Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Տեսքով խնձոր...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Հեռվից: Բաց դարպասներից ներս՝ շուկան նման էր լինում նատյուրմորտի, որտեղ ինչպես գեղանկարի մեջ, կարծես հեղինակները ամեն ինչ դասավորել էին այնպես, որ նայողին համոզիչ թվա, հուզի մարդուն, մարդկանց  ներս քաշի իր ներաշխարհի մեջ։

Իրական գեղեցկություն, որին մենք ուշադրություն ենք դարձնում համարյա հարկադրաբար`կարիքի դեպքում։ Հեռվից նայելիս կամ կողքով անցնելիս նա իր վրա կգրավի մեր աչքերը, որոնք ուղղված են բոլորովին այլ բաների վրա։ Հարկադրաբար մեր վզին կփաթաթի իր ծանոթությունը և իր կենդանի իրականությամբ կներգործի մեր զգացմունքների վրա։

Ամառային կիսաբաց շուկա. շոգ, տոթ, մուտքից արդեն ոտքերի տակ ճխլված, փտող մրգերի հոտ։ Ներսում վաճառասեղաններով և անվաճառասեղան առևտուր էր լինում նախկինում։ Գետնին փռած ողջ բարիքը՝ շուկան ճաք էր տալիս, մյուս կողմից դուրս գալիս տրամվայի վերջին կանգառ։

Այս շուկայում առևտուր անողները հիմնականում հայեր էին, բայց առևտրի գալիս էին նաև հատուկենտ ուրիշներ՝ ազերբայջանցիներ, որոնք դեռ մոտ ժամանակներում ապրում էին հարակից շրջաններում։

Շուկան իր մեղր լպստողն էլ ուներ։ Իր երկու անլվա ձեռքերի միայն ձախ ձեռքի ցուցամատն ու միջնամատն էին, որ մատնում էին նրա իրական մաշկի գույնը։ Նա միշտ իր ձախ ձեռքը գրպանում էր պահում ու շրջում էր շուկայում, աչքի պոչով նայում, թե որ անփորձ մեղր վաճառողի ամանի բերանն է բաց, ու մինչև տերը աչքը կճպեր՝ նա արդեն իր երկու մատը կմտցներ մեղրի մեջ։ Թեկուզ գլխին բամփեիր, նա, միևնույնն է, մեղրով  թաթախված մատներից մեղրը կծորացներ բերանի մեջ։

Փորձվածները օղու փոքր բաժակների մեջ քիչ մեղր կլցնեին ու մի կողմ կդնեին։ Նա հարկահավաքի պես կմոտենար յուրաքանչյուր բաժակին, բաժակում եղածը կհավաքեր երկու մատի վրա, ձեռքը կբարձրացներ գլխից վեր ու մեղրը կծորացներ բաց բերանի մեջ։

Այժմ շուկան աղքատացել էր։ Ներսում առաջվա եռուզեռը չկար, մարդիկ կորցրել էին աշխատանքը, աղքատացել, մեղր լիզողն էլ տեղը փոխել՝ գնացել էր։

Հետպատերազմյան շրջանից՝ շուկան գնալով կրկին աշխուժանում էր։ Ներսում։ Աջ ու ձախ շարքեր, լոլիկի, վարունգի, կաղամբի, խնձորի, տանձի, կարտոֆիլի, դամբուլի, այլ մրգերի ու բանջարեղենի առևտուր։ Այդ օրը, նախկին ժամանակների պես, շուկան անսովոր առատ էր, մարդիկ՝ քիչ։

Խնձորների շարքում՝ գյուղական գեղեցկությամբ, երևում էր՝ երիտասարդական տարիները շուկայում մսխած, թշերը իր վաճառելու բերած խնձորների պես կարմիր և դեռ աչքի ընկնող կինը:

Իր խնձորների գովքը անելով, մոտ կանչեց։

- Անմահական խնձոր է, - ասաց՝ հնարավորինս հմայիչ տեսք տալով դեմքին։

Խնձորի տեսակից երևում էր, որ տեղական չի։ Սովորականից խոշոր, արտաքին տեսքից՝ գրավիչ։ Տեղական տեսակների մեջ նմանը չէիր գտնի։

- Փորձիր, ախպերս, մի տես ի՜նչ խնձոր է, - ասաց ու արդեն ուրիշներին էլ համտեսի համար կտրած խնձորից մի դիլիմ էլ ինձ մեկնեց։

Խնձորը համուհոտ չուներ, մի տեսակ էլ կարծես մոմի համ ուներ։

- Ի՜նչ սիրուն ես, քույրիկ, - ասացի, - էդ ո՞նց է մարդդ քեզ թողել է մենակ գաս քաղաք խնձորի առևտուր անելու։

- Ձեռ ես առնո՞ւմ, ախպերս, - ասաց, աչքերը ներքև խոնարհելով, - ես եմ սիրո՞ւն, գիշերը փողոցում կանգնեմ, ինձ տանող չի լինի։

- Փորձե՞լ ես։

- Ախպերս, բա դա փորձելու բան ա, էդ ինչ ես ասում, խոսքի համար ասացի։  Քեզ էժան կտամ։ Կշռե՞մ։

- Չես ասի, թե սիրուն չես։

Նա լուռ ժպտաց ինձ՝ քաղաքի աղքատ ու կեղտոտ թաղամասից պատահմամբ շուկա մտածիս, որ անժամանակ էր հանդիպել իրեն։

- Միտքս մի ծռի ուրիշ կողմ, խնձոր կշռեմ տար։ Տես ի՜նչ խնձոր է, սիրած-միրածիդ տեսնելու գնալուց՝ կտանես։

- Ասում ես գիշերը քեզ տանող էլ չի լինի, հա՞։ Բա գիշերը շուկան փակվելուց հետո քեզ ո՞վ է տուն տանում։

- Քանի ջահել էի, մարդս էր բերում-տանում։ Հիմի ես եմ գալիս-գնում։ Ինչի՞։

- Մարդդ, որ ուզելու եկավ, գրպանում խնձորով եկա՞վ։

- Ինչի՞ ես հարցնում, ախպեր,- հարցրեց, ուշադիր նայեց աչքերիս մեջ։ - Հո գազեթի աշխատո՞ղ չես։

- Չէ՛, հենց էնպես՝ պատմության համար եմ հարցնում։ Բանահյուսություն է։

- Ի՞նչ պատմություն, ի՞նչ բանահյուսություն։

- Հայ ժողովրդի։

- Խնձորդ ա՛ռ, գնա։ Իմ պսակվելու պատմությունը քո ինչին ա պետք, կամ էլ՝ հայ ժողովրդին։ Ավել-պակաս բան ասեմ, տանես գազեթներում տպես, մարդս էլ կարդա՝ ինձ դուրս անի տնից։

- Ո՞նց պսակվեցիր, պատմի՝ գնամ։ Միջնորդ կա՞ր, թե՞ իրար գտաք ծովափին…

- Կար, ո՞նց չկար, առանց դրանց էն վախտերը ո՞վ էր պսակվում։ Քոփակ պապս էր միջնորդը, ընկերոջ թոռն էր։ Ես խակ, ինքը խակ, իրար գիրկ նետեցին։ Է՜։ Չէմիչէ՝ ծովափին։ Խնձոր կշռե՞մ։ Շատ հարցեր մի տուր։ Պսակված ե՞ս, ախպերս։

- Առաջին գիշերը որտե՞ղ քնեցիք։

- Դա էլ է բանահյուսության համա՞ր։

- Ամենը։

- Որ ուզում ես իմանաս, ասեմ՝ մարագում, դարմանի վրա փռած կարպետի վրա։

- Կարպետը նխշո՞ւն էր։

- Նխշուն էր, իմ բերածն էր։ Օժիտ։

- Հետո ի՞նչ եղավ։

- Ինչ պիտի լիներ, էն որ պիտի լիներ՝ դա էլ չեղավ։ Ի՞նչ գիտեինք սերն ինչ բան ա, էն բանը ինչ ա։ Վա՜յ օյին ա էս տղէն, էս ինչեր եմ դուրս տալիս, - ասաց ու ձեռքը կանթեց կոնքին, վիզը ծուռ, ուշադիր նայեց ինձ։ -Ասեմ, որ դա էլ հարամ եղավ, էնքան տիզ կար դարմանի մեջ, որ ամբողջ գիշեր քացի-քացի էինք անում, վեր էինք թռչում, թավալգլոր գալիս, մեզ թափ տալիս տիզերից… վա՜յ աղջի, էս ինչի եմ պատմում, իսկական օյին ա էս տղէն, թող գնա՝ իա՜, այ քեզ բա՜ն։ - Դու հաստատ գազեթի-մազեթի աշխատող կլինես՝ է՛ն արև։

Կողքին, տանձ վաճառող տատիկը ափով փակեց բերանն ու ծիծաղեց, ապա կսմթեց։

- Լեզուդ քեզ քաշի, լի՛րբ, - ասաց ու գլուխը մի կողմ շրջեց, ապա գոգնոցի ծայրը վեր բարձրացրեց, բերանի անկյունները սրբեց։

- Գազեթի աշխատող չեմ, բայց գազել սիրում եմ կարդալ։

- Է՜, ֆռցնում ես էլի, հի, հի, հի, գազեթը գազել դառա՞վ, դա ո՞րն ա։

Տատիկը, մի ձեռքով մյուսի արմունկը բռնած, դեմքով նորից շուռ եկավ դեպի մեզ։

- Տատի ջան, դու քոնը կպատմե՞ս…

Տատը չթողեց խոսքս վերջացնեմ, ձեռքի ափով փակեց բերանը, այսինքն՝ հարցեր մի՛ տուր, չե՛մ պատասխանի, բայց ասաց.

- Է՜, տղա ջան։ Չգիտեմ աշխարհում ինչ էր կատրվում, կամ ինչու էր կատարվում դեռ իմ երեխա ժամանակներում։ Սասուն աշխարհը լցվեց ինձ պես վախեցած երեխաներով… Ինձ փրկող կինը երևի շատ ուզեցավ ու շա՜տ չարչարվեց, որ ես մնամ այս աշխարհում… Է՜, ես իմ հիշողություններից փախած մարդ եմ։ Ձեռքը օդում անցած ու գնացածի շարժում արեց։ 

Նա լռեց ու նայեց ուրիշ կողմ։ Նրա խոսքերի մեջ չարություն չկար, բայց չերևաց, թե գոհ է, որ մնացել էր այս աշխարհում։ Խնձոր վաճառողը ցուցամատը տարավ շուրթերին։ Հասկացրեց՝ չշարունակեմ, հանգիստ թողնեմ։

- Մարդդ էս խնձորից համը առած կա՞,- ասացի ցածրաձայն, որ տատիկի արթնացրած հուշերին չխանգարեմ։

- Հիմի էլ կպար մարդո՞ւս։ Մարդս քիթ սրբելու իսկի ժամանակ չունի։ Դու պիտի որ լավ շուկա անող լինես,- նորից թեման փոխելու համար ասաց,- լավ ապրանք եմ առաջարկում, ըհը՛։

- Բավական վատն եմ, բայց ավելի լավ, քան ամենավատը։

- Ախպերս, ինչից բռնես՝ կկարճանա, խոսքից բռնես՝ կերկարի, կարճ կապի։

- Քանի որոտ չկա՝ անձրև էլ չի լինի։

- Ինձ աղքատ տղու տվեցին։ Գեղեցիկ տղա ես, թե ունևոր էլ ես, ե՛կ գեղեցկուհի աղջկաս ուզի։ Ինձ նման սիրուն զոքանչ կունենաս։

Ասելուց՝ թշերը խնձոր-խնձոր ծիծաղեց։

- Աստված ինձ մի պտղունց խելք է տվել, հետը՝ բո՜լ աղքատություն։

- Լավ, հասկացա։ Քանի սելավ ու կարկուտ չի թափվել գլխիդ՝ խնձորդ առ ու գնա, թե առնող ես։

- Խնձորներդ հիվանդների համա՞ր են։

- Ինչի՞։

- Դե, լավ տեսք ունեն, իսկ լավ միրգը ու թանկը հիվանդների համար կառնեն։

- Հիվանդներիդ համար՝ առ։ Հիվանդ էլ կունենաք։ Տուն կա՞, որ հիվանդ չունենա։ Տատիկից էլ՝ տանձ առ։

Կինը ջրով լիքը շիշը տարավ բերանին, մի պահ ձեռքը մնաց օդում, գլուխը թափ տվեց, կիսաճերմակ բաշը նետեց թիկունքին, ապա նոր սկսեց ագահորեն ջուր խմել։ Ջուրը շուրթերի անկյուններից դուրս հորդեց, ապա դանդաղ սկսեց հոսել ցած, վզով իջավ բաց լանջին ու վտակների պես միանալով հոսեց ցած և լցվեց երկու բլուրների արանքի ցամաքած առվահունը։ Նա շիշը ետ տարավ, ափով սրբեց թաց շրթունքները։

- Մթնեց, հավաքվելու ժամանակն է, - ասաց ու կռացավ, սեղանի տակից մի դատարկ փոքր կարդոնե արկղ դուրս բերեց ու նետեց սեղանի ազատ տեղին, ապա երկրորդը, երրորդը…

Նա խնձորները հատիկ-հատիկ սկսեց տեղավորել արկղի մեջ, ստեպ-ստեպ ժպտացող աչքերով նայելով իմ կողմը։

- Ոտքդ խեր չէր, տղա ջան, մարդ չմոտեցավ էսքան ժամանակ։

Հարևան տատիկը, որ տանձ էր բրգաձև կիտել առաջը, վիզը ծռած ինձ նայեց։

- Տանձ չե՞ս ուզի։ Անմահական։

- Խնձորի անմահականը գիտեմ, տանձինը՝ չէ, տատ ջան։

- Աչքովդ տեսար՝ ինչքան ուզող կար։

- Ե՞րբ։

Տատը ափով փակեց բերանը, ժպտալը աչքերիս երևաց։

- Քո տանձի համը առած կա՞ս, տատ։

- Իմս դեղձն է, բայց մենք դեղձի ծառ էլ չունենք։

- Մի դեղձի ծառն ի՞նչ էր, որ մարդդ չի տնկել։

- Է՜, - ձեռքը թափ տվեց, մի շարժումով մերկացրեց մարդու սին ներաշխարհը։

- Գարնանը գա՞մ դեղձի մի ծառ տնկեմ, տատ։

- Ուշ ա, բարը ինձ չի հասնի։

Տատն էլ սկսեց իր տանձերը արկղի մեջ տեղավորել։ Նա իր երաշտահար հողի պես ձեռքերով մեկիկ-մեկիկ սկսեց տանձը արկղի մեջ ամբարել։ Արև արդեն չկար։ Շուկան դատարկվում էր այլևս, հատուկենտ մարդիկ հեռվից նայում էին դեռ սեղաններին մնացած մրգերի կողմը, բայց չէին մոտենում։

Մոտեցավ շուկայի բեռնակիրը, կանգնեց մոտիկ, ափով շոյեց իր չսափրած այտը. տանե՞մ, քուր ջան։ Տար։ Երեք արկղը իրար վրա դարսեց՝ միասին գրկեց։ Կինը, որ մի խնձոր թողել էր սեղանին, վերցրեց ու կոնքամասում շրջազգեստին քսեց, փայլեցրեց, շուռումուռ տվեց ափի մեջ՝ մեկնեց ինձ։ Բեռնակիրը արկղերը գրկեց ու գնաց պահեստի կողմը։

- Վերցրու, -ասաց, թշերը խնձոր-խնձոր ժպտալով, - քո նման տղան առանց սիրած աղջկա չի լինի, գրպանդ խնձոր ունենաս՝ հանդիպելիս։ Սիրուն ա՞։

- Ո՞վ։

- Մի տես, ի՜նչ սիրուն խնձոր ա, - ծիծաղեց։

- Դու խնձորից լավն ես։

- Յա՜, մի լա՜վ նայի։

Տատը ժպտաց։ Ժպիտից՝ զարմանք ծորաց ցած։ Բեռնակիրը ետ եկավ։ Տատի տանձով լիքը արկղը առանց հարցնելու գրկեց, գնաց։ - Բակո, թոռներիդ էդ տանձից կտանես, - հետևից ձայնեց տատը։ Բակոն, առանց հետ նայելու, լուռ գլխով արեց։

- Ավտոբուսից կուշանանք, Շուշիկ, - ասաց տատը, շշի մեջ մնացած ջուրը շուռ տվեց ափի մեջ ու շփեց քրտնած երեսին։ Տատիկի երևի ժամանակին հավանական թեժացած թոնրից առաջացած խորշոմներից ջուրը առվակների պես սկսեցին հոսել ցած։ Երբ շրջվեցի գնալու համար, տատիկի ճակատի ակոսներում կիսամութի մեջ աստղերի պես փայլում էին ջրի կաթիլները։

2002 թ. ամառ։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ