Անժելա Սահակյան
Անժելա Սահակյան

 

Անժելա

Սահակյանը

Փարիզում

ապրում է

ավելի քան

15 տարի:

 

Այդպես է

ստացվել:

 

Ծնվել է

Ղարաբաղում: 

Աշխատել է

հայկական

հեռուստատեսությունում,

գրքեր է

գրել,

ֆիլմեր

նկարահանել:

 

Այսօր

Փարիզի

հայկական

ռադիոյի

(AYP FM)

մեկնաբանն է,

«Արցախապատում»,

«Հայ մամուլի

տեսություն»

և «Բաց նամակ

ճշմարտության

պարտադրանքով»

հաղորդաշարերի

հեղինակը

և վարողը:

 

«Գործուղումս»

Ֆրանսիա

մի օր

կավարտվի

ու կվերադառնամ

տուն:

Հաստատ:

 

Սումգայիթ. «Սովորական ֆաշիզմ»...ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

 

1988-ի փետրվարը խորհրդանշում է մեր ազատ ու անկախ ապրելու, մեր արդարացի պահանջատիրության օրը: Այդ օրն էր, որ Լեռնային Ղարաբաղը որոշեց «…խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը…», միաժամանակ խնդրելով նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ «…միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»:

Ահավասիկ, այսպիսի պարզ ու թափանցիկ ձևակերպում, որի դրական լուծումը, թերևս, մեր հարևան երկրի համար 70 տարիների շինծու  «եղբայրության» փորձաքար դարռնար և գուցե հնարավոր լիներ փրկել Սումգայիթի և Բաքվի անմեղ զոհերին...

Ցավոք, արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

«Ստալինյան գազանություններից հետո,- այն օրերին գրել են մոսկվացի մի խումբ գիտնականներ` հայաստանցի բարեկամներին ուղղված իրենց «Բաց նամակում»,- մեր երկրում  չի եղել մի այնպիսի բան, որն  այսչափ հետ շպրտեր մեզ քաղաքակրթությունից դեպի վայրենություն»:

Այո, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սահմանադրական պահանջներին ազերիները հակադրեցին բիրտ ուժի և բռնության քաղաքականությունը:

Ռուս ականավոր գիտնական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Անդրեյ Սախարովը ցավով ու ցասումով գրել է. «... Ոչ մի խոսք ժողովուրդների բարեկամության մասին, եթե մինչև սումգայիթյան դեպքերը, որևէ մեկի մոտ կասկած կար, ապա այդ ողբերգությունից հետո, ոչ ոք բարոյական իրավունք չունի պարտադրելու, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում»: (1988թ. Մոսկվա) :

Պահոցային փաստաթղթերից ու հրապարակված նյութերից տեղեկանում ենք, որ 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Սումգայիթում բնակվող 18 հազար հայերի ցեղասպանությունն ու տեղահանությունը, որ Սումգայիթում սպանվել է, ոչ թե 26, այլ ավելի քան 400 հայ, տուժել և խեղվել են առնվազը հազար հոգի, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մամիկներ ու պապիկներ...

Ականատեսների վկայությունները սահմռկեցուցիչ են. խելագար ամբոխը 16-ամյա աղջնակին դեմ է անում պատին, փորձում է բռնաբարել : Աղջիկն ինքնապաշտպանության վերջին ճիգերն օգտագործելով ուզում է փախչել, բայց ավաղ, դանակի բազմաթիվ հարվածներով սպանում են…

Կացնահարելով Արտո Արամյանին, կտոր-կտոր են անում նրան ու բակում այրում: Խելակորույս մայրը որդուն ճանաչում է ոտքերից...                                                                                                                      

... ԵՎ մարդու գիտակցությանն անհարիր, բազմաթիվ նմանատիպ  վայրագություններ...

«Խորհրդային Միությունը խաղաղ ժամանակներում երբևէ չի վերապրել այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում: Տասից մինչև հիսուն և ավելի հոգանոց ավազակախմբերը սփռվեցին քաղաքով մեկ. ջարդում էին ապակիները, հրկիզում ավտոմեքենաները, բայց ամենից գլխավորը` փնտրում էին հայերի»,-գրել է «Ռոդինա» հանդեսը (թիվ 4, 1994թ., էջ 82-90):                                                                                                                                              

«Փետրվարի 28-ին մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինված ջարդարարների թիվը զգալիորեն ավելացավ: Ամբոխը հստակ գիտեր ինչ պիտի անել: Խմբերի բաժանված, ներխուժում էին հայերի  բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև խելագար մոլուցքով դուրս էին բերում նրանց, և փողոցներում ու բակերում հրապարակավ ծաղրուծանակի ենթարկում: Դաժան տանջանքներից  հետո,  զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում»:

Հասան Մամեդովի ցուցմունքներից (դատական նիստի արձանագրություն, քաղ. Մոսկվա, ԽՍՀՄ գերագույն դատարան, 18 հոկտեմբերի-18 նոյեմբերի 1988 թ.):

«Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան դեմ բանակային ստորաբաժանումները ձեռնամուխ եղան վճռական գործողությունների…:

…Սումգայիթի հայ բնակչության ցեղասպանությունը կանխավ ծրագրված էր... Գազանությությունները մի խումբ խուլիգանների տարերային արարք չէր, ինչպես փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանություններն ու դատական մարմինները: Ասվածի վկայությունն են հետևյալ անհերքելի փաստերը.

ջարդերի համար նախատեսված սառը զենքերը պատրաստվել են քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, քաղաքում ապրող հայերի ֆիզիկական բնաջնջման նպատակով, կազմվել են նրանց ցուցակները, իշխանության մարմինները ցուցաբերել են անգործունություն, հանրահավաքներում ելույթ են ունեցել ամբոխին  քաջալերող հատուկ պատրաստված սադրիչներ, տեղական ոստիկանությունը աջակցել է ջարդարարներին, անջատվել են հայերին պատկանող բնակարանների հեռախոսները, և այն թաղամասերի լոսավորող լապտերները, որտեղ ընթանում էին ջարդերը, հստակ համակարգվել են ավազակախմբերի գործողությունները, ջարդարարներին բաժանվել են երկաթե ձողեր, կտրված խողովակներ, գետաքարեր, բենզինով լցված շշեր և ալկոհոլային խմիչքներ...

Զինյալ խմբերի կողմից փակվել են  քաղաքի մատույցները, տուժածներին օգնություն չի ցուցաբերվել քաղաքի բուժաշխատողների կողմից, վերացվել են հանցագործությունների հետքերը (ջարդված խանութների, բնակարանների և այլ տարածքներ հապճեպ նորոգվել է) և արդարադատությունից թաքցվել են ցեղասպանության կազմակերպիչներն ու մեծ թվով կատարողներ»:

«Կոմունիստ Սումգաիտա» թերթը (թիվ 57, 13.05.88 թ. ) գրել է. «Բարդ իրավիճակի օրերին գործարանի (խողովակագլանման) արտադրամասում եղել են կացինների, դանակների և այլ առարկաների պատրաստման դեպքեր, որոնք կարող էին օգտագործվել խուլիգանամետ տարրերի կողմից»:

1988 թվականի փետրվարի 29-ին Կրեմլում կայացավ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի նիստը, որտեղ առաջին անգամ պաշտոնապես, սակայն «հույժ գաղտնի» նշվեց, որ Սումգայիթում զանգվածային ջարդերն ու կոտորածը իրականացվել են ըստ ազգային հատկանիշի, այսինքն բացառապես հայազգի անձանց դեմ:

Սակայն ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին արգելք դնել «սումգայիթ» թեմայի վրա, հայերի զանգվածային ջարդերն  արհեստականորեն մասնատելով առանձին հանցագործությունների: Հանցագործությունները, որոնք ըստ ցեղասպանության մասին միջազգային համաձայնագրի, պետք է որակվեին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որակվեցին, իբրև «խուլիգանական դրդապատճառներով» կատարված հանցագործություններ: Այլ կերպ ասած, քողարկվեց տեղի ունեցած ցեղասպանությունը, իսկ նրա կազմակերպիչները հիմնահատակ «կորան» պաշտոնական մակարդակով:

30 տարի շարունակ հայ ժողովուրդն իր արդարացի ձայնով պահանջում է, որ Սումգայիթի հայերի դեմ ցեղասպանության կազմակերպիչներն ստանան իրենց արժանի պատիժը...

Աշխարհագրական դիրքի և բնակչության թվաքանակի համեմատ, այս 30 տարիների ժանակահատվածում, ոչ մի երկրի մասին այդքան չի խոսվել ու գրվել, որքան Լեռնային Ղարաբաղի մասին, որի հիմքում առկա է  ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՈՒՆ բառն իր լիարժեք իմաստով, կնշանակի 30  տարի ներքաշված ենք պատերազմի մեջ, ուր մեր հակառակորդը դեռ չի վարժվել դեմ հանդիման կռվելուն, նա չի կարողանում ձերբազատվել իր վատ սովորություններից, այն է. խեղաթյուրել պատմությունը, միշտ լինել ստվերում, հարվածել թիկունքից, կացնահարել քնած մարդուն, գիշերը սողալով հատել սահմանը...

Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  բնակիչների ազատ ու անկախ ապրելու, ասել է թե, իրենց երկրի տերը լինելու արդարացի պահանջը գերտերությունների համար  դարձել է օրակարգի մշտական քննարկվող նյութ, կնշանակի աշխարհը հաշվի է առնում, որ ներկայացվող բոլոր փաստերը համապատասխանում են իրականությանը։

Այլ կերպ, ոչ՛ կլիներ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ոչ՛ էլ դիտորդական առաքելություններ, որոնք իրենց շարունակական այցելություններով, բազմիցս համոզվել են, որ Արցախը հայկական տարածք է, որ դարեր շարունակ, այնտեղ զտարյուն հայեր են բնակվում:                                                                     

Հարց է ծագում, եթե այդպես է, ինչու՞ չի ճանաչվում Արցախը որպես ազատ ու անկախ երկիր... 

Հարց է, բայց ոչ հռետորական…         

                                                                            

Անժելա Սահակյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ