Արայիկ Մանուկյան
Արայիկ Մանուկյան

 

«ՀԱՅԵՐ»-ի

հիմնադիր,

գլխավոր խմբագիր

 

Ժուռնալիստիկան

համարում է

սեփական 

«ստորագրության

պատվի»

մասնագիտություն:

 

Հավատացած է, որ 

«Հորինել 

պետք չէ՝ ոչ

երկիր, ոչ

պետություն,

ոչ էլ

կենսագրություն:

Պատասխանատվությունն

ըստ ապրված

կյանքի է

լինելու:

Ոչ թե ըստ

հորինվածի»:

 

Իսկ անքննելի

այս սահմանումը 

հեղինակել է իր

ամենաժուռնալիստ

ընկերը՝ Այդին

Մորիկյանը:

««Թրեյսիի վագրը»․ Վագրի հե՞տ, թե՝ առանց վագրի․․․ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԱՐՈՅԱՆԸ

  

Չգիտեմ՝ որքա՞ն կարելի է հիանալ, սքանչանալ, զմայլվել Նարինե Գրիգորյան տաղանդավորագույն մարդու մտքի թռիչքով, երևակայության սահմաններով, կամ՝ անսահմանությամբ, թատերական մտածողության հորիզոնների անեզրությամբ։

Ես չեմ նկարագրի, թե ինչպես է սկսվում Ուիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» ներկայացումը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։

Չեմ նկարագրի, որպեսզի յուրաքանչյուր մեկը, որը պետք է գնա դիտելու այդ ներկայացումը, ունենա իրավունքը վայելելու սկզբից՝ զարմանքի, հետո՝ հերթականությամբ՝ տարակուսանքի, անորոշության, անակնկալի, անսպասելիության, լարվածության, շնչարգելության, հիացումի այն աննկարագրելի պահերը, որոնք նրան պարգևում է բեմադրիչը՝ Նարինե Գրիգորյան անպատմելի երևույթը։

Նարինե Գրիգորյանն այն բեմադրիչն է, որը պետք է միշտ, միշտ, միշտ զարմացնի և զարմացնի ոչ թե ինքնանպատակայնությամբ, այլ երևույթների ընկալման խորքով, տարողունակությամբ, անչափելիությամբ։ Պետք է զարմացնի տաղանդով, բեմադրական լուծումներ գտնելու անթիվությամբ, թատրոն հասկացությունն անընդհատ ու անդադար այլ կերպ արժևորելու կարողությամբ, իր առջև ստեղծագործական անլուծելի թվացող մարտահրավերներ, անհաղթահարելի սահմաններ, արգելքներ դնելու և դրանք փառահեղորեն հաղթահարելու վարպետությամբ։

Ուիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» ստեղծագործությունն այն գործերից չէ, որը գտնված է հենց բեմադրական կյանքի համար։ Առաջին հայացքից այնտեղ թատրոն չկա, չկա թատերայնություն, չկա դրամատուրգիականություն, բայց հենց այդտեղ է ստեղծագործող բեմադրիչի տաղանդի արտահայտությունը, որը կարող է այնպիսի թատերայնություն, այնպիսի դրամատուրգիականություն, այնպիսի բեմադրական լուծումներ կերտել, որոնք կարող են լինել վերերևակայական։

Լարվածությունը, որը Նարինե Գրիգորյանը հաղորդում է հանդիսատեսին այն պահից, երբ նա ոտք է դնում թատրոն, երբ նա արդեն սկսված ներկայացման ընթացքում դեռ որոնում է իր տեղը դահլիճում, մնում է հանդիսատեսի հետ ողջ ներկայացման ընթացքում, որովհետև անակնկալներն անընդհատ են, անակնկալները չեն ավարտվում, հանդիսատեսն անընդահատ անակնկալների տիրույթում է, մասնակից է, ներկա է, թատրոնում է, բեմում է և․․․և ասելիքն ու ուղերձներն են այնպիսին, որ թե ներկայացման ընթացքում, թե դրա ավարտին, թե դրանից հետո օրեր շարունակ լարվածությունը մնում է, որովհետև այն արտաքին լարվածություն չէ, այն ներքին խմորում է, ներքին զրույց ինքդ քեզ հետ, քո ԵՍ-ի հետ, քո էության հետ և այդ խմորումն է բերում շնչարգելության։

Ներկայացումն ավարտվում է, բայց․․․ բայց թատրոնը  հանդիսատեսի ներսում չի ավարտվում, թատրոնը շարունակվում է, զգացողությունները շարունակում են հորդալ, ներկայացումը շարունակվում է դրսում, շարունակվում է երկար․․․ շարունակվում է շնչասպառությունը, որը պետք է հանգուցալուծում ունենա և այդ հանգուցալուծման արդյունքում պետք է, կամ կարող ես հաշտ լինես ինքդ քեզ հետ։

Շարունակվում է այլաբանությունն ու մոգականությունը, որը բեմում էր, որը գալիս է սարոյանական այլաբանական պատումից, բայց գալիս է նաև նարինեգրիգորյանական մեկնությունից։ Վագրը (որն իրականում սև հովազ էր) միշտ ընկալվել ու ընկալվում է որպես մարդկային կրքի, զգացմունքի, մարդկային ցասման ու հուզմունքի, ուժի ու վեհության այլաբանական դրսևորում։ Այն «սիրելի այլաբանություն» է, ինչպես դեռևս հեռավոր հիսունականներին գրում էր ամերիկյան The Kansas City Star-ը, «սիրելի այլաբանություն»՝ «․․․սարոյանական ոճի «մերկացված պարզությամբ», որտեղ յուրաքանչյուր նախադասություն ունի իր հստակ կշիռը․․․»։

Այո, «Թրեյսիի վագրը» «․․․սարոյանական ոճով» ու «մերկացված պարզությամբ» պատմություն է այն մեծ երևույթի մասին, որ կոչվում է սեր։ Ի վերջո, Սարոյանն ինքն է բանաձևում վագրին՝ «վագրը հենց ինքը՝ սերն է», բայց սերը սեռայինից, զգայականից, մարմնականից, ցանկականից, կրքից ու տարփանքից անդին մեկ այլ կիրք էլ է, կիրք, որում կա վեհություն, հաղթանակ, պարտություն, պայքար, նվաճում, անկում, վերելք, տվայտանք, մարդու երկվություն, մարդու ներքին զգացմունքային հոսքերի ու հույզերի կռիվ, խռովք, մարդու ԵՍ-ի ամենատարբեր մղումների հանրագումար։

Հենց այդպիսի սիրո միջով է Սարոյանը տանում Թրեյսիին ու նրա երևակայական, կամ՝ ոչ, վագրին Նյու Յորքի փողոցներով, Թրեյսիի կյանքով, նրա ապրումների, զգացողությունների հատույթներով։

Հենց այդպիսի սիրո վրա է կառուցված նաև Նարինե Գրիգորյանի բեմադրությունը, որը Նյու Յորքի փողոցներից դուրս է հորդում ու գալիս է երևանյան փողոցներ, երևանյան կյանք, լցվում հանդիսատեսի ներսը, մղում հանդիսատեսին՝ որոնելու իր վագրին, որոնելու իր կրքերը, իր հույզերը, իր հաղթանակներն ու պարտությունները, իր պայքարները, իր նվաճումներն ու անկումները, վերելքներն ու տվայտանքները, որոնելու իր երկվությունները, իր ներքին զգացմունքային հոսքերի կռիվները, իր խռովքները, իր ԵՍ-ի դրսևորումները և․․․ որոնելու իրեն։

Այն հարցերի հարցը, որ դրված է թե սարոյանական, թե նարինեգրիգորյանական մեկնությունների հիմքում՝ ճնշե՞լ սեփական ԵՍ-ը, հարմարվե՞լ, հաշտվե՞լ իրականության հետ, պարտության հետ, անկումի հետ, համակերպվե՞լ, թե՝ պայքարել, գնալ քո երազանքի հետևից, գնալ քո հաղթության ու խենթության հետևից, գնալ քո սիրո հետևից, և հաղթահարել զգացմունքների այն հսկայածավալ ամբողջությունը, որն ունի սերն երևույթն իր ներսում, ներկայացման լուծումների ճանապարհն է, որը բացառիկ ազնվությամբ իրենցով հարթում են Համազգայինի տաղանդավոր արտիստները։

Մարդն իր ողջ էությամբ, իր ողջ նյարդային կծիկով, իր ողջ նյարդային համակարգով Նարինե Գրիգորյանի ստեղծած և Նարեկ Բաղդասարյանի կերտած Թրեյսիի ներսում է։

Մարդ, որը երբեմն գազանային է, երբեն՝ անսահմանորեն փխրուն, մարդը, որը հաղթող է երբեմն ու երբեմն պարտված, որն ազատ է երբեմն ու երբեմն անազատ, որը երբեմն կախված է հանգամանքներից ու երբեմն ոչնչից կախված չէ, որն ունի վախեր երբեմն ու երբեմն չունի ոչ մի նախապաշարմունք, որն ամեն վայրկյան հաղթում է ինքն իրեն ու ինքն իրեն պարտվում, որը սպանում է իր ԵՍ-ն ու ապրեցնում այն։   

Հեռավոր հիսունականներին, երբ Սարոյանը ծնում էր իր Թրեյսիին, ամերիկյան պետությունն ու հասարակությունը պատերազմների հորձանուտում էին, սառը պատերազմի անտեսանելի բախումներում, տարատեսակ վախեր ու երկյուղներ ունին, անորոշություններ ու անհանգստություններ, պարադոքսալորեն նաև որոշակի կոնֆորմիզմի, հարմարվողականության մեջ էին, և Սարոյանի Թրեյսին ընկալվեց որպես «ազատ անհատի հռչակագիր»։ Ազատ անհատ, որը հրաժարվում է ճնշել իր «ներքին վագրը»։

Արդյո՞ք մենք այսօր չունենք այն խնդիրները, որ ուներ Թրեյսին։

Արդյո՞ք մեր հասարակությունը, անհատը, պետությունը, որը մասամբ բեռնված է անցյալի կաղապարներով ու սահմանումներով, վախերով ու երկյուղներով, որը նաև նոր կաղապարներ ու նոր սահմանումներ ունի, նոր վախեր ու երկյուղներ, որն ունի անորոշությունների իր չափաբաժինը, և որը նույնպես պարադոքսալորեն որոշակի կոնֆորմիզմում է, հարմարվողականության մեջ, իր ներսում չպետք է կռիվ տա իր ԵՍ-ի, իր ինքնության, իր արժեզրկված արժեքների ու նոր արժեքների ձայների հետ, իր սիրո հետ՝ սեռայինից անդին և չունի իր ներսի վագրին ճնշել-չճնշելու պարադոքսը լուծելու հրամայական։

Նարինե Գրիգորյանն այն բեմադրիչ չէ, որի ներկայացումը կարող է չունենալ ուղերձներ․ խորքային, խոհական, մտածողական ուղերձներ։

Ֆանտաստիկ դերասան է Նարեկ Բաղդասարյանը։

Ի՜նչ ահռելի ծանրություն է դրված Նարեկ Բաղդասարյանի ուսերին, ի՜նչ ահռելի աշխատանք է անում Նարեկ Բաղդասարյանը Թրեյսիի կերպափոխումներում, ի՜նչ լարվածությամբ է տանում Թրեյսիի խաչը, զգացմունքայնության ի՜նչ դաշտեր է հերկում մի ներկայացման ընթացքում, բևեռացման ի՜նչ շերտեր է ցուցադրում։

Բևեռացման ու զգացմունքայնության վարպետության դաս է տալիս նաև երիտասարդ արտիստուհի Միլենա Ղազարյանը։ Նա անսանձ է, անզուսպ, անկաշկանդ, նա հրապուրիչ է, նա զմայլեցուցիչ կին է, երբ «արթնանում» է նրա ներսի վագրը, երբ նրա ներսի վագրն է իրադրության տերը, իրավիճակի տերը, երբ սերն առկա է իր բոլոր-բոլոր հույզերով, և նա նվաղած է ու թույլ, նա տկար է ու մեղկ, երբ վագրը մեռած է։

Իսկ սա գուցե «ազատ անհատի հռչակագրի» կնոջ բաժինն է, որը Նարինե Գրիգորյանը կերտել է բացառիկ նրբությամբ։ Կերտել է ոչ միայն որպես բեմադրիչ, այլև որպես արտիստ, որը ներկայացման մեջ իրեն վերապահել է կնոջ մի դեր, որի ընդգծումն իր էսթետիզմով, հումորայնությամբ, պարադոքսայնությամբ բացահյտում է կնոջ զգացմունքային տարածքների շատ խորքային շերտեր։

Նարինե Գրիգորյանի այս բեմադրության առանձնահատկություններից է գուցե նաև այն, որ բոլորը՝ թե Տաթև Ղազարյանը, թե Սերգեյ Թովմասյանը, թե մյուսները, թե՝ հենց ինքը, Նարինե Գրիգորյանը երևակվում են բոլորովին այլ կողմերով, այլ խառնվածքային շեշտադրումներով, իսկ ամեն-ամեն ինչ, ինչ կատարվում է բեմում, բացառիկ էսթետիկ հյուսվածքներ ունի՝ շնորհիվ նաև Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի բեմի ձևավորման, Նարեկ Բաղդասարյանի երաժշտական ձևավորման և Թամարա Բարոյանի զգեստների և միջավայրի, որի անունն է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։

Գնա՞լ գտնելու քո ներսի վագրին, գնա՞լ չհարմարվելու, չենթարկվելու, չհամակերպվելու, չհաշտվելու ճանապարհով, ունենալ սեր, հայրենիք, երկիր, հաղթանակ, պետություն, վերելքներ, հասարակություն, նվաճում, անձնական կյանք, տնօրինելու կամք, սեփական ճանապարհն ու ուղին կերտելու վճռականություն, հիացում և այդ հիացումով ապրելու երջանկություն, թե՝ ճնշել քո ներսի վագրին և լինել առանց ուժի, առանց վեհության, անազատ ու անսեր։

Գնացեք, որոշեք ինքներդ ձեզ համար։

«Մարդու անունը, իհարկե, դեռ ամբողջ մարդը չէ․․․»։  

Արայիկ Մանուկյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

ԶՐՈՒՅՑ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90

hrantmatevossian.org

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 90