ձորագէսը, կյանքով վարակված է և այժմ` ծերության օրերին։ Քիչ չեն այսօր իսկական ժուռնալիստները, որոնց ստորագրությունները ճանաչում են մարդիկ, քանի որ այդ ստորագրությունները դրված են լինում կրքոտ, կենսասիրությամբ թրթռացող, մեր կյանքի այրող խնդիրներին նվիրված նյութերի տակ։
*
Ժուռնալիստի ստորագրության պատիվը...
Արժե՛ խորհել այս բառերի շուրջ: Թող յուրաքանչյուր ժուռնալիստ թերթի իր հիշողությունը՝ հաշիվ տա իր արածի և չարածի համար։ Թող յուըաքանչյուր ժուռնալիստ մտաբերի այն նյութերը, որոնց տակ դրվել է իր ստորագրությունը։ Կյա՞նքն է, արդյոք, թելադրել այդ նյութերը, կիրք ու կրակ կա՞, արդյոք, տողերի տակ, արդյոք մեկնումեկը՝ կարդալով դրանք, խորհե՞լ է, ուրախացել կամ տագնապե՞լ է ժուռնալիստի հետ և ցանկացե՞լ է, արդյոք, նորից հանդիպել այդ ստորագրությանը...
Ժուռնալիստի բնավորությունն է՝ միշտ դժգոհ լինել իր արածից, միշտ որոնել ավելի լավը, խորը, իր գրիչ-արորով բարձրացնել կյանքի նոր շերտեր-միայն այդ դեպքում է, որ ընթերցողը կորոնի նրա ստորագրությունը։
Այս ամենի մասին հարկ է, որ խոսենք մասնավորապես մենք՝ երիտասարդ ժուռնալիստներս, քննախույզ նայենք մեր արածին. չե՞նք ստորագրել, արդյոք, թույլ, անօգուտ ու ձանձրալի տողերի տակ, մի՞շտ ենք, արդյոք, այրվել այսօրվա կյանքի ողջ բարդությամբ, կարողանո՞ւմ ենք, արդյոք, իսկապես ճանաչել այն մարդկանց, ում մասին գրում ենք, սիրահարվա՞ծ ենք մեր գործին։ Ո՛չ բոլորս, ո՛չ միշտ,- միայն այսպիսին կարող են լինել այս հարցերի պատասխանները։
Հիրավի, եկեք խորհենք, թե ինչո՛ւ մեր թերթերում և ամսագրերում ժուռնալիստի ստորագրությամբ (երբեմն էլ՝ առանց ստորագրության) տպագրվում են անգույն, տխուր նյութեր, որոնց միակ ընթերցողը հաճախ միայն սրբագրիչն է լինում և տպարանի հերթապահը։ Եկեք խորհենք, թե ինչո՛ւ հաճախ ակնարկ ենք անվանում պատահական փաստերի անգույն շարադրանքը, որի մեջ երկու-երեք բնության նկարագիր կա և մի քանի տող ջրիկ խոսքուզրույց։
Խորհենք և այն մասին, թե հաճախ քանի՞ րոպե ենք զրուցում մեր գրվածքի ապագա հերոսի հետ, ըստ էության ի՞նչ ենք հասցնում իմանալ նրա բնավորությունից ու կենսագրությունից, հոգսերից ու երազներից։
«Առանց զայրույթի գրել վնասակարի մասին նշանակում է ձանձրալի գրել»,- այսպես էր սովորեցնում Լենինը։ Բայց եկեք մտաբերենք, թե քանի՞ ֆելիետոն ու քննադատական հոդված է մնացել մեր հիշողության մեջ կամ գոնե՝ քանի՞ վերնագիր։ Եկեք լրջորեն խորհենք, թե ինչո՛ւ մեր տողերում հաճախ պակասում են քաղաքացիական կիրքը, անկեղծ վրդովմունքն ընդդեմ այն ամենի, ինչ խանգարում է մեր մարդկանց, մեր գործերին, մեր երազանքներին։ Տխուր է, բայց փաստ, որ լրագրային ժանրերից շատերը մենք այնպես ենք իրար խառնել, որ երբեմն պարզապես դժվար է որոշել թղթակցությո՞ւն է, արդյոք, հոդվա՞ծ, լո՞ւր, թե՞ ակնարկ:
Իսկ լուսանկարնե՞րը, դըանք «ամենակարդացվող» նյութերն են. վառվռուն, կյանքով ու բնականությամբ լցված լուսանկարը անմիջապես կանչում է ընթերցողին, էջը դարձնում գրավիչ ու մտերիմ: Բայց ինչքա՜ն գորշ, կեղծ-թատրոնական լուսանկարներ են տպագրվում մեր թերթերում, մարդիկ ինչքա՜ն միանման են ժպտում մեր լուսանկարներից. եկեք մտածենք նաև ա՛յդ մասին:
*
Ստորագրության պատիվը...
Թերթում, ամսագրում չի կարող լինել փոքր կամ մեծ, կարևոր կամ անկարևոր նյութ, և դրա համար ժուռնալիստը ամեն պարագայում պետք է հարգի իր ստորագրությունը։ Խրվե՛նք կքանքի մեջ, այրվե՛նք այսօրվա երազներով, գրենք ավելի լա՛վ, ավելի կրքո՛վ, ավելի մարդկայի՛ն: Արժանի՛ լինենք այն երջանկությանը, որ ընթերցողը որոնի մեր ազգանունը, իսկ երբ ասեն՝ «Ընկերը ժուռնալիստ է» - մարդիկ դեպի մեզ թեքվեն հարգանքով և հետաքրքրությամբ:
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
1956 թ.
«Հավասարում բազմաթիվ անհայտներով» գրքից
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ