Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«ՏԱՌԱՊԱՆՔ, որ խոսում է անցյալի ու... ապագայի մասին». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի նման խորասուզմամբ գիրք կարդացել, (թեպետ գիրք կարդում եմ գրեթե ամեն օր), ինչպես երեկ կարդացի Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» անկրկնելի հուշապատումը: Այսպես թերևս 80-ականների վերջերին՝ մեր ազգային զարթոնքի օրերին ու նրանից հետո, կարդացել էի այն ժամանակներում դեռևս թմբիրոտ Երևանում պայթյունների նմանվող Անատոլի Ռիբակովի «Արբատի զավակները», Սոլժենիցինի «Գուլագը»…

Բայց Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում»-ը շա՜տ էր մերը:

Շաբաթ-կիրակի օրերին այն, կարելի է ասել, կարդացի երկու անգամ՝ ամբողջությամբ ու հատկապես Երևանին, Հայաստանին, Չարենցին, Աղասի Խանջյանին, Գուրգեն Մահարուն վերաբերող ու նմանատիպ այլ հատվածներ՝ ընտրովի:

Նախ իմ խոնարհումը Ալազանի դստերը՝ Հասմիկ Ալազանին, հայրական մասունքը ընտանեկան արխիվում տասնյակ տարիներ սրբորեն պահել-պահպանելու և այն վերահրատարակելու պատրաստակամության ու ջանքի համար:

Նորից հիշեցի մեր ժամանակի շատ երիտասարդ ու ինքնատիպ պոետ Ադի Ալյենի տողերը՝ «… Հայրերից հետո մնում են կիսատ թողած գործերը, որոնք որդիների համար կա՛մ օրհնանք են դառնում, կա՛մ բեռ: Հայրերից հետո մնում են դուստրեր, ովքեր մինչև մահ փնտրում են «հայրերի», բայց իրենց թիկունքը չեն վստահում ժայռերի՛ն անգամ...»:

Ի՜նչ կանեին հայրերը, եթե չլիներ դուստրերի աշխարհն իր անտեսանելի, անթափանց թելերով:

Ապա իմ շնորհակալությունն ու խանարհումը գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին՝ այս գիրքը հենց այսօր ընթերցողական սեղանին դնելու համար՝ մանրակրկիտ ու խնամքով աշխատասիրությամբ, հսկայածավալ խմբագրական հետազոտությամբ, պրոֆեսիոնալ մեծ երկյուղածությամբ դեպի այն ձեռագիրը, որ շա՜տ խորքային զգացականությամբ բացում է խորհրդային կոչվող երկրի արյունոտ ու արյունատենչ դեմքը:

Այլանդակ մի դեմք, որը խեղեց բազում սերունդների ճակատագրեր, հաշմեց բազում սերունդների մտածողություն, ներարկեց վախեր ու սարսափներ և որը, ցավոք, շարունակում է դաժան այդ ընթացքը, քանզի այդ դժոխքից դուրս գալու համար տարիներ, տասնամյակներ, գուցե հարյուրամյակներ են հարկավոր ու նորանոր սերունդներ՝ առանց շղթայի այն օղակի, որ կապում է ներկան դժոխային անցյալի հետ:

Թվում է, թե խորհրդային մոլագար կայսրության փլուզումից հետո բաց աշխարն այլևս երևակեց այդ կայսրության դեմքը, բայց դա թվում է միայն առաջին հայացքից, քանզի այնքա՜ն խորն են այդ մարդակուլ մեքենայի շերտերը, այնքա՜ն տառապանք է այդ ուղիներում շաղված, որ յուրաքանչյուր նոր երևակում դառնում է նոր բացահայտում:

Ալազանի «Տառապանքի ուղիներում» որպես էջանիշ է անցնում այն արնաներկ պորտալարը, որ գուցե երկար է ճիշտ այնքան, որքան երկար էր այն ձեռքը, որ քաշում էր մարդուն դեպի մահը՝ ստորացնելով ու անարգելով: Մահ՝ սփռված այլևս «մահվան հովիտ» աշխարհի մեկ-վեցերորդի տարածություններով. անչափելի, անծայրածիր, անտեսանելի հորիզոններով տարածություններ, որոնք անցնում են մի քանի սերնդի նյարդային, արյունատար համակարգերով՝  թողնելով տառապանքի անպատկերացնելի դաջվածքներ:

Ալազանի հուշագրությունը ոչ միայն սքանչելիորեն պարզ լեզվով պատմում է 37 թվական կոչվող անվերջանալի թվացող երևույթի բոլոր մանրամասները, այլև հայտածում է 37 թվական կոչվող անմարդկային համակարգի ամբողջ անատոմիան, կազմաքանդելով այն մինչև վերջին մանրուքը, վերջին բջիջը: Եվ այդ կազմաքանդման երկար գործընթացի մեջ Ալազանը դնում է մարդուն, մարդ երևույթը. մարդ, որը դահիճ է ու փրկիչ, որը մատնիչ է ու հավատարիմ ընկեր, որը ստահակ է, վերջին ստահակ ու բարեհոգի անհատ՝ կարեկցող, ապրումակցող, և այդ մարդը չունի ազգություն, ցեղային պատկանելիություն, որովհետև ազգությունից ու ցեղից անդին է ՄԱՐԴԸ:

Ալազանն ամենայն մանրուքներով ու մանրակրկտությամբ է պատմում իր կյանքի տառապանքը՝ արձանագրելով յուրաքանչյուր դետալ, ցույց տալու համար այն անկերպարանք համակարգը, այն մամլիչ մեխանիզմը, որը կոչված էր կործանելու մարդուն, կործանելու ամենայն մարդկայինը, կործանելու բարոյական բոլոր չափանիշներն ու արժեքային բոլոր սահմանումները, բայց հենց այդ մանրուքներով էլ այդ համակարգից ու մեխանիզմից դուրս է կորզում այն մարդուն, որն, այնուամենայնիվ, ուներ կերպարանք, ուներ բարոյականություն, ուներ արժեքներ:

Ալազանի պարզ ու անպաճույճ թվացող հազարավոր նկարագրությունները երևույթների այնպիսի խորքային ընկալումների են տանում, այնպիսի զգայացունց եզրահանգումների են տանում, որ այլևս անհնար է դառնում անհաղորդ մնալը:  

Այդ ուրվապատկերին է, որ հակադրվում են հարցադրումները՝ թե ինչո՞ւ են լինում այն մարդիկ, որոնք գերադասում են դառնալ այլանդակ ժամանակաշրջանի պահապան սյուները՝ հանուն իրենց աննշան անձի, և կործանում են մարդկային կյանքեր ու ճակատագրեր՝ ի վերջո՝ թեկուզ իրենց ժամանակավոր փրկության համար, կործանելով նաև իրենցը:

Ի՞նչ է անում սուտն ու երեսպաշտությունը, կեղծիքն ու խարդավանքը մարդու հետ, ինչպե՞ս են ներազդում համակարգի մետաստազները և ի՞նչ կարող է անել «վախ» հասկացությունը, որը դառնում է համակարգի շաղախը:

Թվում է, թե Ալազանի հուշագրությունն ընդամենը պատմություն է անցյալի, թեկուզ և դաժան անցյալի մասին, բայց Ալազանի հուշագրությունն այսօրվա մասին է, նույնիսկ՝ ապագայի մասին: 

Ալազանի պատմությունն ամբողջությամբ հետագիծ է, հետագիծ, որ բոլոր այն մարդիկ, որ կարոտով են հիշում երազանքներ, ընտանիքներ, սերեր, մանկություն, երիտասարդություն, ի վերջո՝ միլիոնավոր կյանքեր խլած դաժան անցյալը, տառապանք, դժբախտություն, խեղված ճակատագրեր, անգերեզման հայրեր ու մայրեր, անգերեզման որդիներ ու դուստրեր թողած անցյալը, ու պատրաստ են նույնիսկ Հայաստանի ամենախարխուլ անկախությունը զոհաբերել՝ հանուն իրենց ախտավոր կարոտի, մարդիկ, որոնք չեն հասկացել ու չեն հասկանում, թե որտեղ է մերային արատների պորտալարը, թե որտեղ են ձմեռում այն «նեղճակատ կինտոները», որոնք բացառապես մահի ու ավերածության, արյան ու դժբախտության խեղկատակներ են ու ժամանակ առ ժամանակ ելնում են որսի, պիտի մեղանչեն ու հասկանան, պիտի մեղանչեն ու դարձի գան, պիտի չմեղսակցեն:

Ալազանի «Տառապանքի ուղիներում»-ն այո, ապագայի մասին է, քանզի այնտեղ են այն սաղմերը, որոնք ծնում են մեծ ստալիններ, մեծ բերիաներ, որոնք էլ ծնում են փոքրիկ ստալիններ, փոքրիկ բերիաներ, որոնք էլ ծնում են ավելի փոքրիկ ստալիններ ու ավելի փոքրիկ բերիաներ, ու այդ սաղմերից է հյուսվում այն սարդոստայնը, որը կարող է կործանել երկիր, փշրել ապագա, կոխկրտել անկախություն, որ քոնն է, քո արյամբ, քո տառապանքով ու քո որդիներով ծնված:

Մի բացառիկ առավելություն էլ ունի Ալազանի այս հուշապատումը. Այն շա՜տ ուղղակի լյուստրացիա է, քանի որ Ալազանը չի խորշում տալու այն մարդկանց անունները, ազգանունները, որոնք մարդակեր համակարգի պտուտակներն էին, մատնիչ անիվները, շարժիչ ուժն ու պահպանները, և այդ անունների մեջ կան մեծ ու փոքր բազմաթիվ անուններ, որոնք նաև ազգանուններ են:

Եվ ի տարբերություն դրանց, Ալազանն իր ազնվության ու մարդկայնության արժեքային սանդղակից տալիս է այն մարդկանց անուններն ու ազգանունները, որոնք՝ անկախ ազգությունից ու սեռից, փառաբանվելու և օրհնվելու են սերնդեսերունդ և որոնց սերունդների առաջ հանվելու են խոնարհումի գլխարկներ:

Պիտի կարդանք անպայման Ալազանի «Տառապանքի ուղիներում»-ը, որ փայփայենք այն հայրենիքը, որ ունենք, այն անկախությունը, որ ունենք, թեկուզ՝ խոցված, թեկուզ խարխլված ու խարխլվող, որ չդնենք այն տարբեր մեծ ու փոքր նորհայտ ստալինների ու բերիաների հավակնությունների ոտքերի տակ ու չզոհաբերենք որպես մատաղացու, ինչպես արել ենք մեր պատմության շառավիղներում:

Ալազանի «Տառապանքի ուղիներում»-ը հենց այսօր կարդալու գիրք է, ձերբազատվելու համար այն ախտից, որի պորտալարը որպես սողացող օձ է գալիս ու նպատակ ունի մահացու խայթելու նոր սերունդներ:

Ո՞վ, եթե ոչ չարիքի կայսրության տասնյակ բանտերում ու աքսորավայրերում տառապած անհատը, որը նաև գրող է, հայ գրող, պետք է իր սարսափազդու տառապանքով փաստագրած ժամանակով, փաստագրած դեմքերով ու անուն-ազգանուններով, փաստագրած միջավայրով ու մթնոլորտով, ոչ միայն քաղաքական, այլև մշակութային կյանքի իր խորքային զգացողություններով, ընկալումներով ու վավերագրումներով այսօր խոսի այն սերնդի հետ, որը ստեղծում է իր ապագան և որը պետք է անսխալ լինի իր ձեռնարկումներում, իր ազատության մեջ անկաշկանդ ու չբարդույթավորված ախտավոր ժամանակների կարոտով  տառապողների ճնշումներով: 

Ի վերջո, Ալազանի հուշագրությունը հզոր կամքի, անմնացորդ ու մեծ սիրո, անդավաճան սիրո, նվիրումի ու խիզախումի պատմություն է և ոչ միայն անձնական պատմություն, այլև հարյուրավոր մարդկանց պատմությունը, որոնք կանգնում են նոր սերնդի առաջ ու հուշում ապրելու, մարդ մնալու գաղտնիքը:  

Գրքում զետեղված է նաև Ալազանի մեկ այլ՝ «Կյանքիս ճանապարհին» հուշագրությունը, որն արդեն գրողի մանկության ու պատանեկության շրջանի իրապատումն է՝ Վանից մինչև Երևան, որը շա՜տ յուրօրինակ լույսեր է սփռում 1915-ի, Վանի հերոսամարտի և այլ պատմական դեպքերի ու դեմքերի վրա և որոնք ունեն բացառիկ վավերագրական նշանակություն:

Հ.Գ. Ենթադրյալ մի զգացողությամբ, որ գրաքննությունն աղավաղելու էր ցանկացած ազնիվ պատում, ժամանակին չէի կարդացել Ալազանի գիրքը, ու կրկին շնորհակալ եմ Արքմենիկ Նիկողոսյանին՝ նման աշխատանքի համար, այս գիրքը իր բնագրային անաղարտությամբ հրատարակության պատրաստելու համար: Ռվ անշուշտ՝ հրատարակիչներին:

Գտնելու և կարդալու եմ նաև Ալազանի սքանչելի տիկնոջ՝ Մարո Ալազանի «Իմ կյանքի ողբերգությունը» գիրքը, որը, ցավոք, չեմ կարդացել, իսկ Մարո Ալազանն այն կինն է, այն բացառիկ խիզախ, նվիրյալ անհատը, որին պետք է ճանաչի յուրաքանչյուր ոք: 

Կհանդիպենք, ուրեմն...

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ