«Թե ինչպես մազերս «բոքս» կտրեցի...»․ ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Տան բակի թթի ծառի տակ կանգնած՝ ուռենու փոքրիկ ճյուղից սուլիչ էի սարքում, իսկ տան աղունիկներից մեկը գլխիս նստած՝ խռիվ մազերիս մեջ քըջուջ էր անում։ Մայրս, որ ամեն օր էր նման տեսարանի ականատես լինում, համբերությունից դուրս եկածի պես ասաց․
- Չշարժվե՛ս, մեխի պես կանգնած էլ մնա, թող բո՛ւն էլ դնի՜, ճտե՛ր հանի՜, մազերիդ միջի եղածն էլ կմաքրի, ես էլ ամեն օր գլուխդ լվանալու հոգսից կազատվեմ։ Ե՞րբ պիտի գնաս մազերդ կտրես, մի ասա՝ իմանամ։
Հորական տատս, որ չափարի այն կողմում քաղհան էր անում, գլուխը վեր քաշեց ու ավելացրեց․
- Մազերդ ինչի՞ չես կտրում, աղջիկ ե՞ս, որ երկար մազ ես պահում։
Մի օր էլ մեզ համար կարպետ գործող տատիկը ակնարկեց, երբ նստել էի կողքին՝ կարպետ գործելը սովորելու համար։
- Դու պետք է քեզ շնորհքին պահես, քո արտաքինին ուշադրություն դարձնես, գնալով մեծ տղա ես դառնում։ Մազերդ գնա կտրի, սիրուն տղա դարձի, որ աղջիկները քեզ հավանեն։
Մեր հայոց լեզվի ուսուցչուհին, որ նաև մեր դասղեկն էր, մինչև դասարանի գլուխ հասնելը մեզ բարևում էր, անմիջապես աչք գցում վրաս ու ասում․
- Նստե՛ք, նստե՛ք։
Այդ օրը նա ներս մտավ, առանց ինձ նայելու բարևեց, բայց չասաց՝ նստե՛ք, նստե՛ք, գլուխը բարձր բռնած գնաց նստեց իր տեղը ու սկսեց ներկա-բացակա անել։ Հետո մատյանը մի կողմ հրեց։ Մենք դեռ ոտքի վրա էինք։
- Ես որևէ մեկի անուն չեմ տալիս, - սկսեց նա, ոտքի կանգնելով, - սակայն եթե դասարանից մի հոգի դասերից հետո ինքնակամ չգնա վարսավիրանոց, ապա ես վաղը խուզելու մկրատով դասարան կմտնեմ։
Նա անուն չտվեց, բայց այդ ասելիս նայում էր ինձ։ Երբ ասելիքը վերջացրեց, ինձ գրատախտակի մոտ կանչեց։
Շատ ուշադիր նայեց ինձ, զննեց ոտից գլուխ, ապա մատները խրեց իմ երկար ու կիսագանգուր մազերի մեջ ու ասաց․
- Մեր անծայրածիր երկրում՝ սկսած Կամչատկայից, վերջացած Մերձբալթյան երկրներով, չեք գտնի մի աշակերտ, որի մազերը այսքան երկար լինեն, ինչպես քոնն են։ Մաքուր հայերեն լեզվով եմ ասում, եթե հենց այսօր դասերից հետո չգնաս վարսավիրանոց ու մազերդ կարգի չբերես, դասարան չմտնե՛ս։ Ես ռուսաց լեզվի դասատուին էլ կխնդրեմ՝ նույնը ռուսերեն ասի, գերմաներենի դասատուին էլ կխնդրեմ՝ գերմաներեն լեզվով կրկնի իմ ասածը, եթե էդ լեզուներից բան հասկանում ես։ Կարծում եմ հասկացար, գնա նստիր տեղդ։
Ես ուրախ էի, որ աշխարհում՝ Կամչատկայից մինչև Մերձբալթյան երկրներ, իմ մազերի չափ երկար մազեր ունեցող աշակերտ չկա։ Ես այդ աշխարհում մենակ էի ու ուրախ, որ ինձ նմանը չկա։ Ես ուրախ էի այն ամենի համար, որ տան աղունիկները, ինձ տեսնելուն պես, թռչում գալիս էին՝ գլխիս ու ուսերիս թառում։ Ես այնքան ուրախ էի, որ աղունիկներս քըջուջ են անում մազերիս արանքներում մի բան գտնելու հույսով։ Ես ուրախ էի այն բանի համար, որ ապրում եմ մեր հեքիաթային տան մեջ, որտեղ մեզ հետ ապրում էր իմ հասակակից եղնիկն իր ձագերի հետ։
Բոլորն էլ ուզում էին, որ մազերս կտրեմ։ Բոլորը՝ Կամչատկայից մինչև Մերձբալթյան երկրներ։ Բայց ես չէի հասկանում, թե ինչո՞ւ չեմ կարող երկար մազեր ունենալ։
Գնացի վարսավիրանոց։
Գյուղի վարսավիրները չորսն էին։ Մեկը լավ սափրող էր և մազ կտրելու հետ կարծես գլուխ չուներ, մյուսը միայն քաչալացնելու վարպետ էր, նրա մոտ երեխաներին էին նստեցնում ամենից հաճախ։ Մյուս երկուսը վարպետներ էին համարվում, շատերը հերթ էին պահում նրանց մոտ նստելու համար, հատկապես՝ հասուն տղաներն ու մեծահասակները։
Էդ երկուսից մեկը «պապրավիտ» անող էր, այսինքն՝ մի քիչ տակից, մի քիչ վերևից, մի քիչ հետևից կտրում, ինչ-որ ձև էր տալիս մազերին, հարմարեցնում գլխի ձևին, ջուր ցողում մազերին ու սանրում։ Չորորդը՝ նոր ոճով մազ կտրողն էր, որի մոտ նոր տղամարդկանց շարք մտնող ջահելներն էին նստում։
Նրա նոր ոճը այս անգամ «բոքս» էր կոչվում։ Դա քաչալացնելուց շատ քիչ էր տարբերվում։ Ներքևից խուզում էին մինչև գլխի գագաթին հասնելը, ապա, գլխի գագաթից սկսած, շատ քիչ երկարությամբ մազ էին թողնում՝ դեպի ճակատը եկող մազի երկարությունը աստիճանաբար ավելացնելով, իսկ ճակատամասի մոտ, եթե մազերը երկար էին, ապա մինչև հոնքերը հասնող մազափունջ էին թողնում, որին գյուղացիները չմբուլ էին ասում։
Ես ինձ տղամարդկանց շարք մտնողներից համարեցի և «բոքս» կտրել առաջարկեցի։
- Նստեք, - ասաց վարսավիրը մեր իմացած հայերենով։
Ես նստեցի և մեր իմացած հայավարի տխրեցի, որ հիմա մկրատ պիտի դիպչի մազերիս։
- Բոլորն ասում են, որ պիտի մազերս կտրեմ, - ասացի ես։
- Բոլորն՝ ովքե՞ր, - ասաց վարսավիրը։
- Կամչատկայից սկսած՝ մինչև Մերձբալթյան երկրներում ապրողները։
- Ո՞վ ասաց։
- Դասատուն։
Հը՜մ,- արեց վարսավիրը։ Դա կարծես նշանակում էր․ «Ես ամեն ինչ գիտեմ քո ասած աշխարհի օրենքների մասին»։
- Այդպես է մեր երկրի մեջ, - ասաց վարսավիրը։ - Անպայման պետք է աշակերտներին պարտադրեն, սովորեցնեն՝ ինչ անեն, ինչ հագուստ հագնեն, մազերի երկարությունը ինչքան լինի։ Վատ բան չեմ տեսնում, եթե աշակերտը երկար մազեր է ուզում պահել։
- Ստիպեցին կտրել։
- Մեկ տարի ուշացրել ես, - ասաց վարսավիրը, ապա գլխիս ջուր ցողեց ու սկսեց մազերս տրորել։ Նա մազերիցս մի փունջ առավ երկու մատների արանքը, մկրատը օդում մի քանի անգամ չխկչխկացրեց ու սկսեց մազերս կտրելը։ Ես աչքերս փակեցի, որ հայելու մեջ չտեսնեմ իմ փառահեղ գանգուրների անհետանալը։
- Հիմի էնպես կտրեմ, որ այլևս երկար ժամանակ մազերդ կտրելու մասին խոսք չլինի, - ասաց վարսավիրը, - «բոքս» ես ուզում, չէ՞, ես էլ «բոքս» կկտրեմ։
Մտածեցի, որ նա թերևս աշխարհի իմ պատկերացրած ամենանշանավոր «բոքս» կտրող վարսավիրն է։
Աչքերս բացեցի ու տեսա հատակին թափված սև գանգուր մազերս, նայեցի ինձ հայելու մեջ ու տեսա, թե ինչպես է գլուխս փոքրացել։ Ես նորիս փակեցի աչքերս, որ չտեսնեմ այդ ավերածությունը։ Երբ նա չոր ու փափուկ խոզանակով սկսեց մաքրել դեմքիս մնացած մազերը, հասկացա, որ իր գործն ավարտել է, ու նորից բացեցի աչքերս։ Տեսածիցս վեր թռա աթոռից։ Մի անծանոթի տեսա հայելում․․․ ես էի։ Գլխիս գրեթե մազ չկար։ Լացս եկավ։
- Դե ինչ, հավանո՞ւմ ես։
- Հաստատ չգիտեմ, - ասացի։
- Ոչինչ, մի քանի ամսից հետքն էլ չի երևա։
Մինչև տուն հասնելը հորական կողմի տատիս տան մոտով պիտի անցնեի։ Տատս պատուհանից դուրս էր նայում, ինձ տեսնելով՝ դուրս թռավ տնից իր անբաժան ճիպոտը ձեռքին ու առաջս կտրեց։ Մտածեցի, թե որպես խրախուսանք՝ մի ճիպոտի հարված կտա փափուկ տեղերիս, բայց շվարած կանգնեց ու տարօրինակ հայացքով նայեց երեսիս, կարծես առաջին անգամն էր տեսնում ինձ։
- Մազդ կտրողի ձեռքերը չորանան, հա՜, - ասաց տատս ու շրջվեց, գնաց թթի ծառի տակ դրված գերանին նստեց, աշխարհից խռոված մարդու պես։
Տուն մտա, քույրերս տեսան խուզած գլուխս, ծափ զարկեցին ու սկսեցին ձեռ առնել։
Մայրս խոհանոցից դուրս եկավ քույրերիս ծիծաղի վրա։ Ինձ տեսնելով շփոթմունքի մեջ, քույրերովս շրջապատված, նվաղած ձայնով ասաց․
- Քեզ ասացինք գնաս մազերդ կտրես, կարգի բերես քե՞զ, թե՞ գնաս քեզ այլանդակես, - ասաց ու շրջվեց մտավ խոհանոց։ Մայրս, երևի, «պապրավիտը» նկատի ուներ։
Երբ քույրերս ինձ հանգիստ թողեցին վերջապես, որ ուշքի գամ, նստեցի թախտի անկյունում՝ գլուխս կախ ու վշտահար։ Պարզ էր, որ լացելու չափ փոշմանել էի։ Այդպես այնքան ժամանակ մնացի նստած, մինչև հայրս երեկոյան կողմ տուն եկավ։ Ես գլուխս չբարձրացրի, բայց հայրս ինքը մոտ եկավ, մի պահ կանգնեց իմ դիմաց, գնաց ու նորից հետ եկավ՝ մկրատը ձեռքին։ Առանց մի խոսք ասելու՝ բռնեց չմբուլիցս ու կտրեց։
Դպրոցում, երբ հայոց լեզվի դասատուն ներս մտավ, անմիջապես աչքը գցեց վրաս ու կանգ առավ․ քիչ էր մնացել մատյանն էլ ձեռքից ցած գցեր։ Նա միայն կարողացավ հայերենով արտաբերել․
- Աստվա՜ծ իմ։
1974 թ․
Թեմիկ Խալափյան