«Թուրքի աղջիկը». ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ
Այս պատմվածքը, որ պատկանում է ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ տաղանդավոր գրողի գրչին, Հայաստանում հրապարակվում է առաջին անգամ:
«Թուրքի աղջիկը» ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է 1996 թվականի հուլիսին, Կանադայի «Հորիզոն»- ամսագրի գրական հավելվածում:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակը շնորհակալություն է հայտնում գրողի եղբորը՝ Թեմիկ Խալափյանին, Զորայր Խալափյանի անտիպը տրամադրելու համար:
Դուք չպիտի ամուսնանաք ազատ արամբի կանանց հետ,
մինչև ձեր աջ ձեռքը նրանց ստրուկ չդարձնե։
Ղուրանի հայտնություններից
Մենք Իշխանագետի հովտով հասել էինք Քոչուկի անասնագոմերը և Քոչուկը շրջանցելով, առանց թշնամուց հայտնաբերվելու, պիտի Գիլանով հասնեինք Ֆիզուլի հարավից, թշնամու թիկունքում, ինչպես հրամայված էր։ Այսպես եղավ, որ ընկանք Բորսուլու, ուր հարսանիք էր, կլառնետի ձայնը բռնել էր երկինքը, անհոգ, անտեր թրքական մի գյուղ։
Իմացան հարսանքավորների սովորական կրակոցներ են դրսում, ու հանկարծ մտանք մենք՝ հաղթական, արնախում հայերը, ինչպես անշուշտ տպավորեց մեր տեսքը։ Իսկ նստած են հարսն ու փեսան, Բաքվից ժամանած ի՜նչ խանումներ և ի՜նչ սեղան, ոչխարի խորովածը մսաքաղներով ներս են բերել մատուցարանի վրա, թոնրի հացի տակ դիզած, որ չսառի, ասես թանկագին հյուրերի են սպասում։ Եվ ահա մե՛նք։
Արդեն շատ էի լսել մերոնց անամոթ խոսքերը, թե թուրքերն իրենց կանանց սիրելիս հետույքները շոյելով պարարտացնելու սովորություն ունեն, իսկ հայերը իրենց կանանց սիրելիս կրծքերն են շոյելով փարթամացնում։ Ինչե՛ր չլսեցինք ծառայության մեջ, գյուղում ո՜վ բերանը ծուռ կբացեր. այստեղ մանկությանդ ընկերոջը չես ճանաչում։
Կանայք սարսափից ավելի գեղեցիկ, գրավիչ ու կանացի էին, զենքով նվաճված կանայք, զինվորին ուրիշ ի՜նչ է պետք, մեր սպիտակ կանանցից հետո այս թուխերը հատկապես գրավիչ էին։ Իսկ տղամարդիկ ապշահար մնացին, լավ հասկանալով՝ իրենց կանանց ու աղջիկներին ինչ է սպասում։ Հաղթող զինվորը զենքը ձեռքին խուժել էր թշնամու հարսանիքը, ոչ մի հրաման նրանց հետ չէր պահելու, իսկ զուգված, զարդարուն խանումները ունևոր էին, ի՜նչ կյանք տեսած ու իրոք փարթամ, շատ սիրուն, սիրուց հոգնած, բայց նրանց ի՜նչ էր սպասում։
Փեսան քաջ տղա էր երևում, առաջինը վեր թռավ թշնամուն ընդդիմաց, բայց ձեռքն ընկածը դեսերտի դանակ էր, ուժգին խփեց կրծքիս, քանի որ առաջինը ես էի շեմն անցնողը։ Ես նույնիսկ ծիծաղեցի, իմ աչքը հարսնացուի վրա էր. կամար հոնքերը միացած աչքերից վերև, երկու վախեցած ծիծեռնակ բների վրա թառած՝ անմեղության տիպար։ Վա՜յ ինձ, թե թույլ տամ սրան լլկեն, ես նրանց երգերը գիտեմ, ինքս էլ երգում էի առաջ, սա նրանց երկնքից իջած դուռնա է՝ կռունկ։ Այսպիսի խոսքեր կան. «Եարալի՜, եարալի՜, եարալի դուռնա», վիրավոր կռունկի մասին հուզիչ երգ է, շատ հին։
Հարսանքատունը տակնուվրա խառնվել էր, հատակն ու առաստաղը միացել էին, ճչոց էր, հառաչ, մի քանիսն ուշագնաց եղան։ Ազարի տղամարդիկ շուտ հասկացան, որ դիմադրությունն անիմաստ է, բայց մի երկուսը, որ զինված էին ու փորձեցին զենք գործադրել, զոհ գնացին իրենց տաքարյունությանը. կին ունեին, ու երեխաները նույնպես այստեղ էին, մյուսները ձեռքերը վեր տնկեցին։
Ի՜նչ փոխադարձ հայհոյանք երկու լեզվով, կանանց ներկայությամբ։ Հարսանիք էին եկել հեռուներից, մենք տեսանք նրանց ավտոները բակում շարված, ուրախության էին եկել, հայրը մեռնում էր իր տիկնոջ ու երեխաների աչքի առաջ, կեսուրին կիսամերկ տարան կից սենյակը. սա ինքը մեջ ընկավ՝ տղային ու հարսին իր մարմնով պաշտպանելու, ու ծաղկազարդ խալաթի կոճակները հանկարծ արձակվեցին՝ վարդագույն կրծքակալով կրծքերը դուրս հորդելով։ Ժամանակ չկար, մենք արշավի էինք, իսկ դրսից գալիս էին անկոչ հյուրերը պատրաստի սեղանի վրա, մարդ կար երկու օր բերանը բան չէր դրել։
Մինչ այստեղ սա՛ էր, ես ինձ գցեցի ներքնահարկ, քանի որ իմ աչքից չէր վրիպել հարս ու փեսայի փախուստը։ Ինքս այնպես արեցի, որ վարագույրով սքողված անցնեն։ Նրանց հետևից կրակահերթը ծակծկեց թավշե վարագույրը, և լսվեցին լուսամուտից ցած թափվող ապակիների զնգոցները։
Ներքնահարկի գոց դուռը ոտքի հարվածով բացելով, ներս մտա, ու դեմ առ դեմ տեսա ինձ դանակով հարվածողին, բայց նրա դեմքին գույն չկար։
Նա ինձ ասաց.
- Հարսնացուս քեզ, նրան առ, որպես քո արդար կինը։ Մի՛ պղծիր նրան, հայ, - հազիվ հասցրեց այսքանը։ - Ալա՜հ, ալա՜հ…
Աչքերը հանկարծ դարձան քնկոտ, օրորվեց ու շրմփաց հատակին երեսնիվար, ու ես տեսա կռնակից ստացած գնդակի ծորուն անցքը։
Իմ մտքից այս բաները չեն անցել, ես գերանդին գցել՝ ինքնաձիգ եմ առել, իմ հունձն այժմ այլ էր։ Ինքս ինձ քանի՜ անգամ եմ ասել՝ ինչո՞ւ իմ պապերը այնպես չեն կռվել, որ ես երեխաներիս հետ ապրեի առանց պատերազմ տեսնելու, ձեռքերս արյունոտելու։ Բայց ես էլ եմ պապ դառնալու, թող իմ թոռներն ինձ չկշտամբեն, նրանց ձեռքերը չեն արյունոտվելու, սա Արցախի վերջին կռիվն է։ Հաստա՛տ։
Ես ծնկներիս առա փեսացուին, ինչպես մարտի ժամանակ վիրավոր ընկերներիս էի անում, թանզիֆի մի խից խրեցի բաց վերքի մեջ, իսկ վերևում երևի դժոխք էր, դա տղամարդու վրեժխնդրություն էր, կային, որ քույր, կին, մայր՝ անցել էին նույնով, դա անհանդուրժելի նամակի համանման պատասխան էր՝ նրանց երկիմաստ սալամի՝ նույնքան երկիմաստ մեր ողջույնը։ Այստեղ իմ հրամանն ուժ չէր, այստեղ ավելի ահեղ ձայն էր հրամայում։
Թուրք տղամարդիկ ստորացումը տանում էին լռելյայն, բայց այլևս ի՛նչ տղամարդ. ոմանք ատամները կրճտալով, ինչպես պատմեցին հետո, ճակատները խփում էին սեղանին։ Ես հրամանատար եմ, ես պիտի պատասխան տամ այս ամենի համար։ Ինչ էր սպասում ինձ, չգիտեմ։
- Քո նշանածը մեռավ, բաջի, արի ու լաց եղիր։ Գորխմա գյա՛լ, - ասացի ես հարսնացուին, - մի՛ վախեցիր, մո՛տ արի։
Նա սեղմվել էր անկյունում, աչքերը երկու կրակոց՝ ինձ հառած։ Նա շատ լավիկը չէր, տասնվեց տարեկան հազիվ, բոլոր մատներին ոսկե մատանիներ, պարանոցին շարվեշար ճտանոցներ, շղթաներ, բազուկներին ապարանջաններ. հարսնեաց նվերները։ Ինչո՜ւ նկատեցի այդ ոսկիները։
Ես խնջույքի սեղանին տեսա նորապսակների առաջին գիշերվա վկան, սպիտակ փալասներից հերհյուրած ծիսական ֆալոսը։ Ես գիտեի նրանց ավանդույթը, կես գիշերին հարսն ու փեսան պիտի առանձնանային, ապա պիտի բերվեր դա, ու կրկին սեղանին դրվեր՝ կուսության արյունով թաթախուն, և բուն հարսանիքը այդ պահից պիտի սկսվեր, այլևս առանց հարսի. նա մնաց ամուսնական առագաստում՝ արցունքներ թափող իր մայրիկի հետ, և այստեղ ամեն տղամարդ օրհնանքի ու շնորհավորանքի համբույրներ պիտի դրոշմեր համայնքի ներկայությամբ իր տղամարդկությունը ապացուցած նրա ամուսնու ճակատին։
Ես դա մերժում էի իմ կրոնի տեսանկյունից, ես նրանց հարսանիքներին հորս կողքին նստած ամոթահար էի լինում, բայց դա՛ նրանցն էր ու սրբություն։ Սեղանին բրգաձև դրված այդ ճերմակ փալասներին այսօր վիճակված էր այլ արյունով ներկվելու։
Մեռնողը խոսեց իր աստծո՝ ալահի անունով ու գնաց մյուս աշխարհ, նա իր սիրեցյալին հանձնեց ինձ, նա ինձ վստահեց, ես գիտեի նրանց այդ սովորությունը, որ ասպետություն է համարվում, նա ինձ արժանի համարեց, ու ես պարտավոր էի արժանի լինելու։ Նա երևի իմ հասակակիցն էր, նույն տարին էինք ծնվել, ու թերևս նույն օրն էին մեզ իրենց գիրկն առել ու բերկրացել մեր ծնողները։
Ես նրան պառկեցրի հատակին, իմ թշնամուն, ու քիչ էր մնում փղձկայի ու լաց լինեի։ Նա ինձ օրհնեց այնպես, կարծես անիծեց։ Ի՜նչ ծանր է մեռնողի վերջին խոսքը։
Ու ես այս խորթ, օտարոտի, անծանոթ աղջկան իմ կինը պիտի դարձնեմ, ու եթե այս պահին մերոնք ներս խուժեն ներքնահարկ, ես նրանց կրակահերթով պիտի կանգնեցնեմ իմ կնոջ պատիվը պաշտպանելու, որի անունն էլ չգիտեմ։
Անիծվես դու, ինչո՞ւ լուռ չավանդեցիր հոգիդ, հավիտյանս անիծվես, որ քո հարսնացուին իմ պաշտպանությանը հանձնեցիր, իմ թշնամի, ինձ դանակահարող մարդասպան, քո վերջին շնչում ինձ եղբայր հռչակեցիր, չէ՞ որ դանակդ սայր ունենար, ես պիտի լինեի հատակին արյան մեջ մեկնվածը։
Ի՜նչ էր կատարվում վերևում։ Իմ ականջներին էին հասնում կանանց ու աղջիկների տնքոցն ու հառաչանքը ու նրանց տղամարդկանց ոռնոցները։ Ապա լռություն էր, քաշքշուկ, հևոց, ու ամեն ձայն նողկալի գործերի վկայություն էր։
Վրեժ է սա, իրենց լլկվածներին են հիշում, բայց շատերի համար պարզապես առիթ, հաղթողների խնջույք, պատերազմի չգրված օրենքով արտոնված վայրենություն բոլոր դարերում։ Բաքվից եկած խանումները արդեն քանիսի՜ տակով անցան։ Նաև երգում էին, գինի էին խմում, ստիպեցին, որ նվագածուները նվագեն, և նրանք նվագում էին ուրախ պարեղանակներ։ Հարսանիքը շարունակվում էր այլոց համար, բուն հարսանքավորները սգավոր էին։
Մենք գիտեինք և իրար ասում էինք, թե նրանք ինչ են, ահա մենք էլ նո՛ւյնն ենք, պատերազմում բոլորը արժեն իրար, և այլ կերպ չէր լինի։ Մենք գերանդիները ցած էինք դրել, ինքնաձիգ էինք առել, մի բուռ հողի համար իրար էինք հնձում, ո՜ւմ գառները պիտի արածեն մեր գերեզմանների փարթամ խոտը։ Գուցե այս պահին հայտնվեին ազարի ջոկատները, և ամեն ինչ շրջվեր հակառակ։
Ես հիշեցի մորս, երկու քույրերիս, գաղթեցին, թե ի՛նչ եղան, գուցե գերվեցին։ Ուղեղս մշուշվեց, ասես ականատես էի նրանց անարգմանը, մատս շոշափում էր ձգանը, ու այդ պահին նա եկավ, ով էր, ինպե՞ս հայտնվեց, ես նրան մոռացել էի։
Նա հայտնվեց, ինչպես սուրբ գրքում, Ղորանում, փարվեց ինձ, որ իր ամուսինն ու պաշտպանը դառնամ, ինչպես հոգու հետ ավանդել էր նրա տարաբախտ ամուսինը։ Ես իմ երեսը նրան դարձրի. հարսանյաց զգեստի տակ ցցված էին մանր ուսերը, այտերը ներկված կարմիր ու թշվառ։ Ի՜նչ իրավունքով է նա ինձ համբուրում, այս հանգույցը մենք ո՞նց ենք քակելու, երկու երեխա, մի տղա ու մի աղջիկ թշնամի ազգերից։ Գուցե իմ քույրն էլ կյանքը փրկելու համար համբուրել է մի թուրքի։
- Լի՛րբ ու անամոթ, - ասացի, առաջին անգամ շրթներս պղծելով հայհոյանքով, - դու ո՞վ ես և ի՜նչ ես ուզում ինձանից։ Մենք թշնամի ենք, մեր միջև քո ամուսնու դիակն է դեռ չսառած, դու ո՜նց ես համբուրում ինձ։
- Ես քո կինն եմ, փրկի՛ր ինձ, թույլ չտաս ինձ լլկեն, ես միայն մեկինը պիտի լինեմ, այդպես հրամայեց իմ ամուսին Յուսուֆը։
Ես տասնինը տարեկան էի, ամաչկոտ տղա պիտի լինեի, ես աչքադրած աղջիկ ունեի, որին նամակ եմ գրել ու պատասխան չեմ ստացել, մեկնել եմ ճակատ, իսկ սա ինձ ասում է՝ դո՛ւ ես իմ ամուսինը։ Նա իմ պարանոցից հանեց կնունքիս ոսկե խաչը, իր զարդերը թափելով, կախեց իր կրծքին։
Իսկ գուցե այս արյունոտ հարսանիքը մե՞րն է։ Հաղթողները նստել են սեղանի շուրջ, ամեն մեկը մի գեղեցկուհի գրկած, որոնց ազդրերը անասնական սերմերից դեռ թաց են, և նրանք հաշտ պատրաստ են՝ քանի հոգի էլ գան դրսից։
Ներքնահարկի դռան մեջ անունս տվին։
- Որտե՞ղ ես, հրամանատար։
- Այստե՛ղ եմ, - գոռացի, որ ձայնս հրամանատարի ձայն լինի։
- Հարսանիք ենք անում, դու ո՜ւր ես։ Հա՜, - իբր հասկացան։
- Այ գըզ, սանին ադը նա՞ դի, - հարցրի ես, - անունդ ի՞նչ է։
Նա հլու պատասխանեց, ինչպես վայել է ստրուկին։
- Մանիմ ադը Նարգիզ դը, անունս Նարգիզ է։
- Տղաներ, - ասացի ես, քիթս վեր քաշելով, որ ծիծաղելի լինեմ ու արածս հիմարություն թվա, - Նարգիզն իմ կինն է, մոտ եկող չլինի։ Նարգիզ, սան մանիմ արվադը սա՞ն։ Դու իմ կի՞նն ես, - հարցրի նրան։
- Հա՛, բալի։ Ման սանին արվադը յամ, էրմանի օղլան։ Այո, - ասաց, - հայի տղա, ես քո կինն եմ։
Ներս մտածները նայեցին իրար երեսի, իբր այս ինչեր է դուրս տալիս մեր հրամանատարը։
Իսկ հայի աղջիկը դեռ պատասխան է գրում։ Հետո ուրիշները եկան։
- Շարժվում ենք, հեքիաթի ժամանակը չի, Ֆիզուլու մոտ թեժ մարտեր են, հապաղելը դավաճանություն է, հրամանատար։
- Տղաներ, - ասացի, - լուրջ է։
Ծիծաղեցին, կարծեցին գինին թռցրել է հրամանատարի ուղեղը, մտածեցին՝ ես էլ այստեղ էի խրախճանքի մեջ, ու իմ բաժինը հարսնացուն է եղել։ Բայց նաև գիտեին, որ հրամանատարի ասածն ասած է։
Եվ քանի որ գործն ուշանում էր, մենք պիտի ելնեինք արշավի, ես հապաղման պատճառ էի, և որպեսզի գործն արագացվի, մերոնցից ո՞վ, հետո ես խելագարվում էի, բայց անունը թաքցրին, ատրճանակի կրակոցով մարեց իմ հարսնացուի կյանքը։
Ես մի ըմբռնում ունեմ, մենք իրար ավանդույթ ու կրոն հարգել գիտենք, պարտավոր ենք, ինչպես ավանդել են մեր ու նրանց մեծերը, ու քանի որ այդպես էր, և նրանք գիտեին, որ հարսանյաց ճերմակազգեստ այս աղջկան ես պիտի տանեմ ինձ հետ, իմ զինվորները մեկ գնդակով վերջ տվին ամեն ինչի, գործն արագացնելու։ Իսկ նա կպել էր ինձ՝ իր կյանքը փրկելու համար։
Ես կանգնել էի՝ մեռած թուրքի աղջիկը ձեռքերիս վրա։ Հետո ծնկի եկա ու զգուշորեն իջեցրի իր ամուսնու կողքին։
Մենք շտապում էինք, հապաղելը դավաճանություն էր, բայց շարժվող չկար։ Մի երկուսը հանեցին գլխարկները։ Մի քանիսն էլ գետնին թափված ոսկեղենը հավաքեցին։
Զ. Խ. 1- 4- 1995 թ.
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ