Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«ՏԱՆԸ ՉԻ, ՈՐԴԻ...». Կամ՝ հիշելով Անահիտ Բայանդուրին

 

70-ականների վերջի և 80-ականների սկզբի Երևանը քաղաքային մշակույթի, գրականության և գեղեցիկ արվեստների «փոքրիկ Փարիզ» էր հիշեցնում:

Արդեն բյուրեղանում էին նաև զուտ քաղաքային մշակույթին՝ գեղեցիկ խոսքին, բարեկիրթ վարվեցողությանը, բարձրաշխարհիկ հարաբերություններին հատուկ տարրերը, որոնք գերակա էին դառնում հանրային գիտակցության մեջ:

Ընթերցանության, նորագույն ֆիլմերի, արվեստում արդիական ժանրերի յուրացման, նախորդող տոտալիտար հսկողության պատնեշները հաղթահարելու մի ազնիվ տենդ էր համակել հատկապես երիտասարդությանը՝ դեպի նորը, խորհրդավորը, ազնիվը, կատարյալը: Եթե անխափան շարունակվեր մտքի և հոգու այդ վերելքը, այսօր կունենայինք բոլորովին ուրիշ քաղաքային մշակույթ, ուրիշ Հայաստան:

Ցավոք, տխրահռչակ «պերեստրոյկայով» հիմք դրվեց քաղաքակրթական մի չարաղետ ընթացքի, որն ի վերջո բերեց «քաղաքի և գյուղի միջև տարբերության վերացմանը»:

Չակերտներով բերեցի, քանզի դա էր նաև հռչակված կոմունիստական կայսրության քաղաքական ծրագրերում: Սա եղավ ի վնաս քաղաքի:

Հաճախ թվում է, թե հաջորդող տասնամյակները նոր տիպի, անտես-աներևույթ քաղաքացիական պատերազմի տարիներ էին, պատերազմ քաղաքային և գավառական մշակույթների միջև, որն ավարտվեց քաղաքակրթական առաջատար արժեքներ կրող մի ողջ շերտի լիակատար և խայտառակ պարտությամբ:

Հայաստանից հիմնականում հեռացավ հասարակության միջին դասը, որը բոլոր առումներով հայտնվել էր լուսանցքում: Իսկ սարսափելին այն տոտալ անտարբերությունն էր (այսօր ես դա համարում եմ էմոցիոնալ պարալիզի կամ զգացմունքային կաթվածի արդյունք), երբ մարդիկ չէին ցնցվում՝ տեսնելով Նար-Դոսի որդուն՝ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանին, անցուղում հաց վաճառելիս, կամ որևէ հարգված պրոֆեսորի, որն իր տան հնաոճ սպասքն էր բերում համալսարան, ուսանողների մեջ «մուշտարի» գտնելու հույսով...

«Տանը չի, որդի...». Այս առօրյա, սովորական թվացող խոսքը, որ մաս էր կազմում Երևանը քաղաքային մշակույթի, ևս իմ «հետաքրքիր մարդկանց հավաքածուի» մատյանից է:

Երբ գործով զանգահարում էի Անահիտ Բայանդուրին, իր թովիչ ձայնով երբեմն այսպես էր ինձ պատասխանում նրա մայրիկը՝ մեր սիրելի բանաստեղծուհի Մարո Մարգարյանը:

Անահիտ Բայանդուրը մեր բարձրորակ թարգմանիչներից մեկն էր: Ռուսերենի էր փոխադրել հայ գրականության մեծերի, այդ թվում և Հրանտ Մաթևոսյանի գործերը:

Միևնույն ժամանակ ազատական շարժման առաջին սերնդի ակտիվիստներից էր, իրավապաշտպան: Ես նրան անվանում էի Համազգային շարժման աղջիկ պարոն:

Շատ գիտակ և միաժամանակ հեղափոխականի ոգի ունեցող մտավորական էր:

Սիրում էր բանավիճել: Մեր բանավեճի թեման լինում էր այն, որ ես կարծում էի, թե ազատության և իրավունքի գաղափարները նույնարժեք չեն ընկալվում մեր ազգային իրականության մեջ, մինչդեռ, նա պնդում էր, որ դրանք համամարդկային արժեքներ են: Ինչպես բոլոր հեղափոխականները, Անահիտը նույնպես ռոմանտիկ էր, համառ, հետևողական ռոմանտիկ՝ մինչև վերջին շունչը:

Անահիտ Բայանդուրի հետ պատահածի մասին իմացա այստեղ՝ Ամերիկայում և շատ ափսոսացի... Երբեմն, միտքս նվաղելու պահերին ուզում եմ հեռաձայնել, բանավիճել Հայաստանում մնացած իմ երբեմնի գաղափարական, անբասիր ընկերների հետ, բայց սիրտ չեմ անում:

Վախենում եմ, թե հերթական անգամ մի վսեմ, հավերժող ձայն, ասես խորխորատից կշշնջա. «Տանը չի, որդի...»:

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ