Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Թե ինչպես Վազգեն Վեհափառը խրատեց ինձ...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

1971 թվականին էր։ Ես նոր-նոր էի չափահասության տարիքի մեջ մտել և իմ աշխարհայացքի բուռն ձևավորման շրջանում էի: Ավագ եղբորս՝ Զորայրի հետ Մոսկվայից «ԻԼ-18» ինքնաթիռով պիտի թռչեինք Երևան։ Մենք արդեն տեղավորվել էինք ինքնաթիռում, երբ մի քանի հոգևորականների ուղեկցությամբ ներս մտավ Վեհափառը։ Շրջագայությունից էր վերադառնում։

Նրանք տեղավորվեցին անմիջապես մեր առջևի շարքում։ Վերջապես ինքնաթիռն օդ բարձրացավ։ Երբ այն արդեն բարձրություն էր հավաքել, և ամրագոտիներն արձակել էինք, քիչ հետո շատ տհաճ հոտ տարածվեց սալոնում, ինչպես քրտինքի մեջ եփված գուլպաներից է հոտ գալիս, որը գնալով սաստկանում էր։ Ես և եղբայրս ավելի սուր էինք զգում այդ հոտը, քանի որ, ինչպես ասում են, հենց մեր քթի տակ էին նրանց ոտքերը. անմիջապես մեր հետևի նստողներն էին։ Հոտը գնալով իր սահմաններն ընդարձակում էր։ Մեկն ահազանգեց ուղեկցորդուհուն։ Նա էլ պարզեց, որ ուղևորներից վեցը իրենց կոշիկները հանել են, և նրանց գուլպաներից բուրող հոտն է։

- Ոչինչ, - ասաց ուղեկցորդուհին, - էս մեր ընկերներն են, կոշիկներն են հանել,

ընդամենը մի ժամից գուլպաները կչորանան, հոտը կանցնի։ Մի անհանգստացեք։

Իսկ նրանք արդեն նստելատեղերը հետ էին նետել ու կիսապառկած հանգիստ ննջում էին։ Պարզեցինք, որ այդ ուղևորները խոպանչիներ են, որոնք տուն էին վերադառնում։ Մի երկու-երեք հարյուր կիլոմետր այդ բուրմունքը շնչելուց հետո, ի վերջո փորձեցինք  համոզել, որ սրանք իրենց կոշիկները հագնեն։ Չհամաձայնեցին, ընդդիմացան։ Այստեղ՝ աղմուկ աղաղակ, մի երկու հոգի սկսեցին իրար օձիքից կորեկ հավաքել։ Վերջապես սրանք տեղի տվեցին, հագան իրենց կոշիկները, բայց դրանով չավարտվեց ամեն ինչ։

Քիչ հետո կոնյակի ու օղու շշեր բացեցին, սկսեցին կոնծել՝ տուն վերադառնալու առթիվ։ Հիշեցին իրենց ծնողներին, կին-երեխաներին ու հարազատ-բարեկամներին, ապա անցան ուրիշներին։ Գնալով բանը հասավ նրան, որ սկսեցին սեռական բնույթի հիշոցներ տեղալ իրենց երբեմնի բրիգադում աշխատածների հասցեին։ Նորից մարդիկ միջամտեցին, բողոքեցին, ամոթանք տվեցին, իսկ մի երկուսն էլ փորձեցին սրանց լուրջ գաղափարներ ներշնչել։

Կաթողիկոսի ներկայությունը մեջտեղ բերեցին։ Հե՛չ, բան դուրս չեկավ։ Անգամ սրանց միջից մի առաջադեմ հայացքներով խոպանչի դիտողություն արեց իր ընկերներին։ Չհանդարտվեցին։

Մի քանի հարյուր կիլոմետր այդպես թռչում էինք՝ սրանց կենացների ու զսպված, բայց դեռ լսելի հայհոյանքների ուղեկցությամբ։ Անսպասելի մեկ էլ հայտարարեցին, որ Երևանում եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով պետք է Մինվոդիում վայրէջք կատարենք։

Վայրէջքից հետո, բաց տարածությունում մարդիկ սկսեցին զբոսնել։ Մի երկու ժամից հայտարարեցին Երևան թռչող ուղևորներին՝ զբաղեցնել իրենց տեղերը։ Ես էլ քայլերս ուղղեցի դեպի մեր ինքնաթիռը։ Էս խոպանչիները, որ միասին էին զբոսնում, հավասարվելով ինձ, սրանցից մեկը  հարցրեց՝

- Տղա ջան, էս մեր սամալյոտը ո՞ր մեկն էր։

Ես էլ մի պատահական ինքնաթիռ ցույց տվեցի, որի ուղղությամբ էլի հատուկենտ մարդիկ էին մոտենում։ Ասացի ու մի քիչ ոտքս կախ գցեցի, որ սրանք առաջ անցնեն։ Նրանք գնացին իմ ցույց տված ինքնաթիռի ուղղությամբ, ես՝ մեր։

Ուղեկցորդուհիներից մեկը ստուգում էր ուղևորների ներկայությունը։ Նկատել էին սրանց բացակայությունը, նորից հայտարարել մի քանի անգամ, բայց՝ իզուր։ Բավական երկար սպասելուց հետո միայն թռանք։ Երբ արդեն օդ էինք բարձրացել, Վեհափառը, որ անմիջապես իմ առջևն էր նստած, անհանգստացել էր սրանց բացակայությամբ, իր կողքին նստած հոգևորականին ինչ-որ բան ասաց։ Սա էլ շրջվեց դեպի ինձ ու հարցրեց.

- Էս ո՞ւր մնացին մեր խոպանչի ուղևորները, տեղյակ չե՞ս։

- Նրանց, - ասացի ես, - նրանց, ուրիշ ինքնաթիռով ճանապարհեցի։

Վեհափառը, որ ինքն էլ լսեց, շրջվեց դեպի ինձ։

- Ինչպե՞ս թե ուրիշ ինքնաթիռով։

- Դե, ինձ հարցրին, թե որն ա մեր սամալյոտը, ես էլ ուրիշ մի պատահական ինքնաթիռ ցույց տվեցի, նրանք էլ գնացին դեպի էդ ինքնաթիռը։

- Նրանք գինովցած էին, չէ՞։

- Հա։ Նրանք իրենց լավ չպահեցին, և հետո ես կատակել էի ընդամենը։ Չգիտեի, որ լուրջ կընդունեն ասածս։

Մոտիկ նստող ուղևորները սրանց բացակայության համար անհանգստություն չէին ցուցաբերում, գլուխները հանգիստ լինելու համար ձեն-ծպտուն չէին հանում։

Վեհափառը, որ ականջն էր մոտ բերել՝ ինձ լավ լսելու համար, տեղում ուղղվեց, ապա քիչ հետո իր կողքինին ինչ-որ բան ասաց։ Սա տեղից բարձրացավ, շրջվեց իմ կողմը ու գլխով նշան արեց, որ մենք տեղներս փոխենք։ Նստեցի Վեհափառի կողքին ու լարված սպասեցի, թե ինչ պետք է ասի։

- Բավարարվա՞ծ ես քեզ զգում, որ նրանք չկան, - հարցրեց Վեհափառը։

- Չէ՛, իհարկե, - ասացի, - ես պարզապես կատակել եմ։

- Մտահո՞գ ես, որ նրանք հիմա ինքնաթիռում չեն։

- Մտածում եմ, թե միգուցե լավ պրծանք։

- Արդարացի կամ բարոյական ես համարո՞ւմ կատակդ, տղաս։

- Ուզեցի ցույց տալ, որ մենք նույն ինքնաթիռում չպետք է լինեինք. փոխաբերական իմաստով, իհարկե։

- Ուրեմն, վրեժխնդիր եղար իրենց արարքի դիմաց։

- Վրեժխնդրություն չկար, չէ՝ փոխհատուցում էր իրենց արածի համար։

- Ա՜, միգուցե ինքդ քեզ դատավո՞ր կարգեիր, նոր դատ ու դատաստան անեիր։

- Չէ, ի՞նչ դատավոր, ես հենց այնպես։

Ահա այսպես, հարցուպատասխանից հետո մեր բազմաչարչար խոպանչիների մասին մեր զրույցն այսքանով ավարտեցինք։ Քիչ դադարից հետո Վեհափառը ինչ-որ այլ բաների մասին սկսեց խոսել։

Նա աստվածաբանությունից չխոսեց, ոչ էլ Աստվածաշնչից կամ աստվածաշնչյան պատվիրաններից օրինակներ բերեց, և ոչ էլ Քրիստոսի առաքյալներից պատմեց։ Աշխարհիկ խոսակցություն էր։ Նա կրոնի և հավատքի մասին էլ չխոսեց։ Միայն չարի մասին իր ակնարկում ասաց, որ չարն օտարանալն է կամ հեռանալն է աստծուց։ Խրատ էր ինձ։

Նա՝ իր կյանքի հարուստ փորձով ու գիտելիքով, ես՝ իմ պատանեկան ռոմանտիզմով։

Նա իր խոսքը շարունակեց մարդու իրավունքների, նրա ազատությունների գերակա լինելու անհրաժեշտության, դաստիարակության, գիտակցության, բարոյականության ու կյանքի փորձի մասին, որն ինձ վրա մեծ ազդեցություն գործեց։ Հետո անցավ իմ արարքին՝ չարաճճիությանը։ Այդպես ինքն արարքս բնորոշեց։ Թե արարքս բարի ու արդարացի՞ էր արդյոք։

- Գիտե՞ս, որ գիտենալու համար, թե ի՛նչն է համարվում արդարացի և բարի, կամ

ի՛նչն է պահպանվում, որպես արդարացի և բարի, - ասաց Վեհափառը, չսպասելով իմ պատասխանին, շարունակեց, -  գիտենալու համար, թե որ գործողությունները կհամարվեն արդարացի ու բարի, և որոնք՝ անարդարացի կամ չար, անհրաժեշտ կլինի նախօրոք իմանալ արդարացիի ու բարու հասկացությունը։ Հետո կրկին խոսեց մարդու իրավունքների գերակա լինելու, առաջնահերթության ու անհրաժեշտության մասին։ Չգիտեմ, աշխարհն այդ տարիներին մարդու իրավունքների գերակայության մասին խոսո՞ւմ էր, թե ոչ։

Ափսոսում եմ, որ այն երիտասարդ տարիքում բավական կյանքի փորձ չունեի և դեռ պատրաստ չէի նման փիլիսոփայական երկխոսության։ Այսպես մի քանի հարյուր կիլոմետրեր շարունակվեց մեր երկխոսությունը, որն ավելի շուտ մենախոսություն էր։ Բերած փաստարկներից, դիտողություններից և ապացույցներից, որ ես ինձ էի վերագրում, մեջս մի այնպիսի զգացողություն էր, որ ոչ թե ես ինձ ավելի մեղավոր էի զգում կամ նվաստացած իմ չարաճճիության համար, այլ կարծես թե ինձ վեր էր բարձրացնում ինչ-որ տեղ։

Բարձրացրե՜ց, բարձրացրե՜ց Վեհափառն այնքան, որ այլևս անհնարին էր ավելի, որ ես վեր բարձրանայի։ Այստեղ ինքը կանգ առավ, ինձ թողնելով այդ բարձրության վրա, ապա թեք նայեց ինձ՝ ժպիտը շուրթերի արանքում պահած։ Ես ինձ այդ բարձրության վրա էի զգում դեռ և այնտեղից կարծես իջնելու մտադրություն էլ չունեի, կարկամել ու երևակայությանս մեջ էի։ Ես էլ ժպտացի իրեն։ Հետո չգիտեմ, թե ամեն մեկս ինչի համար, բայց ծիծաղեցինք երկուսով իրար աչքերի մեջ նայելով։

Միտքս շատ հստակ ու պարզ էր ու ես, իրապես, օդի մեջ սավառնում էի ավելի բարձր, քան ինքնաթիռն էր սավառնում։

Տարիների ընթացքում հաճախակի էի մտաբերում մեր զրույցից ստացած զգացողությունս։ Օ՜, աննկարագրելի տպավորված էի այն ժամանակ։ Մի այնպիսի զգացողություն էի ապրում այդ պահին, կարծես Վեհափառն ինձ բարձրացրել էր մինչև Աստծո մտքերի մակարդակին ու թողել ինձ այնտեղ՝ մտորելու։

Մնում է ցանկանալ, որ մեր հոգևորականների հիմնական կոչումը լինի անհատին կամ մարդկանց խմբերին բարձրացնել մինչև Աստծո մտքերի մակարդակին, կնքել այդ երկկողմանի ուխտը և հաստատել նրանց այդ միավորման մեջ։

Հ.Գ.

Նկատի առնելով, որ Թեմիկ Խալափյանի այս նոթում մի փոքրիկ հուշ է երջանկահիշատակ Վազգեն Վեհափառից, «ՀԱՅԵՐ» մեդիահարթակը որոշեց այս նյութում ներկայացնել նաև այն մարդու հուշերը, որը շուրջ քառասուն տարի իր կյանքն անցկացրել է Վազգեն Վեհափառի կողքին ու չնայած իր զառամյալ տարիքին, բազում բացառիկ մանրամասներ է հիշում...

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ