Անժելա
Սահակյանը
Փարիզում
ապրում է
ավելի քան
15 տարի:
Այդպես է
ստացվել:
Ծնվել է
Ղարաբաղում:
Աշխատել է
հայկական
հեռուստատեսությունում,
գրքեր է
գրել,
ֆիլմեր
նկարահանել:
Այսօր
Փարիզի
հայկական
ռադիոյի
(AYP FM)
մեկնաբանն է,
«Արցախապատում»,
«Հայ մամուլի
տեսություն»
և «Բաց նամակ
ճշմարտության
պարտադրանքով»
հաղորդաշարերի
հեղինակը
և վարողը:
«Գործուղումս»
Ֆրանսիա
մի օր
կավարտվի
ու կվերադառնամ
տուն:
Հաստատ:
«…Ու նորից երգում ենք․ «հաղթանակը մերն է․․․». ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Այն, ինչ կատարվեց 2016թ․ ապրիլի 2-ից 6-ը, նախանշան էր, որ մեր ժողովուրդը նորից համախմբվեր, ինչպես 88-ին։ Հազար ափսոս, որ դրա համար շատ թանկ վճարեցինք։ Արյուն հեղվեց։ Կորցրինք ազնվագույն հայորդիներ:
Կարծես ինչ-որ տեղ փորձում էինք հասկանալ, թե այս պատերազմը դեպի ուր է տանում մեզ, սակայն, Գերմանիայում Սերժ Սարգսյանի ելույթը, այս ու այն քննարկումներն այլ ընթացքի փոխադրեցին մեր մտածումները:
Ամեն ինչ սևեռվեց 80-ականների զենք-զինամթերքի վրա:
Սկզբից կարծեցի, որ մեր նախագահը դրանով ուզում էր ասել, որ մենք չենք զինվել, քանի որ ղարբաղյան հիմնահարցը ուզում էինք լուծել խաղաղ ճանապարհով... ԵՐԱՆԻ․․․
30 տարի է պատերազմի մեջ ենք...Կնշանակի մեր կյանքը այսքան տարի վտագված է: Անհոգ ապրում էինք, առանց մտածելու խրամատում կանգնած զինվորի մասին։ Կարծես, միայն քառօրյա պատերազմի օրերին հասկացանք, թե մեր բանակն ինչ վիճակում է, զինվորներն ինչի կարիք ունեն, թե չէ…շքեղ առանձնատներ, ճոխ ռեստորաններ ու հյուրանոցներ կառուցելու, թանկարժեք մեքենաներ գնելու փոխարեն, բանակը կզինեինք․․․
Համենայնդեպս հեռվից այդպես էր թվում, ողջ ժողովուրդը՝ մեծից փոքր, բանվոր, թե՝ պաշտոնյա շտապում էր հասնել Արցախ, կանգնել կյանքը զոհաբերող զինվորի կողքին։
Հայաստանը մասնատված է երկու մասի՝ հարուստների և աղքատների։
Ցավալին այն է, որ մեր սահմանների պաշտպանությունն ընկած է 18-20 տարեկան, ծայրահեղ աղքատ, մատղաշ երեխաների ուսերին ․․․ Պատմությունը ցույց է տալիս, որ մեր թշնամին միշտ ավերել է մեր երկիրը։ Պարզվում է, որ մեր հիշողությունը կարճ է. ո՞ւմ է պետք մեր ստեղծածը, երբ թշնամին կարող է մի քանի վայրկանների ընթացքում փոշիացնել։
Դարեր շարունակ պատմությունը կրկնվում է մեր իսկ կոպիտ, անխոհեմ, անհեռատես սխալներով․․․ Ուրեմն, այսօր, ինչ որ ունենք, ինչ խնդրի առաջ որ կանգնած ենք, դա մեր յուրաքանչյուրիս անտարբերությունն է։
Ամեն օրհասական պահի, այսպես զայրացել ենք, դատապարտել, հետո լռել ու քիչ- քիչ մոռացել։ Մինչդեռ թշնամին, օր-օրի մինչև ատամները զինվել է: Ասում ենք, Ադրբեջանը նավթ ունի, մենք այդ հնարավորությունը չունենք։ Ավելի վատ, որ գիտակցելով հարևանի ուժը, մենք չենք ամրապնդվել...
Բա հույսներս ինչի՞ վրա էր...Ամեն տարի համահայկական դրամահավաքի՞...
Աշխարհի ու Հայաստանի միլիարդատեր ու միլիոնատեր հայերը իրենց փողերը պետք է ներդնեն մեր բանակի հզորացման համար։ Ինչի՞ն են պետք մարդու միլիոնները, երբ մեկ օր, թուրքը կարող է մտնել իր տունը, գլխատել իր երեխաներին ու կրակի բերան տալ ողջ ունեցվածքը։
Հայոց Ցեղապանությունն այսպես ինչքա՞ն պետք է քարշ տանք մեր կքած ուսերին, ինչքա՞ն պետք է աշխարհին աղաղակենք, որ մեզ կոտորել են, տեղահան են արել, խոշտանգել, գլխատել, բռնաբարել ու դեռ շարունակում են․․․
103 տարի է գոռում ենք, որ թուրքը մարդասպան է ու դեռ շարունակում է իր արյունոտ ձեռագիրը: Դրա վառ ապացույցներից մեկն էլ, 2004 թ․ փետրվարի 19-ին, Բուդապեշտում գլխատված, Գուրգեն Մարգարյանն է, անգամ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացների օրերին թուրքը չի մոռանում իր կացնի «գործը»:
Խարդավանքով ու դավադրաբար այս սպանությունը, հայի նկատմամբ անսանձ ատելությունը, որը հասցրել էր խելագար մոլուցքի, խոսում է ոչ թե անհատի մասին, այլ՝ մի ողջ ազգի, որի քաղաքականությունը հայատյացությունն է։
Նույն արյունոտ ձեռագիրն իր հետքը թողեց 2007թ․ հունվարի 19-ին, երբ սպանվեց Հրանտ Դինքը։ Աշխարհի բոլոր զանգվածային լրատվամիջոցները խոսեցին կատարված հանցագործության մասին, դատապարտեցին ոճրագործությունը։ Բազմիցս համոզվեցին, որ չպատժված, դաժան եղեռնը շարունակվում է…
Անցել է 103 տարի, հայի ճակատագիրը մնացել է նույնը…
Այսօր հայ ժողովուրդն ունի երկու առաջնակարգ խնդիր․ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության, Ադրբեջանի կողմից՝ Արցախի անկախության ճանաչումը։
Համոզված եմ, որ մոտ ապագայում, այս հարցերը իրավական լուծում չեն ստանա։
Ո՞րն է ելքը․․․Ես ինձ իրավունք չեմ վերապահում ինչ-որ դրույթներ գրելու, կան համապատասխան կառուցներ, ինչպես նաև անհատներ, որոնք կատարում են իրենց վստահված աշխատանքը։ Բայց թող ինձ ներեն, ոչ մի հարցում, մեկ քայլ առաջ չենք գնացել, Պարոնյանի ասած՝ «Հառաջ, հառաջ պոռալով՝ ետ-ետ կերթանք»։
Ոչ մի ազգ հայի տրամաբանությունը չունի, ամեն բնագավառում կանք, բացի իրավական դաշտից։ Եթե այսքան տարիներ այդ բուրգը չի գոյացել, մնացել ենք նույն կետում ու նույն հարթության վրա, կնշանակի ոչ ոք իր համապատախան տեղում չէ։
Ուրեմն, եկեք առաջին հերթին ստեղծենք իրավական երկիր, դուրս մղենք մեր հոգիների նուրբ լարերերը, ականջալուր լինենք ոչ թե մեր սրտի ձայնին, այլ փոքր ինչ շարժենք մեր ուղեղները, որը չգիտես ինչու արթնանում է այն ժամանակ, երբ արդեն ուշ է լինում․․․
Վարժվել ենք, հարմարվել, հայրենասիրական երգերով փարատել մեզ, ապրել հույսով, թե մի օր «պիտի հասնենք մը էրգիր» և դեռ տեղ չհասած, արդեն մյուս էրգիրն է մեր ձեռքից գնում, զոհեր ենք տալիս, արյուն է հեղվում ու նորից երգում ենք․ «հաղթանակը մերն է․․․»։
Քառօրյա պատերազմի օրերին բոլորս ահաբեկված էինք, քննարկում էինք տեղի ունեցածը, եզրակացություններ ու հետևություններ անում, լուսանկարներ տեղադրում, խրամատի երկայնքով տեսանկարում, ցույց տալիս մեր զինվորների դիրքերը, մեկը մյուսից առաջ ընկնելով սահմռկեցուցիչ վերնագրերով ու տեսարաններով փորձում էինք ավելի սրտացավ երևալ facebook-ում․․․
Հիմա էլ, երկու տարի անց, հարցը մեկ հարթությունից մեկ այլ հարթություն է գնում, մատնացույց ենք անում մեղավորներին, նորից ընդվզում, որ այսպես չի կարելի շարունակել։
Ավելին, որոշ կաշառված անհատներ, որոնց ազգությունը խիստ կասկածելի է, ամեն կերպ փորձում են սեպ խրել հայաստանցիների և ղարաբաղցիների միջև։ Եվ ցավալին այն է, որ դեռ կան մարդիկ, որ առանց գիտակցության, տրվում են այդ սադրանքներին․․․
Ու՞ր մնաց մեր ողջախոհությունը:
Ուրեմն , հերթական անգամ, պետք չէ թուրքի ջրաղացին ջուր լցնել։ Գիտակցենք, որ պատերազմի մեջ ենք։ Մենք պետք է մի բռունցք դառնանք և հնարավորինս արագ ամրապնդենք մեր դիրքերը։ Ամեն ինչ ներդնենք բանակի համար։ Ամենամյա համահայկական հիմնադրամն ուղղել բանակաշինության զարգացման գործին։
Հին խոսք է․ «Բարեկամը, բարեկամ է, բայց լավ հարևանը բարեկամից էլ լավ է»։ Դժբախտաբար, ճակատագիրը մեզ բաժին է հանել ոչ թե վատ, այլև՝ արյունարբու հարևանի։ Հետևաբար, հանուն մեր գալիք սերունդների ապահովության, պետք է վերջնական լուծում ստանա այս անորոշ իրավիճակը։ Դարեր կգան ու կգնան, բայց թուրքը կմնա նույն թուրքը, նա միշտ գողեգող կմտնի մեր տարածքը, կխփի թիկունքից, կկացնահարի քնած մարդուն։ Ավելին, հիմա էլ նորածին մանուկից մինչև տարեց, ներարկվում են հայատյաց «սիճուկով»։
Թուրքն առաջնորդվում է հայի ետին խելքով, գոնե այսուհետ այդ ետին խելքը առաջ մղենք, որ թուրքն այլևս, մեր ետին խելքը չօգտագործի մեր դեմ։
Մեր հույսը մեր վրա դնելով, դասեր առնենք ցեղասպանություն ապրած հրեաներից։
Ազգովի երգում ու պարում ենք, կարծես ոչ մի հոգս չունենք․․․
Վերջաբանի փոխարեն
Մենք աշխարհին ապացուցելու ոչինչ չունենք։ Այն, որ բարձրագույն ատյաններում գիտեն Հայոց Ցեղասպանության և Արցախի հակամարտության մասին, անհերքելի է, բայց չենք ուզում համակերպվել այն մտքի հետ, որ մարդկության համար, մենք ընդամենը երկու հարևան երկիր ենք և մեր խնդիրները մենք պետք է լուծենք։
Սթափության հենքով ավարտելու համար, առանց մեկնաբանության բերեմ երկու օրինակ․ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքն է մատուցել անմեղ նահատակների հիշատակին, իր ելույթով դատապարտել Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը և նույն կեցվածքով, Փարիզում, անմար կրակի առջև, հնչեցնելով Ադրբեբեջանի հիմնը, Ալիևին ցավակցել է Խոջալուի խաղաղ բնակիչների դեմ հայերի կողմից իրագործված «ցեղապանության» համար, երբ նույն Օլանդի հետ, համապատասխան մարմիններում խոսվել է այն մասին, որ դա կազմակերպվել է Ադրբեջանի կողմից։ Մյուս, ամենահոտաքրքիր փաստն այն է, որ այսօրվա դրությամբ 16 երկիր և ԱՄՆ 24 նահանգ ճանաչել է «Խոջալուի ցեղասպանությունը»։
Անժելա Սահակյան