«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
«Տերերի ու որբերի ժամանակը». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վերջին օրերին բազմաթիվ անգամներ ու տարբեր առիթներով հիշեցվեց «Հաղթանակները հազար ու մի տեր ունեն, պարտությունները որբ են» արտահայտությունը:
Հիշեցվեց հեղափոխությունների տրամաբանության ենթատեքստում:
Սակայն Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական հզոր, անբեկանելի ընդվզումը, թավշյա, խաղաղ, առանց բռնությունների, բաց ձեռքերի, սիրո, համերաշխության, հանդուրժողականության հեղափոխությունը ի թիվս բազում անհավատալի փոփոխությունների, զարմանալիորեն բացառիկ կերպով փոխեց նաև այս արտահայտության գոյության իմաստը:
Հայաստանում հաղթանակը ոչ միայն հազար ու մի տեր չունեցավ և չունի, այլև, իր՝ այդ հաղթանակը կերտած անհատի համոզված խոստովանությամբ, այդ հաղթանակի տերը նույնիսկ այն կերտած անհատը՝ Նիկոլ Փաշինյանը չէ: Այդ հաղթանակի տերը Հայաստանի հպարտ ու արժանապատիվ քաղաքացին է այլևս:
Փոխվեց նաև պարտության ու որբության կառուցվածքը: Պարտությունը ոչ միայն որբ չմնաց, այլև առնվազն 56 մարդ աներկբայորեն իրեն հայտարարեց այդ պարտության ու որբության իրական տերը:
Իսկ ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ այդպես եղավ:
Այս հարցադրումներին մոտենալու համար նախ փորձենք հասկանալ, թե ինչ արեց Նիկոլ Փաշինյանը:
Ա. Նիկոլ Փաշինյանը մեկընդմիշտ փոխեց Հայաստանում քաղաքական պայքարի խորհրդանշանային համակարգը (սիմվոլիկան):
Հրաժարվելով Ազատության հրապարակից, նա փակեց մինչ այսօր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունների, ընդվզումների, պայքարների, շարժումների էջերը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որքանով են իդենտիֆիկացվում զարթոնքի կամ նահանջի, հաղթանակի կամ պարտության, այս կամ այն սերնդի կամ անհատի կյանքի գործի հետ: Նա մեզնից յուրաքանչյուրին իրավունք վերապահեց մնալ իր հիշողությունների, իր ունեցած զգացողությունների, իր երջանկությունների կամ դժբախտությունների, իր կյանքի պատմության հետ, բայց թողեց դրանք անցյալում ու ներկան, բոլորիս ներկան սկսեց նոր էջից:
Բ. Նիկոլ Փաշինյանը փոխեց Հայաստանում քաղաքական պայքարի վիզուալիզացիան (ակնադիտական կերպը):
Ուզենք, թե չուզենք, այլևս չկան թատերական, ապա՝ ազատության հրապարակի հարթակում նույնատիպ կանգնած գործիչներ, մեկտեղված, բռունցքված ձեռքեր, սկիզբ ու վերջ ազդարարող կոնստանտ երաժշտություններ, նախապես պատրաստված պաստառներ, պարտադրված կարգախոսներ, ստատիկ առաջնորդներ, նրանց համար բացվող միջանցքներ և այլն:
Չկա անգամ մոգական հարթակը:
Այսօր երկրի յուրաքանչյուր անկյունում են ծնվում կարգախոսներ ու վանկարկումներ, երգեր ու ակցիաներ, գործողություններ ու մեմեր, անեկդոտներ ու պատմություններ, առաջնորդներ ու ուղղորդողներ: Ինքնատիպ են, կամ՝ ոչ, ուժեղ են, կամ՝ թույլ, առավել ազդեցիկ են, կամ՝ նվազ, ոչ մեկի որոշելիքը չէ այլևս: Կա մի անփոխելի ընդհանրություն՝ ամեն ինչ ծնվում է մեկ առանձին քաղաքացու, մեկ առանձին անհատի մոտ, կողմից, ու դառնալով կամ չդառնալով հանրայնորեն ընդունելի, վաստակում է իր ապրելու կամ մեռնելու իրավունքը:
Այլևս Հանրապետության հրապարակն է քաղաքական պայքարի վիզուալիզացիայի կենտրոնը. հրապարակ, որը նաև Հայաստանի, երկրի, պետության կենտրոնն է, թվացյալորեն միշտ անմատչելի, միշտ անառիկ: Եվ այլևս հաղթահարված է նաև որևէ բանի անմատչելիության սինդրոմը: Չգիտեմ, պատահակա՞ն էր արդյոք մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից, որովհետև Ֆրանսիան իդենտիֆիկացվում է Բաստիլ գրավելու փաստի հետ, բայց կարևոր չէ: Կարևորը, որ Հանրապետության հրապարակն է այլևս ուղղորդող, ուղեղային կենտրոնը:
Գ. Նիկոլ Փաշինյանը փոխեց Հայաստանում քաղաքական պայքարի հռետորաբանությունը:
Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը բոլոր այս օրերի ընթացքում: Ըստ էության՝ ոչ մի էական բան: Բայց Նիկոլ Փաշինյանն ասել է ամենաէականը. ասել է Հայաստանի հպարտ ու արժանապատիվ քաղաքացի, ասել է՝ դու ես քո երկրի տերը, ասել է՝ հավատա միայն ու միայն քեզ, ասել է՝ դու ես իշխանությունը, դու ես որոշողը, դու ես վճիռ կայացնողը: Ասել է՝ մերժիր, մերժիր Սերժին, մերժիր ցանկացած բան, ինչը քեզ կաշկանդում է, քեզ ստրկացնում է, քեզ նսեմացնում է, խոցում է քո արժանապատվությունը, քաղաքացու քո արժանապատվությունը: Ասել է՝ դարձիր քաղաքացի:
Եվ որ առավել կարևոր է՝ Նիկոլ Փաշինյանը սա ասել է միշտ, միշտ այս գաղափարաբանությունն է եղել դրված նրա բոլոր քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների հիմքում. «Իմպիչմենտ», «1+1+1», «մի մարդ կարող է փոխել և այդ մի մարդը դու ես» և այլն: Այստեղից էլ՝ հավատը:
«...Ես քաղաքական շարժումներին չեմ հավատում, ես հավատում եմ անձնական շարժմանը, հոգու շարժմանը, երբ մարդն ինքն իրեն նայելով՝ կամաչի այնքան, որ կփորձի որեւէ փոփոխություն ձեռնարկել...». Սա ասել է Իոսիֆ Բրոդսկին:
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, անդադրում կրկնել ու կրկնում է՝ հավատա ինքդ քեզ, մի՛ հավատա քաղաքական գործիչներին, մի՛ ապավինիր նրան հավատալուն, այլ հավատա քեզ, քո ուժին, քո արժանապատվությանը, քո հպարտությանը:
Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում չի խոսել երկիրը թալանողների, թալանածների, ժողովրդի արյունը ծծողների, Ղարաբաղը ծախողների, մոնղոլ-թաթարների, թուրք-սելջուկների, քաղաքական պոռնիկների մասին: Չի խոսել նաև հոգևոր հայրենիքի, ազատ, անկախ միացյալ Հայաստանի, մեր թշնամիներին ծնկի բերելու, Ղարաբաղը վերադարձնելու, Մուշն ու Սասունը ետ բերելու, մեր նախնիների, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի մասին: Մի հռետորաբանություն, որը դոմինանտ է եղել Հայաստանի երեսնամյա քաղաքական պայքարում:
Եվ ընդհանրապես՝ նա չի արել հռետորաբանական որևէ, նույնիսկ աննշան սխալ: Այստեղից էլ՝ դաս քաղելու նրա կարողությունը:
Դ. Նիկոլ Փաշինյանը փոխեց Հայաստանյան քաղաքական պայքարում ժամանակի զգացողության ընկալումը:
Նա մխրճվեց այսօրվա թվային, տեխնոլոգիական ժամանակի մեջ, խորապես ըմբռնեց, ճանաչեց այդ ժամանակի իրական, հիմնական ու անդավաճան կրողին՝ երիտասարդությանը ու չդավաճանեց նրան, նրա ընկալումներին, պահանջներին, պահանջմունքներին, նրա կենսակերպին, կյանքին ու իրականությանը նայելու նրա հայացքին:
Նիկոլ Փաշինյանը չփորձեց նրանց տանել դեպի անցյալ, այլ նրանց հետ խրվեց նրանց իսկ ժամանակի մեջ, դարձավ նրանցից մեկը: Նույնիսկ երգ գրեց նրանց համար՝ նրանց լեզվով, հանգով, ռիթմով: «Վերցրեց» նրանց ուսապարկը, սելֆիի ձողը, քայլաչափն ու՝ քայլեց:
Նրանք, ովքեր դավադրության տեսությունների սիրահարներ են, ովքեր գիտելիքների իրենց պաշարը ցուցանելու համար տալիս են Շարպի ու այլոց անունները, խոսում են քայլելուց, քայլելուց, քայլելուց, խոսում են գունավոր հեղափոխություններից, չեն ընկալում, որ սա ուղղակի, ուղղակի եռագույն հեղափոխություն էր՝ երգ ու պարով, խորովածով, շերեփով, սիգնալով, ծափով: Եռագույն ու դուխով հեղափոխություն: Այսքան եռագույն երբեք չէր ծածանվել Հայաստանում: Հայաստանում երբեք եռագույնի այսպիսի պաշտամունք չէր եղել:
Չշարունակեմ և անցնեմ Հանրապետականին. իսկ ի՞նչ արեց Հանրապետականը:
Ա. Առաջինը և ամենագլխավորը: Անցած տասը և ավելի տարիներին մինչև վերջ, մինչև հասարակությանը անվերապահ կապիտուլյացիայի տանելու աստիճան մշակութազերծեց Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն:
Այո, մշակութազերծեց:
Ամենատարբեր պատրվակներով, միջոցների մեջ խտրականություն չդնելով, պահանջարկի կեղծ գաղափարախոսությամբ՝ համաշխարհային մշակույթի մեջ քաղաքակրթական լրջագույն ներդրում ունեցած ժողովրդի սերունդներին դրեց ամենապրիմիտիվ, հավաքականորեն, խորհրդանշորեն ասած՝ «կա-վէ-էն»-ային «մշակույթի» ծանր մամլիչի տակ, որը նույնիսկ որպես ենթամշակույթ դժվար է դիտարկել:
Պետականորեն որդեգրեց միջոցառումային մշակույթի սովետական ամենահետին ավանդույթները՝ պատնեշ դառնալով համաշխարհային մշակույթում հայ ժողովրդի քաղաքակրթական ներդրում անելու առաքելության շարունակականության համար:
Մշակույթի իրական կապիտալիզացիան շփոթեց ավելի շատ տոմս վաճառելու հնարքի հետ, չըմբռնելով, որ հայ մշակույթի իրական կապիտալիզացիան կարող է դրվել Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում:
Եվ ոչ մի խորքային, համակարգային մշակութային փոփոխություն: Ո՛չ մի:
Ավելին՝ «կա-վէ-էն»-ային մշակույթի ամենաանհաջող, բայց հավատավոր կրողներին ներմուծեց նաև քաղաքական կյանք, քաղաքական ինստիտուտներ, պետական կառավարման համակարգ: Ասել է թե՝ ինստիտուցիոնալացրեց Հայաստանի տոտալ մշակութազերծումը:
Բ. Ոչ մի իրական փորձ չարեց՝ ճանաչել սեփական ժողովրդին իր խորքային ըմբռնումներով, արժեքային համակարգով, քաղաքակրթական հիմքով, խոհափիլիսոփայական ատաղձով: Եվ ստեղծեց զուգահեռ իրականությունների Հայաստան:
Մի Հայաստան՝ լաքապատ, գլամուրային «մշակույթով», երեսպաշտ վերնախավով՝ վերևի ու խավի իսպառ բացակայությամբ, կեղծ գաղափարախոսական շղարշով՝ խոսքի ու գործի անհամաչափությամբ, ֆեյքային, նոստրադամուսային, գյուլնազտատային վերլուծաբանների, քաղաքագետների, քաղտեխնոլոգների, տարատեսակ փորձագետների դիվիզիաներով՝ պատրաստ ամեն գնով կամ կոնկրետ գնի դիմաց մանիպուլացնելու հասարակությունը, քաղաքական, տնտեսական իրողությունները, ստեղծելու կեղծ օրակարգեր և հասարակությանը կցելու այդ կեղծ օրակարգերին:
Կգնա՞ն այդ «գիգանտները» զբաղվելու իրենց բուն մասնագիտություններով՝ հաշվապահությամբ, գյուղատնտեսությամբ, նույնիսկ՝ լրագրությամբ, թե կշարունակեն ծառայել նոր իրողություններին: Դժվար է ասել: Կախված է հեղափոխությամբ փրկված Հայաստանի նոր իշխողների կամքից:
Պարզ հանգավորող-ով փոխարինեց հայ բանաստեղծին, գրողին, անհասկանալի ձայներ արտաբերող-ով՝ հայ երգչին, երկու ակորդի վարժ տիրապետող-ով՝ հայ կոմպոզիտորին, պարզ կապկող-ով՝ հայ արտիստին ու այսպես շարունակ... ու արդյունքում՝ անսեռ, անգաղափար, հայկականությանն ու հայի ինքնությանն անհաղորդ մի զանգված՝ «ամենակենսունակը տարածաշրջանում», հայ մշակույթը փոխարինեց փսևդոմշակույթով՝ հիմքում դնելով իր պատկերացումներն ու կերպը, արժեքային իր համակարգը, իմացաբանական իր շերտերը, մշակույթի ճշմարիտ կրողներին վտարելով լուսանցք...
Իսկ մյուս՝ զուգահեռ Հայաստանում մնաց այն գյուղը, որը դեռևս ապրում է 18-րդ դարի կենցաղով, այն տղամարդը, որը կամ ռուսաստաններում է, եվրոպաներում, ամերիկաներում, կամ նվաստացած է սեփական ընտանիքի առաջ, այն մայրաքաղաքը, որը հոշոտվել է անհնարինության աստիճան, այն քաղաքացին, որը կամ միլիոնատեր է բոլոր արժույթներով, կամ անատամ է, անշոր, կիսաքաղց, այն երիտասարդը, որը կամ կրծքանշանոտ պիջակով շրջող ապագա «վերնախավ» է, ապագա միլիոնատեր, կամ չի վստահում իր ապագային, նույնիսկ եթե սովորում է աշխարհի լավագույն բուհում, կամ ծվարած է իր աշխարհում, որը պարզվեց շատ էլ հարուստ է, լուսավոր, պայծառ, այն պաշտոնյան, որը բյուջեում փող չի գտնում երիտասարդ ռեժիսորին կամ գրողին աջակցելու համար, բայց պաշտոնապես, հայտարարագրով հազարավոր ու միլիոնավոր դրամներ է «խնայել» իր չնչին աշխատավարձից:
Մինչդեռ Հանրապետական վերնախավը, գոնե վերնախավը պետք է կարդացած լիներ Հրանտ Մաթևոսյան հայ հանճարեղ գրողին, որն ասում էր. «...մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա՝ երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար, և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ և տես թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը»:
Պատրանք, հասկանում ե՞ք, հեռանկարի պատրանք... պատրանքից անգամ զրկված քաղաքացին էր քայլ անողը...
Նրա բոլոր պատրանքներն էին փշրված՝ արդարության, ազնվության, բարոյականության, քաղաքականության, տնտեսության, բիզնեսի, կրթության, մշակույթի, արվեստի մասին ունեցած պատրանքները…
Չշարունակեմ. սա երկար, շա՜տ երկար պատմություն է և ոչ թե «նոր գրվող», այլ՝ հին...
Բայց մի քանի խնդրի մասին՝ շատ հակիրճ ու…պարտադրվածորեն զգույշ…
Արցախի մասին
Արցախը մեր սրբության սրբոցն է, ու արդեն երեսուն տարի ողջ հայությունը՝ ողջ հայությունը, իր նվիրումը, ուժը, միտքը, կարողությունները, իր տեսակավոր որձին նվիրաբերել ու զոհաբերել է Արցախին: Այո, հայ ժողովուրդը հասկանում է, որ, ինչպես սպարապետն էր ասում՝ «…Այս երկրի սահմանները գծվում են արյամբ…այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից», ինչպես Մոնթեն էր ասում՝ «…Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը», ինչպես Ազգալդյանն էր ասում՝ «Սա Հաայստան է և վերջ», և այս գիտակցումով է, խորը գիտակցումով, որ հրաշք Գյումրին արդեն երեսուն տարի սերունդներ է մեծացնում «դոմիկներում», որ մեր գյուղը հանդուրժում է 18-րդ դարի կենցաղը, որ կոյուղի ունենալը, ճանապարհ ունենալը, լուսավոր փողոց ունենալը մեր շա՜տ համայնքներում դեռ երազանք է և այլն, և այլն…
Այս գիտակցումով էր, որ երկու-երեք սերունդ դարձավ կորուսյալ, այս գիտակցումով է, որ երիտասարդ մի պայծառ սերունդ իրենից հարյուրին զոհեց ապրիլյան պատերազմում ու զոհելու է՝ եթե, Աստված մի արասցե, լինի կարիքը:
Ու Արցախը որպես «մահակ» օգտագործելու քաղաքականությունը առնվազն բարոյական չէ առ հայ ժողովուրդը: Առնվազն ստորություն է, այդ թվում և գուցե առաջին հերթին հենց Արցախում ապրող մեր քաղաքացու հանդեպ: Սա հնարավոր է՞ հասկանալ: Այո, այդ քաղաքականությունը մի ժամանակ անվրեպ «աշխատել է», փակագծեր չբացեմ, դա շատերը գիտեն, բայց այդ «գործիքը» խոցում է հայ անհատի արժանապատվությունը: Գոնե Արցախը մի օգտագործեք «քաղաքականության» մեջ: Շատերը կամուֆլյաժներով նկարվում էին Արցախում, իսկ կամուֆլյաժի իրական տերերն ուրիշ էին: Ու միշտ նրանք են լինելու:
Ի վերջո, բա Արցախով մտահոգ երկիրը, իշխողը, իշխանությունը այսքան նողկալի հեռուստատեսություն կունենա՞, այսքան մշակութազերծ հեռուստատեսություն կունենա՞...
Ռուսաստանի մասին
Ռուսաստանը, պարզվեց, շա՜տ ավելի արժանապատվորեն տարավ հեղափոխությունը Հայաստանում, քան հայաստանյան ռուսահպատակները: Ռուսները գերադասեցին պետական հարաբերությունը, պետական շահը, արժանապատիվ հայաստանցուն, ռուսահպատակները՝ հպատակության գինը: Ռուսները Հայաստան եկան վախով, բայց հեղափոխություն կերտողի հետ հանդիպումից դուրս եկան բաց ձեռքերով, ժպիտով:
Հայաստան պետության ծննդյան առաջին տարիներին Ռուսաստանը Հայաստանի և Հայաստանը Ռուսաստանի հետ ուներ բացառիկ արժանապատիվ հարաբերություններ, որից շահեց պետությունը: Երբ արժանապատվությունը փոխվեց հպատակության, երկիրը վերածվեց գույքի ու տրվեց պարտքի դիմաց, տրվեցին նաև հպատակները, և Ռուսաստանը չէր մեղավոր, որ տրվածների հետ վարվեց այնպես, ինչպես սովորաբար վարվում են…տրվածների հետ:
Իսկ ի՞նչ չարեց Հանրապետականը…
Չհասկացավ, ոչ մի կերպ, ոչ մի օր չհասկացավ, թե ինչ է արել ու ինչ չի արել…ու վախենամ՝ չի հասկանում, չի հասկանալու, որովհետև դիմադրության ճակատում նույն խիստ անցանկալի, անախորժելի՝ տհաճ, խոտելի, խորշելի, հանուն ռուսականության ասած՝ одиозный կերպարներն են, նույն քաղքենի կանայք են՝ նույն տասնամյակային երեսպաշտությամբ, նույն մանիպուլյացիաներով, նույն ոճով, դեմքով, կերպով, գաղափարախոսության ու պետականապաշտության նույն ֆալշ նոտաներով:
Եթե չեմ սխալվում՝ 1990-ին էր, երբ ժողովուրդը ցնծում էր 88-ի հեղափոխության հաղթանակով (ասեմ, որ 88-ը բոլորովին այլ երևույթ էր, քան այս օրերի հեղափոխությունը, բայց սա այլ խոսակցության նյութ է), և հավաքականորեն սիրահարված էր հեղափոխության առաջնորդին, Հանրապետության հրապարակում իր մի ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը մոտավորապես այսպիսի մի բան ասաց, որ անկախությունը տոն չէ, այլ քրտնաջան աշխատանք է: Բայց մենք՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ շա՜տ պատճառներով, քրտնաջանորեն չաշխատեցինք ու անկախությունը տոն չդարձավ:
Այսօր Նիկոլ Փաշինյանը շա՜տ ավելի քաղաքացիական շեշտադրմամբ մոտավորապես նույնն է ասում: Օրեր առաջ նույն Հանրապետության հրապարակում հակադարձելով դերասանուհի Լալա Մնացականյանի՝ Նիկոլ, ես քեզ հավատում եմ արտահայտությանը, մոտավորապես այսպիսի մի բան ասաց, որ ընդհանրապես հավատացեք ինքներդ ձեզ, ընդհանրապես քաղաքական գործիչներին մի հավատացեք, հավատացեք ձեր կարողություններին, ուժին, վճռականությանը:
Եթե վերադառնանք Բրոդսկուն՝ ուրեմն հավատանք անձի շարժումին: Եվ Աստված չանի, շարունակենք սպասել, որ Նիկոլն է անկախությունը տոն դարձնելու ու սպասենք տոնին՝ ոչինչ չանելով, չփոխելով, չփոխվելով, չաշխատելով, չհավատալով…
Հ.Գ. Ես, ամենայն անկեղծությամբ, մեծ ցավ ապրեցի, երբ տեսա, թե ինչպես է ողջ ժողովուրդը ցնծում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Այդ համազգային ցնծությունը չկար նույնիսկ հոգևոր զարթոնքի մեր 88-ին: Եթե Սերժ Սարգսյանը պատահական մարդ լիներ մեր երկրի վերջին երեսուն տարվա կենսագրությունում, ես այդ փաստին ուշադրություն չէի դարձնի: Բայց, կրկին ամենայն անկեղծությամբ եմ ասում, Սերժ Սարգսյանը պատահական մարդ չէր և անգնահատելի ներդրում ունի մեր պետությունում:
Ես, ամենայն անկեղծությամբ, մեծ ցավ ապրեցի, երբ տեսա, թե ինչպես է ողջ ժողովուրդը մռնչալով, ցավից մռնչալով, անզուսպ ցասումով տենչում Հանրապետականի ու նրա խորհրդարանականների (որովհետև նրանց մեջ մի քանի լավ ընկեր հաստատ ունեմ ու կարող, գիտակ մարդիկ հաստատ տեսնում եմ) հրաժարականները՝ նվաստացածի մռնչոցի մեջ անգամ հավաքականորեն մնալով իր քաղաքակրթական բարձրունքում, որը շշմեցրել է ամբողջ աշխարհին:
Կատարվածից հետևություն անելը կամ չանելը չգիտեմ, թե Սերժ Սարգսյանի համար այս պահին որքան է կարևոր, ակտուալ, (Հանրապետականի մասին էլ չեմ խոսում), բայց այն շա՜տ կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար:
Մեծ, շա՜տ մեծ կլինի մեր հավաքական ցավը, եթե տարիներ անց որևէ մեկը կրկին որոշի քայլ անել ու մերժել: Սիրո, համերաշխության, հանդուրժողության մասին խոսելու ժամանակ այլևս չի մնա: Եվ մեր քաղաքակրթական արմատներն այլևս չեն փրկի՝ առնվազն Նիկոլ Փաշինյանին:
Հ.Գ. 1. Որպեսզի երեսպաշտության դրսևորումներ չլինեն, հպատակություն ընդունածների լեզվով մի փոքրիկ դիտարկում հանրահայտ Ալեքսեյ Վենեդիկտովից.
«В фоновом режиме смотрю, что происходит в соседней Армении. И с самого начала меня не оставляет один вопрос. А где все те люди, которые обеспечивали большинство правящей партии? Встречные протесты, палатки и слоганы про «не надо раскачивать лодку», ну хотя бы в медиапространстве какие-то авторитетные высказывания, где это все? Где же он подевался, как говорит Верка Сердючка. Вот и вся цена этой поддержке и этим голосам».
Արայիկ Մանուկյան