«ՀԱՅԵՐ»-ի
հիմնադիր,
գլխավոր խմբագիր
Ժուռնալիստիկան
համարում է
սեփական
«ստորագրության
պատվի»
մասնագիտություն:
Հավատացած է, որ
«Հորինել
պետք չէ՝ ոչ
երկիր, ոչ
պետություն,
ոչ էլ
կենսագրություն:
Պատասխանատվությունն
ըստ ապրված
կյանքի է
լինելու:
Ոչ թե ըստ
հորինվածի»:
Իսկ անքննելի
այս սահմանումը
հեղինակել է իր
ամենաժուռնալիստ
ընկերը՝ Այդին
Մորիկյանը:
Տիեզերքի ու մարդու ժամանակի ՀԱՏՈՒՅԹՈՒՄ․ «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը»։
Ուրբաթ երեկոյան նորից բարձրանում եմ Մատենադարան՝ մեր Ազգային Վեհության կենտրոնը, և Մատենադարանի վսեմաշուք շենքը՝ կարծես երկնքից կախված մի զորության աղոթք, ստիպում է կրկին խորհել մնայունի ու անցողիկի, հավերժականի ու ժամանակավորի, տիեզերքի ու մարդու ժամանակի մասին։
Մատենադարանի ծանր բացվող հյուսածո դռան ետևում աննյութական, աներևույթ, խորհրդավոր ու խորհրդապաշտ մի աշխարհ է՝ այս անգամ Մատենադարանը ցուցադրում է եզակի գեղանկարչական ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գծանկարներ, գունապատկերներ, ձեռագրեր, որոնք իր՝ Մատենադարանի, անեղծ դիմագծի մի մասն են։ Որքա՜ն անհատակ է մեր ժողովրդի այս գանձարանը, որքա՜ն մեծ է այն ժառանգությունը, որ մեր ժողովուրդը որպես Սրբություն Սրբոց պահպանում է այս կամարների ներքո։
Տարիների ընթացքում՝ տարբեր անհատական հիմնապաշարների, նվիրատվությունների, նաև վերջին տարիների ընտրյալ ձեռքբերումների շնորհիվ Մատենադարանում հանգրվանել են հանրությունից զատված բացառիկ գեղանկարչական աշխատանքներ, որոնք, սակայն, իրենց շա՜տ տարբեր ոճայնությամբ ու ժանրայնությամբ, իրենց ձեռագրային, մտածողական մեկնություններով ոչ միայն չափազանց արժեքավոր են, այլև արտացոլում են շա՜տ տարբեր ժամանակաշրջաններ և մտածողություններ, գեղարվեստի շա՜տ տարբեր ընկալումներ, և դրանց համադրումը մեկ ցուցադրությունում, թույլ է տալիս տեսնել ժամանակներն իրենց ամբողջ խորությամբ, տեսնել ժամանակների խորապատկերները, տեսնել, թե ինչպես է փոխանցվում ժառանգականությունը, թե ինչպես է մի ժամանակը ծառայում մյուսին, և ինչպես է ժառանգությունը հասնում սերունդներին։
Սա նաև Մատենադարանի մինչ այժմ երբևէ չուսումնասիրված և չհանրայնացված կողմն է, նոր ու անծանոթ դիմագիծը, որը Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանի համադրողական արվեստի նրբությամբ ներկայանալի է դառնում իր ողջ շերտերով, իր երանգներով, պատմականության խորը դրսևորումների երևակմամբ։ Եվ իզուր չէ, որ ցուցադրությունը խորագրված է «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը», քանզի այստեղ, իրոք, կա դիմագիծ, որը մի առանձին ու անկրկնելի շերտ է մեր ժառանգության ընդհանուր ուրվապատկերին։
Ցուցադրվում են ապակե սևանկարներ՝ նեգատիվներ, որոնցում պատկերված են 1915 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապաստանած հայ գաղթականներ, որոնք ցուցադրվում են մեր կերպարվեստի երևելիների՝ Վարդգես Սուրենյանցի, Արշակ Ֆեթվաճյանի անկրկնելի գունապատկերների հետ համադրությամբ՝ բացառիկ նրբագեղ գունանկար աշխատանքներ, որոնք դարձյալ ցուցանում են ժամանակների անբացատրելի կապը։
Ցուցադրվում են Իրանում ծնված և Գերմանիայում վախճանված հանրությանը քիչ հայտնի նկարիչ Անդրե Սևրուգյանի առանձնակի զգայուն աշխատնքները՝ նրա շուրջ ինը տարի նկարազարդած ավելի քան 400 նկարից «Շահնամե» սքանչելի շարքից գեղանկար՝ պարսկական մանրանկարչության ոգով, փարիզյան գեղարվեստի դպրոցի կատարողական վարպետությամբ, թիֆլիսյան միջավայրի շնչով։ Նաև՝ նրա «Բաթիկա» շարքից աշխատանքներ, որոնք ժամանակին Մատենադարանին ընծայաբերել է նկարչի որդին։
Ցուցադրվում են հայ մտքի վիթխարիների՝ Հրաչյա Աճառյանի ընծայաբերած ձեռագիրը, Մանուկ Աբեղյանի ընծայաբերած ձեռագիր Երգարանը՝ արված 1900-ին, Էջմիածնում և այլ բացառիկ նմուշներ, որոնք արտասովոր զգացողություններ են պարգևում, քանզի գալով ժամանակների հեռուներից, գալով մեր ազգային մտքի հսկաների ոգեղենությունից, համդրությամբ այլ ստեղծագործությունների հետ, տեսանելի են դարձնում նախնիներիդ ժամանակը։
Ցուցադրվում է բացառիկ մի կտավ-վավերագիր՝ 1950-ական թվականներին անհայտ հեղինակի կողմից ստեղծված Մատենադարանի կառուցման կտավ-վավերագիրը, որը նաև այլ, բացառիկ մի այլ վավերագրություն է՝ հուշում է, թե ինչպես էր Մոնումենտի անտառափեշին վեր խոյանում աստվածային զորության այս կաճառը և կառուցվում անաստված առաջնորդի ճնշիչ հայացքի ներքո։ Եվ այս ստեղծագործությունը, որն անհայտ հեղինակը ժամանակին դուրս է բերել իր տնից՝ ունենալով ստալինյան դաժան շրջանի վախերը, ցուցադրվում է Մատենադարանի վեհագույն շենքի գծանկարի հետ, որը նվիրել է շենքի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ Մարկ Գրիգորյանը։
Ցուցադրվում է մոռացված մի նկարչուհու, սքանչելի նկարչուհու՝ Ժասմեն Սարաբյանի «Շամիրամը»՝ ավելի քան պագշոտ, հեշտասեր ու ցոփական։ Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը բացառիկ հետաքրքիր բացահայտումներ է անում նկարչուհու կյանքից՝ Ժասմենը եղել է Վահրամ Գայֆեճյանիսիրելի ուսանողուհին, կինոյի հանճարի՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի զգեստների նկարիչը, պնակներ է նկարազարդել Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետի համար, կերտել է Վեհափառ Հայրապետի դիմանկարը և այլն, իսկ 1957-ին արված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը նրա դիպլոմային աշխատանքն է, որն արվել է Գրիգոր Խանջյան Վարպետի ղեկավարությամբ, որը, սակայն, գերազանց գնահատականի արժանանալուց հետո նվիրաբերվել է Մատենադարանին ու մնացել պահոցների անհայտության մեջ։ ։
Ու այսպես՝ ցուցադրվում են բազում հետաքրքիր, խորհրդավոր, անկրկնելի նմուշներ, որոնք Մատենադարանի կամարների ներքո առավել են ընդգծում այն անգերազանցելի աշխատանքը, որ արվել է։
Այս ամենն, իհարկե, հնարավոր է դառնում այն քաղաքականության շնորհիվ, որ Մատենադարանը որդեգրեց վերջին տարիներին՝ դա Մատենադարանի դեսակրալիզացիայի քաղաքականությունն էր, որը պետք է վերացներ բոլոր տաբուները, պետք է հաղթահարեր բոլոր արգելքները, և Մատենադարանը հանրությանը պետք է ներկայանար իր բոլոր շերտերով, իր ողջ շքեղությամբ, գանձարանի իր ողջ խորությամբ ու փայլով։
Այո, շերտ առ շերտ բացվում է Մատենադարան երևույթը մեր հանրության առջև։ Բացվում է, մեզ տանելով դեպի մեր արմատները, դեպի մեր ինքնության անքննելի շերտերը։ Մի պահ Մատենադարանի տնօրենի, իմ ընկերոջ՝ Արա Խզմալյանի ուղեկցությամբ մտնում ենք այն ցուցասրահը, ուր «Լուսաբեր պատկերներ. հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» ցուցադրությունն է։
Այստեղ կանգ է առնում ժամանակը, անէանում է ժամանակը, ու մեր հոգևոր երաժշտության հնչյունները տիեզերքի ճանապարհներով քեզ տանում են դեպի մի իրականություն, որը աստվածային մի իրականություն է, տիեզերական մի իրականություն, որն իմն է այնքան, որքան իմը չէ այսօր, ցավոք, ու կանգնում է հարցը բոլորի առջև՝ ինչո՞ւ ու ե՞րբ հասանք այս հանգրվանին, երբ այլ հանգրվաններ են մեր ժառանգության արմատներում։
Ու իբրև մխիթարություն Արա խզմալյանի հյուրասիրությամբ ըմպում ենք «Մատենից. արքայական բալասան»-ը, որ Մատենադարանի, թերևս, ամենավերջին նվաճումներից է, որ պատրաստվում է մեր բժշկագիտական ձեռագրերից գաղտնագրված բաղադարատոմսով։ Ձեռագիր, որը 1232 թվական թվագրությամբ է, և որը գրվել է Անիում, Գագիկ Առաջին թագավորի օրոք։
Ահա այսպես, մի ուրբաթ երեկոյի քրոնիկոն, որի հետևում նվիրական ու տքնաջան աշխատանք է՝ համագործակցությամբ մեր հոգևոր, մշակութային ժառանգության պահպանությանը կոչված բազում այլ թանգարանների, ազգային պատկերասրահի, առանձին արվեստագետների հետ։
Բարձրացեք Մատենադարան, տեղափոխվեք այլ ժամանակի մեջ, կտրվեք ներկայիս ոչ մերական ժամանակներից։ Այն ավելին է, քան բժշկվելն ու ապաքինվելը։
Արայիկ Մանուկյան



Partly cloudy