«Ծիրանի ծառը». ԹԵՄԻԿ ԽԱԼԱՓՅԱՆ
Մեր ընդարձակ բակում երկու տուն կար, մեկը պապիկիս տունն էր, որտեղ ապրում էր նաև հորեղբայրս իր ընտանիքի հետ, մյուսը՝ մերը, այնքան մոտիկ, որ ձեռքդ մեկնեիր, կհասներ տան անկյունաքարին։
Զարմիկս՝ հորեղբորս ավագ որդին, չորս տարով ինձնից մեծ էր, շեկ մազերով, խոպոպիկները ճակատից կախ, բարեկիրթ դեմքով։ Եվ այդ բարեկրթությունը շինծու չէր։ Նա երբեմն գլուխը ցնցում էր, մի կողմի վրա իր ճակատին կախված խոպոպիկները ետ նետում, որոնք քիչ անց նորից լցվում էին ճակատին, ու նա ստիպված նորից մի ճարպիկ շարժումով ետ էր շպրտում, և այդպես շարունակ, ու կարծես դա իրեն հաճույք էր պատճառում։
Ես նախանձում էի իրեն, քանի որ գանգուր մազերս խրձի պես կպած էին գլխիս, ուժեղ քամին էլ անգամ ի զորու չէր դրանք շարժելու, և օրվա մեջ քամու բերած օդում պտտվող զանազան բուսական մնացորդները մագնիսի պես քաշում էր իր մեջ։ Դա մեծ առիթ էր ինձնից մեծ քրոջս համար, որ մութը դեռ չընկած՝ կստուգեր ու բան է թե մի ծղոտի փոքր կտոր անգամ հայտնաբերեր մազերիս արանքում, գլուխս կառներ թևի տակ, կբռներ ու սրտի ուզածի չափ աջուձախ կքաշքշեր քիթս, որը վաղուց էր սկսել կորցնել իր նախնական ձևը, ապա կտաներ գլուխս լվանալու։
Սովորաբար միշտ այդպես էր լինում Մարիամ տատիկիս խրատականը, երբ իմ ու զարմիկիս մեջ ինչ-որ վեճ էր առաջանում խաղալիս։ Տատիկս որտեղից որտեղ կհայտնվեր իր անբաժան հոնի ճիպոտը ձեռքին ու կբղավեր մեզ վրա՝ թե մեզանից ոչ մեկս մարդ չի դառնա։ Հետո սկսում էր իր խրատականը, որ մենք մի դռան առաջ կապած շների պես չենք պահում մեզ, ապա շարունակում հեքիաթի պես, որը կարող էր լինել անհաշտ եղբայրների մասին կամ նման մի բանի։
- Դե, դե, ձեր վեճը չափավորեք, - ասում էր տատս ու ձեռքի ճիպոտը օդում ճոճում։ - Ձեզ կարգին, մարդավարի՛ պահեք։
Մենք քիչ հեռու էինք վազում ծիծաղելով, իբր վախեցանք, ու սկսում մեզ կարգին պահել։
Սակայն այդ ամենը ոնց որ քամուն ասած խոսք, քամին վերցնում ու տանում լցնում էր Ղոբին ձորը, հետ գալիս մեր բակ, պտտվում այնքան ժամանակ, մինչև տատիկիս հերթական խրատները բակով մեկ կլսվեին։
Իսկ հորական կողմի Ամիրջան պապս Հոկտեմբերյան հեղափոխությունից, ապա Համաշխարհային պատերազմից զայրացած և այդ ամենից արտակարգ տխուր աչքերը տարիների հուշերով լցված՝ խոր ծերությունն էր ապրում։
Ժամանակին աչքերը փակ կարողանում էր ասեղը թելել, հիմա տեսողությունը բավական կորցրել էր և մի բանով օգտակար լինելու համար առավոտ շուտ իր աթոռը կվերցներ ու նոր-նոր հասունացող բերքի ծառի տակ կնստեր, որ ոչ մի երեխա չհամարձակվեր կիսախակ թթի անգամ մի հատիկ թռցներ ճյուղերից։ Նա մի բանում էր խիստ համոզված, որ չհասունացած միրգը շատ վնասակար է երեխաների համար։
- Ով խակ միրգը ուտի՝ փորացավով կհիվանդանա, - ձեռքը տանելով իր թավ բեղերին, աջուձախ սղալելով ասում էր մեզ ու ձեռնափայտով երեխաներին ծառից հեռու գնալու շարժում անում։ - Հեռու գնացե՛ք։
Պապս մեր դատարկաբանությունները խակ մրգի օգտակարության մասին լսել անգամ չէր ուզում։ Միգուցե նա դեմ չէր իմանալ այն, ինչը դեռ չգիտեր, բայց ո՛չ ավելին, և չէր հանդուրժում մեր արդարացումները։ Նա խայտառակ միտք էր անվանում մեր բերած փաստարկները, ամոթալի համարում հատկապես մեր գերդաստանում ծնվածի համար, որ անխելք ենք մեծանում։ Նա նաև ամոթալի էր անվանում այն մտքերը, որ ձեռք էինք բերում միայն դասագրքերից։
- Հա՜, - ծորաց պապս, - ասում եք դասագրքերից եք քաղել, որ խակ միրգը օգտակար է, հա՞։ Ես ինչ ասում եմ, դա իմ ապրած կյանքի փորձով եմ հասկացել, եղա՞վ, բայց չեմ ասում, որ գրքեր մի կրծեք։ Եթե ձեր գրքերից որևէ մեկում գրած լինի, որ խակ միրգը երեխաների համար օգտակար է, կբերեք աչքս կկոխեք։ Հիմի հեռու գնացե՛ք։
Երբ մի անգամ էլ պապս մեր հերթական գրոհը կասեցրեց, տատս մեջտեղ ընկավ։
- Թո՛ղ, թող ուտեն ու փորացավ ընկնեն, եղածը դամբուլ չի՞։
- Տեր աստված, մի էս փիլիսոփա կնկանը նայեք, - տնքաց պապս, - որ քիթը տնից իսկի դուրս չի հանել կյանքում, եկել ամբողջ եվրոպան ոտքի տակ տված մարդուն խելք է սովորեցնում, թո՜ւ։
- Եվրոպա, հա՛ Եվրոպա, - տաքացավ տատս, - ով գիտի էդ անտեր ո՞ր երկրում ես առանց հասկանալու ծառից մի բան կերել, փորացավ ընկել…
Տատս խոսքը էլ չշարունակեց, շրջվեց ու գնաց։
- Հա՜, - ծորաց պապս՝ կնոջ հետևից նայելով։ Իսկ դուք գնացե՛ք, մի հատիկ անգամ թույլ չեմ տա խակ պտուղը ծառից պոկեք։ Գնացեք զբաղվեք ինչով որ ձեր խելքները փչի։
Պապիս շատ էր դուր գալիս, երբ տեսնում էր՝ թոռներից մեկնումեկը մի քարի նստած գիրք է կարդում։ Եթե թոռներից ամենափոքրը դպրոց հաճախելուց առաջ իր սովորած ոտանավորը բարձրաձայն արտասաներ ինքն իրեն ստուգելու համար, պապս գլուխը կշրջեր թոռան կողմը, բեղի տակ ժպտալով, զարմացած կլսեր, թե ինչպես է այդ փոքրիկը այդքան լուրջ արտասանում սովորած ոտանավորը։
Պապս իր տիեզերական գոռոզության բարձունքից՝ տանել չէր կարողանում, երբ դպրոցական թոռներից մեկը ցածր գնահատական էր ստացած լինում որևէ առարկայից։ Նման դեպքերում կկանչեր նրան իր մոտ, կկանգնեցներ իր դեմ, ձեռքը կդներ երեխայի գլխին, ուշադիր կնայեր աչքերի մեջ ու կասեր.
- Հարամ լինի էն հացը, որ կերել ես։ Գնա, աչքիս չերևա՛ս։
Արդեն ծիրանները հասունանում էին գողանալու համար։ Երբ գալիս էր հասունանալու ժամանակը, ցոգոլները տեսնելուն պես՝ մենք բոլորովին ձեռից գնում էինք, ու պապիկին էլ բանի տեղ չէինք ուզում դրած լինել։ Մենք երկուսով սկսում էինք կասկածի տակ առնել պապիկի կյանքի փորձով հաստատված՝ փորացավից խուսափելու օգտակար խորհուրդները։
Էլ չեմ ասում, երբ ծիրանը իսկապես հասունանում էր։ Այստեղ արդեն մենք երեխաներով խելքներս կորցնում էինք։ Ծիրանը մեզ համար այն ամենն էր, ինչ մնացած ամեն ինչը չէր։
Մեր կողմի չափարի մոտ կանգնած՝ պարապությունից դեպի մեր կողմը թեքված, բերքի տակ ճկռած ճղան վրա դեղինին տվող հասունացող ծիրաններն էի հաշվում։ Պապս փառավոր, անշարժ նստած էր ծառի տակ։ Ո՞վ կհամարձակվեր ծառին մոտ գնար, էլ չեմ ասում բարձրանար վեր։
- Եթե ուզում ես փորացավ ընկնես, պոկի կեր խակոտ ծիրանը, - անսպասելի կողքիս հայտնված ասաց զարմիկս խորամանկ ժպտալով։
- Մի քանի հատիկից փորացավ չեն ընկնում, - ասացի՝ փորձելով ինքս ինձ համոզել, բա՜յց։
- Վերևի ճղներին ավելի հասածները կան, դրանից հաստատ փորացավ չենք ընկնի, - ասաց զարմիկս վերևի ճղներին աչք ածելով։
Վախից կարծես բթացել էինք ու չգիտեինք մեր անելիքը. բարձրանալ վերևի ճղներից ուտել, թե՞ ցածր ճյուղերի կիսախակերից ուտել ու փորացավ ընկնել։
- Ուրեմն, պապիկի թիկունքի կողմից բարձրանում ենք ծառը, թե որ պապը գլխի ընկավ, ծլկում ենք, հասկացա՞ր, - ասաց զարմիկս։
Մենք կանգնել էինք կողք կողքի ու նայում էինք բարձր ճղներին, որ բացեիբաց կարծես վանում էին իրենցից, չէին հրապուրում մեզ, բայց մենք միևնույն է բարձրանալու էինք, որոշումը լուռ ընդունված էր։
Զարմիկս առանց աղմուկի ցատկեց չափարի մյուս կողմը, նույնը նույնությամբ արեցի ես։ Թիկունքից մենք աննկատ մոտեցանք ծառաբնին։ Պապը ննջում էր, թե ուշքը տան կողմի վրա էր, որտեղից սովորաբար մի սուտ պատճառաբանությամբ երեխաներից մեկնումեկը փորձում էր հնարավորինս մոտ գնալ ծառին։
Հերթով բարձրացանք ծառաբնին, ապա շատ զգուշությամբ մագլցեցինք վեր, որտեղից դժվար էր մեզ նկատելը։ Ինձ թվաց, թե դեռ երբեք որևէ երեխա այդպես աննկատ ծառ բարձրացած չկար, ինչպես մենք։ Երբ հիմնովին տեղավորվել էինք վերևի ճղներին, սկսեցինք քիչ թե շատ հասունացած ծիրանները պոկել ու ուտել։ Բավական ուտելուց հետո էլ իմ մեջ որևէ փոփոխություն չէի զգում։ Կորիզները հավաքում էինք մեր բռի մեջ, ցած չէինք գցում, որ հանկարծ պապիս ուշադրությունը չգրավի։
Բուռս արդեն կորիզներով լցվել էր, ու չգիտեի ինչ անել, բայց գայթակղությունս մեծ էր՝ վեր ձգվել հասնել ավելի հասածներին։ Երբ առավելագույնս ձգվեցի, ձեռքս ամենահասած ծիրանին մեկնած, հենման ճյուղը բարակ էր, թե ինչ, ճկվեց ներքև, հավասարակշռությունս կորցրի և, որպեսզի ցած չընկնեմ ծառի կատարից, ափիս մեջ հավաքած կորիզները ցած թափեցի ու կառչեցի ավելի հաստ մի ճյուղից։ Կորիզները կարկտի պես, մեծ աղմուկով ցած թափվեցին։
- Ո՞վ կա ծառին, - ներքևից որոտաց պապս։
Մենք, ինչպես նախօրոք որոշել էինք, սուսուփուս անցանք դեպի մեր տնամերձի կողմը թեքված ճյուղը և սկսեցինք զգույշ ցած իջնել ու ծլկել՝ պապի ձեռքը չընկնելու համար։
Եվ հենց այստեղ էր, որ կատարվեց այն, ինչը չպիտի կատարվեր։ Ճյուղը, որ առանց այն էլ բերքի տակ կքել էր համարյա մինչև գետին, չդիմացավ մեր ծանրությանը, ճռռոցով բնից պոկվեց, ու մենք շրմփոցով ընկանք գետնին։ Ծառը Համարյա կիսվել էր։
Մի կերպ մեզ վրա թափված ճղների արանքից դուրս պրծանք ու վազեցին դեպի մեր տան կողմը՝ ճանապարհին ահաբեկելով տնամերձում քջուջ անող տան բոլոր թռչուններին, որոնք մեծ աղմուկով արձագանքեցին մեր փախուստին, անգամ մեր տան եղնիկը մեզ անտառից եկած երկու գայլի տեղ դրեց, երկու ձագուկներին պաշտպանելու դիրք բռնեց։
Մենք հարևանի չափարը ոտատակ տալով վազեցինք դեպի հանդի կողմը։ Հետ նայեցինք, ոչ ոքի չտեսանք մեզ հետապնդող։ Մարդաբոյին հասնող արտի միջով կտրեցինք հասանք Զալունց ձորը, մտածելով, թե ինչքան հեռու տնից, այնքան ապահով։ Ձորի հարթ մասում երկու էշ, որ իրարից քիչ հեռու արածում էին, խոսքները մեկ արած գլուխները վեր բարձրացրին, տխուր հայացքով նայեցին մեր կողմը, երևի կարծելով, թե իրենց լծելու տանելու համար ենք եկել։ Մենք էլ իրենց նայեցինք, էլի շատ տխուր հայացքներով։
- Ինչ ես կարծում, ի՞նչ կլինի, - ասացի ես։
- Վախենում ե՞ս, - ասաց զարմիկս։
- Մի քիչ, - ասացի ես։
- Չէ, լուրջ։
- Դե, քի՛չ խոսիր։
- Իսկ ես չգիտեմ՝ վախենում եմ, թե չէ, - ասաց զարմիկս։
Ես չգիտեի թե ինչ մտածեմ եղած ամբողջի մասին։
- Եկ արածներս մոռանալու տանք։ Դու էս մեկին հեծնի, մյուսին՝ ես, մի քիչ էլ էշին նստած մտածենք, - ասաց զարմիկս ու թռավ նստեց էշերից մեկի մեջքին։ Սկզբից հանգիստ, ապա ստիպեցինք վարգով վազել։ Լավ էշեր դուրս եկան, վարգով դեսուդեն քշեցինք, մրցեցինք, ծիծաղեցինք, կարծես վախը մի քիչ թուլացավ մեր մեջ, մի պահ մոռացանք մեր արածի մասին, ապա ցած թռանք էշերից։
- Էս անգամ մեր բանը բուրդ է, - ասացի, - երևի մեզ են փնտրում հիմի, որ մի լավ կերցնեն։
Բայց երկուսս էլ գիտեինք, որ ուշ թե շուտ, ուզած-չուզած տուն պիտի գնայինք։
- Գնանք տուն, ինչ կլինի՝ թող լինի, - ասաց զարմիկս, - գնացինք։ Հո հանդում չենք գիշերելու։ Մենք բռնեցինք տան ճանապարհը, արտը տրորելով լուռ անցանք, թռանք հարևանի չափարի վրայով, անցանք հարևանի այգու միջով, ապա նորից չափարի վրայով թռանք դուրս եկանք ճանապարհի վրա, շրջանցեցինք մեր այգիները, հնարավորինս դանդաղեցրինք մեր քայլերը, ձգտելով ինչքան հնարավոր է ուշ մտնել բակ։ Փորձեցինք հասկանալ, թե ինչ տրամադրություն է տիրում բակում։
Բակում երեխաներից ոչ ոք չկար, լռություն էր, և այդ անսովոր լռությունը մեզ վրա վախի ազդեցություն թողեց։
Երբ սրտապնդվեցինք և մտանք ընդարձակ բակը, պապը նստած էր թթան ծառի տակ, ձմեռվա վառելիքի համար բերած հաստ գերանի վրա, ձեռքերը դարսած ձեռնափայտին։ Առաջինը մեզ ընդառաջ եկավ տատս՝ իր անբաժան հոնի ճիպոտը ձեռքին։
Ես մտածեցի՝ այ, հիմի տատը մեր քամակները կդաղի։
Մենք լուռ, գլխահակ կանգնեցինք։ Տատը մոտեցավ, ձեռքերը հերթով խրեց մեր մազերի մեջ ու հարցրեց.
- Հիմի ճիշտն ասացեք ինձ, հո փորացավ չե՞ք կպել, որ տուն չէիք գալիս։
Մենք բացասաբար տարուբերեցինք մեր գլուխները։
Զարմանալի բան պատահեց. պապս ոչինչ չասաց, թեպետ ուշադիր լսեց՝ ինչի մասին տատը հարցրեց, և ինչ պատասխան ստացավ։
Թեմիկ Խալափյան