Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

«Թիթեռը...». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ

 

Նվիրում եմ ամենափոքր քրոջս

 

Նա՝ հազիվ չորս տարեկան ամենափոքր քույրս, ոտքի թաթերին ձգված՝ պատուհանից դուրս էր նայում, իսկ գարնան մեղմ անձրևից հետո պայծառ արևը սկսել էր օդը տաքացնել։ Մեղուները  օդում սկսել էի գժություններ անել, դեռ նոր-նոր տրաքած բողբոջների վրա պար էին բռնել։ Փոքրիկը ինչ-որ բան էր փնտրում տնամերձի տարածքում, թե՞ աշխարհին էր նայում, միգուցե գիշերը իր երազում տեսածն էր փնտրում, ոչ ոք չէր կարող ասել։ Բայց կարծես թե փնտրում էր ինչ-որ հրաշալի, լինելիության սահմանի վրա գտնվող, իր համար անբացատրելի բան։

Կարծես գոհ էր իր տեսածով, լեզուն դուրս էր հանել ու ատամների արանքում պահել։ Նա դադարեց դուրս նայել, ապա անցավ նախասրահ, հագավ իրենից մեծ քրոջ կոշիկները և դուրս եկավ բակ։ Նա գնաց այնտեղ, ուր նոր դուրս եկած կանաչների միջից հազիվ գլուխները բարձրացրած ծաղիկներ էին ծլել։ Պպզեց և սկսեց ուշադիր նայել այդ ծաղիկներից մեկի վրա իջած փոքրիկ թիթեռին։

Նա վախ չուներ, իր համար, հանգիստ, թևերը մե՛կ փռում էր ծաղկի վրա, մե՛կ փակում, կարծես չէր էլ նկատում իրեն այդքան ուշադիր նայողին։ Նա իր երկու ձեռքերով փորձեց ափի մեջ առնել փոքրիկ թիթեռին, թիթեռը վեր թռավ, մի քիչ օդում թևերը թափահարեց և նորից իջավ նույն սպիտակ ծաղկի վրա։ Նա նորից փորձեց իր ձեռքերի ափերի մեջ առնել թիթեռին, և կարծես դա նրան հաջողվեց։ Դեռ պպզած՝ իր ձեռքերը քիչ հետ տարավ, ափի մեջ փոքրիկ ճեղք բացեց և սկսեց նայել այդ փոքրիկ թռչող արարածին։ Նա ուղղակի վայելում ու հրճվում էր իր բռնած այդ հրաշքով։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Աղջիկն ուղղվեց իր պպզած տեղից և դանդաղ քայլեց դեպի մայրը։ Ձեռքերն առաջ մեկնած՝ մոտեցավ մորը և լուռ կանգնեց կողքին, ապա ցույց տվեց, թե ինչ կա իր ափերի մեջ պահած։ Մայրը տեսավ, թե ինչ է երեխայի ափերի մեջ։ Ժպտաց, գոգնոցի գրպանից դուրս բերեց մնացած կուտը և շաղ տվեց գետնին, հավերն ու աղունիկները նորից հավաքվեցին իրար գլխի, և մոր ուշադրությունը տեղափոխվեց դեպի թռչունները։ Ապա ձեռքերը գոգնոցով մաքրեց, շոյեց երեխայի գլուխը և ասաց.

- Հե՛տ տար, ո՛ր ծաղիկի վրայից վերցրել ես, տա՛ր նույն ծաղկի վրա էլ դիր։ Քույրս տխրեց, ներքևի պռոշը ծռեց ու այդպես լացակումած նայեց մոր երեսին։ Մայրը կռացավ, համբուրեց իր ամենափոքրին։

- Դե, տա՛ր, իր ծաղկի վրա դիր, քանի մի բան չի պատահել խեղճին, - ասաց մայրը ու գնաց իր գործին։ Քույրս մնաց իր տեղում կանգնած՝ զույգ ձեռքերը առաջ պարզած։ Նա գլուխը հետ շրջեց, նայեց ծաղիկների կողմը, ապա նորից ձեռքի ափերը քիչ հետ տարավ, փոքրիկ ճեղք բացեց ու մոտեցրեց աչքերին։ Նա երկար այդ դիրքում մնաց կանգնած։ Մինչ նա հիանում ու հրճվում էր իր որսով՝ քույրը ձայն տվեց.

- Կոշիկներս հետ բեր քեզ ասում եմ, ինչո՞ւ ես հագել, - ասաց՝ լուսամուտից գլուխը դուրս հանելով։ Փոքրը ոչինչ չասաց, նա շարունակում էր նայել իր ձեռքերի ափերից ներս պահածին ու ժպտում էր ինքն իրեն։

- Դե, շուտ տուն արի, կոշիկներս բեր, քանի ես չե՛մ եկել, թե չէ գիտես, որ ես եմ եկե՜լ, է՜, -  ասաց քույրը ու գլուխը պատուհանից ներս տարավ, բայց շարունակեց ժպտալով հետևել քրոջը։  Փոքր քույրը մի փոքր անգամ չշարժվեց տեղից։

- Դե լա՜վ, - ասած քույրը ու սենյակից դուրս եկավ, մտավ նախասրահ, իրենից մեծ քրոջ կոշիկները հագավ, աստիճաններով ցած իջավ, պատի տակով շրջվեց մտավ այգի։ Մոտեցավ քրոջը։

- Ի՞նչ կա ձեռքերիդ մեջ, ցույց տուր տեսնեմ, - ասաց։ Փոքրը իր ձեռքերը առաջ պարզեց դեպի քույրը և ափերի մեջ պահածը ցույց տվեց քրոջը։ Քույրն ափերի բացած ճեղքից նայեց մի աչքը խուփ արած։

- Տո՛ւր ինձ, - ասաց, - քանի չես սպանել։  Նա այնպես ասաց՝ տո՛ւր ինձ, որ կարծես թե ինքը  ավելի լավ գիտեր դրա ձևը, թե ինչպես կարելի է թիթեռին ափերի մեջ պահել։ Փոքրը ձեռքերը արագ հետ քաշեց, բայց ոչինչ չասաց։  

- Տո՛ւր, քեզ ասում եմ, - ասաց քույրը։  Փոքրը կտրականապես հրաժարվեց, ապա լաց եղավ։ Քույրը փորձեց ուժով քրոջից խլել թիթեռնիկը։ Հետո սկսեց ինչ-որ բաներ բացատրել քրոջը, բայց կարծես քրոջ բացատրություններից փոքրի գլուխը բան չմտավ, նա ծուռ նայեց քրոջը։

- Տո՛ւր, քանի չես սպանել, - նորից ասաց քույրը։ 

Փոքրը աշխարհի ամենասարսափելի հայացքով նայեց քրոջը, ապա հայացքը պտտեց ամբողջ շրջակայքի վրա, որտեղ բացի իրենցից ու մի քանի աղունիկներից ոչ ոք չկար, ապա հետ նայեց ծաղիկների կողմը, նորից նայեց քրոջը, ասես ուզեցավ հասկանալ, թե ինչու կարող է սպանել թիթեռնիկին, եթե ինքը այնքան քնքշորեն է պահում նրան իր ափերի մեջ։

Հետո քույրը մի ձեռքը բարձրացրեց, իբր որ չտաս՝ կշրմփացնեմ, բայց փոքրը գիտեր, որ չի շրմփացնի, ու քույրն էլ գիտեր որ չի շրմփացնի քրոջը։ Ես էլ լավ գիտեմ, որ չի շրմփացնի, աշխարհն էլ գիտի, որ չի շրմփացնի, դա մեծերի հնարքն է պարզապես, որ սիրում են անել, սուտ ահ են տալիս փոքրերին։ Փոքրը աչքերը կկոցեց ժպտալով ու ձեռքերը վեր բարձրացրեց՝ գլուխը պաշպանելու համար։

- Է՜, - ասաց քույրը, քրոջ խոպապիկները դեմքից հետ տանելով, - բա էդպիսի բան կանե՞ն։ Դու կսպանես նրան, տուր տանեմ իր ծաղկի վրա դնեմ։ Փոքրը շրջվեց, - գլուխը հետ տվեց, նայեց քրոջը։ Քույրը բռնեց քրոջ ձեռքերից ու փորձեց քրոջ ձեռքերը բացել, իսկ նա իր ուժերի ներածի չափ փորձում էր պահել, բաց չթողնել։ Դրանից՝ մեծը ավելի փրփրեց, բայց ոչինչ ավելի հարմար չգտավ քրոջն ասելու ու կրկին ասաց՝

- Դու ինքդ տար ու դիր իր ծաղկի վրա։ 

Երբ մեկ էլ դուրս նայեցի, մյուս՝ երկուսից էլ մեծ քույրս էլ էր գործինխառնվել։ Նա էլ իրենից մեծ քրոջ կոշիկներն էր հագել ու գնացել՝ ուզում էր թիթեռին իր մոտ վերցնել։ Փոքր քույրս ոչ մի կերպ չէր ուզում բաժանվել իր որսից, նա իր երկու ձեռքերը մտցրեց ոտքերի արանքը ու ոտքերը ամուր հուպ տվեց։

- Որևէ բան ուզո՞ւմ ես տամ քեզ, - ասաց երկուսից էլ մեծ քույրը, - թիթեռը տաս մեզ։

Փոքրը նախ մի քրոջը նայեց, ապա մյուսին, խորապես հուզված։

- Ասա, ուզո՞ւմ ես, - նորիս ասաց քույրը։

Փոքրը ոչինչ աշխարհից չէր ուզում, նա միայն թիթեռնիկին էր ուզում պահել իր մոտ։

- Դու պետք է բաց թողնես թիթեռին, - ասաց երկուսից մեծ քույրը, - կարող է դա իր տեսակի մեջ միակն է ամբողջ աշխարհում։ Դու կսպանես դրան բռիդ մեջ, և աշխարհում այլևս նման թիթեռ չի լինի, աշխարհից մի մեծ բան կպակասի, հասկացա՞ր։ Փոքրը դրանից ոչինչ չհասկացավ, մնաց իր ասածին։

- Նրա կյանքը արդեն այնքան կարճ է, որ նա մինչև երեկո հազիվ ապրի, - ասաց իրենից մեծ քույրը։

- Լավ, դու ինքդ տար, - նորից ասաց մյուս քույրը։

Հարևանի փոքրիկ աղջիկը, որ սիրում  էր մեր այգու խնձորները թաքուն ուտել՝ առանց ծառից քաղելու, նա էլ մոտ վազեց և փորձում էր իմանալ, թե քույրերով ինչ խնդիր են լուծում իրար գլխի հավաքված։ Նա նոր էր մոտեցել քույրերին, երբ իր մայրը դուրս եկավ տնից փոքր ջրի կուլան ձեռքին։

- Կուլան վերցրու ջրի գնա, - ձայն տվեց աղջկան, - հերդ հանդն է գնում, հետը ջուր դնեմ։

- Է՜:

- Տա՛փը մտած, տո՛ւն արի, քեզ ասո՛ւմ եմ։

- Է՜։

- Ծամը կտրածին չես տեսնո՞ւմ, - մայրը մի մատ աղջկան ասաց։

Նա մի քանի անգամ ձայն տվեց աղջկան, ապա կուլան դրեց պատի տակ, ինքը մոտ եկավ երեխաներին։  Առանց ուշադրություն դարձնելու երեխաներին, բռնեց իր աղջկա ձեռքը ու հետևից քարշ տվեց։

- Ուզում եմ տեսնեմ, ուզում եմ ես էլ տեսնեմ, թե ինչ թիթեռ է, - լաց եղավ աղջիկը։ 

Մայրը քաշեց աղջկա ձեռքից ու նրանք գնացին՝ նոր ծլած կանաչների միջի  ծաղիկները տրորերով։

Իրենից մեծ քույրը նորից փորձեց ուժով բացել քրոջ ձեռքերը, բայց քույրը շրջվեց, թույլ չտվեց քրոջը բռնել ձեռքերը, ապա նա իր փոքր ձեռքերը բռունցքեց և ամբողջ թափով անսպասելի վրա պրծավ իրենից մեծ քրոջ վրա, որ խփի, բայց մեծը ծիծաղելով կանխեց քրոջ հարվածը։ Նա տեղնուտեղը նորից հարձակման փորձ արեց, քույրը նորից կանխեց։ Սրանց խառնվեց մյուս քույրը։ Մայրս մոտ գնաց քույրերին, նա այնպես նայեց իր աղջիկներին, կարծես աշխարհի երեսին միայն ինքն կարող էր այդպես քնքշորեն նայել իր զավակներին։

- Նա չի ուզում թիթեռը իր ծաղկի վրա դնել, - ասաց փոքրից մեծ քույրը։

- Նա կսպանի թիթեռին, - վրա տվեց երկուսից էլ մեծ քույրը։

- Այդ դեպքում, - վրա բերեց մայրը, նայելով փոքրի աչքերին, - մենք միասին կտանենք ու իր գույնի ծաղկի վրա կդնենք։

Նրանք երեքով ուշադիր նայեցին փոքրիկին։ Բայց նա մնաց անդրդվելի։

Ոչ մայրը և ոչ էլ քույրերը չկարողացան նրան համոզել։ Հետո մայրը մյուս երկու քույրերի հետ կամացուկ սկսեց ինչ-որ բանի մասին խոսել։ Փոքրը ուշադիր նայում էր, թե ինչպես են նրանք իրար հետ, իրենից թաքուն խոսում։

Մայրը երկու աղջիկների հետ դուրս եկան այգուց՝ փոքրին մենակ թողնելով։ Երբ մնաց մենակ, նա իր այն ձեռքը, որի մեջ պահել էր թիթեռին, կամաց բացեց ու ուշադիր սկսեց զննել։ Թիթեռը կենդանության ոչ մի նշան ցույց չտվեց։ Մյուս ձեռքի ցուցամատով դիպավ թիթեռին, բայց նա անշարժ էր։ Աղջկա ներքևի շրթունքը ծռվեց ու կախվեց վախից, չգիտեր ինչ անել, շրջվեց, նայեց այն կողմը, որտեղից նրան բռնել էր։ Գնաց ծաղկի կողմը, պպզեց ու նայեց  ծաղկի վրա ու տեսավ, որ այն տրորված ու իր պոչից պոկված, մի կողմի վրա ընկած էր։ Կտրուկ կանգնեց ու մի այնպիսի զարհուրանքով նայեց շուրջը, ինչպես աշխարհում դեռ ոչ ոք չէր նայել իր շուրջը։

Նորից պպզեց ծաղկի մոտ ու թիթեռին շատ զգուշ դրեց պոկված ծաղկի վրա, սպասելով, որ թիթեռը հիմա ուր որ է կբացի իր թևերը, բայց թիթեռը կենդանության ոչ մի նշան ցույց չտվեց։ Նա այդպես պպզած, իր երկու փոքրիկ ձեռքերը ծնկներին դրած՝ միառժամանակ մնաց այդ դիրքում։ Նրա հույսը ծաղիկն էր, որ կկենդանացներ թիթեռին։

- Մա՜ա՜, - հանկարծ ճչաց նա զարհուրած, - մա՜։ Նա մի այնպիսի աղիողորմ ձայնով ասաց մա՜, որ երբևէ աշխարհը լսած չկար։

Նա առաջին անգամ առերեսվեց գեղեցիկի ավերածությանն ու կենդանի էակի մահվանը, որ կարող էր և չլինել։

Առաջինը նրան հասավ հայրս, որ տուն էր եկել և ավելի մոտ էր գտնվում նրան։ Հայրս մոտ վազեց վախեցած, գրկեց նրան, ապա տուն բերեց։

- Բա, որ ասում էի՞նք, - ասաց իրենից մեծ քույրը՝ դեռ լացող քրոջը։

- Վերջ տվեք, - ասաց մայրս, հորս գրկից իր գիրկը առնելով փոքրիկին, - վե՛րջ տվեք։

Մայրս նրան տարավ մյուս սենյակ։

Մենք երկար սպասեցինք, մինչև նրանք հետ վերադարձան:

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ