Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան

 

Աթենքի

համալսա-

րանի քաղա-

քագիտության

և պետական

կառավարման

ֆակուլտետի

շրջանավարտ:

 

Բանա-

ստեղծ,

արձակա-

գիր:

«Տհաճ հարցեր և...». ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Տհաճ հարցեր և պատասխան պահանջող հարցադրումներ...». այսպես վերնագրենք այս հրապարակումը:

 Miseres discere succo
                (Նա գանգատվում է, ես հասկանում եմ)

                Մեծ Բրիտանիայի 65-րդ վարչապետ Հարոլդ Մակմիլանի զինանշանի կարգախոսը

Ի սկզբանե նշեմ, որ տվյալ հոդվածում չեմ մեղադրում, չեմ խարազանում, չեմ չարախնդում: Ոչ էլ սիրելուց կամ հարգելուց են ծնվել ստորև ներկայացված տողերը, քանի որ հակաբնական է սիրել կամ հարգել քաղաքական մուրացկաններին կամ «որտեղ հաց ՝ այնտեղ կաց», «գնա՛ մեռիր, արի՛ սիրեմ» գաղափարախոսությամբ ապրող ոչ հայրենատեր հայրենասերներին:

Կարելի է, սակայն, չսիրելով և չհարգելով հիվանդին, փորձել նպաստել նրա կազդուրմանը: Բժիշկը բուժում է նաև զզվելի անհատներին, ում կյանքը, իրականում, այս աշխարհի համար ծանր բեռ է: Բայց մարդ են, մարդու կյանքը գերագույն արժեք է: Իսկ ազգը մարդկանցից է բաղկացած...:

Եվ այսպես.

- Ազգային մտածելակերպը նոր է ձևավորվում, այն էլ՝ բնակչության մի մասի մոտ: Պատռվել է խաբեպատիր ազգայնականության փառը, վայր է ընկել քաղաքական կարճատեսության ցեցով ապականված տգիտության հազարամյա շղարշը, վերադառնում ենք 1988 թ. Զարթոնքի ակունքներին: Բայց արդյո՞ք հայ մտավորականը հասկացել է սեփական սխալները և սկսել աշխատել հայ ժողովրդի հետ: «Ժեխ» գոռացողն այն կենսունակ ստեղծարար ուժը չէ, որը հաջողությամբ արձագանքում է ազգին սպառնացող մարտահրավերներին:  

- Ի՞նչ ունեն ասելու նրանք, ովքեր վերջին 25 տարին՝ զարմանալի անհողդողությամբ և համառությամբ, կրկնում էին՝ պատերազմ չի՛ լինելու: Անգամ 2016 թ. հետո շարունակեցին նույնը կրկնել: Կրկնողներին խորհուրդ՝ ծանոթանալ Ռ. Քիփլինգի 100 տարվա վաղեմության հետևյալ «Ռազմական տապանագրին». «Եթե մեկը հարցնի՝ ինչո՞ւ ենք մենք զոհվել, պատասխանե՛ ք նրանց՝ որովհետև մեր հայրերը ստում էին մեզ» («If any question why we died, tell them, because our fathers lied»):

- Ոմանք ատամները կրճտացնելով սկսել են հասկանալ, որ համերկրացու՝ իրենց համար անհասկանալի հոգեբանությունը վաղուց վերլուծված է Գարեգին Նժդեհի, Շահան Նաթալիի, Կոստան Զարյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Թումանյանի և այլոց կողմից: Բարի՛ լույս, մարդի՛կ, լավ է ուշ, քան երբե՛ք: Բայց մեկ հարց՝ վերջին 30 տարին ի՞ նչ էիք ընթերցում: Որտե՞ ղ էիք ապրում: Կասկադի և Հյուսիսային պողոտայի միջև՞:

- Արդյո՞ք հարթ էր 1988 թ. Զարթոնքի ընթացքը, արդյո՞ք հայը՝ որպես ազգ, հասկացել էր իր դեմ ծառացած խնդիրը: Եթե «այո», ապա ինչո՞ւ իննսունականներին մարդկանց հիմնականում փողոցից էին հավաքում և տանում Արցախ: Եթե «ոչ», ապա ժամանակն է դադարեցնել կեղծ, հոխորտացող և գունաթափ ազգային ինքնափառավորումը:

- Վերջերս Հայաստանում՝ անկախ քաղաքական և այլ տեսակի կողմնորոշումներից, սկսել են օգտագործել Հյուսիսից, Արևմտքից կամ Արևելքից եկող հին կամ նոր կարգախոսներ:

Մարդի՛ կ, հասկացե՛ ք. տարիներ, դարեր առաջ ինչ-որ ազգ ստեղծել-հորինել է ինչ-որ կարգախոս: Անկախ դրանից, թե այդ կարգախոսը որքանո՞վ էր համապատասխանում իրականությանը, քանի՞ մարդու կյանք խլեց, քանի՞ մարդու ցեխից իշխան դարձրեց և հակառակը, այդ կարգախոսի հեղինակները, հիմնականում, զոհվել և զրկանքներ են կրել իրենց ստեղծած կոչերի համար: Հիմա դուք ո՛չ այդ կարգախոսների ստեղծման պատմությունից եք տեղյակ, ո՛չ պատրաստ եք հետևել այդ կարգախոսներին և կոչերին, ո՛չ պատկերացում ունեք այդ կարգախոսների իրականացման դեպքում ի հայտ եկող հետևանքների մասին: Ու՞մ եք խաբում, ինչի՞ համար: 

- Գիտա-տեխնիկական առաջընթացի պայմաններում այն, ինչ 30 տարի առաջ գաղտնի էր թվում, հայտնի է դառնում: Բացի այդ, բնակչության մի մասը քաղաքական վերնախավից շատ ավելի խելացի է դարձել: Կարելի է փաստերով մարդկանց խաբել, բայց անհնար է խաբել փաստերի, իրավիճակի, իրադարձությունների միտումները նկատողներին:

- Ու վերջին հարցը ՝ ուղղակի և անմիջական: Որևէ հայաստանցի ակադեմիկոս վերջին 30 տարում հրավիրվե՞լ է արդյոք արևմտյան որևէ առաջադեմ համալսարան՝ որևէ պատվավոր կոչում, աստիճան ստանալու համար:

Խելքի աշեցե՛ ք, ժողովուրդ: Կրկին ապացուցվեց հայոց պատմության օրինաչափություններից  մեկը՝ 1918 թ. գարնանից հետո գալիս է 1920 թ. աշունը: Սարդարապատում հաղթող հերոսը Կարսում դասալիք է դառնում:

Վայ՛ նրանց, ովքեր դեռ զարմանում են նման երևույթների վրա. ուրեմն, բնավ տեղյակ չեն ազգի պատմությունից և մտածելակերպից, ինչպես նաև պատրաստ չեն այն շտկելու և ուղղելու:

Ախր,  դժվար բան չէ ՝ ուղղակի հիշե՛ ք, որպեսզի չկրկնեք...:

 

Արմեն Գրիգորյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ