Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

«Թերևս վերջին անգամ Արամ Մանուկյանի արձանի մասին և ... ոչ միայն». ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Թեև վերնագիրը հուշում է, որ, վերջին անգամ եմ, թերևս, անդրադառնում Արամ Մանուկյանի արձանի խնդրին, բայց կփորձեմ, որ անդրադարձն արձանին շատ ավելի քիչ լինի, քան՝ «ոչ միայն»-ին:

Շատ կուզեմ, որ իմ այս անդրադարձը կարդան, նախ և առաջ կարդան դաշնակցականները, նաև՝ իմ դաշնակցական ընկերները, որոնց հետ՝ թեև մտածողական շատ տարբերությունների, ջերմ ու շատ ջերմ հարաբերություններ ունեմ:

Կուզեմ, որ նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանը, որին միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել, արձանի և նրա շուրջ ստեղծված իրողությունը որևէ կերպ չնույնականացնի իր անձի կամ իր արվեստի հետ:

Մենք ապրում ենք նոր Հայաստանում և քաղաքական, հանրային, ընկերական, միջանձնային և այլ հարաբերություններն ու փոխհարաբերություններն այլևս պետք է զերծ լինեն նեղանալու, նեղսրտելու, դավադրություններ, դավաճանություններ որոնելու կոնյուկտուրայից:

Ասում եմ առանց մեկ վայրկյան անգամ կասկածելու կամ վարանելու. Հայաստանը պետք է ունենար Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը:

Հայաստանի Երրորդ հանրապետությունը պետք է ունենար առավել ևս, որովհետև Երկրորդում այն անհնարինի ոլորտից էր, իսկ Առաջինում արձանի ժամանակ չկար:

Պետք է ունենար վաղուց: Շա՜տ վաղուց: Առնվազն արդեն քսան տարի:

Նույնիսկ, եթե Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության մեջ կան էջեր, որոնք կարող են/էին ոմանց մոտ տարակույսներ առաջացնել, այդ տարակույսները պետք է մնան/մնային այդ ոմանց խնդիրը:

Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրն է «և վերջ»: Արամ Մանուկյանը Հայաստանի պետականությունը վերականգնած գործիչն է «և վերջ»: Արամ Մանուկյանը սխրանք գործած և անհնարինը հնարավոր դարձրած պետական, քաղաքական, ռազմական այրն է «և վերջ»:

Սրանք, գոնե ինձ համար, կասկածից դուրս ու կասկածից վեր հասկացություններ են, իրողություններ, պատմական անհերքելի, անժխտելի, առավել ևս՝ անքննելի փաստեր, Հայաստանի ու հայի հպարտության բացառիկ դրվագներից:

Բայց արդյոք Արամ Մանուկյանը Հայաստանում պետք է ունենա այն արձա՞նը, որ ունի այս պահին, կամ պատրաստվում է ունենալ:

Վստահաբար կարծում եմ՝ ոչ:

Առավել ևս, Արամ Մանուկյանի արձանը չպետք է կառուցվի մեկ այլ հուշարձանի վրա, որքան էլ այն փորձեն «մասնագիտորեն» արդարացնել կամ երեսպաշտորեն արձանագրել, որ երջանկահիշատակ Ջիմ Թորոսյանի մասնակցությամբ նախագծված մետրոյի «Հանրապետության հրապարակ» համալիրը պատմական հուշարձան չէ:

Սա նաև այդ համալիրը վանդալիզմին հատուկ կերպով ավերողների բարոյականության խնդիրն է՝ Արամ Մանուկյանի արձանի ճարտարապետի նախ և առաջ և քանդակագործի: Կորպորատիվ համերաշխությունը մասնագիտության մեջ սրբորեն պաշտպանված պետք է լինի:

Վստահ եմ, որ Արամ Մանուկյանը բարոյականության իր կոդեքսով, արժեհամակարգային իր ընկալումներով և իր «դիկտատորությամբ», վերջին հաշվով, դա թույլ չէր տա:

Եվ արդյոք Երևանի գլխավոր ճարտարապետի բացատրություններն այս պարագայում էակա՞ն են: Ինձ համար, գոնե, վաղո՜ւց, շա՜տ վաղուց Երևանը չունի և չի ունեցել գլխավոր ճարտարապետ և դրա ապացույցն այլանդակված Երևանն է:

Ո՞ր գլխավոր ճարտարապետներն են հիմնահատակ ավերել անկրկնելի օղակաձև զբոսայգին, դրանց շատրվանային համալիրներն ու իրենց սիրած օլիգարխների դղյակների ջրավազաններից կառուցել: Ո՞ր գլխավոր ճարտարապետներն են քանդել Երևանի Կինոյի տունն ու դրա փոխարեն վեր խոյացրել հրեշային բարձրահարկերը: Ո՞ր ճարտարապետներն են ոչնչացրել Օպերային հարող պուրակները, երևանյան այգիները, զբոսավայրերը: Ո՞ր ճարտարապետներն են այլանդակել Երևանի փոքր կենտրոնը: Ո՞ր ճարտարապետներն են թույլատրել մարշալներ Բաբաջանյանի, Իսակովի, զորավարներ Անդրանիկի, Նժդեհի, Արգիշտի արքայի ու բազում սարսափազդու արձաններ: Ո՞ր գլխավոր ճարտարապետն է քանդակել «Արարատ-73» արձանախումբը՝ ճաշակի և «կատարելության միքելանջելոյական գլուխգործոց» … 

Ի վերջո, Երևանը նաև ճարտարապետներն են դիմազրկել՝ առաջնորդվելով՝ եթե ես չանեմ, ուիշներն են անելու, արատավոր սկզբունքով: Ճիշտ այնպես, ինչպես եղկելի սերիալներով հասարակությունը մշակութազերծող շատ դերասաններ, ռեժիսորներ և այլն: Բայց աշխարհում կան մարդիկ, որ այդ չեն անում: Նաև՝ Հայաստանում կան:

Եթե հին Հայաստանի կառավարիչները, որոնք այնքան էլ Արամ Մանուկյան պետական այրի արժեհամակարգի կրողները չէին, ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից, քաղաքական երեսպաշտությունից, ամեն ինչ իրենց քաղաքական մանիպուլյատիվ նպատակներին ծառայեցնելու հրամայականից ելնելով Արամ Մանուկյանին ուզում էին «օգտագործել» արձանի տեսքով, Արամ Մանուկյանի տխուր, սովետակերպ կիսանդրիները շարում էին այս ու այն կողմ (Գյումրիում, Կապանում, ոստիկանության շենքի մուտքի մոտ՝ չհասկանալով անգամ, որ Արամ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր նաև, բայց ոչ՝ ոստիկան), բնավ չի նշանակում, կարծում եմ, որ նոր Հայաստանում Արամ Մանուկյանին պետք է շարունակենք «ծառայեցնել» քաղաքական կոնյուկտյուրային: Առավել ևս սովետական մեթոդաբանությամբ:

Ինչո՞ւ Արամ Մանուկյանի «երդվյալ հավատացյալներ» նախկին կառավարիչները, որոնք ուզում էին Սարդարապատի հերոսամարտի և Առաջին Հանրապետության հարյուրամյակի օրերին Արամ Մանուկյանով կրկին ինքնահաստատվել, վաճառեցին ու տասնյակ տարիներ անտերության մատնեցին Արամ Մանուկյանի տունը, ուր բուսնած ծառերի ու մեծացող աղբավայրի փոխարեն կարող էր լինել Արամ Մանուկյանի հոգևոր կենտրոնը՝ իր կրթական ու մշակութային ազդեցիկ ներգործությամբ:

Ինչո՞ւ Արամ Մանուկյանի շիրիմը չդարձավ այն ուխտատեղին, ուր նախկին կառավարիչներն այցելում էին նվազագույնը տարին չորս անգամ ու կարմիր վարդեր դնում հանրությանն ի տես:

Եվ ինչո՞ւ էր, վերջին հաշվով, պատմական հզոր իրադարձությունների՝ Սարդարապատի հերոսամարտի, Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանների հավերժացումը, որը հին Հայաստանից սահուն անցավ նորին՝ հանձնված ԿաՎէԷն-ային մշակույթի կարկառուններին…

Ուրեմն Արամ Մանուկյանը չէ խնդիրը և ինձ համար հասկանալի չէ դաշնակցության ու դաշնակցական գործիչների ուղղափառությունը՝ պահպանելու մի արձան, որը ոչ մի կերպ հարիր չէ Արամ Մանուկյան գործչին և այդ արձանը չպահպանելուն ուղղված յուրաքանչյուր ջանք, մտահոգություն շատ զայրացած դիտում են որպես հարված դաշնակցությանն ու Արամ Մանուկյանին, Առաջին Հանրապետությանն ու նրա հիմնադրին. (խոսքս մանկամիտ դայլայլների մասին չէ՝ թեկուզ կառավարող շրջանակներից):

Ազնիվ լինելու համար ասենք, որ Դաշնակցությունն ի զորու էր, կարծում եմ, լուծել Արամ Մանուկյանի տան խնդիրը՝ թեկուզ քաղաքական ճնշում բանեցնելով իշխանության վրա, որի մաս է կազմել երբեմն-երբեմն և կազմում է, կարծես թե:

Ինչևէ: Ինչպես ասում են՝ «իրողություն է փոխվել»: Եվ արդյոք մենք չե՞նք կարող բարեբախտություն տեսնել այն ամենում, որ իրողության փոփոխությունը Հայաստանում, որին իր քաղաքական կամքով նպաստեց նաև Դաշնակցությունը, արդեն հուշ դարձած հարյուրամյակի անփառունակ տոնի ետևում մնալը չի ստեղծել այն պատեհ առիթը, որ մենք կարողանանք Արամ Մանուկյանի ծննդյան 140 և մահվան 100-ամյակին, որը լրանում է 2019-ին, ունենալ Արամ Մանուկյանի հզոր ու ներկայանալի, փառահեղ ու գլուխգործոցային մի հուշարձան, դրանում ներգրավելով ողջ աշխարհասփյուռ հայության քանդակագործական ու ճարտարապետական միտքը:

Արդյոք մենք չե՞նք կարող այսօրվանից ևեթ պետականորեն, նոր Հայաստանի բարձրագույն իշխանությամբ և ոչ՝ ընդամենը քաղաքապետարանով, նոր Հայաստանի Եկեղեցով և այլն, հայտարարել Արամ Մանուկյանի հուշարձանի համահայկական մրցույթ՝ բաց, թափանցիկ, հրապարակային, արդար հանրային մրցույթ՝ առանց հին Հայաստանի խարդավանքների համակարգի ներգործությամբ, դավադրություններով, քաղաքական կոնյուկտուրաներով:

Արամ Մանուկյանի հուշարձանի վրա չպետք է լինի բիծ անգամ, իմ կարծիքով:

Չեմ ուզում մտնել այն խոսակցությունների մեջ, թե ինչ ճանապարհներ է անցել կասկածելի եռագույնապատ այս հուշարձանի մրցույթը: Չեմ ուզում քննարկել թեր և դեմ կարծիքները: Ուզում եմ արձանագրենք, որ, եթե կա մեկ կասկած անգամ մրցույթի արդարության, թափանցիկության, հանրային լինելու, խարդավանքներով, դավադրություններով լինելու հետ կապված, նույնիսկ մեկ աննշան կասկած, այն պետք է վանվի Արամ Մանուկյանից:

Վստահ եմ, կրկին՝ ինքն այդպես կաներ:

Եթե գեթ մեկ տեղ անգամ օգտագործված է եռագույնապատ քարի տեխնոլոգիան (այդպիսին է հուշաքարը Բորիս Ելցինի շիրիմին, որի հեղինակն, ի դեպ, հայազգի Ֆրանգուլյանն է), այն չպետք է որևէ կերպ առնչվի Արամ Մանուկյանի արձանի հետ:

Իմ խորին համոզմամբ, Արամ Մանուկյանի արձանը, որը հարյուր տարի անց պետք է կանգնեցվի Հայաստանի Հանրապետությունում, առավել ևս Հայաստանի նոր Հանրապետությունում, պետք է լինի հայ քանդակագործական և ճարտարապետական մտքի արգասիքը՝ եզակի, անկրկնելի, բացառիկ, նոր, նորար մի հուշարձան՝ իր կրթական և մշակութային բազմաշերտ բաղադրիչներով, իր համահայկական հոգածությամբ, մասնակցությամբ:

Ինձ համար համոզիչ չէ «փաստարկը», թե աչքներս կսովորի: Աչքը սովորում է նաև խավարին, բայց խավարը գերադասելի չէ: Համոզիչ չէ «փաստարկը», թե Ջիմ Թորոսյանի մասնակցությամբ ստեղծված հուշարձանը՝մետրոյի «Հանրապետության հրապարակ» համալիրն ընդամենը մետրոյի կայարան է՝ ասել է թե մեծ արժեք չունի և վերածվել էր աղբանոցի, ուստի այն փրկում ենք՝ ավերելով: Սա սամվելալեքսանյանական մտածողություն է՝ նոր իրողություն հայկական մշակութային մտածողության մեջ, որի արդյունքը պատմական հիշողությունների անդառնալի ավերածություններն են Երևանում:

Իսկապես, շատ շուտով Երևանում, ասում են 2800-ամյա Երևանում չի մնալու մի կառույց, որի տարիքն անցնում է քառասունը: Ու ամոթի աստիճան ցավեցնող է, որ Սովետական Երևանում կային ազգային դիմագծով քաղաքային բազում արձաններ, հուշարձաններ, համալիրներ, քանդակներ, իսկ անկախ Հայաստանում մայրաքաղաքում բազմացան միայն գերեզմանային, մեռելային մտածողության դրսևորումները:  

Ես չեմ ուզում Արամ Մանուկյանին պաշտպանել որևէ մեկից, առավել ևս որ Արամ Մանուկյանը ողջ հայ ժողովրդինն է, բայց և չեմ ուզում, որ Արամ Մանուկյանին բացառապես իրենցը համարեն դաշնակցականները, նաև՝ իմ դաշնակցական ընկերները ու փորձեն պաշտպանել Արամ Մանուկյանին: Արամ Մանուկյանը չունի դրա կարիքը:

Չեմ ուզում նաև, որ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Արամ Մանուկյանը չպետք է ունենա այդպիսի հուշարձան, սպասում են դրա վերջնական տեղադրման կասեցմանը (որը, հուսահատորեն, քիչ հավանական եմ համարում արդեն մի կառավարությունում, որի ձախ ձեռքը երբեմն տեղյակ չէ, թե ինչ է անում աջը), դա համարեն իրենց հաղթանակը:

Առավել ևս դա չպետք է անեն Ելք-ի և կառավարության այն անդամները, որոնք սկսեցին պայքարը, բայց դրա պոպուլիստական ազդեցությունից հետո մոռացան և լռեցին այնպես, ինչպես լուռ են օգոստոսյան դպրոցների դասասենյակները:

Փոխարենն ուզում եմ վեր կանգնենք բոլոր կարգի կոնյուկտուրաներից, միասնականորեն մերժենք (որքան ենք հոգնել մերժելուց) այստեսակ Արամ Մանուկյան ունենալը և օր առաջ միասնակնորեն, մեր բոլոր կարողություններով, սիրո և համերաշխության մթնոլորտում լծվենք Արամ Մանուկյանի փառահեղ հուշարձան ունենալու համազգային գործին: Կարո՞ղ ենք արդյոք մի անգամ սթափ լինել: Մի անգամ հեռու մնալ քաղաքական, նախընտրական, մանիպուլյատիվ, լավությունաստեղծ մոտիվացիաներից: Մի անգամ մնալ Պրոֆեսիոնալ:

Կարող ե՞ն արդյոք այդ նախաձեռնությամբ հանդես գալ կառավարական մարմինները: Կարո՞ղ է արդյոք դրան ընդառաջ գնալ Դաշնակցությունը: Կարո՞ղ է արդյոք մի անգամ գոնե արդարության, մրցակցայնության, ազնվության ու հանրային համաձայնության պայմաններում ստեղծվել մի գործ: Հատկապես մի գործ, որ առնչվում է ազգային, պետական խոշոր ու համակրելի գործիչ Արամ Մանուկյանին:

Եթե մերժելու ենք նման մոտեցումը, կներեք, տարատեսակ կասկածները խորանալու են...

Հանրապետության հրապարակո՞ւմ, թե՝ ոչ, (անձնապես ոչ մի կերպ չէի ուզենա, որ այն լիներ Լենինի տեղում, բայց դա չէ կարևորը: Դեռ երկար ժամանակ կա, կարծում եմ անցնելու, որպեսզի այդ պղծված տարածքը դարձի գա ու պատահական չէ, որ միայն մաքուր, կանաչ խոտը՝ բնության հրաշքը, կարող է դառնալ այդ դարձի գրավականը: Դեռ սերունդներ պետք է գան, որոնց հիշողությունում չկա այդ կոդը), երկրի մեկ այլ էներգետիկ կենտրոնում, թե…հանրայնորեն ու բաց քննարկման խնդիր է:

Հավատացեք, շա՜տ տխուր է այսպես, երբ Արամ Մանուկյանը մեջքով «կանգնած» է  Նժդեհին, իր մեջքին էլ եվրոպատուհաններ են ու թախծոտ նայում է իր կիսավեր տանը ու մի դրոշ ունի ընդամենը՝ մի ոչ եռագույն եռագույն ու ելնելով ինչ-որ վիհից ինչ-որ բան է ուզում ասել:

Ի դեպ, արվեստը խոսում է ու պետք է խոսի ինքն իրենով, այլապես բոլոր արվեստ ստեղծողները պետք է կանգնած մնան իրենց ստեղծագործությունների կողքին, որ իրենց մտահղացումները բացատրեն:

Չգիտեմ, կարողացա՞ ավելի շատ խոսել «ոչ միայն»-ի մասին, քան արձանի, թե՝ ոչ, այնուհանդերձ հույս ունեմ, որ, թե թե դաշնակցականները, թե այսօրվա կառավարիչները, որ կարծեմ, թե դեռևս մեկ իշխանություն են, կկարողանան նոր Հայաստանին արժանի լուծումներ գտնել: Դաշնակցականները գինի շատ են սիրում, իսկ նոր գինին հին տակառների մեջ չեն պահում: 

Եվ վերջում՝ հուսամ Դաշնակցությունն ու դաշնակցականները կանսան գոնե ՀՅԴ անդամ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, կուսակցության քաղաքական հարաբերությունների կերտման ու Հայ Դատի հանձնախմբի աշխատանքներում մեծ ավանդ ունեցած նշանավոր դաշնակցական Կարո Արմենյանի կարծիքին, որ վերցնում եմ նրա ֆեյսբուքյան էջից: Վաշինգտոններ ու աշխարհ տեսած մարդ է:.                 

«ԱՅՍ ԱՐՁԱՆԸ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ Է

Այս արձանը պարտութիւն է։ Մեր հաւաքակա՛ն պարտութիւնը։ Ան ոչ մէկ կապ ունի Արամով մարմնաւորում ստացած մեր ազգային անկախ պետականութեան գաղափարին հետ։ Անոր յղացքը չի ներկայացներ այդ գաղափարը, այլ այդ նուիրական գաղափարը իրենց գործով շարունակաբար ոտնակոխող մեր հայրենիքի իշխանաւորական establishment-ը, որ իր սնունդը աւելի շատ կըստանայ խորհրդային ժամանակներու քաղաքական համակարգէն և միայն կը դաւէ Առաջին Հանրապետութեան գաղափարական նորմերուն։

Պէտք է աւելցնեմ, որ Արամին ի յարգանս կերտուած որևէ յուշակոթող, որ չէ տեղադրուած Հանրապետութեան Հրապարակի սրտին վրայ, ինքնին ապացոյցն է այս պետականութեան ձախողութեան։ Այս արձանով զայն ջատագովողները փաստեցին, որ մերօրեայ հանրապետութիւնը դեռ շատ հեռու է արժանի ըլլալէ Արամի գաղափարին։

Մեծ դառնութեամբ պիտի յիշեմ Լևոն Շանթի անողորմաբար ճշմարիտ տողերը։ Տեսնելով զինք շրջապատող միաբանութեան հոգևոր սնանկութիւնը՝ Վանահայրը կըսէ.

«...մինչև հոս ես կրնայի բերել ձեզի, մինչև հոս կարելի է բերել մարդը, բայց հոսկէ անդին...հոսկէ անդին մարդ ի՛նքը պիտի երթայ...» («Հին Աստուածներ»)։

Արամ այն մարդն էր, որ կրցաւ խիզախօրէն հատել այդ սահմանը և իրեն հետ տանիլ իր ազգը դէպի նոր լինելութիւն։ Մենք ձախողեցանք ճիշտ այս ճակատագրական յանձնառութեան վրայ։ Այս մեծ գրաւն է, որ աներևակայելի անփութութեամբ լքեցինք։

Ինչպէս ըսած եմ նախապէս, մենք փաստեցինք, որ այս հանրապետութիւնը իր ողջ քաղաքական վերնաշէնքով (մարքսեան եզր մը) դեռ շատ հեռու է հող հայթայթելէ Փոքր Մհերի ձիուն համար...Բայց ես համոզուած եմ, որ պիտի գայ այդ օրը։ Փոքր Մհերը անպայման դուրս պիտի գայ Ակռբու Քարէն։ Բայց նաև գիտցէք, որ այդ օրը մեր բարոյական իրաւունքը սակարկողներու օրը պիտի չըլլայ։

Կարօ Արմենեան
Յունիս 28, 2018»

 

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ