Վարդգես Դավթյան
Վարդգես Դավթյան

 

Ծնվել և 40 տարի

ապրել է Երևանում:

 

Մասնագիտու-

թյամբ հոգեբույժ է:

 

Գրել է

առաջին

անգամ

հայոց լեզվով

«Հոգեբուժություն»

դասագիրքը:

 

2000-ին

տեղափոխվել է

ԱՄՆ՝

շարունակելու

իր գիտական,

հետազոտական

և գրական

գործունեությունը:

 

 

«Թռիչք իժերի բնի վրայով. քաղաքականությունը և հոգեբուժությունը». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ

 

Ֆրանսիական մեծ հեղափոխության հռչակած ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներով խանդավառված, հոգեբույժ-հումանիստ Ֆիլիպ Պինելը (1745-1826) առաջինը Եվրոպայում շղթաներից ազատեց Սալպետրիեր ապաստարանում պահվող հոգեկան հիվանդներին, նրանց նկատմամբ սահմանելով բժշկական խնամք և հսկողություն:

Այդ շրջանից է թվագրվում Եվրոպական գիտական հոգեբուժության առաջընթացը:

Պինելի հետևորդները և աշակերտները հռչակեցին, որ հասարակության քաղաքակրթվածության աստիճանը որոշվում է հոգեկան հվանդների հանդեպ հանրության ունեցած վերաբերմունքով (Ю. Каннабих, История психиатрии, М., 1994, էջ 149-182):

Ողջ 19-րդ հարյուրամյակն ընթացավ այս ռոմանտիկ, լավատեսական նշանաբանով:

20-րդ դարասկզբից իշխանավորներն ու քաղաքագետները հասկացան, որ հոգեբուժությունը կարելի է հզոր զենք դարձնել քաղաքական պայքարի մեջ, պետական քարոզչության ասպարեզում, նույնիսկ՝  միջպետական հարաբերություններում, իսկ հոգեբույժներին վերապահել «քաղաքական սպասավորի»  դերակատարություն:

Նույնիսկ ականավոր մասնագետներից քչերը կարողացան խուսափել այդ պարտադրանքից: Շատերն էլ կյանքով հատուցեցին, հայտնվելով քաղաքական սարդոստայնի մեջ, իրենց շիտակության և անզգուշության պատճառով:

1927 թվական, դեկտեմբերի 23, Մոսկվա, նյարդաբանների և հոգեբույժների համամիութենական կոնգրես, պատվավոր նախագահ՝ ակադեմիկոս Վլադիմիր Բեխտերև:

Իր գիտական ելույթից հետո նրան խնդրում են զննել և խորհուրդներ տալ մի բարձրաստիճան «կուսակցական ընկերոջը», որը գտնվում է Կրեմլում: Երեք ժամից վերադառնալով կոնգրես, երբ հարցնում են՝ «ո՞վ էր, ինչո՞ւ ուշացար», Բեխտերևը պատասխանում է անփութորեն. «Մեկը կար. ցամաքած թևով մի պարանոյիկ»:

Հաջորդ օրը Բեխտերևը հանկարծամահ է լինում սուր թունավորումից: Իսկ մարմինը շտապ դիակիզում են, հետքերը վերացնելու համար: Նա համարվում է ստալինյան առաջին խոշոր զոհերից մեկը ( Shereshevsky A.M., " The Mystery of the Death of V.M. Bekhterev ". The Bekhterev Review of Psychiatry and Medical Psychology. Washington,D.C.: American Psychiatric Press, Inc., 84, 1992):

Գրեթե նույն ժամանակ Վայմարյան Գերմանիայում ակտիվանում են դարչնագույն համազգեստով մարդկանց քաղաքական միտինգները, շքերթները՝ իրենց արտիստիկ-աղմկոտ առաջնորդներով: Նացիզմի հակառակորդները հայտարարում են, թե նրանց առաջնորդ Ադոլֆ Հիտլերը սովորական խելագար է:

Եվ ահա, նացիստները, ցանկանալով հանրության աչքում փարատել նման որակումները, համաձայնվում են իրենց առաջնորդին ենթարկել հոգեբուժական փորձաքննության: Դոկտոր Արթուր Կրոնֆելդը (1886-1941), որը հայտնի մասնագետ էր, քննելով նացիոնալ-սոցիալիստների լիդերին, եզրակացնում է, որ նրա մոտ առկա է «գրգռվող շրջանի փսիխոպաթիա» (այսինքն, բնավորության հիվանդագին անհամաչափություն):

Երբ Հիտլերը իշխանության է գալիս, Կրոնֆելդը ստիպված է լինում փախչել Գերմանիայից և ապաստանել Սովետ Միությունում:

Այստեղ, Էնկավեդեն նրան ստիպում է գիրք գրել նացիստական պարագլուխների հոգեբանական կերպարի մասին: Լույս է տեսնում նրա բրոշյուրը՝ «Դեգեներատները իշխանության ղեկին» վերնագրով ( սկզբում՝ ընդամենը 50, ապա 200.000 տպաքանակով) (Артур Кронфельд, Дегенераты у власти):

Սա շատ ուշագրավ ուսումնասիրություն է կլինիկական հոգեբանության տեսակետից, սակայն մատուցված է թունդ քաղաքական սոուսով, որն իմ կարծիքով, թուլացնում է գործը: Ինչո՞ւ է թուլացնում, որովհետև դոկտոր Կրոնֆելդը հնարավորություն չի ունեցել ցույց տալու, որ 3-րդ ռայխի ջոջերի «հոգեկան պաթոլոգիան»  հար և նման է այն նույն երկրի կառավարիչների «հոգեկան պաթոլոգիային», որը նրան քաղաքական ապաստան էր տվել, որ տարբերություն չկա Հիմլերի և Եժովի, Գեբելսի և Յագոդայի «հոգեախտաբանության», ինչպես նաև՝ հիտլերյան ճամբարների և ստալինյան գուլագների միջև:

Որ «սույն դեգեներատներին» ծնում է ամբողջատիրական հասարակարգը:

Ահա այսպես, «քաղաքականության աղախինը» դառնալով, դժբախտ բժիշկը հուսահատ ինքնասպան է լինում 1941-ի աշնանը, երբ գերմանացիները մոտեցել էին Մոսկվայի մատույցներին:

Այս տեսակ օրինակները բազմաթիվ են:

Նույնիսկ ուլտրադեմոկրատական Բրիտանիայում հոգեբուժական եզրակացությունների առթիվ եղել են թյուրըմռնումներ և նույնիսկ հանդիմանություններ:

Երբ առանձին հոգեբույժներ Չերչիլի տրամադրության փոփոխությունները համարեցին հիվանդագին, նույնիսկ ախտորոշեցին մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, նրա ազգականները դատ ու դիվան բացեցին այդ մասնագետների դեմ:

Ուրիշ հոգեբույժներ էլ արդարացի հարց բարձրացրին. ուրեմն, Չեմբեռլենը, որը հիացած էր Հիտլերով, հոգեպես առո՞ղջ Էր, իսկ Չերչիլը, որ իրատես էր, առանց պատրանքների՝ հիվա՞նդ (Nassir Ghaemi, A First-Rate Madness, New York, 2012, էջ. 66):

Կարճ ասած, հոգեբույժները և կլինիկական հոգեբանները պետք է ծայրահեղ զգուշություն և ողջախոհություն հանդես բերեն, երբ հարց է բարձրանում հանրային կամ քաղաքական գործչի հոգեկան առողջության վերաբերյալ:

Առաջին հերթին, պիտի ձեռնպահ մնան այսօրինակ հարցերի վերաբերյալ հանրային, առավել ևս, դեղին մամուլին սազական քննարկումներից: Ցանկացած լիդեր հենց այնպես չի հայտնվում իշխանության ղեկին, կամ հանրության ուշադրության կենտրոնում: Այստեղ շատ ավելի կարևոր և օգտակար է հասարակության հոգեվիճակի և տրամադրությունների քննությունը:

Այս մասին՝ հաջորդ անգամ:

(Շարունակելի):

 

Վարդգես Դավթյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ