Թեմիկ Խալափյան
Թեմիկ Խալափյան

 


 

Ծննդյանս օրն իսկի պետքս էլ չի

 

Իմ սիրած եղանակն ամառն է: Չգիտեմ՝ նրանից է, որ ես հենց ամառվա ամսին եմ ծնվել, թե՞  նրանից, որ ես շատ եմ սիրում տաքը։ Չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե տխրեմ, որ ծննդյանս օրը մոտենում է։ Փոքրուց էլ չեմ իմացել կամ բանի տեղ չեմ դրել և ծննդյան տարեդարձի իմաստն էլ չեմ կարևորել։ Այժմ էլ նույնը։

Փոքր տարիքում մի քիչ այլ էր։ Գարնանից դիտում էի, թե ինչպես են բողբոջում, ծաղկում ու պտղակալում իմ ձեռքով տնկածս ծառերը։ Եվ երբ ժամանակը եկավ, առաջին անգամ, ես իմ տնկած ծառերից՝ խնձորենուց, սալորենուց, դեղձենուց, ծիրանենուց պտուղ քաղեցի, ծոցս լցրի ու վազեցի տուն՝ մորս ցույց տալու։

Դա իսկական ծննդյան տոն էր ինձ համար։ Ճիշտ է, որ ես չգիտեի, թե ինչի համար եմ այսքան շատ ուրախ. նրա համար, որ իմ ծննդյան օ՞րն է, թե՞ որ առաջին անգամ իմ ձեռքով տնկածս ծառերի պտուղներն էի քաղել։         

Ամեն ինչից զատ, ամենակարևոր ծառը ինձ համար, որ պտղակալել էր, դա սպիտակ թզենին էր, որ անհիշելի ժամանակներից ինքն իրեն բուսնել էր հենց մեր տնամերձ հողամասի կենտրոնում։

Երբ սկսել էի այգի գցել, ծառ ու խաղողի վազ տնկել, հայրս ու մայրս մտավախություն ունեին, որ այգու կենտրոնում աճած այս սպիտակ թզենին այնքան կմեծանա, որ հողամասի մեծ մասը կառնի իր ստվերի տակ։

Ես իմ հասակակից տղաների հետ մի քանի անգամ փորձ արեցինք քոքահան անել արմատները, բայց ամեն գարնան նա նորից ծիլ էր քշում, վեր բարձրանում։ Վերջը այդ մտքից ձեռ քաշեցինք։ Նա՝ սպիտակ թզենու արմատը, հաղթեց, ծառ դարձավ։ Եվ ահա, նա արդեն պտղակալել էր, և ես առավել անհամբերությամբ էի սպասում, թե ինչ համի կլինեն դրա պտուղները, քան՝ իմ ծննդյան օրվա գալուն։ Եվ ի՜նչ պտուղներ տվեց՝ խոշոր, սպիտակ ու անմահական քաղցր։      

Իմ տնկած այգին արդեն չկա։ Քառորդ դար առաջ պատերազմը քշեց տարավ, տունն էլ հետը։ Հիմա էլ, երբ պտղակալած ծառ եմ տեսնում, ցանկություն է առաջանում պտուղները քաղել, լցնել ծոցս ու վազել դեպի մայրս՝ քաղածս ցույց տալու համար։

Իսկ ծննդյանս օրը՝ իսկի պետքս էլ չի։

Օրերը կաքավ դառան, թռան, ես մնացի ձորում։

 

Թեմիկ Խալափյան

գործընկերներ

webtv.am

ՄԻՇՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ

zham.ru

ЖАМ-ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

http://www.greentravel.am/en

ՃԱՆԱՉԻՐ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՊՐԻՐ ԵՐԿԱՐ

mmlegal.am

ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ