«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

 

Մենք

հավատում 

ենք

մեզ:

«Թողե՛ք վերջապես հարյուրամյա հոբելյանների ակնածանքը...»

 

Երբ որոշել էինք հրապարակել Վահան Անանյան տաղանդավոր, խենթ, խորհրդավոր ու ողբերգական նկարչին ու մարդուն բնորոշող՝ ուկրաինացի հայտնի նկարիչ, էսսեիստ Մատվեյ Վայսբերգի «Կյանքի կանոններ» էսսեն՝ ի հիշատակ առեղծվածային Վահանի, որն այնքան խորն է խոսում անցողիկի ու հավերժականի, ապրող մարդու ու մեր կաղապարների, Վահանի ու նրա ժամանակի, անգամ՝ մեր ժամանակի մասին, համացանցում հրապարակվեց նաև Մատվեյ Վայսբերգի կարճ անդրադարձը՝ առաջին հայացքից Վահանի և նրա կյանքի ոդիսականի, իրականում՝ մարդու ու նրա կյանքի ժամանակի, մարդու ու նրա տագնապների, մարդու ու նրա հույզերի, ապրելու ու մեռնելու, ստեղծելու ու թողնելու, քարերը նետելու ու քարերը հավաքելու և շատ այլ խոհական խորքերի մասին պատմող Հարություն Խաչատրյանի՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմին:  

Մենք որոշեցինք թարգմանաբար ներկայացնել նաև Վայսբերգի անդրադարձը.

Եվ ուրեմն՝ ըստ հերթականության.  

«ԿՅԱՆՔԻ ԿԱՆՆՈՆԵՐ»

«Մի անգամ Վահանին հյուր կանչեցին։

Նա ինձ էլ իր հետ քարշ տվեց։

Իմ այն առարկությանը, թե, ախր, անհարմար է, այդ մարդիկ ինձ չեն ճանաչում, նա պատասխանեց, որ եթե ինքն ինչ-որ տեղ չի կարող ընկերոջ հետ գնալ, ապա էլ ո՜ր գրողի համար է պետք այնտեղ գնալը։

Ես այն դարձրեցի կյանքի կանոն։

Իհարկե՝ ոչ առանց բացառության։

1987 թվականին պատահեց այնպես, որ մենք Վահանի հետ դիմանկարներ նկարեցինք Մոսկվայի Նովի Արբատում։

Պատահական մի դիտորդ Վահանի աշխատանքները համեմատեց Մատիսի հետ։

-  Ո՞վ է Մատիսը,- բղավեց Վահանը,- ես ոչ մի Մատիս էլ չե՛մ ճանաչում։ Լա՜վ տղա էր Մատիսը։ Ես Կիլպ Վահանն եմ։ Դիակասերնե՛ր։ Նեկրոֆիլնե՛ր։ Սիրե՛ք կենդանի մարդկանց։ («Կիլպ»՝ էստոներենից թարգմանաբար նշանակում է Վահան. Խմբ.)

Ներքին բովանդակության տեսանկյունից նրա Ճառը նման էր Խլեբնիկովի մասին Մայակովսկու հոդվածին.

«…Ի վերջո ե՞րբ կավարտվի հետմահու բուժումների կատակերգությունը։ Որտե՞ղ էին գրողները, երբ կենդանի Խլեբնիկովը, քննադատությամբ թուքումրված, կենդանի քայլում էր Ռուսաստանով։ Ես գիտեմ կենդանի մարդկանց, որոնք գուցե Խլեբնիկովին հավասար չեն, բայց հավասար ավարտի են սպասում։ Թողե՛ք վերջապես հարյուրամյա հոբելյանների ակնածանքը, հետմահու հրատարակություններով պաշտամունքը։ Հոդվածները՝ կենդանի մարդկա՛նց։ Հացը՝ կենդանի մարդկա՛նց։ Թուղթը՝ կենդանի մարդկա՛նց։»

Բոլորին է վերաբերվում»։

Ուկրաինացի հայտնի նկարիչ, էսսեիստ Մատվեյ Վայսբերգի անդրադարձը Հարություն Խաչատրյանի ֆիլմին, որի առանցքում տաղանդավոր, խենթ, առեղծվածային ու ողբերգական մարդու՝ նկարիչ Վահան Անանյանի կյանքի նույնքան խենթ, առեղծվածային ու ողբերգական պատմությունն է, որը մնում է որպես կյանքն ու մարդկանց շաղկապող մի բացառիկ երևույթ:

«17 տարի առաջ Վահանը գնաց:

Նրա մահը և նրանից հետո տեղի ունեցածը նույնքան զարմանալի ու ողբերգական էին, որքան նրա կյանքը: Նրա փոթորկոտ հոգին իր հանգիստը գտավ Օդեսայում, որը Երևանի ու Տալլինի հետ նրա հարազատն էր դարձել:

Մեծ նկարչի աճյունը տրոհված է նրա այդ հարազատների միջև: Բառացիորեն: Բայց նրանցից և ոչ մեկը դեռևս չի ուզում մինչև վերջ ընդունել նրան որպես հարազատ որդու, որպես իր պատմության մասի, որպես իր գեղարվեստական մշակույթի նշաձողի:

Ճակատագիրն ինձ Վահանի հետ հանդիպեցրեց հեռավոր 1987-ին:

Մենք այն ժամանակ փողոցային նկարիչներ էինք, և փողոցը Վահանի համար ցուցասրահ էր, կյանքի թատրոն, աշխարհ, որտեղ նա բարձր, ինչպես վայել է մարդուն, որի համար, ինչպես և նրա շրջապատի համար, «հանճար» հասկացությունը աշխատանքային էր ու առօրեական և չէր թվում (չի թվում) չափազանցություն:

Այդպիսին և նա մնաց մինչև իր թաղումը 2006-ին:

Այդպիսին նրան, գրեթե 20 տարի գիտեի ես:

Այդպիսին նրան տեսել ու հասկացել էր և Հարություն Խաչատրյանը:

Վան Գոգի ու Գոգենի ժամանակներում չկային ֆիլմեր նկարիչների մասին: Նրանց կյանքի մասին մենք կիմանանք ժամանակակիցների այն կարճ կամ ոչ այնքան կարճ հուշերից, հենց նրանց՝ նկարիչների նամակները կարդալով, եթե բախտներս բերել է և այդ նամակները պահպանվել են:

Բնականաբար, ամենակարևոր հիշողությունը նկարչի մասին նրա ստեղծագործություններն են, բայց, համաձայնեք, ինչ մեծ երջանկություն կլիներ սերունդների համար, տեսնել կենդանի, իրական Վան Գոգին, և ոչ դերասանների, որոնք խաղում են նկարիչերին ու նույնիսկ վրձինը ձեռքում ճիշտ բռնել չեն կարողանում:

Երջանկություն է՝ տեսնել իրական, ճշմարիտ, չգունազարդված կյանքը, որը նվիրում է մեզ Հարություն խաչատրյանի՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը, որը ռեժիսորը նկարահանել է շուրջ քսան տարի:

Ֆիլմի սկզբում մենք տեսնում ենք 1988-ի տալլինյան շրջանի Վահանին՝ երիտասարդ, հանդուգն, սուր, ինչպես նրան առաջին անգամ և Իգոր Գլազիստևի ֆիլմի կադրերում տեսել է Հարությունը: Մենք տեսնում ենք Վահանի օդեսյան շրջանը՝ սարսափելի վատ որակի սիրողական նկարահանումներով, բայց դա ավելի շուտ ոչ թե թերությունն է, այլ արժանիքն այդ նկարահանման, որ այդ կադրերի միջոցով փոխանցում է ժամանակը:

Եվ ձայնը, նկարչի ձայնը…

Եվ նրա ինքնաշեն ֆլեյտայի մարդկային ձայնը՝ միահյուս Գալյանո վարպետի ալտի հնչյուններին, որով նվագում է անմոռանալի Սաշա Կնոպը…

Արդեն շատ հիվանդ Վահանի վերջին օրերը Երևանում, նրա խոսակցությունը հարազատների հետ, որն անհնար է նայել առանց արցունքների:

Եվ որպես վերջաբան, ոչ, որպես նրա կյանքի շարունակություն, նրա տալլինյան, կիևյան, և օդեսյան ընկերների պատմությունները: Եվ հուշարձան խաչքար 2-րդ օդեսյան գերեզմանատանը, տեղադրված նրա բարի հրեշտակի՝ Ալյոնա Ռիմկոյի կողմից՝ որն, անկասկած, նկարչի երեք գերեզմանների՝ այդ արտասովոր, վառ, ողբերգական պատմության մասնակիցներից ու հեղինակներից է, իր վրա վերցրած գործ, պատասխանատվություն, և այդ երեք գերեզմանների որոշման ծանրությունը՝ իրագործված Վահանի հանդեպ սիրով լցված նրան ճանաչող մարդկանցով երեք քաղաքներում, որոնք դեռևս չեն ուզում ընդունել նրան որպես իրենց որդու, որպես իրենց պատմության մասի, որպես իրենց գեղարվեստական մշակույթի նշաձողի:

Բայց դա անկասկած լինելու է:

 

«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ